Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 30. - «Ընտրեց նրանցից տասներկուսին»

    (Մարկոս 3.13-19, Ղուկաս 6.12-16)

    «ԵՎ վեր ելավ սարը և իր մոտ կանչեց, ում որ ինքը կամեցավ, և նրա մոտ գնացին: Եվ տասներկու հոգի կարգեց, որ իր հետ լինեն և որ նրանց ուղարկի քարոզելու”:ԴՓ 340.1

    Գալիլեայի ծովից քիչ հեռու գտնվող սարալանջին, որտեղ հնչել էր Լեռան քարոզը, ստվերախիտ ծառերի սաղարթների ներքո տասներկու հոգի կանչվեցին առաքելության: Դաշտերն ու բլուրները Հիսուսի սիրած վայրերն էին, և Նա ավելի շատ սովորեցնում էր բաց երկնքի տակ, քան տաճարում կամ ժողովարաններում: Ոչ մի ժողովարան չէր կարող մարդկանց այնպիսի բազմություն տեղավորել, որ հետևում էր Նրան, բայց միայն սա չէր պատճառը, որ Նա գերադասում էր քարոզել դաշտերում և պուրակներում: Հիսուսը սիրում էր բնության տեսարանները: Ամեն մի խաղաղ պատսպարան սուրբ տաճար էր Նրա համար:ԴՓ 340.2

    Երկրի առաջին բնակիչները Եդեմի ծառերի տակ էին ընտրել իրենց սրբարանը: Այնտեղ էր Քրիստոսը հաղորդակցվել մարդկության նախահոր հետ: Դրախտից արտաքսվելուց հետո մեր նախահայրերը շարունակում էին երկրպագություն անել դաշտերում և այգիներում, և այնտեղ Քրիստոսը հանդիպում էր նը-րանց Իր շնորհի ավետարանով: Այդ Քրիստոսն էր խոսում Աբրահամի հետ Մամբրեի կաղնիների տակ, Իսահակի հետ, երբ նա երեկոյան դաշտ էր դուրս եկել’ աղոթք անելու, Հակոբի հետ’ Բեթելի բլրի լանջին, Մովսեսի հետ’ Մադիամի սարերում, և պատանի Դավթի հետ’ իր հոտն արածեցնելիս: Քրիս- տոսի կարգադրությամբ էր, որ հրեա ժողովուրդը տասնհինգ դար շարունակ ամեն տարի մեկ շաբաթով թողնում էր իր տները և բնակվում «գեղեցիկ ծառերի» կանաչ ճյուղերից, «արմավենու, տերևախիտ ծառերի և ձորի ուռենիների ոստերից” պատրաստված տաղավարներում (Ղևտացոց 23.40): [291]ԴՓ 340.3

    Հիսուսն Իր աշակերտներին խրատելու համար նախընտրում էր հեռանալ քաղաքի իրարանցումից դեպի խաղաղ դաշտերն ու բլուրները, որոնք առավելագույնս էին նպաստում անձնուրացության այն դասերին, որ Նա կամենում էր սովորեցնել նրանց: Իր ծառայության ընթացքում Նա սիրում էր ժողովրդին Իր շուրջը հավաքել կապույտ երկնքի տակ, որևէ բլրի կանաչ լանջերին կամ լճի ափին: Այստեղ, Իր արարչագործության տեսարաններով շրջապատված, Նա կարող էր ունկնդիրների մտքերն աշխարհայինից ուղղել դեպի երկնայինը: Բնության աճի և զարգացման մեջ դրսևորված էին Նրա արքայության սկզբունքները: Իրենց հայացքն ուղղելով Աստծո բլուրների վրա և տեսնելով Նրա ձեռքի հրաշալի գործերը’ մարդիկ կարող էին սովորել աստվածային ճշմարտության գեղեցիկ դասերը: Քրիստոսի ուսմունքը կրկին կներկայանար նրանց բնության պատկերների մեջ: Այդպես է լինում նաև բոլոր նրանց հետ, ովքեր դաշտերն են դուրս գալիս Քրիստոսի հետ’ իրենց սրտերում: Նրանք սուրբ ազդեցություն կզգան իրենց վրա: Բնության պատկերները հիշեցնում են մեր Տիրոջ առակները և կրկնում Նրա խրատները: Հաղորդակցվելով Աստծո հետ բնության մեջ’ միտքը ազնվանում է, իսկ սիրտը’ հանգիստ գտնում:ԴՓ 341.1

    Հիմա անհրաժեշտ էր առաջին քայլն անել եկեղեցու հիմնադրման համար, որը, Քրիստոսի համբարձումից հետո, Նրա ներկայացուցիչը պետք է լիներ երկրի վրա: Ոչ մի թանկարժեք սրբարան նրանք չունեին իրենց տրամադրության տակ, բայց Փրկիչն աշակերտներին առաջնորդեց Իր սիրած ապաստարանը, և այդ օրվա սուրբ փորձառութ- յունները նրանց մտքում առհավետ կապվեցին սարի, հովտի և ծովի գեղեցկության հետ:ԴՓ 341.2

    Հիսուսը կանչել էր Իր աշակերտներին, որպեսզի ուղարկի նրանց որպես Իր վկաները’ հայտնելու աշխարհին այն ամենը, ինչ իրենք տեսել և լսել էին Նրա մասին: Նրանք կանչվեցին ամենակարևոր առաքելության համար, որը երբևէ տրվել է մարդկանց, և այն զիջում էր միայն Իր’ Քրիստոսի ծառայությանը: Նրանք պետք է համագործակցեին Աստծո հետ աշխարհի փրկության համար: Ինչպես Հին Կտակարանում տասներկու նահապետներն էին ներկայացնում Իսրայելը, այնպես էլ տասներկու առաքյալները պետք է դառնային ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչները: [292]ԴՓ 342.1

    Փրկիչը գիտեր այն մարդկանց բնավորությունները, ում ընտրել էր, նրանց բոլոր թերություններն ու սխալները հայտնի էին Նրան, Նա գիտեր այն վտանգները, որոնց միջով նրանք պետք է անցնեին, այն պատասխանատվությունը, որ նրանք պետք է կրեին: Եվ Նրա սիրտն անչափ հուզվում էր այս ընտրյալների համար: Գալիլեայի ծովից ոչ հեռու գտնվող սարի վրա նա ամբողջ գիշեր միայնակ աղոթեց նրանց համար, մինչ նրանք քնած էին սարի ստո- րոտում: Արշալույսը դեռ նոր էր բացվել, երբ Նա Իր մոտ կանչեց նրանց, որովհետև կարևոր բան ուներ հաղորդե- լու:ԴՓ 342.2

    Այս աշակերտները որոշ ժամանակ եռանդուն աշխատել էին Հիսուսի հետ: Հովհաննեսն ու Հակոբոսը, Անդրեա- սը, Պետրոսն ու Փիլիպպոսը, Նաթանայելն ու Մատթեոսը ավելի սերտորեն էին կապված Նրա հետ, քան մյուսները, և ավելի հաճախ էին ականատես եղել Նրա հրաշքներին: Պետրոսը, Հոկոբոսն ու Հովհաննեսն է’լ ավելի սերտ հարաբերությունների մեջ էին Նրա հետ: Նրանք գրե-թե միշտ Նրա հետ էին’ ականատես լինելով Նրա հրաշքներին և լսելով Նրա խոսքերը: Իսկ Հովհաննեսը բոլորից ավելի էր մտերիմ Հիսուսի հետ, դրա համար էլ համարվել է Նրա սիրած աշակերտը: Փրկիչը սիրում էր նրանց բոլորին, բայց Հովհաննեսի հոգին ամենադյուրընկալն էր: Նա մյուսներից ավելի երիտասարդ էր, և իր սիրտը մանկան վստահությամբ էր բացել Հիսուսի առջև: Այսպիսով’ նա ամենից ավելի համակրեց Քրիստոսին, և Փրկչի խորա- գույն հոգևոր ճշմարտությունները ժողովրդին հայտնվեցին հենց նրա միջոցով:ԴՓ 342.3

    Առաքյալները բաժանված էին խմբերի, և դրանցից մեկը գլխավորում էր Փիլիպպոսը: Նա առաջին աշակերտն էր, ում Հիսուսն ուղղակիորեն պատվիրել էր. «Հետևի’ր ինձ”: Փիլիպպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրեասի և Պետրոսի քաղաքից: Նա լսել էր Հովհաննես Մկրտչի քարոզները և այն, թե ինչպես էր նա Քրիստոսին հռչակել որպես Աստծո Գառ: Փիլիպպոսն անկեղծորեն փնտրում էր ճշմարտությունը, բայց չափազանց կասկածամիտ էր: Թեև նա միացել էր Քրիստոսին, սակայն Նաթանայելին արած Նրա հայտարարությունը վկայում էր, որ նա դեռ լիովին համոզված չէ Հիսուսի աստվածության մեջ: Չնայած երկնքից լսված ձայնը Քրիստոսին ազդարարել էր որպես Աստծո Որդի, Փիլիպպոսի համար նա ընդամենը «Հովսե- փի որդի Հիսուսն էր’ Նազարեթից” (Հովհաննես 1.45): Երբ հինգ հազար հոգի կերակրվեցին, Փիլիպպոսի թերահավատությունը մեկ անգամ ևս դրսևորվեց: Նրան փորձելու համար էր, որ Հիսուսը հարցրեց. «Ի՞նչ տեղից հաց առնենք, որ նրանք ուտեն”: Փիլիպպոսի պատասխանը թերահավատություն էր արտահայտում. «Երկու հարյուր դահեկանի հաց բավական չէ դրանց, որ ամեն մեկը մի քիչ առնի» (Հովհաննես 6.5,7): Հիսուսը վշտացավ: Չնայած Փիլիպպոսը տեսել էր Նրա գործերը և զգացել Նրա զորությունը, սակայն հավատ չուներ: [293]ԴՓ 343.1

    Երբ հույները հարցուփորձ արին Փիլիպպոսին Հիսուսի վերաբերյալ, Նա այդ առիթը չօգտագործեց նրանց Փրկչին ներկայացնելու համար, այլ գնաց այդ մասին պատմելու Անդրեասին: Եվ կրկին’ խաչելությունից մի քանի ժամ առաջ, Փիլիպպոսի խոսքերն անհավատություն էին արտահայտում: Երբ Թովմասը Հիսուսին հարցրեց. «Տե’ր, մենք չգիտենք, թե որտեղ ես գնում, և ինչպես կարող ենք ճանապարհը գիտենալ”, Փրկիչը պատասխանեց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը... Եթե ինձ գիտենայիք, իմ Հորն էլ կգիտենայիք»: Փիլիպպոսն արձագանքեց թերահավատորեն. «Տե’ր, Հայրը ցույց տուր, և բավական է մեզ” (Հովհաննես 14.5-8): Այնքան դժվար էր հասկանում և թույլ էր հավատով աշակերտը, ով երեք տարի Հիսուսի հետ էր եղել:ԴՓ 343.2

    Փիլիպպոսի թերահավատության հակապատկերն էր Նաթանայելի մանկական վստահությունը: Նա բացառիկ ջերմեռանդ բնավորության տեր մարդ էր, որ կարողանում էր հավատով տեսնել աներևույթ իրականությունները: Սակայն Փիլիպպոսը սովորում էր Քրիստոսի դպրոցում, և աստվածային Ուսուցիչը համբերությամբ տանում էր նրա թերահավատությունն ու դանդաղամտությունը: Երբ Սուրբ Հոգին հեղվեց աշակերտների վրա, Փիլիպպոսը Աստծո կողմից կարգվեց որպես ուսուցիչ: Նա գիտեր, թե ումից է խոսում, և քարոզում էր մի այնպիսի վստահությամբ, որ խոր տպավորություն էր թողնում ունկնդիրների վրա:ԴՓ 344.1

    Մինչ Հիսուսը աշակերտներին պատրաստում էր ձեռնադրության, նրանց մեջ հայտնվեց մեկը, ում ոչ ոք չէր կանչել: Դա Հուդա Իսկարիոտացին էր, մեկը, ով ձևացնում էր, թե Քրիստոսի հետևորդն է: Ահա նա առաջ եկավ՝ խնդրելով իրեն ընդունել աշակերտների այս նեղ շրջանակը: Մեծ լրջությամբ և թվացյալ անկեղծությամբ նա հայտարարեց. «Վարդապե՜տ, ես քո հետևից կգամ, ուր էլ որ գնաս»: Հիսուսը չմերժեց, բայց և չողջունեց նրան, այլ միայն տխուր պատասխանեց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները’ բներ, բայց մարդի Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի” (Մատթեոս 8.19,20): Հուդան հավատում էր, որ Հիսուսը Մեսիան է, և միանալով առաքյալ- ներին’ հույս ուներ բարձր դիրք ապահովել իր համար նոր թագավորության մեջ: Այս հույսն էր ուզում կտրել Հիսու- սը’ հայտարարելով Իր աղքատության մասին: [294]ԴՓ 344.2

    Աշակերտները շատ էին ուզում, որ Հուդան իրենց շարքերը մտնի: Նա պատկառելի արտաքին ուներ ու խորաթափանց մտքի տեր մարդու և ազնիվ պաշտոնյայի տպավորություն էր թողնում: Եվ նրանք առաջարկեցին Հիսու- սին նրա թեկնածությունը որպես մի մարդու, ով կարող է մեծ օգուտ բերել Նրա գործին: Բայց մեծ եղավ նրանց զարմանքը, երբ Հիսուսն այդքան սառնորեն ընդունեց նրան:ԴՓ 345.1

    Աշակերտները շատ հիասթափված էին, որ Հիսուսը չէր փորձում համագործակցել Իսրայելի առաջնորդների հետ: Նրանք կարծում էին, թե Նա սխալվում է’ Իր գործի համար չապահովելով այս հեղինակավոր մարդկանց աջակցությունը: Եթե Նա մերժեր Հուդային, նրանք իրենց մտքում կասկածի տակ կառնեին իրենց Տիրոջ իմաստությունը: Հուդայի հետ կապված հետագա դեպքերը ցույց կտային նրանց, թե որքան վտանգավոր է տեղ տալ աշխարհիկ մտածողությանը’ Աստծո գործի համար մարդու պիտանիությունը որոշելու հարցում: Այդպիսի մարդկանց համագործակցությունը, որ այդքան շատ էին ուզում ապահովել աշակերտները, գործը իր ամենաոխերիմ թշնամիներին կմատներ:ԴՓ 345.2

    Բայցևայնպես, միանալով աշակերտներին, Հուդան անտարբեր չէր Քրիստոսի բնավորության գեղեցկության նկատմամբ: Նա զգում էր այն աստվածային զորության ազդեցությունը, որ դեպի Փրկիչն էր գրավում մարդկանց: Նա, ով չէր եկել փշրելու ջախջախված եղեգը և հանգցնելու առկայծող պատրույգը, չէր մեր-ժի այս հուգուն, քանի դեռ նրա սրտում թույլ ցանկություն կար հասնելու լույ- սին: Փրկիչը կարդում էր Հուդայի սիրտը, Նա գիտեր, թե որքան խոր կթաղվեր մեղքի մեջ Հուդան, եթե չազատագրվեր Աստծո շնորհի օգնությամբ: Կապվելով այս մարդու հետ’ Նա հնարավորություն տվեց նրան օրեցօր խմել իր անշահախնդիր սիրո աղբյուրից: Եթե նա բացեր իր սիրտը Քրիստոսի առջև, աստվածային շնորհը դուրս կքշեր այնտեղից եսասիրության դևին, և նույնիսկ Հուդան կարող էր Աստծո արքայության հպատակը դառնալ:ԴՓ 345.3

    Աստված մարդկանց ընդունում է , ինչպես որ նրանք կան’ իրենց մարդկային էության թուլություններով հանդերձ, և պատրաստում է նրանց Իր ծառայության համար, եթե նրանք հնազանդվեն և կամենան սովորել Իրենից: Նրանք ընտրվում են ոչ թե նրա համար, որ կատարյալ են, այլ որ չնայած իրենց բոլոր թերություններին’ Քրիստոսի շնորհիվ ճշմարտությունը ճանաչելու և դրա սկզբունքները կյանքում կիրառելու միջոցով կարող են արտացոլել Նրա պատկերը:ԴՓ 346.1

    Հուդան նույն հնարավորություններն ուներ, ինչ-որ մյուս աշակերտները: Նա լսել էր նույն թանկարժեք խրատները: Սակայն ճշմարտության կիրառումը կյանքում, որ պահանջում էր Քրիստոսը, չէր համընկնում Հուդայի ցանկություններին ու նպատակներին, և նա չկամեցավ հրաժարվել իր գաղափարներից’ երկնային իմաստություն ձեռք բերելու համար: [295]ԴՓ 346.2

    Ինչպիսի՜ գորովանքով էր Փրկիչը վերաբերվում նրա հետ, ով Իր մատնիչը պետք է լիներ: Իր քարոզներում Հի- սուսը հանգամանորեն բացատրում էր բարեգործության սկզբունքները, որոնք քարուքանդ էին անում ագահության հիմքերը: Նա Հուդային ներկայացնում էր ագահության նողկալիությունը, և շատ անգամ աշակերտը գիտակցում էր, որ իր բնավորությունն է նկարագրվում, և իր մեղքն է մատնանշվում, բայց նա չէր ցանկանում խոստովանել և թողնել իր անիրավությունը: Նա ինքնավստահ էր և փորձությանը դիմադրելու փոխարեն’ շարունակում էր հետևել իր խարդախ սովորություններին: Նրա առջև Քրիստոսն էր’ կենդանի օրինակն այն բանի, թե ինչ կարող էր նա դառնալ, եթե օգուտ քաղեր աստվածային միջնորդությունից և ծառայությունից, բայց Հուդան մեկը մյուսի հետևից անուշադրության էր մատնում Քրիստոսի խրատները:ԴՓ 346.3

    Հիսուսը նրան խստորեն չէր հանդիմանում իր ագահության համար, այլ աստվածային համբերությամբ տանում էր մոլորության մեջ գտնվող այս մարդուն նույնիսկ այն ժամանակ, երբ ցույց էր տալիս, որ Ինքը բաց գրքի նման կարդում է նրա սիրտը: Նա հայտնում էր նրան արդարության վեհ սկզբունքները, և մերժելով երկնային լույսը’ Հուդան ոչ մի արդարացում չէր կարող ունենալ:ԴՓ 347.1

    Լույսի մեջ քայլելու փոխարեն’ Հուդան նախընտրեց մնալ իր արատների գերության մեջ: Նա այնքան ժամանակ փայփայեց իր չարամիտ ցանկությունները, ոխակալ կրքերը, խավար ու մռայլ մտքերը, մինչև որ լիովին անձնատուր եղավ սատանայի իշխանությանը: Հուդան դարձավ Քրիստոսի թշնամու ներկայացուցիչը:ԴՓ 347.2

    Երբ նա եկավ միանալու Հիսուսին, նրա բնավորության մեջ դեռ կային որոշ արժեքավոր հատկանիշներ, որոնք կարող էին օրհնություն դառնալ եկեղեցու համար: Եթե նա կամենար կրել Քրիստոսի լուծը, նա կարող էր գլխավոր առաքյալների շարքում լինել, բայց նա խստացնում էր սիրտը, երբ մատնանշում էին իր արատները, և իր հպարտության ու խռովություն մեջ նախընտրեց եսասիրական ձգտումները’ ինքն իրեն անպիտան դարձնելով այն գործի համար, որ Աստված կարող էր նրան հանձնարարել:ԴՓ 347.3

    Բոլոր աշակերտներն էլ լուրջ թերություններ ունեին, երբ Հիսուսը կանչեց նրանց ծառայության: Նույնիսկ Հովհաննեսն ինքը, որ ամենամտերիմ հարաբերությունների մեջ էր հեզ ու խոնարհ Փրկչի հետ, աչքի չէր ընկնում հեզությամբ ու զիջողությամբ: Նրան իր եղբոր հետ միասին «որոտմունքի որդիներ” էին անվանում: Երբ նրանք Հի- սուսի հետ էին լինում, Նրա հանդեպ ցուցաբերված ամեն մի անհարգալից վերաբերմունք նրանց մեջ զայրույթ և թշնամություն էր արթնացնում: Բարկությունը, վրեժխնդ- րությունը, քննադատության ոգին’ այս ամենը բնորոշ էր սիրելի աշակերտին: Նա հպարտ էր և ձգտում էր առաջինը լինել Աստծո արքայության մեջ: Բայց օրեցօր, ի հակադրություն իր ապստամբ ոգու, նա տեսնում էր Հիսուսի մեղմությունն ու համբերությունը, լսում Նրա խոնարհության և համբերության դասերը: Նա իր սիրտը բացեց աստվածային ներգործության առջև և դարձավ Փրկչի խոսքերի ոչ միայն ունկնդիրը, այլ նաև կատարողը: Նրա «ես»-ը ծածկված էր Քրիստոսի մեջ: Նա սովորեց կրել Քրիստոսի լուծը և տանել Նրա բեռը: [296]ԴՓ 347.4

    Հիսուսը հանդիմանում էր Իր աշակերտներին, կշտամբում և զգուշացնում էր նրանց, բայց Հովհաննեսն ու նրա եղբայրները չլքեցին Նրան: Նրանք ընտրեցին Հիսուսին’ չնայած բոլոր հանդիմանություններին: Փրկիչը չհեռացավ նրանցից իրենց թուլությունների և սխալների պատ- ճառով: Նրանք շարունակեցին մինչև վերջ կիսել Նրա փորձությունները և սովորել Նրա կյանքի դասերը: Քրիստոսին նայելով’ նրանք վերափոխեցին իրենց բնավորությունը: Առաքյալները տարբեր էին թե’ իրենց սովորություններով և թե’ հակումներով: Նրանց մեջ էին մաքսավոր Ղևի- Մատթեոսը, տաքարյուն ու նախանձահույզ Սիմոնը՝ Հռոմի իշխանության անզիջում թշնամին, վեհանձն, կրակոտ Պետրոսը և փոքրոգի Հուդան, ազնվասիրտ, բայց ամաչկոտ ու վախկոտ Թովմասը, ծանրասիրտ և կասկածամիտ Փիլիպպոսը և Զեբեդեայի փառասեր, բայց անկեղծ որդիներն իրենց եղբայրների հետ: Սրանք բոլորն էլ’ իրենց զանազան թերություններով, ժառանգական ու ձեռքբերովի չար հակումներով, հավաքվել էին մեկտեղ, բայց Քրիստոսի միջոցով նրանք պետք է ապրեին Աստծո ընտանի- քում’ սովորելով մեկ լինել հավատով, ուսմունքով և ոգով: Նրանք իրենց փորձություններն ունեին, իրենց վշտերը, իրենց տարբեր տեսակետերը, բայց քանի դեռ Քրիստոսը բնակվում էր նրանց սրտում, ոչ մի տարաձայնություն լինել չէր կարող: Նրա սերը կդրդեր նրանց սիրել իրար, Տիրոջ դասերը կվերացնեին բոլոր տարբերությունները’ միաբանելով աշակերտներին, մինչև որ նրանք ձեռք բերեին մեկ միտք և մեկ դատողություն: Քրիստոսն այն մեծ կենտրոնն էր, որին հետզհետե մոտենալով’ նրանք միաժամանակ կմերձենային նաև միմյանց:ԴՓ 348.1

    Վերջացնելով աշակերտներին ցուցումներ տալը’ Հի- սուսն Իր շուրջը հավաքեց նրանց փոքրիկ խումբը և ծնկի գալով ու Իր ձեռքերը դնելով նրանց գլխներին’ աղոթեց’ նրանց նվիրելով Իր սրբազան գործին: Այսպիսով’ Տիրոջ աշակերտները ձեռնադրվեցին ավետարանի ծառայության համար:ԴՓ 349.1

    Որպես Իր ներկայացուցիչները մարդկանց մեջ’ Քրիստոսն ընտրում է ոչ թե հրեշտակներին, որ երբեք չեն մեղանչել, այլ մարդկային էակներին, ովքեր ամեն ինչով նման են նրանց, ում ձգտում են փրկել: Քրիստոսն Ինքն էլ մարդկային կերպարանք առավ, որպեսզի կարողանար շահել մարդկությանը: Աստվածայինը մարդկայինի կարիքն ուներ, քանի որ աշխարհի փրկության համար անհրաժեշտ էր ունենալ և’ աստվածային, և’ մարդկային բնություն: Աստվածայինը մարդկայինի կարիքն ուներ, որպեսզի մարդկությունը կարողանար կրկին հաղորդակցվել Աստծո հետ: Այդպես պետք է վարվեն նաև Քրիստոսի ծառաներն ու լրաբերները: Մարդն իրենից դուրս և իրենից վեր մի զորության կարիք ունի, որն իր մեջ կվերականգնի Աստծո պատկերը և ընդունակ կդարձնի իրեն կատարելու Աստծո գործը, սակայն դա չի բացառում մարդկային ջանքերի անհրաժեշտությունը: Մարդկայինն ամուր կառչում է աստվածային զորությունից, Քրիստոսը հավատով բնակվում է սրտի մեջ և համագործակցելով Աստծո հետ’ մարդն ի վիճակի է դառնում բարիք գործելու: [297]ԴՓ 349.2

    Նա, ով կանչեց Գալիլեայի ձկնորսներին, շարունակում է կանչել մարդկանց’ ծառայելու Իրեն: Եվ Նա, ինչպես առաջին աշակերտների, այնպես էլ մեր միջոցով կամենում է դրսևորել Իր զորությունը: Որքան էլ անկատար և մեղավոր լինենք, Տերն առաջարկում է մեզ Քրիստոսի աշակերտները դառնալ: Նա մեզ կոչ է անում ընդունել աստվածային խրատները, որպեսզի, միանալով Քրիստոսի հետ, կարողանանք կատարել Աստծո գործերը:ԴՓ 349.3

    «Բայց այս գանձն ունենք հողի անոթներում, որ զորության գերազանցությունն Աստծունը լինի, և ոչ թե մեզանից” (Բ Կորնթացիս 4.7): Ահա թե ինչու ավետարանի քարոզը հանձնարարվեց սխալական մարդկանց և ոչ թե հրեշտակներին: Դա ցույց է տալիս, որ մարդկային թուլության միջոցով գործող զորությունը աստվածային զորություն է, և այդպես մենք սկսում ենք հավատալ, որ եթե այդ զորությունը կարողանում է օգնել ուրիշներին, ապա այն կարող է օգնել նաև մեզ’ թույլ մարդկանց: Եվ Նա, ով Ինքն էլ «տկարությունով պատված է”, կարող է «կարեկից լինել տգետներին և մոլորվածներին” (Եբրայեցիս 5.2): Գտնվելով նեղության մեջ’ նրանք ծանոթանում են ճանապարհի վտանգներին ու դժվարություններին և այս պատճառով էլ կանչվում’ փրկելու նրանց, ովքեր գտնվում են նման վտանգների մեջ: Կան հոգիներ, ովքեր տատանվում են կասկածների մեջ, տնքում են տկարության բեռան տակ, թույլ են հավատով և ի վիճակի չեն տեսնելու Աներևույթին, բայց մի բարեկամ, ում նրանք կարող են տեսնել, հայտնվելով որպես Քրիստոսի ներկայացուցիչ, կարող է օգնել ամրապնդելու իրենց երերուն հավատն առ Քրիստոս:ԴՓ 350.1

    Մենք, համագործակցելով երկնային հրեշտակների հետ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհը ճանաչի Հիսուսին: Հրեշտակները գրեթե անհամբերությամբ են սպասում մեր համագործակցությանը, քանի որ մարդը պետք է մարդու հետ հաղորդակցության միջոց հանդիսանա: Ու երբ մենք ամբողջ սրտով նվիրվում ենք Քրիստոսին, հրեշտակները ցնծում են, որ կարող են մեր օգնությամբ աշխարհին հայտնել Աստծո սերը: [298]ԴՓ 350.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents