Երբ երկնային հրեշտակների բազմությունը հեռացավ գերեզմանի մոտից, ու անցան լույսն ու փառքը, հռոմեացի պահակները վերջապես համարձակություն ունեցան բարձրացնելու գլուխներն ու իրենց շուրջը նայելու: Նրանք ապշեցին’ տեսնելով, որ հսկայական քարը դռնից հեռու է գլորված, և Հիսուսի մարմինը գերեզմանում չէ: Նրանք շտապեցին քաղաք, որպեսզի տեղյակ պահեն քահանաներին ու ծերերին իրենց տեսածի մասին: Լսելով նրանց զարմանալի զեկույցը կատարված հրաշքի մասին’ այդ մարդասպանները գունատվեցին: Սարսափը պատեց նրանց, երբ հասկացան, թե ինչ են արել: Եթե այն ամենը, ինչ ասում են պահակները, ճիշտ է, ապա նրանք կորած են: Միառժամանակ նրանք լուռ նստած իրար երեսի էին նայում’ չիմանալով ինչ անել կամ ասել: Ընդունել պահակների բերած լուրը’ նշանակում է իրենք իրենց դատապարտել: Նրանք հավաքվեցին մի անկյունում, որպեսզի որոշեն, թե ինչպես վարվեն: Նրանք գիտակցում էին, որ եթե պահակախմբի բերած լուրը տարածվի ժողովրդի մեջ, ապա նրանք, ովքեր մահվան են մատնել Հիսուսին, կսպանվեն’ իբրև Նրա դահիճներ: ՀՊ 82.1
Որոշվեց կաշառել զինվորներին, որ թաքուն պահեն այդ դեպքը: Քահանաներն ու ծերերը նրանց մեծ գումար առաջարկեցին’ ասելով. «Ասեք, թե նրա աշակերտները գիշերը եկան գողացան նրան, երբ որ մենք քնած էինք» (Մատթեոս 28.13): Իսկ երբ պահակները հարցրին, թե ինչ պատիժ է սպասվում իրենց ծառայության վայրում քնելու համար, հրեա քահանայապետերը խոստացան համոզել կուսակալին և ապահովել նրանց անվտանգությու- նը: Հանուն փողի հռոմեացի պահապանները վաճառեցին իրենց պատիվը և համաձայնեցին հետևել քահանաների ու ծերերի խորհրդին: ՀՊ 82.2