Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 25. - Կոչ ծովափին

    (Մատթեոս 4.18-22, Մարկոս 1.16-20, Ղուկաս 5.1-11)

    ԱՌԱՎՈՏԸ բացվում էր Գալիլեայի ծովի վրա: Ամբողջ գիշեր, անպտուղ աշխատանքից հոգնած, աշակերտներն իրենց ձկնորսական նավերով դեռևս լճի վրա էին: Հիսուսը եկել էր մի փոքր շունչ առնելու ջրափին’ հույս ունենալով վաղ առավոտյան մի քիչ հանգստանալ ամեն օր Իրեն հետևող բազմությունից: Բայց շուտով մարդիկ սկսեցին հավաքվել Նրա շուրջը: Նրանց թիվն արագորեն աճում էր, այնպես որ բազմությունը ճնշում էր Նրան ամեն կողմից, իսկ աշակերտներն արդեն մոտեցել էին ափին: Հրմշտոցից խուսափելու համար’ Հիսուսը մտավ Պետրոսի նավակը և պատվիրեց նրան մի փոքր հեռանալ ափից: Այստեղից բոլորն ավելի լավ կտեսնեին և կլսեին Նրան: Եվ նավակի միջից Նա սովորեցնում էր ափին կանգնած բազմությանը:ԴՓ 277.1

    Ի՜նչ տեսարան էր բացված հրեշտակների առջև. նրանց փառավոր Հրամանատարը, նստած ձկնորսական նավի մեջ, անհանգիստ ալիքներից այս ու այն կողմ ճոճվելով’ փրկության բարի լուրն էր ազդարարում Իրեն ունկնդրող ամբոխին, որ մղվում էր ցած’ դեպի ջրի եզերքը: Նա, ով երկնքի Պատվելին էր, բացօթյա քարոզում էր ժողովրդին’ հայտնելով Իր արքայության վսեմ ճշմարտությունները: Ավելի պատշաճ տեսարան Նրա աշխատանքների համար անհնար էր պատկերացնել: Լիճը, սարերը, փռված դաշտերը, երկիրը ողողող արեգակի ճառագայթները, ամեն բան ասես ծառայում էր Նրա դասերը լուսաբանելու և մարդկանց մտքում տպավորելու համար: Եվ Քրիստոսի ոչ մի դասն անպտուղ չէր անցնում: Նրա շուրթերից հնչած ամեն մի լուր ինչ-որ մեկն ընդունում էր որպես հավիտենական կյանքի խոսք: [245]ԴՓ 277.2

    Ափին հավաքված բազմությունն անընդհատ մեծանում էր: Յեռնափայտերին հենված ծերունիներ, բլուրներից իջած ամրակազմ գյուղացիներ, լճի վրա իրենց ծանր աշխատանքը թողած ձկնորսներ, վաճառականներ և վարդապետներ, հարուստներ և ուսյալներ, երիտասարդներ և ծերեր, ուղեկցելով իրենց հիվանդ ու տառապող մերձավորներին, առաջ էին մղվում’ լսելու աստվածային Ուսուցչի խոսքերը: Աստծո ծառաները մարգարեական հայացքով տեսել էին այս տեսարանները և գրել.ԴՓ 278.1

    «Զաբուղոնի երկիրը և Նեփթաղիմի երկիրը,
    Ծովի ճանապարհը, Հորդանանի այն կողմը,
    Հեթանոսների Գալիլեան.
    Ժողովուրդ, որ խավարի մեջ նստած էր,
    Մեծ լույս տեսավ.
    Եվ նրանց, որ մահի երկրում և ստվերում նստած էին,
    Լույս ծագեց նրանց”:
    ԴՓ 278.2

    Քարոզելով Գեննեսարեթի ափերին հավաքված ժողովրդին’ Հիսուսը մտովի ուրիշ ունկնդիրների հետ էր: Թափանցելով ապագայի խորքը’ Նա տեսնում էր Իր հավատարիմ մարդկանց բանտերում և դատարաններում, փորձության, միայնության և դժբախտության մեջ: Նրա առջև բացվում էին ուրախության, պայքարի և տառապանքի տեսարաններ: Իր շուրջը հավաքվածներին ուղղված խոսքերով Նա դիմում էր նաև այն մյուսներին, ովքեր այդ խոսքերը կընդունեին որպես հույսի լուր փորձության ժամին, մխիթարություն’ վշտի պահին և երկնային լույս’ խավարի մեջ: Սուրբ Հոգու միջոցով այն ձայնը, որ հնչում էր ձկնորսական նավակի միջից Գալիլեայի ծովի վրա, խաղաղություն պիտի բերեր մարդկանց սրտերին մինչև ժամանակի վերջը:ԴՓ 278.3

    Քարոզն ավարտելուց հետո Հիսուսը, դիմելով Պետրոսին, պատվիրեց թիավարել նավակը դեպի ծով և նետել ուռկանը: Բայց Պետրոսը հուսահատված էր: Ամբողջ գիշեր նա ոչինչ չէր որսացել: Միայնության ժամերին նա մտածել էր Հովհաննես Մկրտչի ճակատագրի մասին, ով միայնակ տանջվում էր զնդանում: Նա խորհել էր Հիսու- սի և Նրա հետևորդների ապագայի մասին, Հրեաստանում Նրա առաքելության անհաջողության և քահանաների ու վարդապետների չարակամության մասին: Իր սեփական գործն էլ չէր հաջողվում, ու երբ նայում էր դատարկ ուռկաններին, վհատությունից ապագան ավելի մռայլ էր թվում: «Վարդապե՜տ,- ասաց նա,- ամբողջ գիշերն աշխատեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուռկանը կգցեմ”: [246]ԴՓ 278.4

    Գիշերը ամենանպաստավոր ժամանակն էր’ լճի մաքուր ջրերում ուռկաններով ձուկ որսալու համար: Ամբողջ գիշեր ապարդյուն աշխատելուց հետո ցերեկն ուռկան նետելն անօգուտ էր թվում, բայց Հիսուսն էր պատվիրել, և սերը Տիրոջ հանդեպ դրդեց աշակերտներին հնազանդվել: Սիմոնն իր եղբոր հետ ցած նետեց ուռկանը: Հենց որ փորձեցին դուրս քաշել այն նավի մեջ, ուռկանը սկսեց պատռվել, քանի որ շատ ձուկ էր բռնվել, և նրանք ստիպված էին օգնության կանչել Հակոբոսին ու Հովհաննեսին: Երբ որսը տեղավորեցին, երկու նավերն այնքան ծանրացան, որ թվում էր, թե ուր որ է կսուզվեն:ԴՓ 279.1

    Բայց Պետրոսն արդեն չէր մտածում նավերի կամ որսի մասին: Այս հրաշքն էր զբաղեցնում նրա միտքը, որ երբևէ նրա տեսած բոլոր հրաշքներից առավել վկայում էր աստվածային զորության դրսևորման մասին: Հիսուսի մեջ նա տեսավ Մեկին, ում իշխանության տակ էր գտնվում ամբողջ բնությունը: Աստվածության ներկայությամբ բա- ցահայտվեց նրա սրտի անսրբությունը: Տիրոջ հանդեպ ունեցած սերը, ամոթը, որ զգաց իր անհավատության պատճառով, Քրիստոսի ներողամտությունից իր մեջ ծագած երախտագիտությունը և, մանավանդ, անսահման մաքրության ներկայությամբ իր անմաքրության զգա- ցումը ցնցեցին նրան: Մինչ մյուսները տեղավորում էին ուռկանների պարունակությունը, Պետրոսն ընկավ Փրկչի ոտքերի առջև’ բացականչելով. «Ինձանից դու’րս գնա, որ ես մեղավոր մարդ եմ, Տե’ր”:ԴՓ 279.2

    Աստվածային սրբության նույն ներկայությունն էր, որ ստիպեց Դանիել մարգարեին մեռածի նման ընկնել Աստծո հրեշտակի առջև: Այդ մասին նա գրել է. «Իմ վայելչությունը փոխվեց ապականության, և ես էլ ուժ չունեցա”: Նույնպես էլ Եսայիան, տեսնելով Տիրոջ փառքը, բացականչել էր. «Վա՜յ ինձ, որովհետև կորած եմ, որովհետև ես պիղծ շրթունքով մարդ եմ, և պիղծ շրթունքով ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Զորաց Տեր Թագավորին” (Դանիել 10.8, Եսայիա 6.5): Նրա մարդկային բնությունը, իր թուլությամբ ու մեղքով, հանդիպել էր աստվածության կատարելությանը, և նա իրեն զգացել էր ծայրաստիճան արատավոր ու անսուրբ: Նույնն է տեղի ունեցել բոլոր նրանց հետ, ում շնորհ է արվել տեսնելու Աստծո վեհափառությունն ու զորությունը:ԴՓ 280.1

    Պետրոսը բացականչեց. «Ինձանից դու’րս գնա, որ ես մեղավոր մարդ եմ», բայց կառչած մնաց Հիսուսի ոտքերից՝ զգալով, որ չի կարող բաժանվել Նրանից: Փրկիչը պատասխանեց. «Մի’ վախենա, այսուհետև մարդիկ որսող կլինես»: Այն բանից հետո միայն, երբ Եսայիան տեսավ Աստծո սրբությունը և զգաց իր սեփական ոչնչությունը, նրան վստահվեց աստվածային լուրը: Նույնպես էլ Պետրոսը կանչվեց աշխատելու Քրիստոսի համար միայն այն ժամանակ, երբ ուրացավ իր անձն ու զգաց իր կախվածությունն աստվածային զորությունից: [247]ԴՓ 280.2

    Մինչ այդ աշակերտներից ոչ մեկն իրեն լիովին չէր նվի- րել Հիսուսի ծառայությանը: Նրանք ականատես էին եղել Նրա հրաշքներից շատերին և լսել Նրա խրատները, բայց լիովին չէին թողել իրենց նախկին աշխատանքը: Հովհաննես Մկրտչի բանտարկությունը բոլորին դառնորեն հիաս- թափեցրել էր: Եթե այդպես պիտի ավարտվեր Հովհաննեսի առաքելությունը, ապա ի՞նչ կարելի էր սպասել իրենց Վարդապետից, ում դեմ միավորվել էին բոլոր կրոնական առաջնորդները: Նման պարագաներում նորից ձկնորսությամբ զբաղվելը, թեև կարճ ժամանակով, լավագույն հանգստությունն էր նրանց համար: Բայց հիմա Հիսուսը կոչ արեց նրանց թողնել իրենց նախկին կյանքը և իրենց շահերը կապել Իր շահերի հետ: Պետրոսն արձագանքեց այդ կանչին: Հասնելով ափ’ Հիսուսը պատվիրեց մյուս երեք աշակերտներին. «Իմ ետևի’ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ կշինեմ»: Նրանք անմիջապես թողեցին ամեն ինչ և հետևեցին Նրան:ԴՓ 280.3

    Նախքան նրանց խնդրելը, որ թողնեն իրենց ուռկաններն ու ձկնորսական նավերը, Հիսուսը հավաստիացրեց, որ Աստված կհոգա նրանց կարիքները: Պետրոսի նավը ավետարանի գործի համար օգտագործելը առատորեն վարձատրվել էր: Նա, ով կարող է լինել «առատ ամենքի համար, որ կանչում են նրան”, ասել էր. «Տվե’ք և կտրվի ձեզ, լավ չափով թափ տրված շարժված լիփ լիքը կտան ձեր գոգը» (Հռոմեացիս 10.12, Ղուկաս 6.38): Այդ չափով էր Նա վարձատրել աշակերտների ծառայությունը: Եվ Նրա ծառայության մեջ արված ամեն մի զոհողություն կփոխհատուցվի «Նրա շնորհքի գերազանց մեծությամբ» (Եփե- սացիս 3.20,2.7):ԴՓ 281.1

    Քրիստոսից բաժանված’ այն տխուր գիշերը լճի վրա աշակերտները խիստ ընկճվել էին անհավատությունից և հոգնել ապարդյուն աշխատանքից: Բայց Նրա ներկայությունը բորբոքեց նրանց հավատը և ուրախություն ու հաջողություն բերեց նրանց: Այդպես պատահում է նաև մեզ հետ. երբ մենք հեռու ենք Քրիստոսից, մեր աշխատանքն ապարդյուն է անցնում, և հեշտությամբ ընկնում ենք կասկածների մեջ ու սկսում տրտնջալ: Բայց երբ Նա մեր կողքին է, և մենք աշխատում ենք Նրա հսկողության տակ, ցնծում ենք’ տեսնելով Նրա զորության դրսևորումը: Վհա- տեցնելը սատանայի աշխատանքն է, իսկ Քրիստոսը հավատ և հույս է ներշնչում:ԴՓ 281.2

    Աշակերտների համար այդ հրաշքը խորիմաստ դաս էր պարունակում, և այն շատ խրատական է նաև մեզ համար. Նա, ով Իր խոսքով կարողացավ հավաքել ծովի ձկները, կարող է նաև ազդել մարդկանց սրտերի վրա և դեպի Իրեն քաշել նրանց Իր սիրո լարերով այնպես, որ Իր ծառաները կարողանան «մարդկանց որսորդ» դառնալ:ԴՓ 282.1

    Թեև Գալիլեայի ձկնորսները հասարակ ու անգրագետ մարդիկ էին, Քրիստոսը’ աշխարհի Լույսը, մեծ կարողություն ուներ նրանց պատրաստելու այն գործին, որի համար ընտրել էր նրանց: Փրկիչը չէր արհամարհում կրթությունը, որովհետև Աստծո սիրով ղեկավարվելու և Նրա ծառայությանը նվիրվելու դեպքում մտավոր մշակույթն օրհնություն է դառնում: Բայց Նա շրջանցեց Իր ժամանակվա իմաստուններին, որովհետև նրանք այնքան ինքնավստահ էին, որ չէին կարող կարեկցել տառապող մարդկությանը և դառնալ Նազովրեցու համագործակիցները: Իրենց մոլեռանդության մեջ նրանք ստորացուցիչ էին համարում սովորել Քրիստոսից: Տեր Հիսուսը ձգտում է համագործակցել նրանց հետ, ովքեր պատրաստ են Նրա շնորհի անխափան հաղորդիչները դառնալ: Առաջին բանը, որ պետք է սովորեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Աստծո համագործակիցները լինել, անինքնավստահության դասն է, որից հետո միայն նրանք պատրաստ կլինեն օժտվելու Քրիստոսի բնավորությամբ: Սա անհնար է ձեռք բերել ամենաբարձրակարգ գիտական հաստատություններում: Դա իմաստութան պտուղն է, որը ձեռք է բերվում միայն աստվածային Ուսուցչից: [250]ԴՓ 282.2

    Հիսուսն ընտրեց անուս ձկնորսներին, որովհետև նրանք չէին դաստիարակվել ժամանակի ավանդույթների և սխալ սովորույթների ոգով: Նրանք բնական ընդունակություններով օժտված մարդիկ էին’ համեստ և պատրաստ սովորելու, ում Նա կարող էր կրթել Իր գործի համար: Կյանքի ճանապարհին կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր անտրտունջ կատարում են իրենց ամենօրյա պարտականությունները’ չգիտակցելով անգամ, որ թաքնված այնպիսի ընդունակություններ ունեն, որոնք ճիշտ կիրառելու դեպքում ամենապատվավոր մարդկանց աստիճանին կբարձրացնեն իրենց: Հմուտ ձեռքի հպում է պետք’ արթնացնելու համար այդ թաքնված ձիրքերը: Ահա այսպիսի մարդկանց Հիսուսը կանչեց’ լինելու Իր համագործակիցները’ շհորհ անելով, որ ընկերակցեն Իրեն: Աշխարհի մեծագույն մարդիկ երբեք այսպիսի Ուսուցիչ չեն ունեցել: Փրկչի դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն այլևս տգետ և անբարեկիրթ չէին: Նրանք իրենց մտածողությամբ ու բնավորությամբ նմանվել էին Ուսուցչին, և մարդիկ հասկանում էին, որ նրանք կրթություն են ստացել Հիսուսի մոտ:ԴՓ 282.3

    Իսկական կրթությունը սոսկ գիտելիքների փոխանցում չէ, անհրաժեշտ է օժտել այն կենսատու ուժով, որը ձեռք է բերվում միայն միտքը մտքի և հոգին հոգու հետ շփվելու միջոցով: Միայն կյանքը կարող է կյանք ծնել: Ուրեմն ի՜նչ առավելություն ունեին նրանք, ովքեր երեք տարի ամենօրյա շփման մեջ էին այն աստվածային կյանքի հետ, որից բխել է ամեն մի կենսատու զորություն’ աշխարհի օրհնության համար: Սիրված աշակերտ Հովհաննեսը իր բոլոր ընկերներից ավելի ուժգին անձնատուր եղավ այդ սքանչելի կյանքի զորությանը: Նա ասում է. «Եվ կյանքը հայտնվեց, և մենք տեսանք և վկայում ենք ու պատմում ենք ձեզ հավիտենական կյանքը, որ Հոր մոտ էր ու երևաց մեզ”: «Եվ նրա լիությունից մենք ամենքս առանք շնորհ շնորհի տեղ” (Ա Հովհաննես 1.2, Հովհաննես 1.16):ԴՓ 283.1

    Մեր Տիրոջ առաքյալները ոչինչ չունեին, որ փառք բերեր նրանց: Ակընհայտ էր, որ իրենց ողջ աշխատանքի հաջողության համար նրանք պարտական էին միայն Աստծուն: Այս մարդկանց կյանքը, նրանց ձեռք բերած բնավորությունն ու այն հզոր գործը, որ Աստված կատարեց Նրանց միջոցով, վկայում են այն մասին, թե ինչեր կարող է Նա անել բոլոր նրանց համար, ովքեր հնազանդ են և պատրաստ սովորելու: [251]ԴՓ 283.2

    Նա, ով ամենից շատ է սիրում Քրիստոսին, ամենից շատ էլ բարիք կգործի: Անսահմանորեն օգտակար կարող է լինել այն մարդը, ով, ուրանալով իր «ես»-ը, թույլ է տալիս, որ Սուրբ Հոգին աշխատի իր սրտի վրա, և իր կյանքն անմնացորդ նվիրում է Աստծուն: Եթե մարդիկ խոնարհությամբ հնազանդվեն անհրաժեշտ կանոններին’ չդժգոհելով կամ չսայթաքելով ճանապարհին, Աստված նրանց կսովորեցնի ժամառժամ և օրեցօր: Նա փափագում է հայտնել Իր շնորհը: Եթե Նրա ժողովուրդը վերացնի արգելքները, Նա առատորեն փրկության ջրեր կթափի մարդկային անոթների միջոցով: Եթե համեստ կյանքով ապրող մարդկանց դրդեին գործելու այն բոլոր բարիքները, ինչի նրանք ընդունակ են, եթե խանգարող ձեռքերը չթուլաց- նեին նրանց եռանդը, Քրիստոսի համար հարյուր աշխատող կլիներ այնտեղ, որտեղ հիմա միայն մեկն է:ԴՓ 284.1

    Աստված ընդունում է մարդկանց այնպես, ինչպես որ կան, և կրթում է նրանց Իր ծառայության համար, եթե նրանք ենթարկվում են Իրեն: Սրտում ընդունված Աստծո Հոգին կկրկնապատկի նրանց բոլոր ունակությունները: Սուրբ Հոգու հսկողության տակ Աստծուն անմնացորդ նվիրված միտքը ներդաշնակորեն զարգանում և ամրապնդվում է’ Աստծո պահանջները հասկանալու և իրագործելու համար: Թույլ, անվճռական բնավորությունը փոխվում է’ դառնալով ուժեղ և հաստատակամ: Մշտական նվիրումն այնպիսի սերտ կապ է հաստատում Հիսու- սի և Նրա աշակերտի միջև, որ քրիստոնյան նմանվում է Նրան մտքով ու բնավորությամբ: Քրիստոսի հետ հաղորդակցվելու միջոցով նրա հայացքներն ավելի կպայծառանան և կընդլայնվեն: Նրա խորաթափանցությունն ավելի սուր կլինի, իսկ դատողությունն ավելի հավասարակշռված կդառնա: Նա, ով տենչում է ծառայել Քրիստոսին, այնպես է կենդանանում Արդարության Արեգակի կենսատու զորությամբ, որ ընդունակ է դառնում շատ պտուղներ բերելու Աստծո փառքի համար:ԴՓ 284.2

    Արվեստի և գիտության բնագավառում բարձրագույն կրթություն ստացած մարդիկ անփոխարինելի դասեր են առել համեստ կյանքով ապրող քրիստոնյաներից, որոնց աշխարհն անգրագետ է համարել: Բայց այս անհայտ աշակերտները կրթություն էին ստացել ամենաբարձրա- գույն դպրոցում: Նրանք սովորել էին Նրա ոտքերի մոտ, ով խոսում էր այնպես, «ինչպես մարդը երբեք չէր խոսել”: [252]ԴՓ 285.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents