Սերմնացանի առակով Քրիստոսը լուսաբանում է երկնային թագավորության ճշմարտությունները և մեծ Հողագործի աշխատանքն Իր ժողովրդի համար: Սերմնացանի պես Նա եկավ ցանելու երկնային ճշմարտության սերմերը: Եվ Նրա առակներով ուսուցումն ինքնին այն սերմն էր, որով սերմանվեցին Նրա շնորհի ամենաարժեքավոր ճշմարտությունները: Իր պարզության շնորհիվ սերմնացանի առակը չի գնահատվել այնպես, ինչպես հարկն է: Հողի մեջ գցված բնական սերմից Քրիստոսը ցանկանում է մեր մտքերն ուղղել Ավետարանի սերմի վրա, որի սերմանման հետևանքով մարդը վերադառնում է Աստծուն: Նա, Ով տվեց փոքրիկ սերմի առակը’ երկնքի Գերիշխանն է, և այն նույն օրենքները, որոնք գործում են երկրային սերմը ցանելու ժամանակ, գործում են նաև ճշմարտության սերմը ցանելու ժամանակ: ՔԱ 13.1
Գալիլեայի ծովի ափին մի բազմություն էր հավաքված’ անհամբեր, սպասող մի ամբոխ, որն ուզում էր տեսնել և լսել Հիսուսին: Այնտեղ կային իրենց մահիճներում պառկած հիվանդներ, որոնք Նրանից բուժում էին ակնկալում: [34] Մեղավոր ցեղի ցավերի բուժումը Քրիստոսի աստվածատուր իրավունքն էր, և այժմ Նա սաստում էր հիվանդությունն ու Իր շուրջը սփռում կյանք, առողջություն և խաղաղություն: ՔԱ 13.2
Քանի որ գնալով ժողովուրդը շատանում էր, մարդիկ ավելի մոտիկ էին խռնվում Քրիստոսի շուրջը, այլևս տեղ չկար նրանց ընդունելու համար: Այնժամ խոսելով ձկնորսական նավակներում գտնվող մարդկանց հետ’ Նա մտավ այն նավակը, որը սպասում էր Իրեն լճի մյուս ափը տեղափոխելու համար, և պատվիրելով աշակերտներին, որ նավը մի փոքր հեռու հրեն ափից, Իր խոսքն ուղղեց լճեզերքին գտնվող բազմությանը: ՔԱ 13.3
Ծովի երկայնքով ընկած էր Գենեսարեթի գեղեցիկ հարթավայրը, իսկ դրա հետևում բլուրներ էին: Լեռնալանջում ու դաշտավայրում աշխատում էին սերմնացաններն ու հնձվորները, առաջինները սերմ էին ցանում, մյուսները վաղահաս բերքն էին հավաքում: Նայելով այդ տեսարանին’ Քրիստոսն ասաց. «Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու. և նա սերմելիս մի քանիսը ճանապարհի մոտ ընկան, և երկնքի թռչուններն եկան և կերան նրանց: Եվ ուրիշներն ընկան քարքարոտ տեղ, ուր շատ հող չկար, և շուտով բուսնեցին խոր հող չունենալու պատճառով: Բայց երբ արեգակը ծագեց, տաքացան, և որովհետև արմատ չունեին’ չորացան: Եվ ուրիշներն ընկան փշերի մեջ, և փշերը դուրս եկան և խեղդեցին նրանց: Եվ ուրիշներն ընկան բարի երկրի վրա, և պտուղ էին տալիս, որը հարյուր, և որը վաթսուն, և որը երեսուն»: ՔԱ 14.1
Քրիստոսի ժամանակակիցները չէին հասկացել Նրա առաքելությունը: Նրա գալստյան ձևը չէր համապատասխանում նրանց սպասելիքներին: Տեր Հիսուսը Հիմքն էր ողջ հրեական համակարգի, որի ազդեցիկ ու տպավորիչ ծառայություններն աստվածային ծագում ունեին: Դրանք նախատեսված էին սովորեցնելու ժողովրդին, որ որոշված ժամանակին պիտի գար այն Մեկը, Ում մատնանշում էին այդ ծեսերը: Սակայն հրեաները մեծարեցին ծեսերն ու արարողությունները և տեսադաշտից կորցրեցին դրանց նպատակը: Մարդկային ավանդույթները, սովորույթներն ու օրենքները նրանցից ծածկեցին այն դասերը, որ Աստված մտադիր էր հաղորդել: [35] Այս ավանդություններն ու օրենքները խոչընդոտ դարձան ճշմարիտ կրոնն ըմբռնելու և կիրառելու գործում: Եվ երբ Իրականությունը եկավ հանձին Քրիստոսի, նրանք չընդունեցին Նրանում իրենց բոլոր նախակերպարների իրականացումը, և բոլոր խորհրդանիշնե- րի բովանդակությունը: Նրանք մերժեցին Իրականը և ամուր կառչեցին իրենց նախակերպարներին ու անօգուտ ծեսերին: Աստծո Որդին էր եկել, բայց նրանք շարունակում էին նշան պահանջել: Լսելով. «Ապաշխարեցեք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը” լուրը’ նրանք հրաշք պահանջեցին (Մատ- թեոս 3.2): Քրիստոսի Ավետարանը գայթակղության քար էր նրանց համար, որովհետև նրանք նշաններ էին պահանջում’ Փրկչին ընդունելու փոխարեն: Նրանք սպասում էին, որ Մեսիան կապացուցի Իր հավակնությունները հզոր, նվաճողական գործողություններով’ Իր կայսրությունը հիմնելու երկրային թագավորությունների ավերակների վրա: Այս ակնկալիքներին Քրիստոսը պատասխանեց սերմնացանի առակով: Աստծո թագավորությունը պիտի հաստատվեր ոչ թե զենքի ուժով, ոչ թե բռնի միջամտություններով, այլ մարդկանց սրտերի մեջ նոր սկզբունք սերմանելով: ՔԱ 14.2
«Բարի սերմ ցանողը մարդի Որդին է” (Մատթեոս 13.37): Քրիստոսը եկավ ոչ թե որպես թագավոր, այլ ինչպես սերմնացան, ոչ թե թագավորություններ տապալելու, այլ սերմ ցանելու, ոչ թե երկրային հաղթանակներն ու ազգային մեծությունը ցույց տալու իր հետևորդներին, այլ այն բերքը, որ պիտի հավաքվի համբերատար ու տքնաջան աշխատանքով, կորստի ու հիասթափության գնով: ՔԱ 15.1
Փարիսեցիները հասկացան Քրիստոսի առակի իմաստը, սակայն այդ դասը նրանց համար անընդունելի էր: Նրանք ձևացրին, թե չեն հասկացել: Բազմության համար դեռ գաղտնիք էր մնում այն նպատակը, որը նոր Ուսուցիչն ասել էր առակում, Ում խոսքերն այդքան արտասովոր կերպով հուզել էին նրանց սրտերն ու այդքան դառնորեն հիասթափեցրել նրանց փառասիրությունը: Աշակերտներն էլ չէին հասկացել առակը, սակայն նրանց հետաքրքրությունն արթնացել էր: Նրանք առանձին եկան Յիսուսի մոտ բացատրություն խնդրելու: ՔԱ 15.2
Սա հենց այն փափագն էր, որ Քրիստոսը ցանկանում էր արթնացնել նրանց մեջ, որպեսզի կարողանար ավելի հստակ դաս տալ նրանց: [36] Նա բացատրեց նրանց առակը այնպես, ինչպես որ կբացատրի Իր խոսքը բոլոր նրանց, ովքեր փնտրում են Նրան անկեղծ սրտով: Նրանց համար ովքեր ուսումնասիրում են Աստծո խոսքը Սուրբ Յոգով լուսավորված, խոսքի իմաստը չի մնա խավարում ծածկված: «Եթե մեկը կամենում է նրա կամքը անել, - ասաց Քրիստոսը, - նա կիմանաա այս վարդապետության համար, թե արդյոք Աստծո՞ւց է, կամ թե ես իմ անձիցն եմ խոսում» (Յովհաննես 7.17): Բոլոր նրանք, ովքեր գալիս են Քրիստոսի մոտ ճշմարտության ավելի հստակ ճանաչում ձեռք բերելու համար’ կստանան այն: Նա կբացի նրանց համար երկնքի գաղտնիքները, և այս գաղտնիքները կհասկանան այն մարդիկ, ովքեր տենչում են իմանալ ճշմարտությունը: Երկնային լույս կշողա հոգու տաճարի մեջ, և ինչպես պայծառ վառվող ճրագ մութ ճանապարհին, կլուսավորի նաև մյուսներին: ՔԱ 15.3
«Սերմնացանը դուրս գնաց ցանելու»: Արևելքում քաղաքական իրավիճակն այնքան անկայուն էր, և բռնության այնքան մեծ վտանգ կար, որ ժողովուրդը մեծամասնությամբ ապրում էր պարսպավոր քաղաքներում, և հողագործներն ամեն օր կատարում էին իրենց աշխատանքը քաղաքից դուրս: Այսպես էլ Քրիստոսը’ երկնային Սերմնացանը, դուրս եկավ ցանելու: Նա թողեց Իր խաղաղ ու ապահով տունը, թողեց այն փառքը, որ ուներ աշխարհի ստեղծումից առաջ Իր Հոր մոտ, թողեց Իր տիեզերական գահը: Նա եկավ ինչպես տառապյալ, փորձվող մի մարդ, եկավ միայնակ, որ արցունքներով ցանի, և Իր արյունով ջրի կյանքի սերմը կորած աշխարհի համար: ՔԱ 16.1
Նրա ծառաները նման ձևով պիտի գնան ցանելու: Երբ Աբրահամը կանչվեց ճշմարտության սերմնացան դառնալու, նա պատվեր ստացավ. «Գնա քո երկրից, և քո ազգականներից, և քո հոր տանից այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ» (օննդոց 12.1): «Եվ դուրս եկավ գնաց, առանց գիտենալու, թե ուր է գնում” (Եբրայեցիս 11.8): Այդպես էլ Պողոս առաքյալը, երբ Երուսաղեմի տաճարի մեջ աղոթք էր անում, Աստծուց պատգամ ստացավ. «Գնա, որովհետև ես քեզ հեռու հեթանոսների մեջ կուղարկեմ” (Գործք առաքելոց 22.21): [37] Այդպես էլ նրանք, ովքեր կանչված են Քրիստոսին միանալու, պիտի թողնեն ամեն բան, որպեսզի հետևեն Նրան: Հին ընկերացկություննե- րը պիտի խափանվեն, կյանքի ծրագրերն ու երկրային հույսերը’ թողնվեն: Չարչարանքով ու արցունքով, միայնության մեջ և զոհաբերության միջոցով պիտի ցանվի սերմը: ՔԱ 16.2
«Սերմնացանը ցանում է խոսքը»: Քրիստոսը եկավ աշխարհում ճշմարտություն ցանելու: Մարդու անկումից սկսած’ սատանան մոլորության սերմեր է ցանում: Խաբեությամբ էր, որ նա տիրացավ մարդուն, և նույն կերպ շարունակում է գործել’ խորտակելու երկրի վրա Աստծո թագավորությունը և մարդ- կանց պահելու իր իշխանության տակ: [38] Ավելի բարձր աշխարհից եկած սերմնացանը’ Քրիստոսը, եկավ ցանելու ճշմարտության սերմերը: Նա, որ կանգնում էր Աստծո խորհրդի մեջ, Նա, որ բնակվում էր Հավիտենականի սրբարանի խորքերում և կարող էր մարդկանց հասցնել ճշմարտության անարատ սկըզ- բունքները: Մարդու անկումից ի վեր Քրիստոսը եղել է աշխարհին ճշմարտություն Հայտնողը: Նրա միջոցով անապական սերմը’ «Աստծո կենդանի և հավիտենական խոսքը”, հաղորդվում է մարդուն: (Ա Պետրոս 1.23): Ընկած մարդկությանը տալով առաջին խոստումը Եդեմում’ Քրիստոսն ավետարանի սերմը ցանեց: Սակայն սերմնացանի առակը հատկապես վերաբերում է մարդկանց մեջ Նրա անձնական ծառայությանը և այն աշխատանքին, որն Ինքն այդպիսով հաստատեց: ՔԱ 16.3
Սերմը Աստծո խոսքն է: Յուրաքանչյուր սերմ ծլարձակման սկզբունք ունի իր մեջ: Դրանում պարփակված է բույսի կյանքը: Նույն կերպ էլ կյանք կա Աստծո խոսքի մեջ: Քրիստոսն ասում է. «Այն բանը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է և կյանք” (Հովհաննես 6.64): «Իմ խոսքը լսողը, և ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի» (Հովհաննես 5.24): Աստծո խոսքի յուրաքանչյուր պատվիրանի, յուրաքանչյուր խոստման մեջ զորություն կա, հենց իսկ Աստծո կյանքը, որով պատվիրանը կարող է կատարվել, և խոստումն’ իրագործվել: Նա, ով հավատով ընդունում է խոսքը, ընդունում է Աստծո կյանքն ու բնավորությունը: ՔԱ 17.1
Յուրաքանչյուր սերմ պտուղ է տալիս իր տեսակի պես: Սերմը ցասնիր նպաստավոր պայմաններում, և այն կզարգաց- նի իր կյանքը բույսի մեջ: Հոգուդ մեջ հավատով ընդունիր խոսքի անապական սերմը, և այն կծլարձակի մի բնավորություն և կյանք’ նման Աստծո բնավորությանը ու կյանքին: ՔԱ 17.2
Իսրայելի ուսուցիչներն Աստծո խոսքի սերմը չէին ցանում: Ինչպես ճշմարտության ուսուցիչ’ Քրիստոսի աշխատանքը խիստ տարբերվում էր իր ժամանակվա վարդապետների աշխատանքից: Նրանք հիմնվում էին սովորույթների, մարդկային տեսությունների և ենթադրությունների վրա: Հաճախ այն, ինչ որ մարդն էր սովորեցրել ու գրել Աստծո խոսքի մասին, նրանք մատուցում էին այդ խոսքի փոխարեն: [39] Նրանց ուսմունքը ոչ մի ուժ չուներ հոգին կենդանացնելու համար: Քրիստոսի սովորեցնելու և քարոզելու նյութը Աստծո խոսքն էր: Նա հարց տվողներին հասարակ պատասխան էր տալիս. «Գրված է», «Ի՞նչ է ասում Գիրքը», «Ինչպե՞ս ես կարդում»: Յուրաքանչյուր առիթով, երբ բարեկամի կամ թշնամու մոտ հետաքրքրություն էր արթնանում, Նա ցանում էր խոսքի սերմը: Նա, Ով ճանապարհը, ճշմարտությունն ու Կյանքն էր, հենց Ինքը’ կենդանի Խոսքը, վկայակոչում է Գրքերն’ ասելով. «Նրանք են, որ ինձ համար վկայում են”: «Եվ սկսելով Մովսեսից և բոլոր մարգարեներից» Նա մեկնում էր Իր աշակերտներին «ինչ որ գրքերի մեջ գրված էր իր մասին” (Հովհաննես 5.39, Ղուկաս 24.27): ՔԱ 17.3
Քրիստոսի ծառաները պարտավոր են անել նույն գործը: Մեր օրերում էլ, ինչպես անցյալում, Աստծո խոսքի կենսական ճշմարտությունները մի կողմ են դրված’ իրենց տեղը զիջելով մարդկային տեսություններին և ենթադրություններին: Շատերը, ովքեր իրենց ավետարանի ծառայող են կոչում, ամբողջ Աստվածաշունչը չեն ընդունում որպես ոգեշնչված խոսք: Մեկ «իմաստուն” հերքում է մի մասը, ուրիշը կասկածի տակ է առնում մյուսը: Նրանք իրենց դատողությունն ավելի բարձր են դասում, քան խոսքը, և Աստվածաշունչը, որ նրանք քարոզում են, հիմնված է իրենց հեղինակության վրա: Այն զուրկ է աստվածային իսկությունից: Այսպես ամենուրեք անհավատության սերմեր են ցանվում, այդ պատճառով էլ մարդիկ շփոթվում են ու չգիտեեն, թե ինչին հավատան: Շատ դավանանքներ կան, որոնցից մարդը պետք է հեռու մնա: Քրիստոսի օրերում վարդապետներն Աստվածաշնչի շատ հատվածներ մեկնաբանում էին արհեստական, խորհրդավոր ձևով: Քանի որ Աստծո խոսքի պարզ ուսմունքը դատապարտում էր իրենց գործերը, նրանք փորձում էին ոչնչացնել դրա ուժը: Նույն բանը կատարվում է այսօր: Այնպես է արվում, որ Աստծո խոսքը թվա խորհրդավոր ու խրթին, որպեսզի արդարացվի Նրա օրենքի խախտումը: Իր օրերում Քրիստոսը հանդիմանում էր նման գործելակերպը: Նա սովորեցնում էր, որ Աստծո խոսքը պետք է հասկանալի լինի բոլորին: Նա մատնանշում էր Աստվածաշունչը որպես անվիճելի հեղինակություն, և մենք էլ այդպես պիտի վարվենք: Աստվածաշունչը պիտի ներկայացվի որպես անսահման Աստծո խոսք, որպես բոլոր վիճաբանությունների վերջ և հավատի հիմք: [40] ՔԱ 18.1
Աստվածաշունչը զրկել են իր զորությունից, և հետևանքը երևում է հոգևոր կյանքի անկման մեջ: Այսօր շատ ամբիոններից լսվող քարոզներում բացակայում է աստվածային այն զորության դրսևորումը, որ արթնացնում է խիղճը և կյանք տալիս հոգուն: Լսողները չեն կարող ասել. «Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբ որ ճանապարհին մեզ հետ խոսում էր, և ինչպես գրքերը բաց էր անում մեզ համար” (Ղուկաս 24.32): Կան շատերը, ովքեր կենդանի Աստծուն են աղաղակում’ փափագելով աստվածային ներկայությունը: Փիլիսոփայական տեսությունները կամ գեղարվեստական պատմվածքները, որքան էլ փայլուն լինեն, չեն կարող բավարարել սրտի պահանջները: Մարդկանց պնդումներն ու հայտնագործությունները ոչ մի արժեք չունեն: Թող Աստծո խոսքը խոսի ժողովրդի հետ: Թող նրանք, ովքեր լսել են միայն ավանդությունների, մարդկային տեսությունների և սկզբունքների մասին, լսեն Նրա ձայնը, Ում խոսքը կարող է նորոգել հոգին հավիտենական կյանքի համար: ՔԱ 19.1
Քրիստոսի սիրելի թեման Աստծո հայրական գորովանքի ու առատաշնորհության մասին էր, Նա հանգամանորեն կանգ էր առնում Նրա բնավորության և օրենքի սրբության վրա: Նա Ինքն իրեն ներկայացնում էր մարդկանց որպես ճանապարհ, ճշմարտություն և Կյանք: Թող սրանք լինեն Քրիստոսի սպա- սավորների թեմաները: Ներկայացրեք ճշմարտությունն այնպես, ինչպես այն կա Հիսուսում: Բացատրեք օրենքի և Ավետարանի պահանջները: Պատմեք մարդկանց Քրիստոսիանձնուրաց և ինքնազոհ կյանքի, Նրա նվաստացման և մահվան, հարության և համբարձման մասին: Պատմեք, թե ինչպես է Նա բարեխոսում Աստծո աթոռի առջև և Նրա խոստման մասին’ «Դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ» (Հովհաննես 14.3): ՔԱ 19.2
Կեղծ տեսություններ քննարկելու կամ Ավետարանի հակառակորդների դեմ պայքարելու փոխարեն’ հետևեք Քրիստոսի օրինակին: Թող Աստծո գանձարանի թարմ ճշմարտությունները թափանցեն ձեր կյանքի մեջ: «Խոսքը քարոզիր”: «Տանիր ամեն ջրերի մոտ”: «Թե ժամանակին լինի, թե ժամանակից դուրս”: «Որի մոտ իմ խոսքը կա, թող իմ խոսքը խոսի ճշմարտությամբ. հարդը ի՞նչ բան ունի ցորենի հետ, ասում է Տերը» [41] «Աստծո ամեն խոսքերը մաքրված են... Չավելացնես նրա խոսքերի վրա, որ միգուցե քեզ հանդիմանի, և դու ստախոս երևաս” (Բ Տիմոթեոս 4.2, Եսայիա 32.20, Երեմիա 23.28, Առա- կաց 30.5-6): ՔԱ 19.3
«Սերմնացանը ցանում է խոսքը»: Այստեղ մի մեծ սկըզ- բունք է ներկայացված, որը պետք է լինի ողջ կրթական աշխատանքի հիմքում: «Սերմը Աստծո խոսքն է”: Սակայն ժամանակակից շատ դպրոցներում Աստծո խոսքը մի կողմ է դրված: Ուրիշ առարկաներ են զբաղեցնում միտքը: Անհավատ հեղինակների ուսումնասիրությունները մեծ տեղ են գրավում կրթական համակարգում: Դպրոցական դասագրքերն իրենց մեջ կասկած հարուցող արտահայտություններ են պարունակում: Գիտական հետազոտությունը մոլորեցուցիչ է դառնում, որովհետև նրա հայտնագործությունները սխալ են մեկնաբանվում և աղավաղվում են: Աստծո խոսքը համեմատվում է գիտության ենթադրյալ ուսուցումների հետ և դառնում անստույգ և անհուսալի: Այսպես կասկածանքի սերմեր են ցանվում երիտասարդության մտքում, և փորձության ժամանակ դրանք ծլարձակում են: Երբ կորչում է հավատն Աստծո խոսքի հանդեպ, հոգին ոչ ուղեցույց է ունենում, ոչ էլ պաշտպանություն: Երիտասարդներն ընտրում են այն ուղիները, որոնք հեռացնում են Աստծուց և հավիտենական կյանքից: ՔԱ 20.1
Այս է արդի աշխարհում լայն տարածում գտած անօրենության պատճառը: Երբ Աստծո խոսքը մի կողմ է դրվում, մերժվում է մարմնավոր սրտի չար կրքերը սանձահարող նրա զորությունը: Մարդիկ ցանում են մարմնի մեջ և մարմնից հնձում են ապականություն: ՔԱ 20.2
Սույն պատճառով է տիրում մտավոր տկարությունն ու անկարողությունը: Երես դարձնելով Աստծո խոսքից և սնվելով չոգեշնչված մարդկանց գրվածքներով’ միտքը դառնում է սահմանափակ և անհեռատես: Այդպիսով միտքը չի հաղորդակցվում հավիտենական ճշմարտության խորն ու լայն սկզբունքների հետ: Միտքը հարմարվում է միայն այն ամենի ըմբռնմանը, որոնց ծանոթ է, և տրվելով սահմանափակ բա- ներին’ տկարանում է, նրա ուժը թուլանում է և որոշ ժամանակ անց անընդունակ է դառնում զարգանալու համար: ՔԱ 20.3
Այս ամենը կեղծ կրթություն է: Յուրաքանչյուր ուսուցչի գործն է’ երիտասարդի միտքը հաստատել ոգեշնչված խոսքի մեծ ճշմարտությունների վրա: [42] Սա է այն կրթությունը, որն անհրաժեշտ է թե’ այս, և թե’ գալիք կյանքի համար: ՔԱ 21.1
Եվ թող այնպիսի կարծիք չստեղծվի, թե սա կարող է խանգարել գիտություններ ուսումնասիրելուն կամ թե պատճառ դառնալ կրթության ցածր մակարդակի համար: Աստծո գիտությունն այնքան բարձր է, որքան երկինքը, և այնքան ծավալուն՝ որքան տիեզերքը: Չկա ավելի ազնվացնող և զորացնող բան, որքան մեր հավիտենական կյանքին վերաբերող վսեմ նյութերի ուսումնասիրությունը: Թող երիտասարդները ձգտեն ըմբռնել այս աստվածատուր ճշմարտությունները, և նրանց մտքերը կընդարձակվեն ու կզորանան ջանքի մեջ: Խոսքը կատարող յուրաքանչյուր ուսանողի համար այն կբացի մտքերի ավելի ընդարձակ մի դաշտ և կտա գիտելիքների այնպիսի հարստություն, որն անապականելի է: ՔԱ 21.2
Աստծո խոսքի ուսումնասիրությամբ ձեռք բերված կրթությունը փրկության ծրագրի փորձառական իմացությունն է: [43] Այսպիսի կրթությունը կվերականգնի Աստծո պատկերը հոգու մեջ: Այն կզորացնի և կամրապնդի միտքը փորձությանը դիմադրելու համար և սովորողին կպատրաստի համագործակցելու Քրիստոսի հետ աշխարհի համար Նրա գթության առաքելության մեջ: Այն կդարձնի նրան երկնային ընտանիքի անդամ և կպատրաստի նրան’ կիսելու սուրբերի լուսավոր ժառանգությունը: ՔԱ 21.3
Սակայն սրբազան ճշմարտության ուսուցիչը կարող է հաղորդել միայն այն, ինչ գիտի իր անձնական փորձով: «Սերմնացանը ցանեց իր սերմը”: Քրիստոսը սովորեցնում էր ճշմարտությունը, քանի որ Ինքն էր ճշմարտությունը: Նրա ուսուցման մեջ մարմնավորված էր Նրա միտքը, Նրա բնավորությունը, Նրա կյանքի փորձառությունը: Նմանապես էլ Նրա ծառաները, եթե կամենում են սովորեցնել Խոսքը, այն պիտի դարձնեն իրենց սեփականությունն անձնական փորձի միջոցով: Նրանք պետք է իմանան’ ինչ է նշանակում, որ Քրիստոսը իրենց իմաստնությունն է, արդարությունը, սրբությունը և փրկությունը: Աստծո խոսքը ուրիշներին ներկայացնելու ժամանակ նրանք չպետք է ենթադրաբար կամ «գուցե թե”-ով խոսեն: Նրանք Պետրոս առաքյալի հետ մեկտեղ պետք է հայտարարեն. «Որովհետև մենք ոչ թե վարդապետությամբ հնարված առասպելների հետևելով ցույց տվեցինք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ’ ականատես լինելով Նրա մեծափառությանը» (Բ Պետրոս 1.16): Քրիստոսի յուրաքանչյուր ծառայող, յուրաքանչյուր ուսուցիչ ի վիճակ պետք է լինի սիրելի Հովհաննեսի հետ մեկտեղ ասելու. «Եվ կյանքը հայտնվեց, և մենք տեսանք, և վկայում ենք, և պատմում ենք ձեզ հավիտենական կյանքը, որ Հոր մոտ էր և երևաց մեզ” (Ա Հովհաննես 1.2): ՔԱ 21.4