Երբ Քրիստոսը պատմեց հարուստի և Ղազարոսի առակը, հրեաներից շատերն էին գտնվում այդ հարուստի խղճալի վիճակում: Նրանք օգտագործում էին Տիրոջ բարիքներն իրենց հաճույքների համար, ուստի կլսեն հետևյալ դատավճռը. «Կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր» Դանիել 5.27: Հարուստին շնորհված էին ամեն տեսակ երկրային և հոգևոր օրհնություններ, բայց նա հրաժարվեց համագործակցել Աստծո հետ այս օրհնություններն օգտագործելիս: Այդպես եղավ հրեա ազգի հետ: Տերը հրեաներին դարձրել էր սրբազան ճշմարտության պահապաններ: Նա նրանց Իր շնորհի տնտեսներ էր նշանակել: [268] Նա տվել էր նրանց ամեն տեսակ աշխարհիկ և հոգևոր առավելություններ և պատվիրել էր բաժանել այդ օրհնությունները: Նրանց հատուկ ցուցում է տրված եղել, թե ինչպես պետք է վերաբերվեին այն եղբայրների հետ, ովքեր կործանման եզրին էին կանգնած իրենց մոտ գտնվող օտա- րականի և իրենց մեջ եղած աղքատների հետ: Նրանք չպետք է ձգտեին ամեն ինչ ձեռք բերել իրենց բարօրության համար, այլ պիտի հիշեին նրանց, ովքեր կարիքի մեջ էին, և նրանց համար էլ բաժին հանեին: Աստված խոստացել էր օրհնել նրանց իրենց սիրո և ողորմության արարքների համաձայն: Բայց, հարուստի նման, նրանք օգնության ձեռք չմեկնեցին թեթևացնելու տանջվող մարդկության ֆիզիկական և հոգևոր կարիքները: Հպարտությամբ լցված’ նրանք իրենց համարում էին Աստծո ընտրյալ և արտոնյալ ժողովուրդ, մինչդեռ չէին ծառայում կամ պաշտում Աստծուն: Նրանք հույսները դրել էին այն փաստի վրա, որ իրենք Աբրահամի որդիներն են: «Մենք Աբրահամի զավակ ենք»,- ասում էին նրանք հպարտությամբ: (Հովհաննես 8.33): Երբ ճգնաժամը եկավ, բացահայտվեց, որ նրանք հեռացել են Աստծուց և իրենց հույսը դրել Աբրահամի վրա, կարծես թե նա Աստված է: ՔԱ 206.2
Քրիստոսը փափագում էր լույս ծագեցնել հրեա ժողովրդի խավարած մտքերի մեջ: Նա ասաց նրանց. «Եթե Աբրահամի որդիք լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք: Բայց հիմա ուզում եք ինձ սպանել, մի մարդի, որ ճշմարտությունն եմ խոսել ձեզ. որ Աստծուց լսեցի. այդ բանն Աբրահամը չարեց” (Հովհաննես 8.39,40): ՔԱ 207.1
Քրիստոսը ոչ մի արժանիք չէր տեսնում ծագման մեջ: Նա սովորեցնում էր, որ հոգևոր կապը փոխարինում է մարմնավոր բոլոր կապերին: Հրեաները հայտարարում էին, որ իրենք սերվել են Աբրահամից, բայց հրաժարվելով կատարել Աբրահամի գործերը’ նրանք հաստատեցին, որ նրա իսկական զավակները չեն: Միայն նրանք, ովքեր, հնազանդվելով Աստծո ձայնին, վկայում են իրենց հոգևոր ներդաշնակության մասին Աբրահամի հետ, կարող են համարվել ճշմարիտ ժառանգներ: Թեև մուրացկանը պատկանում էր այն դասակարգին, որին մարդիկ ստորադաս էին համարում, Քրիստոսը ճանաչեց նրան որպես մեկը, ում հետ Աբրահամն ամենամտերիմ բարեկամությունը կհաստատեր: [269] ՔԱ 207.2
Հարուստը, թեև ապրում էր ճոխության մեջ, այնքան տգետ էր, որ Աբրահամին Աստծո տեղ էր դրել: Եթե նա գնահատեր իր մեծ առավելությունները և թույլ տար, որ Աստծո Հոգին ձևավորեր իր միտքն ու սիրտը, նա միանգամայն այլ վիճակում կլիներ: Այդպես կլիներ և հրեա ազգի հետ: Եթե նրանք արձագանքեին աստվածային կանչին, նրանց ապագան բոլորովին այլ կերպ կդասավորվեր: Նրանք միջոցներ ունեին, որոնք Աստված կավելացներ, և դրանք կբավականացնեին ամբողջ աշխարհն օրհնելու և լուսավորելու համար: Սակայն նրանք այնքան էին հեռացել Տիրոջ սահմանված կարգից, որ նրանց ողջ կյանքն աղավաղվել էր: Նրանք թերացել էին օգտագործել իրենց պարգևները ճշմարտության և արդարության համաձայն’ որպես Աստծո տնտեսներ: Նրանք տեսադաշտից կորցրել էին հավիտենությունը, և նրանց անհավատարմությունը կործանարար ազդեցություն ունեցավ ողջ ազգի համար: ՔԱ 207.3
Քրիստոսը գիտեր, որ Երուսաղեմի ավերման ժամանակ հրեաները կհիշեն Իր նախազգուշացումը: Եվ այդպես էլ եղավ: Երբ աղետը եկավ Երուսաղեմի վրա, երբ սովն ու ամեն տեսակի նեղությունները թափվեցին այդ ժողովրդի գլխին, նրանք հիշեցին Քրիստոսի այս խոսքերը և հասկացան առակը: Նրանք իրենց վրա տանջանքներ բերեցին’ թույլ չտալով, որ իրենց աստվածատուր լույսը շողա աշխարհին: ՔԱ 208.1