Այն մարդը, որ մեկ տաղանդ ստացավ, «գնաց, գետինը փորեց և իր տիրոջ արծաթը թաքցրեց»: ՔԱ 286.3
Ամենափոքր պարգևն ունեցողն էր, որ թողեց իր տաղանդը չօգտագործված: Սա նախազգուշացում է բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե իրենց շնորհների քչության պատճառով ներելի է, որ չեն ծառայում Քրիստոսին: Եթե կարողանային մի մեծ բան անել, ի՜նչ ուրախությամբ գործի կանցնեին, բայց քանի որ նրանք միայն փոքր բաներով կարող են ծառայել, իրենց արդարացած են համարում ոչինչ չանելով: Սրանում նրանք սխալվում ենք: Տերն իր պարգևները բաշխելով’ փորձում է բնավորությունը: Այն մարդը, որ չկամեցավ օգտագործել մեկ տաղանդը, ապացուցեց, որ ինքը անհավատարիմ տնտես է: Եթե նա հինգ տաղանդ էլ ստանար, կթաղեր դրանք այնպես, ինչպես թաղեց մեկը: Նրա մեկ տաղանդի սխալ օգ- տագործումը ցույց տվեց, որ նա արհամարհեց երկնային պարգևը: [356] ՔԱ 286.4
«Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ հավատարիմ է” (Ղուկաս 16.10): Փոքր բաների կարևորությունը հաճախ անտեսվում է, որովհետև փոքր են, բայց դրանք մեծ դեր են խաղում գործնական կյանքում: Իրականում քրիստոնեական կյանքի մեջ ոչ մի անկարևոր բան չկա: Մեր բնավորության ձևավորումը վտանգի մեջ կլինի, քանի դեռ թերագնահատում ենք փոքր բաների կարևորությունը: ՔԱ 287.1
«Քիչ բանի մեջ անիրավը շատ բանի մեջ էլ անիրավ է»: Նույնիսկ ամենափոքր պարտականությունների մեջ իր անհավատարմությամբ մարդը կողոպտում է իր Արարչին Նրան հասանելիք ծառայության մեջ: Այս անհավատարմությունն անդրադառնում է նրա վրա: Նա ի վիճակի չի լինում ձեռք բերելու շնորհ և բնավորության ուժ, որոնք կարելի է ստանալ Աստծուն անմնացորդ նվիրվելու միջոցով: Ապրելով Քրիստոսից հեռու’ նա ենթարկվում է սատանայի փորձություններին և սխալներ է գործում Իր Տիրոջ գործի մեջ: Քանի որ նա փոքր բաների մեջ ճիշտ սկզբունքով չի առաջնորդվում, նրան չի հաջողվում Աստծուն հնազանդվել մեծ գործերի մեջ, որոնք նա իր հատուկ աշխատանքն է համարում: Կյանքի աննշան մանրուքներում փայփայած թերություններն անցնում են ավելի կարևոր գործերի մեջ: Նա գործում է այն սկզբունքներով, որոնց ընտելացել է: Այսպիսով, կրկնվող գործողությունները ձևավորում են սովորությունները, սովորությունները’ բնավորությունը, և բնավորությամբ վճռվում է մեր ճակատագիրն այս կյանքի և հավիտենականության համար: ՔԱ 287.2
Միայն փոքր բաների մեջ հավատարիմ գտնվելով’ հոգին կարող է սովորել հավատարմորեն վարվել մեծ պատասխանատվության դեպքում: Աստված Դանիելին ու իր ընկերներին շփման մեջ բերեց Բաբելոնի մեծ մարդկանց հետ, որ այս հեթանոս մարդիկ ծանոթանան ճշմարիտ կրոնի սկզբունքներին: Ապրելով կռապաշտ մի ազգի մեջ’ Դանիելը պետք է ներկայացներ Աստծո բնավորությունը: Ինչպե՞ս նա արժանացավ այդպիսի մեծ վստահության ու պատվի: Նրա հավատարմությունն էր փոքր բաներում, որ այդպիսին դարձրեց նրա ողջ կյանքը: Նա մեծարում էր Աստծուն ամենափոքր պարտականությունների մեջ, և Տերը համագործակցում էր նրա հետ: [357] Դանիելին և նրա ընկերներին Աստված «գիտություն և հանճար տվեց ամեն դպրությունում և իմաստնությունում, և Դանիելը հասկանում էր ամեն տեսիլք և երազ» (Դանիել 1.17): ՔԱ 287.3
Ինչպես Աստված Դանիելին կանչեց վկայելու Իր մասին Բաբելոնի մեջ, այդպես էլ Նա մեզ կանչում է այսօր Իր վկաները լինելու այս աշխարհում: Նա կամենում է, որ մենք Իր արքայության սկզբունքները մարդկանց հայտնենք ինչպես կյանքի ամենամեծ, այնպես էլ ամենափոքր գործերում: ՔԱ 288.1
Քրիստոսն Իր երկրային կյանքում սովորեցրեց լուրջ ուշադրություն դարձնել փոքր բաների վրա: Փրկության մեծ գործը մշտապես ծանրացած էր Նրա հոգու վրա: Երբ Նա սովորեցնում և բժշկում էր, Նրա մտքի ու մարմնի բոլոր ուժերը ծայրաստիճան լարվում էին, բայց և այնպես Նա նկատում էր ամենահասարակ բաները կյանքում և բնության մեջ: Նա ամենաուսանելի դասերը քաղում էր բնության ամենապարզ բաներից և լուսաբանում Աստծո թագավորության մեծ ճշմարտությունները: [358] Նա չէր անտեսում Իր ամենահասարակ ծառաների կարիքները: Նրա ականջը լսում էր օգնության ամեն մի կանչ: Նա զգաց տառապյալ կնոջ հպումը ամբոխի մեջ, հավատի ամե- նաթեթև հպումն անգամ պատասխան ստացավ: Երբ Նա հարություն տվեց Յայրոսի աղջկան, ծնողներին հիշեցրեց, որ նրան ուտելու որևէ բան տան: Երբ Իր ամենակարող զորությամբ Նա վեր կացավ գերեզմանից, Իր արժանապատվությունից ցածր չհամարեց ծալել ու խնամքով իր տեղը դնել այն պատանքը, որով Իրեն փաթաթել էին: ՔԱ 288.2
Մենք’ որպես քրիստոնյաներ, կանչված ենք համագործակցելու Քրիստոսի հետ հոգիների փրկության համար: Մենք ուխտել ենք Նրան կատարելու այս գործը: Արհամարհել այս աշխատանքը’ նշանակում է անհավատարմություն ցուցաբերել Քրիստոսի հանդեպ: Բայց այս գործը կատարելու համար մենք պետք է հետևենք Նրա օրինակին հավատարմորեն և ուշադրությամբ վերաբերվենք փոքր բաներին: Սա է հաջողության գաղտնիքը քրիստոնեական գործունեության ու ազդեցության ամեն մի ոլորտում: ՔԱ 288.3
Տերը կամենում է, որ Իր ժողովուրդը հասնի կատարելության բարձրագույն աստիճանին, որպեսզի կարողանա փառավորել Նրան’ տիրանալով այն կարողություններին, որ Նա ուզում էր շնորհել: Աստծո շնորհի միջոցով մեզ տրված է ամեն բան, որպեսզի ցույց տանք, որ մենք ավելի լավ ծրագրերի համաձայն ենք գործում, քան նրանք, որոնցով գործում է աշխարհը: Մենք պետք է մտքի, հասկացողության, հմտության և գիտելիքների մեջ գերազանցություն դրսևորենք, որովհետև հավատում ենք Աստծուն և մարդկանց սրտերի վրա ազդելու Նրա զորությանը: ՔԱ 289.1
Բայց նրանք, ովքեր մեծ պարգևներ չունեն, չպետք է հուսահատվեն: Թող օգտագործեն այն, ինչ որ ունեն’ հավատարմորեն հսկելով իրենց բնավորության թույլ կողմերը, և ձգտեն ուղղել դրանք աստվածային շնորհի միջոցով: Կյանքի յուրաքանչյուր գործի մեջ մենք պարտավոր ենք լինել հավատարիմ և նվիրված’ ձևավորելով այնպիսի հատկանիշներ, որոնք ի վիճակի կդարձնեն մեզ կատարելու այդ աշխատանքը: Անփույթ սովորությունները պետք է վճռականորեն հաղթահարվեն: [359] Շատերը կարծում են, թե ամենակոպիտ սխալները կարող են արդարացնել մոռացկոտությամբ: Բայց մի՞թե նրանք մյուսների նման օժտված չեն մտավոր ընդունակություններով: Ուրեմն նրանք պետք է կարգի բերեն իրենց հիշողությունը: Մոռանալը մեղք է, անփույթ լինելը’ նույնպես: Եթե դուք անփութորեն սովորություն եք ձևավորում, դուք կարող եք անտեսել ձեր սեփական հոգու փրկությունը և ի վերջո գտնել, որ պատրաստ չեք Աստծո արքայության համար: ՔԱ 289.2
Մեծ ճշմարտությունները պիտի կիրառվեն նաև փոքր բաներում: Գործնական կրոնը պետք է մտցվի առօրյա կյանքի փոքր պարտականությունների մեջ: Ցանկացած մարդու մեծագույն արժանիքն է’ անվերապահորեն հնազանդվել Տիրոջ խոսքին: ՔԱ 289.3
Շատերը, քանի որ ուղղակիորեն կապված չեն որևէ կրոնական աշխատանքի հետ, կարծում են, թե իրենց կյանքն անօգուտ է, և իրենք ոչինչ չեն անում Աստծո արքայության մոտեցման համար: Բայց դա սխալ է: Եթե նրանց գործն այն է, որը ինչ- որ մեկը պետք է անի, նրանք չպետք է մեղադ- րեն իրենց անօգտակարության համար Աստծո մեծ ընտանիքում: Ամենահամեստ պարտականություններն անգամ չպիտի արհամարհվեն: Ցանկացած ազնիվ գործ օրհնություն է, և հավատարմությունն այդ գործում կարող է մարդուն պատրաստել ավելի պատասխանատու աշխատանքի համար: ՔԱ 289.4
Աստծո համար անձնվիրաբար կատարված ցանկացած աշխատանք, որքան էլ համեստ լինի, նույնքան ընդունելի է Նրան, որքան ամենամեծ ծառայությունը: Ոչ մի զոհաբերություն փոքր չէ, եթե դա արվում է անկեղծ սրտով և ուրախ հոգով: ՔԱ 290.1
Ուր էլ որ լինենք, Քրիստոսը պահանջում է կատարել մեզ ներկայացված պարտականությունը: Եթե դա տանն է, ապա սիրով ու լրջորեն հանձն առեք հաճելի մի տեղ դարձնել տունը: Եթե դուք մայր եք, դաստիարակեք ձեր երեխաներին Քրիստոսի համար: Սա նույնքան կարևոր է Աստծո համար, որքան ամբիոնի մոտ կանգնած ծառայողի աշխատանքը: Եթե ձեր պարտականությունը խոհանոցում է, աշխատեք լինել կատարյալ խոհարար: Պատրաստեք այնպիսի կերակուր, որ առողջարար է, սննդարար և ախորժելի: Եվ ինչպես կերակուր պատրաստելիս օգտագործում եք լավագույն մթերքները, հիշեք, որ այդպես էլ ձեր մտքերին պիտի տաք լավագույն խորհուրդները: Եթե ձեր գործը հող վարելն է կամ զբաղված եք որևէ այլ աշխատանքով, ձգտեք հաջողության տվյալ գործի մեջ: [360] Ձեր միտքը կենտրոնացրեք այն գործի վրա, որ անում եք: Ձեր բոլոր գործերի մեջ ներկայացրեք Քրիստոսին: Արեք այնպես, ինչպես Նա կաներ ձեր փոխարեն: ՔԱ 290.2
Որքան էլ փոքր լինի ձեր տաղանդը, Աստված տեղ ունի դրա համար: Իմաստնությամբ օգտագործված այդ մեկ տաղանդը կկատարի իր համար որոշված աշխատանքը: Հավատարիմ լինելով փոքր պարտականությունների մեջ’ մենք պետք է աշխատենք գումարման ծրագրով, իսկ Աստված կաշխատի մեզ համար բազմապատկման ծրագրով: Այս փոքրերն ամե- նարժեքավոր ազդեցությունները կդառնան Նրա գործի մեջ: ՔԱ 290.3
Թող կենդանի հավատը ոսկյա թելի նման անցնի նույնիսկ մեր ամենափոքր պարտականությունների կատարման միջով: Այդ դեպքում օրվա ողջ աշխատանքը կնպաստի քրիստոնեական աճին: Ուշադրության կենտրոնում կլինի Հիսուսը: Սերը Նրա հանդեպ կենարար ուժ կհաղորդի ձեռնարկված բոլոր գործերին: Այսպես տաղանդների ճիշտ օգտագործման միջոցով մենք կարող ենք ոսկյա շղթայով ինքներս մեզ կապել վերին աշխարհի հետ: Սա է ճշմարիտ սրբագործությունը, որովհետև սրբագործությունը առօրյա պարտականություններն ուրախությամբ կատարելու մեջ է’ կատարյալ հնազանդությամբ Աստծո կամքին: ՔԱ 290.4
Բայց շատ քրիստոնյաներ սպասում են, որ մի ինչ-որ մեծ գործ ներկայացվի իրենց: Քանի որ չեն կարողանում բավականին լայն ասպարեզ գտնել’ բավարարելու իրենց փառասիրությունը, նրանք թերանում են հավատարմորեն կատարել կյանքի սովորական պարտականությունները: Սրանք նրանց անհետաքրքիր են թվում: Օրեցօր նրանք բաց են թողնում հնարավորությունները, որոնցով կարող էին ցույց տալ իրենց հավատարմությունը Աստծուն: Մինչ նրանք սպասում են մի որևէ մեծ գործի, կյանքն անցնում է, իսկ նպատակները չեն իրականացվում, աշխատանքը չի կատարվում: ՔԱ 291.1