Ըստ Ղուկասի 14.1,12-24:
Փրկիչը հյուր էր մի փարիսեցու խնջույքին: Նա հրավերներ էր ընդունում ինչպես հարուստներից, այնպես էլ աղքատներից, և Իր սովորության համաձայն’ Նա դեպքերը կապում էր Իր ճշմարտության դասերի հետ: Հրեաների մոտ սրբազան խնջույքը կապված էր իրենց բոլոր ազգային և կրոնական տոների հետ: Դա նրանց համար հավիտենական կյանքի օրհնությունների խորհրդանիշ էր: Մեծ տոնը, որի ժամանակ նրանք նստելու էին Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, այն ժամանակ, երբ հեթանոսները դրսում կանգնած նայելու էին նրանց փափագող աչքերով, մի թեմա էր, որի շուրջ նրանք սիրում էին զրուցել: Զգուշացման և խրատի դասը, որ Քրիստոսը ցանկանում էր տալ, լուսաբանում է մեծ ընթրիքի առակով: Աստծո թե’ ներկա, թե’ գալիք կյանքի օրհնությունները հրեաները ցանկանում էին պահել իրենց: Նրանք չէին ընդունում, որ Աստված կարող է ողորմել հեթանոսներին: Քրիստոսն առակով ցույց տվեց, որ նրանք մերժում են թե’ ողորմության հրավերը, թե’ Աստծո արքայության մեջ մտնելու կոչը: [220] Նա ցույց տվեց, որ նրանց կողմից անտեսված հրավերը պետք է ուղարկվեր այն մարդկանց, ում նրանք արհամարհում էին, ումից նրանք հեռու էին պահում իրենց հագուստները, կարծես թե բորոտներ լինեին, և ումից պետք էր փախչել: ՔԱ 168.1
Մարդկանց խնջույքին հրավիրելիս փարիսեցին իր եսասիրական շահերից ելնելով էր ընտրել հյուրերին: Քրիստոսն ասաց նրան. «Երբ ճաշ կամ ընթրիք ես անում, մի կանչիր քո բարեկամներին, և ոչ քո եղբայրներին, և ոչ քո ազգականներին, և ոչ քո հարուստ հարևաններին, միգուցե նրանք էլ նրա փոխարեն կանչեն քեզ, և հատուցում լինի քեզ: Այլ երբ որ հացկերություն ես անում, կանչիր աղքատներին, խեղճերին, կաղերին, կույրերին: Եվ երանելի կլինես, որովհետև բան չունեն, որ փոխարենը վճարեն քեզ. որովհետև արդարների հարության ժամանակին կլինի քեզ հատուցումը»: ՔԱ 168.2
Այստեղ Քրիստոսը կրկնում էր այն դասը, որ տրվել էր Իսրայելին Մովսեսի միջոցով: Տերը պատվիրել էր, որ նրանց սուրբ տոների ժամանակ «օտարականը, որբը և որբևայրին գան և ուտեն, կշտանան” (Երկրորդ Օրինաց 14.29): Այս հավաքույթները պիտի տեսանելի դասեր լինեին Իսրայ ելի համար: Այդպես, սովորելով ուրախանալ իսկական հյուրասիրությամբ, ժողովուրդը պիտի ամբողջ տարվա ընթացքում հոգ տաներ ընչազուրկների և աղքատների մասին: [221] Եվ այսպիսի խնջույքներն ավելի խոր իմաստ ունեին: Իսրայելին տրված հոգևոր օրհնությունները միայն նրանը չէին: Աստված նրանց տվել էր կյանքի հացը, որ այն բաժանեին ողջ աշխարհին: ՔԱ 169.1
Այս գործը նրանք չէին կատարել: Քրիստոսի խոսքերը հանդիմանություն էր նրանց եսասիրությանը: Փարիսեցիների համար տհաճ էին Նրա խոսքերը: Հուսալով փոխել զրույցի թեման’ նրանցից մեկը կեղծ բարեպաշտական տեսքով բա- ցականչեց. «Երանի նրան, որ Աստծո արքայությունում հաց կուտի»: Այս մարդը խոսում էր մեծ վստահությամբ, կարծես թե իր համար արդեն տեղ էր ապահովել արքայության մեջ: Նրա վիճակը նման էր այն մարդկանց վիճակին, ովքեր ցնծում են, որ փրկված են Քրիտոսով, մինչդեռ չեն կատարում այն պայմանները, որոնցով խոստացված է փրկությունը: Նա լցված էր նույն հոգով, ինչ Բաղամն աղոթելիս. «Իմ անձն արդարների մահով մեռնի, և իմ վախճանը լինի նրանց պես” (Թվոց 23.10): Փարիսեցին մտածում էր ոչ թե այն մասին, թե պիտանի՞ է արդյոք երկնքին, այլ այն’ թե ինչ հույս ուներ վայելելու երկնքում: Նրա ակնարկը նպատակ ուներ շեղելու հյուրերի միտքն իրենց գործնական պարտականություններին վերաբերող թեմայից: Շրջանցելով ներկա կյանքը’ նա ուզում էր նրանց ուշադրությունը դարձնել արդարների հարության հեռավոր ժամանակների վրա: ՔԱ 169.2
Քրիստոսը կարդաց այդ կեղծավորի սիրտը և, Իր հայացքը սևեռելով նրա վրա, ներկաների առջև բացեց նրանց արդի առավելությունների բնույթն ու արժեքը: Նա ցույց տվեց նրանց, որ նրանք այժմ գործ ունեն կատարելու, որպեսի հետագայում բաժին ստանան ապագայի օրհնություններից: ՔԱ 169.3
«Մի մարդ,- ասաց Նա,- մեծ ընթրիք արեց և շատերին հրա- վիրեց”: Երբ ընթրիքի ժամանակը եկավ, տանտերն իր ծառայի միջոցով երկրորդ լուրն ուղարկեց սպասվող հյուրերին. «Եկեք, որովհետև արդեն ամենը պատրաստ է»: Սակայն տարօրինակ անտարբերություն ցուցաբերվեց: «Եվ ամենքն սկսեցին մեկմեկ հետ քաշվել: Առաջինն ասաց նրան. Ագարակ առա, և պետք է գնամ նրան տեսնեմ. աղաչում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր»: Եվ մյուսն ասաց. Հինգ լուծ եզ առա, և գնում եմ, որ նրանց փորձեմ. աղաչում եմ ինձ հրաժարված համարիր: [222] Եվ մյուսն ասաց. Կին եմ առել, և նրա համար չեմ կարող գալ”: ՔԱ 170.1
Պատճառներից ոչ մեկն էլ արդարացի հիմք չուներ: Այն մարդը, որ «պետք է գնար և տեսներ» իր ագարակը, արդեն գնել էր այն: Նա շտապում էր գնալ և տեսնել, քանի որ իր հետաքրքրությունը գնվածի վրա էր: Եզները նույնպես արդեն գնված էին: Նրանց փորձելը գնորդի հետաքրքրությունը բավարարելու համար էր միայն: Երրորդ արդարացումը պատճառաբանության ոչ մի հիմք չուներ: Այն փաստը, որ հրավիրված հյուրը ամուսնացել էր, չպիտի խանգարեր ներկա գտնվելու խնջույքին: Նրա կնոջը նույնպես բարի գալուստ կմաղթեին: Բայց նա զվարճանալու իր սեփական ծրագրերն ուներ, որոնք նրա համար ավելի ցանկալի էին, քան այն խնջույքը, որին նա խոստացել էր գնալ: Նա հաճույք էր գտնում այլ հասարակության մեջ, քան թե այդ տանտիրոջ մոտ: Նա ներողություն չխնդրեց, և հրաժարվելուց քաղաքավարության նշույլ անգամ չցուցաբերեց: «Չեմ կարող”-ը միայն քողարկումն էր «չեմ կամենում գալ” իսկության: ՔԱ 170.2
Բոլոր արդարացումներն էլ ցույց են տալիս, որ նրանց միտքը զբաղված է այլ բաներով: Այս հրավիրված հյուրերն ուրիշ հետաքրքրություններ ունեին: Հրավերը, որ խոստացել էին ընդունել, դրվեց մի կողմ, և վեհանձն ընկերը վիրավորվեց նրանց անտարբերությունից: ՔԱ 170.3
Մեծ ընթրիքով Քրիստոսը ներկայացնում է այն օրհնությունները, որ առաջարկվում են Ավետարանի միջոցով: Այն, ինչ որ պատրաստված էր, ոչ այլ ինչ է, եթե ոչ Ինքը’ Քրիստոսը: Նա այն հացն է, որ երկնքից է իջնում, և Նրանից են բխում փրկության աղբյուրները: Տիրոջ լրաբերները հրեաներին հայտարարել էին Փրկչի գալուստի մասին, նրանք մատնանշել էին Քրիստոսին որպես «Աստծո Գառի, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): [223] Իր պատրաստած խնջույքում Աստված առաջարկեց նրանց մեծագույն պարգևը, որ երկինքը կարող էր շնորհել, պարգև, որ ամեն ինչից վեր է: Աստծո սերը թանկարժեք խնջույք էր պատրաստել և անսպառ պաշարներ ապահովել: «Եթե մեկն այս հացից ուտի,- ասաց Քրիստոսը,- հավիտյան կապրի” (Հովհաննես 6.51): ՔԱ 170.4
Բայց Ավետարանի տոնախմբության հրավերն ընդունելու համար պետք է աշխարհիկ հետաքրքրությունները ենթարկվեն մեկ նպատակի’ ընդունել Քրիստոսին ու Նրա արդարությունը: Աստված ամեն ինչ տվեց մարդու համար, և խնդրում է նրան, որ Իր ծառայությունը վեր դասի ամեն տեսակի աշխարհիկ և եսասիրական ծրագրերից: Նա չի կարող ընդունել պառակտված սիրտը: Այն սիրտը, որ կլանված է աշխարհային ձգտումներով, չի կարող տրվել Աստծուն: ՔԱ 171.1
Այս դասը բոլոր ժամանակների համար է: Մենք պարտավոր ենք հետևել Աստծո Գառանը, ուր էլ որ Նա գնա: Նրա առաջնորդությունը պետք է ընտրվի, Նրա ընկերակցությունն ամեն երկրային ընկերակցությունից բարձր պիտի գնահատվի: Քրիստոսն ասում է. «Ով որ հորը կամ մորը ինձնից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ, և ով որ իր որդին կամ աղջիկն ինձնից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ» (Մատթեոս 10.37): ՔԱ 171.2
Քրիստոսի օրերում, ընտանեկան սեղանի շուրջ, ամեն օր շատերը կրկնում էին հետևյալ խոսքերը. «Երանի նրան, որ Աստծո արքայությունում հաց կուտի”: Բայց Քրիստոսը ցույց տվեց, թե որքան դժվար էր հյուրեր գտնել այն սեղանի համար, որ պատրաստվել էր անսահման գնով: Նրանք, ովքեր լսում էին Նրա խոսքերը, գիտեին, որ մերժել են ողորմության հրավերը: Նրանց համար աշխարհիկ ունեցվածքը, հարստությունն ու հաճույքներն ամեն ինչից վեր էին: [224] Բոլորն էլ միաձայն հրաժարվեցին: ՔԱ 171.3
Այդպես է նաև այժմ: Խնջույքի հրավերը մերժելու պատ- ճառաբանությունները ցույց են տալիս, թե ինչ դժկամությամբ է ընդունվում Ավետարանի հրավերը: Մարդիկ հայտարարում են, որ չեն կարող հրաժարվել իրենց աշխարհիկ հեռանկարներից’ ուշադրություն դարձնելով Ավետարանի պահանջներին: Նրանք իրենց ժամանակավոր հետաքրքրություններն ավելի թանկ են համարում, քան հավիտենական արժանիքները: Այդ նույն օրհնությունները, որ նրանք ստացել են Աստծուց, արգելապատնեշ են դառնում’ բաժանելու նրանց հոգիներն իրենց Արարչից ու Փրկչից: Նրանք չեն կամենում դադարեցնել իրենց երկրային զբաղմունքները և շնորհի լրաբերներին ասում են. «Դու հիմա գնա, երբ որ ժամանակ ունենամ, կկանչեմ քեզ” (Գործք առաքելոց 24.25): Մյուսներն էլ պատճառաբանում են այն դժվարությունները, որ կարող են առաջանալ իրենց հասարակական հարաբերությունների մեջ, եթե հնազանդվեն Աստծո կանչին: Նրանք ասում են, որ չեն կարող խզել իրենց կապերը հարազատների և ծանոթների հետ: Այդպես նրանք վկայում են, որ իրենք են հենց այն գործող անձինք, ովքեր նկարագրված են առակում: Խնջույքի Տերը նրանց արդարացումները արհամարհանք է համարում Իր հրավերի նկատմամբ: ՔԱ 171.4
Այն մարդը, որ ասում է. «Կին եմ առել և նրա համար չեմ կարող գալ”, ներկայացնում է մի մեծ դասակարգ: Կան շատերը, ովքեր թույլ են տալիս իրենց կանանց կամ ամուսիններին, որ արգելեն իրենց լսելու Աստծո կոչը: Ամուսինն ասում է. «Ես չեմ կարող հնազանդվել իմ խղճի ձայնին, քանի դեռ կինս դեմ է դրան: Այդ կատարելը նրա ազդեցության տակ ինձ համար չափազանց ծանր կլինի”: Կինը լսում է ողորմության կոչը. «Եկեք, որովհետև ամենը պատրաստ է”,- և ասում,- «Խնդրում եմ, ներեք ինձ: Ամուսինս մերժում է ողորմության հրավերը: Նա ասում է, որ իր աշխատանքը թույլ չի տալիս ընդունելու այն: Ես պիտի գնամ ամուսնուս հետ, դրա համար չեմ կարող գալ»: Լուրն ազդում է երեխաների սրտերի վրա: Նրանք կամենում են գալ: Բայց նրանք սիրում են իրենց հորն ու մորը, և քանի որ սրանք չեն ընդունում Ավետարանի կանչը, երեխաները կարծում են, որ իրենք էլ չեն կարող գալ: [225] Նրանք նույնպես ասում են. «Ներեցեք մեզ»: ՔԱ 172.1
Այս բոլոր մարդիկ մերժում են Փրկչի հրավերը, որովհետև վախենում են ընտանիքում բաժանում առաջանալուց: Նրանք ենթադրում են, որ հրաժարվելով ենթարկվել Աստծուն, ապահովում են ընտանիքի խաղաղությունն ու բարգավաճումը, սակայն դա պատրանք է: Նրանք, ովքեր եսասիրություն են ցանում, եսասիրություն էլ կհնձեն: Մերժելով Քրիստոսի սերը’ նրանք մերժում են այն միակ բանը, որ կարող է մարդկային սերն ազնվացնել ու կայուն դարձնել: Նրանք ոչ միայն կկորցնեն երկինքը, այլև չեն կարողանա ճշմարտապես վայելել այն, ինչի համար զոհաբերեցին երկինքը: ՔԱ 172.2
Առակում խնջույք պատրաստող մարդն իմացավ, թե ինչպես արձագանքեցին իր հրավերին և «բարկացած ասաց իր ծառային. Դուրս գնա շուտով քաղաքի հրապարակները և փողոցները, և աղքատներին և խեղերին, և կաղերին և կույրերին մտցրու այստեղ”: ՔԱ 173.1
Տանտերը երես թեքեց նրանցից, ովքեր արհամարհեցին իր առատաձեռնությունը, և հրավիրեցն այն դասակարգի մարդկանց, ովքեր կարիքավոր էին, ովքեր տներ կամ հողամասեր չունեին: [226] Նա հրավիրեց նրանց, ովքեր աղքատ ու սոված էին, և ովքեր կգնահատեին նրա առատաձեռնությունը: «Մաքսավորներն ու պոռնիկները,- ասաց Քրիստոսը,- ձեզնից առաջ կմտնեն Աստծո արքայությունը” (Մատթեոս 21.31): Որքան էլ խղճուկ լինեն նրանք, որոնցից մարդիկ գարշում և արհամարհանքով երես են շրջում, այնքան ստոր ու թշվառական չեն, որ Աստված չնկատի կամ չսիրի նրանց: Քրիստոսը կամենում է, որ բեռնավորվածները, հոգնածներն ու ճնշվածները Իր մոտ գան: Նա ցանկանում է նրանց տալ լույս, ուրախություն և խաղաղություն, որ ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել: Ամենամեծ մեղավորներին Նա սրտահույզ և անկեղծորեն կարեկցում է ու սիրում: Նա ուղարկում է Իր Սուրբ Յոգին, որ մեղմորեն ազդի նրանց վրա և քաշի դեպի Իրեն: ՔԱ 173.2
Ōառան, որ ներս էր բերել աղքատներին ու կույրերին, զեկուցեց տիրոջը. «Եղավ ինչպես հրամայեցիր, և դեռ էլ տեղ կա: Եվ տերն ասաց ծառային. Դուրս գնա ճանապարհները և ցանկապատների մոտ և ստիպիր, որ մտնեն, որ իմ տունը լցվի”: Այստեղ Քրիստոսը ցույց է տալիս այն աշխատանքը, որ պիտի կատարվեր հրեականության շրջանակներից դուրս, աշխարհի ճանապարհներին ու ցանկապատերի մոտ: ՔԱ 173.3
Հնազանդվելով այս հրամանին’, Պողոսն ու Բառնաբասը հայտարարեցին հրեաներին. «Առաջ պետք էր, որ Աստծո բանը ձեզ խոսվեր, բայց որովհետև դուք մերժում եք նրան և արժանի չեք համարում ձեզ հավիտենական կյանքին, ահա դեպի հեթանոսներն ենք դառնում: Որովհետև Տերն այսպես պատվիրեց մեզ, թե քեզ հեթանոսների լույս դրի, որ դու փրկություն լինես մինչև երկրի ծայրերը: Հեթանոսներն այս լսելով ուրախանում էին և Տիրոջ խոսքը փառավորում էին, և հավատացին քանիսը, որ կարգված էին դեպի հավիտենական կյանքը» (Գործք առաքելոց 13.46-48): ՔԱ 174.1
Ավետարանի պատգամը, որ հռչակեցին Քրիստոսի աշակերտները, Նրա առաջին գալստյան ազդարարումն էր, որ մարդկանց փրկության բարի լուրը բերեց Նրան հավատալու միջոցով: [227] Այն մատնանշում էր նաև Նրա առաջիկա փառավոր երկրորդ գալուստը’ փրկելու համար Իր ժողովրդին, և մարդկանց հույս էր տալիս հավատի և հնազանդության միջոցով մասնակից դառնալու սուրբերի լուսավոր ժառանգությանը: Այս լուրն այսօր էլ հաղորդվում է մարդկանց և ներկայումս միաձուլվում է այն ազդարարությանը, որ Քրիստոսի երկրորդ գալուստը մոտ է: Այն նշանները, որ Նա Ինքն է տվել Իր Երկրորդ գալստյան մասին’ կատարվել են, և ուսումնասիրելով Աստծո խոսքը’ մենք կարող ենք իմանալ, որ Տերը դռներին է: ՔԱ 174.2
Հայտնություն գրքում Հովհաննեսը մարգարեանում է, որ Քրիստոսի երկրորդ գալուստից անմիջապես առաջ պետք է ազդարարվի Ավետարանի լուրը: Նա տեսնում է մի հրեշտակ «թռչելիս երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ, որ ավետարաներ երկրի վրա բնակվողներին և ամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի: Եվ մեծ ձայնով ասում էր, Վախեցեք Աստծուց և փառք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկավ» (Հայտնություն 14.6,7): ՔԱ 174.3
Մարգարեության մեջ դատաստանի այս նախազգուշացմանն ու դրան հաջորդող երկու լուրերին հետևում է մար- դի Որդու գալուստը երկնային ամպերով: Դատաստանի ազդարարումը Քրիստոսի մոտալուտ երկրորդ գալստյան հրատարակումն է: Եվ այս ազդարարությունը կոչվում է հա- վիտենական Ավետիք: [228] Այսպես ցույց է տրված, որ Քրիստոսի երկրորդ գալստյան մասին քարոզը’ դրա մոտալուտ լին ե լ ու ազդարարումը, ավետարանական լուրի նշանակալի մասն է կազմում: ՔԱ 174.4
Աստվածաշունչը հայտնում է, որ վերջին օրերին մարդիկ զբաղված կլինեն աշխարհիկ գործերով, հաճույքներով և հարստություն ձեռք բերելով: Նրանք կույր կլինեն հավիտենական իրականության հանդեպ: Քրիստոսն ասում է. «Եվ ինչպես Նոյի օրերն, այնպես կլինի և մարդի Որդու գալուստը: Որովհետև ինչպես որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին և խմում էին, կին էին առնում և մարդի էին գնում, մինչև այն օրը, որ Նոյը մտավ տապանը. Եվ չիմացան, մինչև որ ջրհեղեղն եկավ և ամենին վեր առավ, այնպես կլինի և մարդի Որդու գալուստը» (Մատթեոս 24.37-39): ՔԱ 175.1
Նույնը կրկնվում է այսօր: Մարդիկ վազում են շահի և եսամոլական հաճույքների հետևից’ կարծես ոչ Աստված կա, ոչ երկինք և ոչ էլ ապագա: Նոյի օրերում ջրհեղեղի վերաբերյալ նախազգուշացումը տրված սթափեցնելու մարդկանց իրենց չար գործերից և կոչ անելու նրանց ապաշխարության: Այդպես էլ Քրիստոսի շուտափույթ գալստյան լուրը նախատեսված է սթափեցնելու մարդկանց աշխարհիկ գործերով իրենց կլանվածությունից: Այն նպատակ ունի արթնացնելու նրանց գիտակցությունը, որպեսզի խորհեն հավիտենական իրողությունների մասին և ուշադրություն դարձնեն Տիրոջ խնջույքին մասնակցելու հրավերին: ՔԱ 175.2
Ավետարանը պետք է ազդարարվի ամբողջ աշխարհին’ «ամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի» (Հայտնություն 14.6): Նախազգուշացման և ողորմության վերջին լուրն իր փառքով պիտի լուսավորի ողջ երկիրը: Այն պետք է հասնի մարդկանց բոլոր խավերին’ հարուստներին և աղքատներին, մեծ և փոքր պաշտոնյաներին: «Դուրս գնա ճանապարհները և ցանկերը և ստիպիր, որ մտնեն, որ իմ տունը լցվի”: ՔԱ 175.3
Աշխարհը կործանվում է Ավետարանի լուրի պակասությունից: Աստծո խոսքի սով է: Շատ քչերն են, որ քարոզում են զուտ Աստծո խոսքը’ անխառն մարդկային ավանդություններից: Ու թեև մարդիկ իրենց ձեռքում ունեն Աստվածաշունչը, բայց չեն ստանում այն օրհնությունը, որ Աստված զետեղել է այնտեղ նրանց համար: [229] Տերը կոչ է անում Իր ծառաներին, որպեսզի լուրը հասցնեն մարդկանց: Հավիտենական կյանքի խոսքը պետք է տրվի նրանց, ովքեր կորչում են իրենց մեղքերի մեջ: ՔԱ 175.4
ճանապարհներն ու ցանկերը գնալու հրամանի մեջ Քրիստոսը ներկայացնում է այն բոլորի աշխատանքը, ում Նա կանչում է Իր անվան համար ծառայության: Ամբողջ աշխարհը մի դաշտ է Քրիստոսի ծառայողների համար: Ողջ մարդկային ընտանիքը նրանց համար մի համայնք է: Տերը կամենում է, որ Իր շնորհի խոսքը հասցվի ամեն մի հոգու գիտակցությանը: ՔԱ 176.1
Սա գլխավորապես պիտի կատարվի անհատական աշխատանքի միջոցով: Սա էր Քրիստոսի մեթոդը: Նա մեծ մասամբ աշխատում էր մարդկանց հետ անհատապես զրուցելով և ուշիմ վերաբերմունք էր ցուցաբերում նույնիսկ մեկ ունկնդրի նկատմամբ: Եվ այդ մեկ հոգու միջոցով հաճախ լուրը տարածվում էր հազարավորներին: ՔԱ 176.2
Մենք չպետք է սպասենք, որ մարդիկ գան մեզ մոտ, այլ պետք է ինքներս գնանք փնտրելու նրանց: Երբ խոսքը քարոզվում է ամբիոնից, գործը հենց նոր է սկսվում: Բազմաթիվ մարդիկ կան, որոնց Ավետարանի լուրը երբեք չի հասնի, եթե չտարվի անձամբ նրանց: ՔԱ 176.3
Խնջույքի հրավերն առաջինը տրվել էր հրեա ժողովրդին, ժողովուրդ, որ կոչված էր ուսուցիչ և առաջնորդ լինելու մարդկանց մեջ, ժողովուրդ, որի ձեռքին էին Քրիստոսի գալուստը կանխագուշակող մարգարեական մագաղաթները, և որին հանձնարարված էր այն խորհրդանշական ծառայությունը, որ Նրա առաքելության նախապատկերն էր: Եթե քահանաներն ու ժողովուրդը ուշադրություն դարձնեին այդ կանչին, ապա կմիանային Քրիստոսի լրաբերներին’ Ավետարանի հրավերն աշխարհին տանելու գործում: ճշմարտությունը տրված էր նրանց, որպեսզի տարածեին այն: Երբ նրանք մերժեցին կոչը, այն տրվեց աղքատներին, խեղերին, կաղերին և կույրերին: Մաքսավորներն ու մեղավորներն ընդունեցին հրավերը: Երբ բարի լուրն ուղարկվում է հեթանոսներին, այն պետք է կատարվի նշված ծրագրի համաձայն: Լուրը նախ պետք է տրվի «հրապարակներում», այն մարդկանց, ովքեր ակտիվ մաս- նակցություն ունեն աշխարհի գործերի մեջ’ ժողովրդի ուսուցիչներին և առաջնորդներին: [230] ՔԱ 176.4
Թող Տիրոջ լրաբերները միշտ հիշեն այդ: Հոտի հովիվները, Աստծո կողմից նշանակված ուսուցիչները թող ուշադրություն դարձնեն այդ խոսքին: Նրանց, ովքեր պատկանում են հասարակության բարձր խավերին, պետք է փնտրել ջերմ սիրով ու եղբայրական վերաբերմունքով: Գործարար մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաները, գիտական մեծ կարողության տեր, հնարագետ, հանճարեղ մարդիկ, Ավետարանի ուսուցիչները, որոնց դեռ չեն հասել ներկա ժամանակվա հատուկ ճշմարտությունները, առաջինը պիտի լսեն կոչը: Նրանց պետք է տրվի հրավերը: ՔԱ 177.1
Հարուստների համար էլ գործ կա անելու: Պետք է արթնացնել նրանց գիտակցությունը, որպեսզի հասկանան, որ պատասխանատու են իրենց վստահված երկնային պարգևների համար: Անհրաժեշտ է հիշեցնել նրանց, որ պետք է հաշիվ տան Նրան, Ով դատելու է ողջերին ու մեռածներին: Հարուստը ձեր սիրալիր ու աստվածավախ աշխատանքի կարիքն ունի: Շատ հաճախ նա հույսը դնում է իր հարստության վրա և չի գիտակցում իրեն սպասվող վտանգը: Նրա ուշադրությունը պետք է հրավիրել մնայուն արժեքների վրա: Նա պետք է ճանաչի ճշմարիտ բարության հեղինակությունը, որն ասում է. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ: Ձեր վրա առեք իմ լուծը և ինձնից սովորեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը’ թեթև» (Մատթեոս 11.28-30): ՔԱ 177.2
Հազվադեպ են փրկության լուրը հասցնում այն մարդկանց, ովքեր իրենց կրթության, հարստության կամ կոչման շնորհիվ բարձր դիրք են գրավում աշխարհում: Շատ քրիստոնյա գործիչներ չեն համարձակվում մոտենալ այս կարգի մարդկանց: Սակայն այդպես չպետք է լինի: Եթե մեկը խեղդվելիս լինի, մենք մի կողմ չենք կանգնի’ նայելով նրա կործանմանը, որովհետև նա իրավագետ է, վաճառական կամ դատավոր: Եթե տեսնենք մարդկանց, ովքեր սլանում են դեպի գահավեժ անդունդը, մենք չենք տարակուսի նրանց հետ վերադարձնել’ անկախ նրանց դիրքից ու կոչումից: Այդպես էլ չպետք է տարակուսել զգուշացնելու մարդկանց իրենց հոգու կորստյան մասին: [231] ՔԱ 177.3
Ոչ ոքի չպետք է անտեսել, թեկուզ և նրանք ակներև նվիրված են աշխարհիկ գործերին: Բարձրաստիճան հասարակության մեջ շատերը չափազանց վհատված ու հոգնած են ունայնությունից: Նրանք փափագում են այն խաղաղությանը, որը չունեն: Հասարակության ամենաբարձր պաշտոններում կան այնպիսիք, ովքեր սոված ու ծարավ են փրկության: Նրանցից շատերն օգնություն կստանային, եթե Տիրոջ մշակներն անձամբ մոտենային նրանց քաղցրությամբ, Քրիստոսի սիրով լցված սրտերով: ՔԱ 178.1
Ավետարանի պատգամի հաջողությունը կախված չէ սերտված ճառերից, պերճախոս վկայություններից կամ ծանրակշիռ փաստարկներից: Այն կախված է լուրի պարզությունից և հոգիներին մատուցելու ձևից, ովքեր կենաց հացի սով են զգում. «Ի՞նչ անեմ, որ փրկվեմ»‘ սա է հոգու կարիքը: [232] ՔԱ 178.2
Հազարավորներին կարելի է շահել ամենապարզ ու հասարակ ձևով: Ամենակիրթ մարդիկ, որոնց նայում են որպես աշխարհի ամենաշնորհալի տղամարդկանց ու կանանց, հաճախ ոգևորվում են այն մեկի պարզ խոսքերից, ով սիրում է Աստծուն և կարող է խոսել այդ սիրո մասին այնքան բնականորեն, ինչպես աշխարհիկ մի մարդ կխոսի մի բանի մասին, ինչ խորապես հետաքրքրում է իրեն: ՔԱ 178.3
Հաճախ լավ պատրաստված և սովորած խոսքերը քիչ ազդեցություն են գործում: Սակայն Աստծո զավակի կամ դստեր ճշմարիտ, անկեղծ բացատրությունը, տրված իր բնական պարզությամբ, զորություն ունի բացելու այն սրտերի դռները, որոնք երկար ժամանակ փակ են եղել Քրիստոսի և Նրա սիրո առջև: ՔԱ 178.4
Թող Քրիստոսի ծառան հիշի, որ չպետք է աշխատի իր սեփական ուժով: Թող հավատով Նրա փրկարար զորությանը’ Աստծո գահից կառչի: Թող աղոթքով գոտեմարտի Աստծո հետ և գործադրի բոլոր այն ընդունակությունները, որ Աստված տվել է նրան: Սուրբ Հոգին կօրհնի նրա ջանքերը: Սպասարկու հրեշտակները նրա կողքին կլինեն, որպեսզի ազդեն սրտերի վրա: ՔԱ 178.5
Եթե Երուսաղեմի ուսուցիչներն ու առաջնորդներն ընդունեին Քրիստոսի բերած ճշմարտությունը, ապա ինչպիսի՜ ավետարանական կենտրոն կդառնար նրանց քաղաքը: Ուխտադրուժ Իսրայելը դարձի կգար: Հսկայական մի բանակ կհավաքվեր Տիրոջ համար: Եվ ինչպիսի արագությամբ նրանք Ավետարանի լուրը կհասցնեին աշխարհի բոլոր ծայրերը: Այդպես էլ հիմա, եթե հեղինակավոր ու մեծ ընդունակությունների տեր մարդկանց հնարավոր լինի շահել Քրիստոսի համար, ապա նրանց միջոցով ընկածներին բարձրացնելու, վտարանդիներին հավաքելու և փրկության լուրն ամենուրեք տարածելու ինչպիսի՜ աշխատանք կարելի է կատարել: Հրավերն արագորեն կտրվի, և հյուրերը կհավաքվեն Տիրոջ սեղանի շուրջ: ՔԱ 179.1
Բայց մենք չպետք է մտածենք միայն մեծ ու շնորհալի մարդկանց մասին’ անտեսելով ավելի աղքատ դասակարգը: Քրիստոսն Իր լրաբերներին կարգադրում է գնալ նաև ճանապարհներն ու ցանկերը, երկրում ապրող աղքատների և խեղճերի մոտ: [233] Մեծ քաղաքների նրբանցքներում ու բակերում, երկրի ամայի ճանապարհներին ընտանիքներ ու անհատներ կան’ գուցե պանդուխտ օտար մի երկրում, ովքեր կորցրել են կապը եկեղեցու հետ, և ովքեր իրենց միայնության մեջ սկսում են մտածել, թե Աստված մոռացել է իրենց: Նրանք չեն հասկանում, թե ինչ պիտի անեն փրկվելու համար. շատերը թաղված են մեղքի մեջ, շատերը վշտի մեջ են: Նրանք ճնշված են նեղություններից, կարիքից, անհավատությունից, հուսահատությունից: Ամեն տեսակի հիվանդություններ տանջում են նրանց թե’ մարմնապես և թե’ հոգեպես: Նրանք ծարավ են մխիթարության իրենց դժվարություններում, և սատանան գայթակղում է նրանց մխիթարություն փնտրելու այն ցանկությունների և հաճույքների մեջ, որոնք տանում են դեպի կործանում և մահ: Նա առաջարկում է նրանց Սոդո- մի խնձորները, որոնք նրանց շուրթերին մոխրի կվերածվեն: Նրանք իրենց փողը ծախսում են այն բանի համար, որ հաց չէ, և իրենց վաստակը նրա, որ չի կշտացնում: ՔԱ 179.2
Այս տառապյալների մեջ մենք պարտավոր ենք տեսնել նրանց, ում Քրիստոսը եկավ փրկելու: Ահա Նրա հրավերը նրանց. «Ով բոլոր ծարավներ, եկեք ջրերի մոտ. և դուք որ փող չունեք, եկեք, ծախու առեք և կերեք, եկեք առեք առանց փողի, առանց վճարի’ գինի և կաթ: ...Մեկ ինձ լսեցեք, որ բարիք ուտեք, և ձեր հոգին զվարճանա պարարտությունով: Ձեր ականջը խոնարհեցրեք, և ինձ մոտ եկեք, լսեցեք, և ձեր հոգին կապրի” (Եսայիա 55.1-3): ՔԱ 179.3
Աստված մեզ հատուկ պատվեր է տվել, որ հոգ տանենք օտարականի, թշվառականի, աղքատ մարդկանց մասին, ովքեր բարոյապես տկար են: Շատերը, ովքեր, թվում է, թե բոլորովին անտարբեր են կրոնի հանդեպ, սրտի խորքում փափագում են հանգստի ու խաղաղության: Թեև նրանք թաղված էլ լինեն ամենաստոր մեղքերի մեջ, էլի հնարավորություն կա նրանց փրկելու: ՔԱ 180.1
Քրիստոսի ծառաները պետք է հետևեն Նրա օրինակին: Երբ Նա տեղից տեղ էր գնում, մխիթարում էր տառապյալներին և բժշկում հիվանդներին, հետո ներկայացնում էր նրանց Իր արքայությանը վերաբերող մեծ ճշմարտությունները: Սա է Նրա հետևորդների աշխատանքը: Երբ դուք թեթևացնեք մարմնական ցավերը, այնժամ կկարողանաք հոգալ հոգու կարիքները: Դուք կարող եք ցույց տալ խաչված Փրկչին ու պատմել այն մեծ Բժշկի սիրո մասին, Ով միայն զորություն ունի դարմանելու: [234] ՔԱ 180.2
Ասեք այդ խեղճ ճնշվածներին, ովքեր մոլորված են, որ հարկ չկա հուսահատվելու: Թեև նրանք մեղանչել և ձևավորել են անպատշաճ բնավորություն, Աստված ուրախ է նրանց բուժելու և նույնիսկ փրկելու: Նա հաճույքով է վերցնում արտաքուստ անհուսալի մարդկանց, որոնց միջոցով սատանան գործել է, և աշխատում է նրանց վրա Իր շնորհով: Նա ցնծում է, երբ ազատում է նրանց այն գալիք բարկությունից, որ պետք է թափվի անհնազանդների վրա: Ասեք նրանց, որ յուրաքանչյուր հոգի կարող է բուժվել ու մաքրվել: Նրանց համար տեղ կա Աստծո սեղանի շուրջ: Նա սպասում է, որ բարի գալուստ մաղթի նրանց: ՔԱ 180.3
Նրանք, ովքեր գնում են ճանապարհներն ու ցանկերը, այնտեղ կգտնեն բոլորովին տարբեր բնավորության տեր մարդկանց, ովքեր նրանց ծառայության կարիքն ունեն: Կան այնպիսիք, որ ապրում են իրենց ունեցած ողջ լույսի համաձայն և ծառայում են Աստծուն իրենց պատկերացմամբ լավագույն ձևով: Բայց նրանք գիտակցում են, որ մեծ աշխատանք պիտի տարվի իրենց և իրենց շրջապատի համար: Նրանք փափագում են ավելացնել գիտելիքներն Աստծո մասին, բայց դեռ նոր են սկսում տեսնել ավելի մեծ լույսի առկայծումները: Նրանք արտասուքով աղոթում են Աստծուն, որ օրհնություն ուղարկի, որը հեռվից տեսնում են հավատով: Սրանցից շատերին կարելի է գտնել մեծ քաղաքների այլասերված միջավայրում: Նրանցից շատերն ապրում են վատ պայմաններում, այդ պատճառով էլ աշխարհում հայտնի չեն: Կան շատերը, որոնց մասին ոչինչ չգիտեն ծառայողներն ու եկեղեցիները: Չնայած իրենց խղճուկ ու համեստ դիրքին’ նրանք Տիրոջ վկաներն են: Գուցե նրանք շատ քիչ հնարավորություններ և քիչ լույս են ունեցել քրիստոնեական կրթության համար, սակայն մերկության, սովի ու ցրտի մեջ նրանք ձգտում են ծառայել ուրիշներին: Թող Աստծո «կերպ-կերպ շնորհաց լավ տնտեսները” փնտրեն այս հոգիներին, այցելեն նրանց տները և Սուրբ Հոգու զորությամբ հոգան նրանց կարիքները: Նրանց հետ ուսումնասիրեք Աստվածաշունչը և աղոթեք նրանց հետ այն պարզությամբ, որ ներշնչում է Սուրբ Հոգին: Քրիստոսն Իր ծառաներին այնպիսի լուր կտա, որը հոգու համար երկնային հաց կլինի: [235] Թանկարժեք օրհնությունը կփոխանցվի սրտից սիրտ, ընտանիքից ընտանիք: ՔԱ 180.4
Առակի մեջ տրված կարգադրությունը’ «ստիպիր, որ ներս մտնեն», հաճախ սխալ է մեկնաբանվել: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մարդկանց պետք է ստիպել ընդունելու Ավետարանի լուրը: Բայց դա ավելի շուտ նշում է հրավերի համառությունը և ներկայացված դրդապատճառների ազդեցիկ լինելը: Ավետարանը երբեք ուժ չի գործադրում մարդկանց Քրիստոսի մոտ բերելու համար: Ահա նրա լուրը. «Ով բոլոր ծարավներ, եկեք ջրերի մոտ” (Եսայիա 55.1): «Եվ Հոգին և հարսն ասում են. Եկ... և նա, որ ծարավ է’ թող գա, և նա, որ կամենում է’ թող առնի կյանքի ջուրը ձրի” (Հայտնություն 22.17): Աստծո սիրո և շնորհի ուժն է մեզ ստիպում, որ գանք: ՔԱ 181.1
Փրկիչն ասում է. «Ահա ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ” (Հայտնություն 3.20): Արհամարհական վերաբերմունքից Նա չի հեռանում և սպառնալիքից էլ մի կողմ չի քաշվում, այլ շարունակ փնտրում է կորածին’ ասելով «Ես քեզ ինչպե՞ս թողնեմ» (Օվսե 11.8): Թեկուզ համառ սիրտը մերժում է Նրա սերը, բայց Նա կրկին վերադառնում է, որպեսզի ավելի ուժգին խնդրի. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ”: Նրա սիրո գերող զորությունն է ստիպում մարդկանց Քրիստոսին դառնալ: Եվ նրանք ասում են Քրիստոսին. «Քո քաղցրությունը մեծացնում է ինձ” (Սաղմոս 18.35): ՔԱ 181.2
Քրիստոսն Իր լրաբերներին կօժտի այն նույն կարոտագին սիրով, որ տածում է կորած հոգիների նկատմամբ նրանց որոնելիս: Մենք չպետք է պարզապես ասենք’ եկեք: Կան մարդիկ, ովքեր լսում են կոչը, բայց նրանց ականջները չափազանց ծանրացած են դրա իմաստն ըմբռնելու համար: Նրանց աչքերը չափազանց կույր են, որպեսզի դրանում որևէ լավ բան տեսնեն իրենց համար: Շատերը գիտակցում են իրենց շատ ցածր ընկած վիճակը: Նրանք ասում են. «Ինձ արդեն ոչինչ չի օգնի, հանգիստ թողեք ինձ»: Բայց աշխատողները չպետք է նահանջեն: Քնքուշ ու կարեկից սիրով շահեք ընկճված ու անօգնական հոգիներին: Մխիթարեք, հուսադրեք և զորացրեք նրանց: Բարությամբ ստիպեք նրանց, որ գան: [236] «Եվ մի քանիսին ողորմեցեք խտրություն անելով: Եվ մի քանիսին վախով ապրեցրեք կրակից հափշտակելով” (Հուդա 22,23): ՔԱ 182.1
Եթե Աստծո ծառաները Նրա հետ քայլեն հավատով, Նա զորություն կհաղորդի նրանց լուրին: Նրանք ի վիճակի կլինեն այնպես ներկայացնելու Նրա սերն ու շնորհը մերժելու վտանգը, որ մարդիկ ստիպված կլինեն ընդունելու Ավետարանը: Քրիստոսը չտեսնված հրաշքներ կգործի, եթե մարդիկ միայն կատարեն Աստծո կողմից իրենց տրված աշխատանքը: Մարդկային սրտերում այսօր էլ կարող են այնպիսի մեծ հեղաշրջումներ տեղի ունենալ, ինչպիսիք երբևէ կատարվել են անցյալում: Ջոն Բունյանը փրկվեց ամբարիշտ կյանքից և շվայտությունից, Ջոն Նյուտոնը’ ստրկատիրությունից, որպեսզի ամենուրեք պատմեն խաչյալ Փրկչի մասին: Այսօր էլ կարող են բունյաններ և նյուտոններ փրկվել: Նրանց միջոցով, ովքեր համագործակցում են Աստծո հետ, շատ խեղճ թշվառներ կուղղվեն, և իրենց հերթին կձգտեն վերականգնել Աստծո պատկերը մարդու մեջ: Կան այնպիսիք, ովքեր շատ խղճուկ հնարավորություններ են ունեցել, ովքեր գնացել են մոլորության ճանապարհով, որովհետև ավելի լավ ճանապարհ չեն իմացել. սրանց էլ կհասնեն լույսի շողերը: Ինչպես Քրիստոսի խոսքը հասավ Զաքեոսին. «Ինձ այսօր պետք է քո տունը կենալ” (Ղուկաս 19.5), այնպես էլ կհասնի նրանց, և կպարզվի, որ նրանք, ովքեր կարծրասիրտ մեղավորներ են թվացել, երեխայի պես նուրբ սիրտ ունեն, որովհետև Քրիստոսը ուշադրություն է դարձրել նրանց վրա: Շատերը կթողնեն ամենալպիրշ մեղքերն ու սխալները և կգրավեն նրանց տեղը, ովքեր մեծ հնարավորություններ և առավելություններ են ունեցել, բայց չեն գնահատել: Նրանք կհամարվեն Աստծո ընտիր, պատվական ժողովուրդ, ու երբ Քրիստոսը հաստատի Իր թագավորությունը, նրանք կկանգնեն Նրա գահի կողքին: ՔԱ 182.2
Բայց «զգույշ կացեք, որ չմերժեք նրան, որ խոսեց” (Եբ- րայ եցիս 12.25): Յիսուսն ասաց. «Այն կանչված մարդկանցից ոչ մեկն իմ ընթրիքը չի ճաշակի”: Նրանք մերժեցին հրավերը, և այլևս չպետք է նորից հրավիրվեն: Մերժելով Քրիստոսին’ հրեաները խստացնում էին իրենց սրտերն ու հանձնվում սատանայի իշխանությանը, այնպես որ անհնարին եղավ նրանց համար ընդունել Նրա շնորհը: [237] Այդպես է և հիմա: Եթե Աստծո սերը չգնահատվի և չդառնա անխախտելի մի սկզբունք հոգին փափկացնելու և հնազանդեցնելու համար, ապա մենք ամբողջովին կորած ենք: Տերը սիրո ավելի մեծ դրսևորում չի կարող տալ, քան այն, որ արդեն տվել է: Եթե Քրիստոսի սերը չենթարկեցնի սիրտը, ապա ուրիշ որևէ միջոց չկա, որով հնարավոր լինի շահել այն: ՔԱ 183.1
Ամեն անգամ, երբ հրաժարվում եք լսել ողորմության լուրը, խորանում եք անհավատության մեջ: Ամեն անգամ, երբ հրաժարվում եք բացել ձեր սրտի դուռը Քրիստոսի առջև, ավելի ու ավելի դժկամորեն եք լսում Նրա ձայնը: Դուք կորցնում եք ողորմության վերջին կոչն ընդունելու ձեր հնարավորությունը: Թող ձեր մասին չգրվի այնպես, ինչպես հին Իսրայելի համար գրվեց. «Եփրեմը կուռքերին է հարել. թողիր դրան» (Օվսե 4.17): Թող Քրիստոսը ձեր վրա չլա, ինչպես լաց եղավ Երուսաղեմի վրա’ ասելով. «Քանի՞ անգամ կամեցա քո որդիները ժողովել, ինչպես հավն իր ձագերը թևերի տակն է ժողովում. և չկամեցաք: Ահա ձեր տունը ավերակ է թողվում ձեզ” (Ղուկաս 13.34,35): ՔԱ 183.2
Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ ողոր- մության վերջին լուրը, վերջին հրավերն է հնչում մարդկանց որդիներին: «Դուրս գնա ճանապարհներն ու ցանկերը” հրամանը հասնում է իր վերջնական իրագործմանը: Քրիստոսի հրավերը տրվելու է ամեն մի հոգու: Լրաբերներն ասում են. «Եկեք, որովհետև ամենը պատրաստ է”: Երկնային հրեշտակները դեռ համագործակցում են մարդկանց հետ: Սուրբ Յոգին օգտագործում է ամեն մի միջոց’ համոզելու ձեզ գալ: Քրիստոսը հետևում է ձեր դռան սողնակին, թե երբ կշարժվի, ու ձեր սրտի դռները կբացվեն, որպեսզի Ինքը ներս մտնի: Հրեշտակները սպասում են, թե երբ երկինք կտանեն ևս մեկ կորած մեղավորի գտնվելու լուրը: Երկնքի զորքերը պատրաստ սպասում են նվազելու իրենց քնարների վրա և ցնծության երց երգելու, որ մի հոգի ևս ընդունեց Ավետարանի խնջույքի հրավերը: [243] ՔԱ 184.1