Go to full page →

Ապարդյուն դիմադրություն ՀՊ 60

Սատանան ու նրա հրեշտակները կուրացրին հրեաներին ու խավարով պատեցին նրանց գիտակցությունը: Նրանք մղեցին ժողովրդի ղեկավարներին ու իշխանավորներին խլելու Փրկչի կյանքը: Մարդիկ ուղարկվեցին’ Հիսուսին նրանց մոտ բերելու, բայց մոտենալով այն վայրին, որտեղ Նա էր, շատ զարմացան: Նրանք տեսան, թե ինչպես, մարդկային ողբը տեսնելով, Նա կարեկից է ու գթասիրտ: Լսեցին, թե նա ինչպես է հույս տալիս թույլերին ու տրտմածներին’ սիրով ու քնքշությամբ: Լսեցին նաև, թե Նա ինչպես է ազդեցիկ ձայնով պարսավում սատանայի ուժը և հրամայում նրա գերիներին ազատվել նրա իշխանությունից: Նրանք իմաստուն խոսքեր լսեցին Հիսուսի շուրթերից ու գերվեցին, և չկարողացան ձեռք բարձրացնել Նրա վրա: Նրանք վերադարձան քահանաների ու ծերերի մոտ առանց Հիսուսի: ՀՊ 60.1

Երբ նրանց հարցրեցին. «Ինչո՞ւ նրան չբերեցիք», նրանք պատմեցին, թե ինչ հրաշքների են ականատես եղել, իմաստության, սիրո և գիտության ինչպիսի սուրբ խոսքեր են լսել, և վերջում էլ ասացին. «Երբեք մի մարդ այսպես չխոսեց’ ինչպես այս մարդը” (Հովհաննես 7.45, 46): Քահանայապետերը մեղադրեցին նրանց այն բանում, որ իրենք էլ են խաբվել, և սպասավորներից մի քանիսը ամաչեցին, որ չեն ձերբակալել Հիսուսին: Քահանաները ծաղրանքով հարցրեցին, թե արդյո՞ք իշխաններից որևէ մեկը հավատացել է Նրան: Պաշտոնյաներից ու ծերերից շատերն իսկապես հավատում էին Հիսուսին, սակայն սատանան թույլ չէր տալիս նրանց ընդունել այդ: Նրանք մարդկանց նախատինքից ավելի էին վախենում, քան Աստծուց: ՀՊ 60.2

Սատանայի նենգությունն ու ատելությունը մինչ այս չէին կարողացել ձախողել փրկության ծրագրի իրականացումը: Մոտենում էր այն ժամանակը, երբ պետք է իրագործվեր այն, ինչի համար Հիսուսն աշխարհ էր եկել: Սատանան խորհրդակցեց իր հրեշտակների հետ, և նրանք որոշեցին դրդել Քրիստոսի ժողովրդին, որ նրանք աղաղակեն’ տենչալով Փրկչի արյունը ու Նրա գլխին դաժանություն ու ծաղր թափեն: Նրանք հույս ունեին, որ Հիսուսը կվրդովվի նման վերաբերմունքից ու չի կարողանա պահպանել Իր խոնարհությունն ու հեզությունը: ՀՊ 60.3

Մինչ սատանան կազմում էր իր ծրագրերը, Հիսուսը պատմում էր Իր աշակերտներին, թե ինչ տանջանքների միջով է Ինքն անցնելու’ որ պիտի խաչվի և հարություն առնի երրորդ օրը: Սակայն աշակերտները դժվարությամբ էին հասկանում Նրան ու չէին կարողանում ըմբռնել Նրա խոսքերի իմաստը: ՀՊ 61.1