Առողջությունը մի օրհնություն է, որի արժեքը քչերն են գնահատում, մինչդեռ առավելապես դրանից է կախված մեր մտավոր և ֆիզիկական ուժերի գործունեությունը: Մեր մղումների ու կրքերի աղբյուրը մարմինն է, և այն պետք է ֆիզիկապես լավագույն վիճակում պահվի և լավագույն հոգևոր ազդեցությունների տակ, որպեսզի մեր տաղանդներն օգտագործվեն ավելի բարձր նպատակների համար: ՔԱ 277.3
Այն, ինչ թուլացնում է ֆիզիկական ուժը, տկարացնում է նաև միտքը և պակասեցնում է ճիշտն ու սխալը տարբերելու նրա ունակությունը: Մենք ավելի անկարող ենք դառնում ընտրելու բարին և կամքի ուժի պակաս ենք ունենում անելու այն, ինչը որ ճիշտ է: ՔԱ 277.4
Մեր ֆիզիկական ուժերի սխալ օգտագործումը կրճա- տում է այն ժամանակահատվածը, որում մեր կյանքը կարող է օգտագործվել Աստծո փառքի համար: Եվ դա մեզ անընդունակ է դարձնում կատարելու այն աշխատանքը, որ Աստված հանձնարարել է մեզ: Թույլ տալով, որ մեր մեջ այնպիսի վատ սովորություններ ձևավորվեն, ինչպիսիք են ուշ քնելը, ախորժակն առողջության հաշվին բավարարելը, մենք հիմք ենք դնում մեր մարմնի տկարացմանը: Անտեսելով ֆիզիկական վարժությունները, գերծանրաբեռնելով մտքի և մարմնի աշխատանքը’ մենք խախտում ենք նյարդային համակարգի հավասարակշռությունը: Նրանք, ովքեր այսպես վարվելով կրճատում են իրենց կյանքը, և արհամարհելով բնության օրենքները’ անպիտան են դարձնում իրենց ծառայության համար’ մեղավոր են Աստծուն կողոպտելու մեջ: Նրանք կողոպտում են նաև իրենց մերձավորներին: Ուրիշներին օրհնություն լինելու հնարավորությունը, որի համար էլ հենց Աստված նրանց աշխարհ է ուղարկել, կորչում է նրանց սխալ գործունեության պատճառով: [347] Եվ նրանք ի վիճակի չեն լինում կատարել նույնիսկ այն գործը, որ կարճ ժամանակահատվածում կարող էին ավարտել: Աստված մեզ մեղավոր է համարում, երբ մեր վնասակար սովորություններով աշխարհը զրկում ենք բարիքներից: ՔԱ 277.5
Ֆիզիկական օրենքի խախտումը համարվում է բարոյական օրենքի խախտում, քանի որ Աստված ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական օրենքի հեղինակն է: [348] Նրա օրենքը գրված է Իր սեփական ձեռքով մարդուն վստահված ամեն մի նյարդի, ամեն մի մկանի և ամեն մի օրգանի վրա: Եվ մեր օրգանիզմի որևէ մասի սխալ օգտագործումն այդ օրենքի խախտումն է: ՔԱ 278.1
Բոլորը պարտավոր են խորը գիտելիքներ ունենալ մարդու կառուցվածքի մասին, որպեսզի կարողանան իրենց մարմինները պահել այնպիսի վիճակում, որն անհրաժեշտ է Տիրոջ գործը կատարելու համար: Պետք է խնամքով պահպանել ֆիզիկական կյանքը և զարգացնել այնպես, որ մարդկայինի միջոցով երևա աստվածային բնության ողջ լիությունը: Ֆիզիկական օրգանիզմի փոխադարձ կապը հոգևոր կյանքի հետ կրթության կարևորագույն ճյուղերից մեկն է: Դրա վրա լուրջ ուշադրություն պետք է դարձնել թե’ տանը, թե’ դպրոցում: Բոլորին անհրաժեշտ է ծանոթանալ իրենց ֆիզիկական կառուցվածքի և այն օրենքների հետ, որոնք ղեկավարում են ֆիզիկական կյանքը: Նա, ով չի կամենում տեղյակ լինել իր ֆիզիկական գոյության օրենքներին և խախտում է դրանք տգիտության պատճառով, մեղանչում է Աստծո դեմ: Բոլորը պետք է հնարավորին չափ լավ վարվեն իրենց կյանքի և առողջության հետ: Մեր սովորությունները պետք է ենթարկվեն մտքի հսկողությանը, որն էլ իր հերթին պետք է գտնվի Աստծո ղեկավարության տակ: ՔԱ 278.2
«Չգիտե՞ք,- ասում է Պողոս առաքյալը,- որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստծուց ունեք և ձերը չեք: Որովհետև մեծ գնով գնվեցիք, ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստ- ծունն են» (Ա Կորնթացիս 6.19,20): ՔԱ 279.1