Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Որոմներ

    Ըստ Մատթեոսի 13.24-30.37-43:

    «Մի ուրիշ առակ նրանց առաջին դրեց և ասաց. Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդի, որ իր արտում բարի սերմ ցանեց, և մարդիկ քնելիս, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմներ ցանեց և գնաց: Եվ երբ որ խոտը բուսնեց և պտուղ տվեց, այն ժամանակ որոմներն էլ երևացին”:ՔԱ 46.1

    «Արտը, - ասաց Քրիստոսը, - այս աշխարհն է”: Սակայն մենք պետք է իմանանք, որ դա խորհրդանշում է Քրիստոսի եկեղեցին այս աշխարհում: Առակը նկարագրում է Աստծո թագավորությունը, մարդկանց փրկելու Նրա աշխատանքը, և այդ աշխատանքը կատարվում է եկեղեցու միջոցով: ճիշտ է, Սուրբ Հոգին գործում է ողջ աշխարհով մեկ, ամենուրեք Նա շարժում է մարդկանց սրտերը, բայց եկեղեցու մեջ է, որ մենք պետք է աճենք ու հասունանանք Աստծո շտեմարանի համար:ՔԱ 46.2

    «Բարի սերմ ցանողը մարդի Որդին է... և բարի սերմը նրանք են, որ արքայության որդիքն են. և որոմները չարի որդիքն են”: Բարի սերմը ներկայացնում է նրանց, ովքեր ծնվել են Աստծո խոսքից’ ճշմարտությունից: [71] Որոմները ներկայացնում են այն կարգի մարդկանց, ովքեր մոլորության և կեղծ սկզբունքների պտուղը կամ մարմնացումն են: «Թշնամին, որ նրանց սերմեց, սատանան է”: Ոչ Աստված, ոչ էլ Նրա հրեշտակները երբևէ չեն ցանել այնպիսի սերմ, որից որոմ դուրս կգար: Որոմները միշտ էլ ցանում է սատանան’ Աստծո և մարդու թշնամին:ՔԱ 46.3

    Արևելքում մարդիկ թշնամուց վրեժ լուծելու համար երբեմն նրա նոր ցանած արտի մեջ մի որևէ վնասակար խոտի սերմ էին գցում, որ աճելիս շատ նման էր ցորենին: Ցորենի հետ ծլելով’ այն վնասում էր բերքը և նեղություն ու կորուստ պատճառում դաշտի տիրոջը: Այդպես էլ Քրիստոսի հանդեպ ունեցած թշնամությունից է, որ սատանան իր չար սերմն է ցանում արքայության բարի սերմերի մեջ: Իր ցանածի արդյունքը նա վերագրում է Աստծո Որդուն: Եկեղեցի բերելով նրանց, ովքեր Քրիստոսի անունն են կրում, սակայն ուրանում են Նրա բնավորությունը, չարագործն այնպես է անում, որ Աստված անարգվի, փրկության գործը սխալ ներկայացվի, և հոգիները վտանգի ենթարկվեն:ՔԱ 46.4

    Քրիստոսի ծառաները վշտանում են, երբ տեսնում են ճըշ- մարիտ և կեղծ հավատացյալներին եկեղեցում խառնված: Նրանք փափագում են որևէ բան անել եկեղեցին մաքրելու համար: Տանտիրոջ ծառաների պես նրանք պատրաստ են արմատախիլ անել որոմները: Սակայն Քրիստոսն ասում է նրանց. «Ոչ, միգուցե որոմները քաշելիս ցորենն էլ նրանց հետ պոկեք: Թույլ տվեք, որ երկուսը միասին մեծանան մինչև հունձքը»:ՔԱ 47.1

    Քրիստոսը հստակ կերպով սովորեցնում է, որ նրանք, ովքեր համառում են բացահայտ մեղքի մեջ, պետք է հեռացվեն եկեղեցուց, սակայն Նա մեզ չի պատվիրում դատել բնավորությունն ու գործելու դրդապատճառները: Նա շատ լավ գիտի մեր բնությունը և այս գործը չի կարող մեզ վստահել: Եթե մենք փորձենք արմատախիլ անել եկեղեցուց նրանց, ովքեր, մեր կարծիքով, կեղծ քրիստոնյաներ են, կարող ենք վստահ լինել, որ սխալներ կգործենք: Հաճախ մենք անհուսալի ենք համարում հենց նրանց, ում Քրիստոսն Իր մոտ է քաշում: Եթե մենք վարվենք այդ հոգիների հետ մեր անկատար դատողության համաձայն, հավանաբար կմարենք նրանց վերջին հույսը: [72] Շատերը, ովքեր կարծում են, թե քրիստոնյաներ են, վերջում դուրս կմնան, իսկ ոմանք, որոնց ծանոթները կարծում էին, թե նրանք երբեք երկինք չեն մտնի, այնտեղ կլինեն: Մարդը արտաքինից է դատում, բայց Աստված դատում է սիրտը: Որոմն ու ցորենը պետք է միասին աճեն մինչև հունձքը, իսկ հունձքը փորձնական ժամկետի վերջն է:ՔԱ 47.2

    Փրկչի խոսքերում մի ուրիշ դաս էլ կա’ հրաշալի համբերության և քնքուշ սիրո դաս: Ինչպես որոմներն իրենց արմատները ամուր միահյուսում են բարի հացահատիկի արմատների հետ, այնպես էլ եկեղեցում կեղծ եղբայրները կարող են ամուր կապված լինել ճշմարիտ աշակերտների հետ: Այս հավատացյալ կոչեցյալների իսկական բնավորությունն ամբողջովին չի դրսևորվում: Եթե նրանք հեռացվեն եկեղեցուց, ապա մյուսները, ովքեր կարող էին հաստատուն մնալ, թերևս նույնպես սայթաքեն:ՔԱ 47.3

    Այս առակի ուսուցումը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված վերաբերվում մարդկանց ու հրեշտակներին: Սատանան խաբեբա է: Երբ նա մեղանչեց երկնքում, նույնիսկ հավատարիմ հրեշտակները լիովին չհասկացան նրա բնավորությունը: Ահա թե ինչու Աստված միանգամից չոչնչացրեց սատանային: Եթե Նա այդպես վարվեր, ապա սուրբ հրեշտակները չէին հասկանա Աստծո արդարադատությունն ու սերը: Կասկածանքն Աստծո բարության հանդեպ վնասակար սերմ կլիներ, որ մեղքի և վշտի դառը պտուղ կծներ: Այդ պատճառով էլ Աստված պահեց չարի հեղինակին, որպեսզի լիովին զարգացնի իր բնավորությունը: Դարեր շարունակ Աստված տառապել է’ տեսնելով չարի գործը: Նա գերադասեց տալ Գողգոթայի անսահման Պարգևը, քան թե թույլ տալ որևէ մեկին խաբվելու չարագործի հնարքներից, քանի որ որոմները պոկվելիս կարող էին թանկագին բույսերն արմատախիլ լինել: Եվ արդյոք պետք չէ՞, որ մենք էլ այնպես համբերատար լինենք մեր ընկերների նկատմամբ, ինչպես երկնքի և երկրի Տերը’ սատանայի նկատմամբ:ՔԱ 48.1

    Աշխարհը ոչ մի իրավունք չունի կասկածելու քրիստոնեության ճշմարտությանն այն պատճառով, թե եկեղեցու մեջ կան անարժան անդամներ, և ոչ էլ քրիստոնյաները պիտի հուսահատվեն այս կեղծ եղբայրների պատճառով: [73] Ինչպե՞ս էր վաղ եկեղեցում: Անանիան և Սափիրան միացան աշակերտներին: Սիմոն մոգը մկրտվեց: Դեմասը, որ լքեց Պողոսին, հավատացյալ էր համարվում: Իսկարիովտացի Հուդան առաքյալներից մեկն էր համարվում: Փրկիչը չի կամենում կորցնել անգամ մեկ հոգի, Նրա փորձառությունը Հուդայի հետ գրված է ցույց տալու համար Նրա անսահման համբերությունը մարդկային այլասերված բնության հանդեպ, և Նա մեզ պատվիրում է նույն կերպ վարվել: Նա ասաց, որ կեղծ եղբայրները եկեղեցու մեջ կգտնվեն մինչև աշխարհի վերջը: [74]ՔԱ 48.2

    Չնայած Քրիստոսի զգուշացումներին’ մարդիկ փորձել են արմատախիլ անել որոմները: Պատժելու համար նրանց, ովքեր իրենց կարծիքով չարագործներ են եղել, եկեղեցին օգնության է դիմել քաղաքացիական իշխանությանը: Նրանք, ովքեր հրաժարվում էին սահմանված ուսմունքներից, բանտարկվել են, տանջանքի ենթարկվել և դատապարտվել մահվան այն մարդկանց սադրանքներով, ովքեր հավակնում էին, թե գործում են Քրիստոսի հավանությամբ: Սակայն սատանայի հոգին է նման արարքներ ներշնչում, այլ ոչ թե Քրիստոսի Հոգին: Դա աշխարհն իր իշխանությանը հնազանդեցնելու սատանայի մեթոդն է: Եկեղեցին Աստծուն կեղծ լույսի տակ է ներկայացրել հերետիկոսների հետ այդ կերպ վարվելով:ՔԱ 48.3

    Քրիստոսի առակը սովորեցնում է ոչ թե դատել և մեղադրել ուրիշներին, այլ հեզ լինել ու չվստահել սեփական անձին: Դաշտում ցանված սերմերից ոչ բոլորն են բարի: Այն փաստը, որ մարդիկ եկեղեցում են, դեռևս չի հավաստում, թե նրանք քրիստոնյա են:ՔԱ 49.1

    Որոմները շատ նման են ցորենին, քանի դեռ ցողունները կանաչ են, բայց երբ դաշտը սպիտակում է, հունձքի համար անպիտան մոլախոտն այլևս նման չէ ցորենին, որ կռացել է իր հասուն, լիքը հատիկների ծանրության տակ: Այն մեղավորները, ովքեր բարեպաշտ են ձևանում, միառժամանակ խառնվում են Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին, և քրիստոնեության նմանումը կարող է խաբել շատերին: Բայց աշխարհի հունձքի ժամանակ ոչ մի նմանություն չի լինի բարու և չարի միջև: Այդ ժամանակ ի հայտ կգան նրանք, ովքեր միացել էին եկեղեցուն, բայց ոչ Քրիստոսին:ՔԱ 49.2

    Որոմներին թույլատրված է աճել ցորենի հետ, օգտվել արևի և անձրևի բոլոր առավելություններից, բայց հունձի ժամանակ «դուք կդառնաք և կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը. Աստծուն ծառայություն անողի և ծառայություն չանողի տարբերությունը» (Մաղաքիա 3.18): Քրիստոսն Ինքն է որոշելու, թե ով է արժանի ապրելու երկնային ընտանիքում: Նա դատելու է ամեն մի մարդու իր խոսքերի և գործերի համեմատ: Կրոնի դավանումը ոչինչ է կշեռքի նժարի վրա: Բնավորությունն է, որ վճռում է ճակատագիրը: [75]ՔԱ 49.3

    Փրկիչը չի նշում, թե կգա մի ժամանակ, երբ բոլոր որոմները ցորեն կդառնան: Ցորենն ու որոմը միասին են աճում մինչև հունձքի ժամանակը’ մինչև աշխարհի վերջը: Հետո որոմները կկապվեն խրձերով վառվելու համար, իսկ ցորենը կհավաքվի Աստծո շտեմարաններում: «Այն ժամանակ արդարները կծագեն ինչպես արեգակը իրենց Հոր արքայության մեջ”: Հետո «Մարդի Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրա արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղությունները և անօրենություն գործողներին: Եվ կգցեն նրանց կրակի փռան մեջ. այնտեղ կլինի լացը և ատամների կրճտելը»: [76]ՔԱ 49.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents