Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 61. - Զաքեոսը

    (Ղուկաս 19.1-10)

    ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ճանապարհին «Հիսուսն անցավ Երիքովի միջով»: Քաղաքը գտնվում էր Հորդանանից մի քանի մղոն հեռու, գետափնյա հարթավայրի արևմտյան ծայրամասում’ թաղված արևադարձային սաղարթների հիասքանչ գեղեցկության մեջ: Կենդանի ջրի աղբյուրներով ոռոգվող իր արմավենիներով ու փարթամ այգիներով այն փայլող զմրուխտի էր նման Երուսաղեմի և արմավենիների քաղաքի միջև ընկած կրաքարային բլուրների ու ամայի կիրճերի մեջ:ԴՓ 670.1

    Տոնախմբության գնացող շատ քարավաններ անցնում էին Երիքովի միջով: Դրանց ժամանումը միշտ էլ տոն էր, բայց հիմա ժողովուրդն ինչ-որ տարօրինակ իրարանցման մեջ էր: Հայտնի էր, որ Գալիլեացի այն Ուսուցիչը, ով ընդամենը մի քանի օր առաջ հարություն էր տվել Ղազարոսին, գտնվում էր ամբոխի մեջ, ու թեև շշուկներ կային քահանաների դավադրության մասին, մարդիկ, այնուամենայնիվ, փափագում էին իրենց հարգանքը ցույց տալ Նրան:ԴՓ 670.2

    Երիքովն այն քաղաքներից մեկն էր, որը դեռ հին ժամանակներից ընտրված էր որպես քահանաների բնակավայր, բայց քաղաքի բնակչությունն այժմ միանգամայն տարաբնույթ էր: Դա մի մեծ կենտրոն էր’ ընկած բազմամարդ ճանապարհների հատման կետում, ուստի այստեղ կարելի էր տեսնել հռոմեական պաշտոնյաների ու զինվորների և տարբեր երկրներից եկած օտարականների, իսկ հարկահավաքի պատճառով քաղաքը բազմաթիվ մաքսավորների բնակատեղի էր դարձել: [553]ԴՓ 670.3

    Զաքեոս անունով մի հրեա, որ «մաքսապետ էր», խիստ ատելի էր իր հայրենակիցներին: Նա իր դիրքին ու հարս- տությանը հասել էր մի կոչման շնորհիվ, որը հրեաների համար նողկալի էր և նրանց կողմից գնահատվում էր որպես խարդախության ու թալանչիության խորհրդանիշ: Սակայն այս հարուստ պաշտոնյան այնքան էլ խստասիրտ չէր, ինչպես կարծում էին: Արտաքին նյութապաշտության ու հպարտության տակ թաքնված էր մի սիրտ, որ զգայուն էր աստվածային ազդեցությանը: Զաքեոսը լսել էր Հիսուսի մասին: Այդ Մարդու համբավը, որ հասարակության արհամարհված խավերի հանդեպ այդքան բարի էր ու հարգալից, տարածվել էր ամբողջ շրջակայքում: Այս մաքսապետի սրտում ավելի լավ կյանքի փափագ էր արթնացել: Երիքովից ընդամենը մի քանի մղոն հեռու’ Հորդանանի ափին, քարոզել էր Հովհաննես Մկրտիչը, և Զաքեոսը լսել էր ապաշխարության կոչը: Մաքսավորներին տրված այս ցուցումը’ «Ձեզ հրամայածից ավելի ոչ մի բան մի առեք» (Ղուկաս 3.13), խորապես ազդել էր նրան, թեև արտաքինից դա չէր երևում: Նա գիտեր Գրքերը, և համոզված էր, որ իր գործունեությունը սխալ է: Եվ հիմա, լսելով այն խոսքերը, որոնք, ինչպես իրեն տեղեկացրել էին, հնչել էին Մեծ Ուսուցչի շուրթերից, նա իրեն մեղավոր էր զգում Աստծո առջև: Բայց այն, ինչ նա լսել էր Հիսուսի մասին, հույսի ճրագ էր վառել նրա սրտում: Ապաշխարությունն ու կյանքի վերափոխումը, բանից պարզվում է, հնարավոր են նույնիսկ իր համար, չէ՞ որ այդ նոր Ուսուցչի ամենահավատարիմ աշակերտներից մեկը մաքսավոր էր: Զաքեոսն անմիջապես ենթարկվեց իր խղճի համոզմանը, որ ամբողջովին տիրել էր նրան, և սկսեց հատուցել այն վնասները, որ հասցրել էր մարդկանց:ԴՓ 670.4

    Նա արդեն սկսել էր ուղղել իր սխալները, երբ Երիքովում լուր տարածվեց, որ Հիսուսը գալիս է քաղաք: Զաքեոսը որոշեց տեսնել Նրան: Նա սկսել էր հասկանալ, թե որքան դառն են անօրենության պտուղները, և որքան դժվար է հետո հետ դառնալ անիրավության ճանապարհից: Դժվար էր կրել մարդկանց կասկածներն ու անվստահությունը, նրան ճիշտ չէին հասկանա’ տեսնելով, որ ուզում է ուղղել իր սխալները: Մաքսապետը փափագում էր տեսնել Նրա դեմքը, ում խոսքերը հույս էին վառել իր սրտում:ԴՓ 671.1

    Փողոցները լեփ-լեցուն էին, և Զաքեոսը ոչինչ չէր կարողանում տեսնել մարդկանց գլուխների վրայով, որովհետև կարճահասակ էր: Ոչ ոք չէր ուզում ճամփա տալ նրան, ուստի, առաջ վազելով ժողովրդից, հարուստ մաքսավորը մագլցեց մի թզենու վրա, որի ճյուղերը կախվել էին ճամփի վրա, որտեղից կարող էր պարզ տեսնել թափորը, երբ այն անցներ ծառի կողքով: Ամբոխը մոտենում է, անցնում է կողքով, և Զաքեոսն ուշադիր նայում է, որպեսզի տեսնի Նրա կերպարանքը:ԴՓ 672.1

    Հիսուսը սրտով զգաց մաքսապետի չարտահայտած ցանկությունը, որ վեր էր քահանաների ու վարդապետների դժգոհությունից և ամբոխի ողջույնի բացականչություններից: Հանկարծ, ուղիղ թզենու տակ, ժողովուրդը կանգ է առնում, և քար լռության մեջ Մեկը դեպի վեր է նայում, ում հայացքն ասես կարդում է սիրտը: Գրեթե չհավատալով իր զգայարաններին’ ծառի վրայի մարդը լսում է. «Զաքեոս, շուտ արա իջիր, որովհետև ինձ այսօր պետք է քո տանը կենալ»: [554]ԴՓ 672.2

    Ամբոխը հետ է քաշվում, և Զաքեոսն, ասես երազի մեջ, առաջնորդում է Հյուրին դեպի իր տունը: Բայց վարդապետները, խոժոռ դեմքերով, դժգոհ ու արհամարհանքով տրտնջում են, թե «մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու”:ԴՓ 672.3

    Զաքեոսը զարմացած, ցնցված ու պապանձված էր Քրիստոսի սիրուց և ուշադրությունից, որ պատիվ էր արել այցելելու իրեն’ մի անարժան մարդու: Հիմա սերն ու հավատարմությունը դեպի իր նոր Ուսուցիչը դրդում են նրան խոսելու: Նա հիմա բոլորի առաջ կխոստովանի իր մեղքը և կապաշխարի:ԴՓ 672.4

    Ամբոխի ներկայությամբ «Զաքեոսը կանգնեց և ասեց Տիրոջը. Տեր, ահա իմ ունեցվածքի կեսն աղքատներին կտամ, և եթե մեկին զրպարտությունով զրկել եմ’ չորեքպատիկ կվճարեմ”: [555]ԴՓ 672.5

    «Հիսուսն էլ նրան ասեց, թե Այսօր փրկություն եղավ այս տանը, որովհետև սա էլ Աբրահամի որդին է”:ԴՓ 673.1

    Երբ հարուստ երիտասարդ իշխանը հեռացավ Հիսու- սից, աշակերտները զարմացան իրենց Տիրոջ խոսքերից. «Որքա՞ն դժվար է, որ հարստության վրա հուսացողները Աստծո արքայությունը մտնեն»: Նրանք տարակուսանքով հարցրին իրար. «Հապա ո՞վ կարող է փրկվել”: Հիմա նրանք տեսան, որ Քրիստոսն իրավացի էր’ ասելով. «Այն բաները, որ անկարելի են մարդկանց, հնարավոր են Աստծո համար” (Մարկոս 10.24,26, Ղուկաս 18.27): Նրանք հասկացան, թե ինչպես կարող էր Աստծո շնորհի միջոցով հարուստ երիտասարդը արքայություն մտնել:ԴՓ 673.2

    Մինչև Հիսուսին տեսնելը’ Զաքեոսն արդեն գործով վկայել էր, որ իրոք ապաշխարել է: Մինչև մարդկանցից մեղադրվելը’ նա արդեն խոստովանել էր իր մեղքը: Նա հնազանդվել էր Սուրբ Հոգու ձայնին, և սկսել էր կատարել այն խոսքը, որ գրված էր ինչպես հին Իսրայելի, այնպես էլ մեզ համար: Շատ տարիներ առաջ Տերն ասել էր. «Եթե քո եղբայրը աղքատանա, և նրա ձեռքը քեզ մոտ տկարանա, նրան պիտի օգնես իբրև օտարականի և պանդուխտի, որ քեզ մոտ ապրի: Վաշխ և տոկոս չառնես նրանից”: «Եվ մեկդ մյուսին չճնշեք, այլ դու պիտի վախենաս քո Աստծուց” (Ղևտացոց 25.35-37,17): Այս խոսքերն ասվել էին անձամբ Քրիստոսի կողմից, երբ Նրան շրջապատում էր ամպի սյունը, և Զաքեոսի առաջին իսկ արձագանքը Քրիստոսի սիրուն դրսևորվեց աղքատների ու դժբախտների հանդեպ կարեկցանքի մեջ:ԴՓ 673.3

    Մաքսավորների մեջ համաձայնություն կար, որ, ճնշելով ժողովրդին, կարողանային մեկը մյուսին աջակցել իրենց թալանչիական գործերում: Հարստահարելով մարդկանց’ նրանք սոսկ անում էին այն, ինչ գրեթե համընհանուր սովորություն էր դարձել: Նույնիսկ քահանաներն ու վարդա- պետները, որ ատում էին նրանց, սրբազան կոչման քողի տակ անիրավ ճանապարհներով հարստություն էին դիզում: Բայց հենց որ Զաքեոսը ենթարկվեց Սուրբ Հոգու ազդեցությանը, նա թողեց այն ամենն, ինչ հակասում էր ազնվությանը:ԴՓ 673.4

    Ապաշխարությունը երբեք իսկական չէ, եթե չի վերափոխում կյանքը: Քրիստոսի արդարությունը հանդերձ չէ, որը պետք է ծածկի չխոստովանած ու չթողնված մեղքը, դա կյանքի սկզբունք է, որ վերափոխում է բնավորությունն ու ղեկավարում վարքը: Սրբությունը անվերապահ նվիրվածությունն է Աստծուն, դա սրտի և կյանքի լիակատար հնազանդեցումն է երկնքի սկզբունքներին: [556]ԴՓ 674.1

    Ձեռներեց քրիստոնյան այս աշխարհում պետք է գործի այնպես, ինչպես մեր Տերը կվարվեր նրա փոխարեն: Յուրաքանչյուր գործարքի մեջ նա պիտի ցույց տա, որ Աստված է իր ուսուցիչը: «Սրբություն Աստծուն” խոսքերը պետք է գրված լինեն օրագրերի և մատյանների, ակտերի, ստացականների և մուրհակների վրա: Քրիստոսի այսպես կոչված հետևորդները, որոնք անիրավությամբ են վարվում, սխալ վկայություն են տալիս Աստծո սուրբ, արդար և ողորմած բնավորության մասին: Դարձի եկած յուրաքանչյուր հոգի, Զաքեոսի նման, կազդարարի Քրիստոսի մուտքը իր սրտի մեջ’ թողնելով այն անարդար գործերը, որոնցով նշանավորվել է իր կյանքը: Նա, մաքսապետի պես, իր անկեղծությունը կապացուցի նրանով, որ կհատուցի մարդկանց հասցրած բոլոր վնասները: Տերն ասում է. «Եթե ամբարիշտը գրավը ետ դարձնի, հափշտակածը հատուցի և կյանքի կանոններով գնա’ առանց անօրինություն գործելու, ... այն բոլոր մեղքերը, որ նա գործել էր, պիտի չհիշվեն. Նա, անշուշտ, պիտի ապրի» (Եզեկիել 33.15,16):ԴՓ 674.2

    Եթե մենք վնաս ենք հասցրել ուրիշներին որևէ անազնիվ գործարքի միջոցով, եթե չափն անցել ենք առևտրի մեջ կամ էլ խաբեությամբ թալանել ենք որևէ մեկին’ թեև առերևույթ չխախտելով օրենքը, ապա պետք է խոստովանենք մեր սխալը և, մեր ուժերի ներածի չափով, վերադարձնենք կորզածը: Լավ կլինի, որ մենք վերադարձնենք ոչ միայն վերցվածը, այլ նաև այն շահույթը, որ կարող էր ստացվել, եթե ճիշտ և իմաստուն կերպով օգտագործվեին միջոցներն այն ժամանակվա ընթացքում, որ դրանք մեր տրամադրության տակ են եղել:ԴՓ 674.3

    Զաքեոսին Փրկիչն ասաց. «Այսօր փրկություն եղավ այս տանը”: Ոչ միայն Զաքեոսը, այլև նրա ամբողջ ընտանիքը օրհնվեց նրա հետ միասին: Քրիստոսը նրա տուն եկավ ճշմարտության դասերը տալու և պատմելու տնեցիներին երկնքի արքայության մասին: Արհամարհված վարդապետների և հավատացյալների կողմից’ նրանք զրկված էին ժողովարան հաճախելու իրավունքից: Իսկ հիմա նրանք’ ամենաօրհնյալ ընտանիքը ողջ Երիքովում, հավաքվել էին աստվածային Ուսուցչի շուրջը և լսում էին իրենց ուղղված կյանքի խոսքերը:ԴՓ 675.1

    Փրկությունը գալիս է հոգուն հենց այն ժամանակ, երբ Քրիստոսն ընդունվում է որպես անձնական Փրկիչ: Զա- քեոսը Հիսուսին ընդունեց ոչ թե սոսկ որպես մի ժամանակավոր հյուր իր տանը, այլ որպես Մեկը, որ պետք է բնակվի հոգու տաճարում: Դպիրներն ու փարիսեցիները մեղավոր էին համարում նրան, բայց Տերը նրան ճանաչեց որպես Աբրահամի զավակ: Որովհետև «ովքեր որ հավատից են, նրանք են Աբրահամի որդիները» (Գաղատացիս 3.7): [557]ԴՓ 675.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents