Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 40. - Մի գիշեր լճի վրա

    (Մատթեոս 14.22-33, Մարկոս 6.45-52, Հովհաննես 6.14-21)

    ԳԱՐՆԱՆԱՅԻՆ երեկոյի մթնշաղում, նստած կանաչ խոտի վրա, մարդիկ կերան Քրիստոսի տված ուտելիքը: Այն խոսքերը, որ նրանք այդ օրը լսել էին, որպես Աստծո ձայն հնչեցին նրանց համար: Բժշկության այն հրաշքները, որոնց նրանք ականատես էին եղել, միայն աստվածային զորությունը կարող էր գործել: Բայց հացերի հրաշքն այդ վիթխարի բազմության մեջ ցնցել էր բոլո- րին: Նրանցից ամեն մեկն իր բաժինն էր ստացել: Մովսեսի օրերում Աստված էր անապատում Իսրայելին կե- րակրել մանանայով, բայց ո՞վ էր այս Մեկը, որ այդ օրը կերակրեց նրանց, եթե ոչ Նա, ում մասին մարգարեացել էր Մովսեսը: Մարդկային ոչ մի զորություն չէր կարող հինգ գարե հացից և երկու փոքր ձկներից բավարար ուտելիք ստեղծել’ հազարավոր քաղցած մարդկանց կերակրելու համար: Եվ նրանք ասում էին մեկը մյուսին. «Սա է ճշմարտապես այն մարգարեն, որ պիտի աշխարհ գար”:ԴՓ 450.1

    Այս համոզմունքն օրվա ընթացքում ավելի էր ամրապնդվել: Օրվա եզրափակիչ գործողությունը հավաստիացրեց բոլորին, որ երկար սպասված Ազատարարն իրենց մեջ է: Ժողովրդի հույսը գնալով ավելի էր աճում: Սա Նա է, որ Հրեաստանը դարձնելու է երկրային դրախտ, մի երկիր, որտեղ կաթի ու մեղրի վտակներ պիտի հոսեն: Նա կարող է բավարարել ամեն մի փափագ: Նա կարող է տապալել ատելի հռոմեացիների իշխանությունը: Նա կարող է ազատագրել Հրեաստանն ու Երուսաղեմը: Նա կարող է բուժել ճակատամարտում վիրավորված զինվորնե- րին: Նա կարող է ամբողջ բանակներ ապահովել սննդով: Նա կարող է հաղթել ազգերին, և Իսրայելին, վերջապես, կհնազանդվեն բոլոր ժողովուրդները:ԴՓ 450.2

    Խանդավառ մարդիկ պատրաստ են անմիջապես թագավոր կարգել Նրան: Նրանք տեսնում են, որ Նա ուշադրություն գրավելու կամ Իրեն փառքով պսակելու ոչ մի փորձ չի անում: Դրանով Նա էապես տարբերվում է քահանաներից ու իշխանավորներից, և նրանք սկսում են վախենալ, որ Նա երբեք էլ չի հավակնի Դավթի աթոռին: Միմյանց հետ խորհրդակցելով’ նրանք որոշում են Իսրայելի թագավոր հռչակել Նրան: Աշակերտները միանում են բազմությանը, հայտարարելով, որ Դավթի գահն իրենց Տիրոջ օրինական ժառանգությունն է: Քրիստոսը, ասում են նրանք, համեստությունից է հրաժարվում այդպիսի փառքից: Թող ժողովուրդը մեծարի իր Ազատարարին: Թող գոռոզ քահանաներն ու իշխանավորները ստիպված լինեն պատիվ տալ Նրան, ով գալիս է’ օժտված աստվածային իշխանությամբ: [378]ԴՓ 451.1

    Նրանք աշխուժորեն պատրաստվում են իրագործել իրենց նպատակը, բայց Հիսուսը, ի տարբերություն նրանց, տեսնում և հասկանում է, թե ինչի կարող է հասցնել նման շարժումը: Հենց հիմա էլ քահանաներն ու իշխանները փնտրում էին Նրան, որպեսզի վերջ տան Նրա կյանքին: Նրան մեղադրում էին, որ Նա ժողովրդին հրահրում է իրենց դեմ: Նրան գահ բարձրացնելու փորձը կավարտվեր բռնությամբ ու խռովությամբ, և հոգևոր արքայության գործը կխափանվեր: Հարկավոր էր անհապաղ կասեցնել այդ շարժումը: Կանչելով Իր մոտ’ Հիսուսը պատվիրում է աշակերտներին անմիջապես նավ նստել և վերադառնալ Կափառնայում’ թողնելով Իրեն ցրելու ժողովրդին:ԴՓ 451.2

    Քրիստոսի հրամաններից ոչ մեկն այնքան անհնարին չէր թվացել, որքան այս: Աշակերտները վաղուց էին սպասում ժողովրդական մի այնպիսի շարժման, որը թագավոր կհռչակեր Հիսուսին: Նրանք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ այդ ամբողջ խանդավառությունը պետք է անօգուտ անցներ: Մարդկանց բազմությունները, որ եկել էին մասնակցելու Զատկի տոնակատարությանը, փափագում էին տեսնել նոր մարգարեին: Նրա հետևորդներին թվում էր, թե սա մի ոսկե հնարավորություն է’ իրենց սիրելի Տիրոջը Իսրայելի գահին բարձրացնելու համար: Այս երջանիկ սպասումների մեջ նրանց համար դժվար էր հեռանալ’ Հիսուսին մենակ թողնելով ամայի ծովափին: Նրանք փորձեցին առարկել, բայց Հիսուսն այս անգամ խոսեց այնպիսի իշխանությամբ, որ նախկինում երբեք չէր դրսևորել: Նրանք հասկացան, որ ընդդիմանալն անօգուտ է, և շրջվելով’ լուռ շարժվեցին դեպի ծովը:ԴՓ 451.3

    Ահա Հիսուսը հրամայում է բազմությանը ցրվել, և Նրա ձայնի հնչերանգն այնքան վճռական է, որ նրանք չեն համարձակվում Նրան առարկել: Փառաբանության և գովասանքի խոսքերը սառչում են նրանց շուրթերին: Հենց այն պահին, երբ ուզում են մոտենալ Նրան, որպեսզի իրականացնեն իրենց մտադրությունը, նրանք կանգ են առնում, և ցնծության երջանիկ արտահայտությունը չքանում է նրանց երեսներից: Ամբոխի մեջ կան վճռական և հաստատուն մըտ-քի տեր մարդիկ, բայց Հիսուսի արքայական կեցվածքը և հանդարտ հրամայական խոսքերը լռեցնում են աղմուկը և խափանում նրանց ծրագրերը: Նրանք տեսնում են, որ Նա օժտված է ավելի բարձր հեղինակությամբ, քան երկրի բոլոր թագավորները, և լուռ հնազանդվում են Նրան: [379]ԴՓ 452.1

    Մնալով մենակ’ Հիսուսը «վեր ելավ սարը’ աղոթք անելու”: Ժամեր շարունակ Նա աղերսում էր Աստծուն: Նա խնդրում էր ոչ թե Իր, այլ մարդկանց համար: Նա զորություն էր խնդրում’ մարդկանց հայտնելու Իր առաքելության աստվածային բնույթը, որպեսզի սատանան չմթնեցնի նրանց բանականությունը և չաղավաղի նրանց դատողությունը: Փրկիչը գիտեր, որ Իր անձնական ծառայության օրերը երկրի վրա մոտենում են իրենց ավարտին, և որ քչերն են ընդունելու Իրեն որպես իրենց Փրկիչը: Հո- գեկան տառապանքի ու պայքարի մեջ Նա աղոթում էր Իր աշակերտների համար: Նրանց դառը հիասթափություն էր սպասում: Նրանց հույսերն ու երազանքները, հիմնված համընդհանուր մոլորության վրա, պետք է խորտակվեին ամենացավալի և խայտառակ ձևով: Հիսուսին Դավթի գահին բարձրացնելու փոխարեն’ նրանք պիտի ականատես լինեին Նրա խաչելությանը: Ահա թե որն էր լինելու Նրա իսկական թագադրությունը: Բայց նրանք դա չէին կանխազգում և այդ պատճառով էլ ծանր փորձությունների էին ենթարկվելու’ չհասկանալով անգամ, որ դրանք, իրոք, փորձություններ են: Առանց Սուրբ Հոգու, որ պետք է լուսավորեր նրանց միտքն ու խորացներ նրանց հասկացողությունը, աշակերտների հավատը կմարեր: Հիսուսի համար ցավալի էր, որ Իր թագավորության մասին նրանց պատկերացումը սահմանափակված էր սոսկ աշխարհիկ փառքով ու պատվով: Նրա սիրտը կսկծում էր ցավից նրանց համար, և Նա դառնագին աղաչում էր ծանր հոգեվարքի և արցունքների մեջ: [380]ԴՓ 452.2

    Աշակերտներն անմիջապես չհեռացան ափից, ինչպես որ Հիսուսը նրանց կարգադրել էր: Նրանք որոշ ժամանակ սպասեցին’ հուսալով, որ Նա կմիանա իրենց: Բայց երբ տեսան, որ մութն արագորեն վրա է հասնում, «նավը մտնելով’ գնացին ծովի այն կողմը’ Կափառնայում»: Նրանք դժգոհությամբ լքեցին Հիսուսին և ավելի էին անհանգստացած, քան երբևէ’ սկսած այն օրից, երբ ընդունել էին Նրան որպես Տեր: Նրանք տրտնջում էին այն պատճառով, որ Նա իրենց թույլ չէր տվել թագավոր հռչակել Իրեն: Նրանք մեղադրում էին իրենց, որ այդքան հեշտությամբ ենթարկվեցին Նրա հրամանին: Նրանք կարծում էին, թե կարող էին հասնել իրենց նպատակին, եթե ավելի համառ գտնվեին:ԴՓ 453.1

    Անհավատությունը սկսում էր իշխել նրանց սրտերին ու մտքերին: Փառասիրությունը կուրացրել էր նրանց: Նրանք գիտեին, որ փարիսեցիներն ատում են Հիսուսին, և ան- համբեր ուզում էին այն փառքի մեջ տեսնել Նրան, որին Նա, իրենց կարծիքով, արժանի էր: Միանալ մի Ուսուցչի, ով կարող է մեծամեծ հրաշքներ գործել և միաժամանակ անարգվել որպես խաբեբա, անտանելի փորձություն էր նրանց համար: Մի՞թե իրենց միշտ պետք է սուտ մարգարեի հետևորդներ համարեին: Մի՞թե Քրիստոսը երբեք չի հաստատելու Իր արքայական իշխանությունը: Ինչո՞ւ Նա, ով այդպիսի զորություն ունի, չի բացահայտում Իր իսկական էությունը և թեթևացնում իրենց տանջալից ճանապարհը: Ինչո՞ւ Նա չփրկեց Հովհաննես Մկրտչին զարհուրելի մահից: Աշակերտները, այսպես խորհելով, ընկան հոգևոր մեծ խավարի մեջ: Նրանք սկսեցին կասկածել. իսկ գուցե Հիսուսն իրոք ինքնակոչ է, ինչպես պնդում են փարիսեցիները:ԴՓ 453.2

    Աշակերտներն այդ օրը ականատես էին եղել Քրիստոսի հրաշալի գործերին: Նրանց թվացել էր, թե երկինքը մոտեցել է երկրին: Այդ գեղեցիկ, փառահեղ օրվա հիշողությունը պետք է որ հավատով և հույսով լցներ նրանց սրտերը: Եթե նրանք սրտանց զրուցեին միմյանց հետ այդ բաների մասին, չէին ընկնի փորձության մեջ: Բայց հիմա հիասթափություն էր համակել նրանց: Նրանք մոռացության էին մատնել Քրիստոսի այս խոսքը. «Ժողովեցե’ք ավելացած կտորները, որ բան չկորչի»: Դրանք մեծ օրհնության ժամեր էին եղել աշակերտների համար, բայց նրանք մոռացել էին այդ բոլորը: Նրանք ասես հայտնվել էին կատաղի ալիքների մեջ: Նրանց մտքերը փոթորկոտ էին ու անխոհեմ, և Տերը մեկ այլ փորձություն ուղարկեց նրանց, որը վշտացրեց նրանց հոգին և զբաղեցրեց նրանց միտքը: Աստված հաճախ է այսպես վարվում, երբ մարդիկ հոգսեր ու դժվարություններ են ստեղծում իրենց համար: Աշակերտները կարիք չունեին անհանգստանալու: Վտանգն արդեն արագորեն մոտենում էր:ԴՓ 454.1

    Մի կատաղի փոթորիկ ուր որ է պիտի պայթեր նրանց գլխին, իսկ նրանք պատրաստ չէին դրան: Հրաշալի մի օր էր, բայց եղանակն անսպասելիորեն փոխվեց, ու երբ փոթորիկը վրա հասավ, նրանք սաստիկ վախեցան: Նրանք մոռացան իրենց դժգոհությունը, իրենց անհավատությունն ու անհամբերությունը, որովհետև ջանում էին փրկել նավը խորտակումից: Բեթսայիդայից մինչև այն վայրը, որտեղ նրանք հուսով էին հանդիպել Հիսուսին, մի փոքր տարածություն էր ծովի վրայով, և սովորական եղանակի դեպքում նավարկությունը միայն մի քանի ժամ կարող էր տևել, բայց հիմա նրանք ավելի ու ավելի էին հեռու քշվում այն տեղից, որտեղ պետք է ափ իջնեին: Մինչև գիշերվա չորրորդ պահը նրանք աշխատեցին թիակներով, իսկ հետո ուժասպառ անձնատուր եղան արհավիրքին: Փոթորկի և խավարի մեջ ծովը ցույց տվեց նրանց իրենց սեփական անզորությունը, և նրանք սկսեցին փափագել իրենց Տիրոջ ներկայությունը: [381]ԴՓ 454.2

    Հիսուսը չէր մոռացել նրանց: Ափին գտնվող Պահապանը տեսավ փոթորկի դեմ պայքարող այդ սարսափահար մարդկանց: Ոչ մի պահ Նա աչքաթող չէր արել Իր աշակերտներին: Խորին կարեկցանքով Նրա աչքերը հետևում էին փոթորկից տարուբերվող նավին’ իր թանկագին ուղևորներով, որովհետև այդ մարդիկ պետք է աշխարհի լույսը լինեին: Ինչպես մայրն է քնքուշ սիրով հետևում իր երեխային, այնպես էլ Տերն էր գորովանքով հետևում Իր աշակերտներին: Երբ նրանց սրտերը խոնարհվեցին, նրանց անսուրբ փառասիրությունը չքացավ, և հուսահատված’ նրանք սկսեցին օգնություն աղերսել, նրանց տրվեց այդ օգնությունը:ԴՓ 455.1

    Այն պահին, երբ նրանց թվաց, թե արդեն կորած են, կայծակը լուսավորեց ծովի վրայով նրանց մոտեցող մի խորհրդավոր կերպարանք: Բայց նրանք չճանաչեցին, որ դա Հիսուսն է: Նրան, ով իրենց օգնության էր շտապում, թշնամի կարծեցին: Սոսկումը պատեց ամենքին: Նրանց մկանուտ ձեռքերը, որոնք երկաթի պես ամուր կառչել էին թիակներից, թուլացան: Նավը սկսեց ցնցվել’ հանձնըված տարերքի քմահաճույքին: Բոլորի հայացքները գամվեցին ծովի փրփըրադեզ ալիքների վրայով քայլող այդ տեսիլքին:ԴՓ 455.2

    Նրանց թվում էր, թե դա մի ուրվական է’ իրենց կորստ- յան կանխագուշակը, և սարսափի մի ճիչ պոկվեց նրանց շուրթերից: Հիսուսը մոտենում էր այնպես, կարծես պիտի անցներ նրանց կողքով, բայց նրանք ճանաչեցին Նրան և աղաղակելով սկսեցին օգնություն աղերսել: Նրանց սիրելի Տերը շրջվեց, և Նրա ձայնը ցրեց նրանց վախը. «Քա’ջ եղեք. Ես եմ, մի’ վախենաք»:ԴՓ 456.1

    Երբ նրանք վերջապես հավատացին այդ զարմանալի հրաշքին, Պետրոսն ուրախությունից գրեթե կորցրեց իրեն: Հազիվ գիտակցելով պատահածը՝ նա գոչեց. «Տե’ր, եթե Դու ես, հրամայի’ր ինձ, որ ջրերի վրայով Քեզ մոտ գամ: Նա էլ ասեց՝ ե’կ”:ԴՓ 456.2

    Նայելով Հիսուսին՝ Պետրոսն ապահով քայլեց, բայց հենց որ ինքնավըստահ հետ նայեց նավի մեջ գտնվող իր ընկերներին, նրա հայացքը կտրվեց Փրկչից: Կատաղած ոռնում էր քամին, և վայրագ ալիքները բարձրանում են’ գլորվելով նրա և Ուսուցչի միջև, և նա սկսեց վախե- նալ: Մի պահ նա տեսադաշտից կորցրեց Քրիստոսին, և նրա հավատը տեղի տվեց: Նա սկսեց սուզվել: Բայց մինչ ալիքները մահ էին սպառնում, Պետրոսը, մոլեգնած ջրերի միջից իր հայացքն ուղղելով Հիսուսին, բացականչեց. «Տե’ր, փրկի’ր ինձ”: Հիսուսն անմիջապես բռնեց առաջ պարզված ձեռքը՝ ասելով. «Թերահավա’տ, ինչո՞ւ երկմը- տեցիր»: [382]ԴՓ 456.3

    Ձեռք ձեռքի տված, կողք կողքի քայլելով՝ Պետրոսն ու Տերը միասին մտան նավ: Բայց Պետրոսն այժմ խոնարհ էր և լուռ: Նա չուներ ոչ մի առիթ’ հպարտանալու իր ընկերների առջև, քանի որ անհավատության և ինքնավստահության պատճառով քիչ էր մնացել կորցներ իր կյանքը: Երբ նա իր հայացքը շեղեց Հիսուսից, կորցրեց հենարանը և սկսեց սուզվել ալիքների մեջ:ԴՓ 456.4

    Որքա՜ն հաճախ ենք մենք նմանվում Պետրոսին, երբ հայտնվում ենք փորձանքի մեջ: Փոխանակ մեր հայացքը հառենք Փրկչին’ նայում ենք ալիքներին: Մեր ոտքերը սայթաքում են, և հպարտության ջրերը կործանում են մեր հոգին: Հիսուսը չպատվիրեց Պետրոսին գալ Իր մոտ, որպեսզի նա կործանվի: Նա մեզ չի կանչում հետևել Իրեն, որպեսզի հետո լքի մեզ: «Մի’ վախենա,- ասում է Նա,- որովհետև ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թե դու Իմն ես: Երբ որ ջրերից անցնես, Ես քեզ հետ եմ, և եթե գետերովը, նրանք քեզ չեն ողողի, երբ որ գնաս կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ պիտի չվառի: Որովհետև Ես’ Տերս, քո Աստվածն եմ, Իսրայելի Սուրբս քո Փրկիչն եմ» (Եսայիա 43.1-3):ԴՓ 457.1

    Հիսուսը կարդում էր Իր աշակերտների բնավորությունը: Նա գիտեր, թե ինչպիսի ծանր փորձության պիտի ենթարկվեր նրանց հավատը: Ծովի վրա տեղի ունեցած այս միջադեպով Նա կամենում էր ցույց տալ Պետրոսին նրա սեփական թուլությունը, բացահայտել, որ նրա ապահովությունն ամեն ակնթարթ կախված է աստվածային զորությունից: Փորձության փոթորիկների միջով նա կարող էր անվտանգ քայլել միմիայն այն դեպքում, երբ լիովին ուրանալով իր «ես”-ը’ ապավիներ Փրկչին: Պետրոսը թույլ էր հենց այն բանում, ինչում իրեն ուժեղ էր համարել, և մինչև ինքը չտեսներ իր թուլությունը, չէր գիտակցի իր կախվածությունը Քրիստոսից: Եթե նա յուրացներ այն դասը, որ Հիսուսն ուզում էր սովորեցնել նրան ծովի վրա պատահած փոթորկի ժամանակ, նա չէր տրվի այն մեծ փորձությանը, որ հետո եկավ նրա գլխին:ԴՓ 457.2

    Օր օրի Աստված դաստիարակում է Իր զավակներին: Առօրյա կյանքում Նա նախապատրաստում է նրանց, որպեսզի Իր նախախնամությամբ նրանց համար կանխորոշված աշխատանքը կատարեն ավելի լայն ասպարե- զում: Ամենօրյա փորձությունները տանելուց էր կախված նրանց հաղթանակը կամ պարտությունը մեծ նեղության ժամանակ:ԴՓ 457.3

    Նրանք, ովքեր չեն գիտակցում իրենց մշտական կախվածությունը Աստծուց, չեն դիմանա փորձությանը: Հիմա մեզ կարող է թվալ, թե մենք ամուր ենք կանգնած ու երբեք չենք սասանվի: Մենք կարող ենք վստահաբար ասել’ մենք գիտենք, թե ում ենք հավատացել, և ոչ մի բան չի սասանի մեր հավատն Աստծո և Նրա խոսքի նկատմամբ: Բայց սատանան, օգտվելով մեր բնավորության ժառանգական և ձեռքբերովի գծերից, ուզում է կուրացնել մեզ, որպեսզի չտեսնենք մեր կարիքներն ու թերությունները: Մենք կարող ենք ապահով լինել միայն այն դեպքում, երբ գիտակցենք մեր թուլությունը և մեր հայացքը չկտրենք Հիսուսից:ԴՓ 458.1

    Հենց որ Հիսուսը տեղ գրավեց նավի մեջ, քամին դադարեց, «և նավը շուտով հասավ այն երկիրը, ուր որ գնում էին”: Սարսափելի գիշերվան հաջորդեց պայծառ առավոտը: Աշակերտները և բոլոր նրանք, ովքեր նավի վրա էին, խոնարհվեցին Հիսուսի առջև ու երախտապարտ սրտով ասացին. «Ճշմարիտ, դու Աստծո Որդին ես”: [383]ԴՓ 458.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents