Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 62. - Խնջույք Սիմոնի տանը

    (Մատթեոս 26.6-13, Մարկոս 14.3-11, Ղուկաս 7.36-50, Հովհաննես 11.55-57, 12.1-11)

    ԲԵԹԱՆԻԱՑԻ Սիմոնը Հիսուսի աշակերտներից էր համարվում: Նա այն փոքրաթիվ փարիսեցիներից մեկն էր, ովքեր անկեղծորեն միացել էին Քրիստոսի հետևորդներին: Նա Հիսուսին ճանաչում էր որպես ուսուցիչ, և ենթադրում էր, որ Նա կարող է Մեսիան լինել, բայց դեռ չէր ընդունել Նրան որպես Փրկիչ: Նրա բնավորությունը չէր վերափոխվել, նրա սկզբունքները մնացել էին անփոփոխ:ԴՓ 676.1

    Սիմոնը բուժվել էր բորոտությունից, և հենց դա է, որ նրան ձգել էր դեպի Հիսուսը: Նա ուզում էր իր երախտագիտությունը հայտնել, և մի խնջույք սարքեց Փրկչի ու Նրա աշակերտների պատվին, երբ Նա վերջին անգամ այցելեց Բեթանիա: Այս խնջույքին շատ հրեաներ էին հավաքվել: Երուսաղեմում այդ ժամանակ մեծ խառնաշփոթություն էր տիրում: Քրիստոսն ու Նրա ծառայությունը, ավելի քան երբեք, մեծ ուշադրություն էին գրավում: Խնջույքի եկածները լարված հետևում էին Նրա ամեն մի շարժմանը, և նրանցից ոմանք անբարյացակամ էին տրամադրված:ԴՓ 676.2

    Փրկիչը Բեթանիա էր եկել Զատկից ընդամենը վեց օր առաջ և, Իր սովորության համաձայն, հանգստանում էր Ղազարոսի տանը: Ուխտագնացների խմբերը, որոնք անցնում էին քաղաքի միջով, լուրեր էին տարածել, թե Նա Երուսաղեմի ճանապարհին Շաբաթ օրը պիտի հանգստանա Բեթանիայում: Ժողովուրդը մեծ խանդավառության մեջ էր: Շատերը եկել էին Բեթանիա’ ոմանք Հիսու- սի հանդեպ իրենց սիրուց, մյուսներն էլ պարզապես հետաքրքրությունից դրդված’ ուզում էին տեսնել նրան, ով հարություն էր առել մեռելներից:ԴՓ 676.3

    Շատերն ակնկալում էին Ղազարոսից լսել, թե ինչ է պատահել նրան մահից հետո, և զարմացած էին, որ նա իրենց ոչինչ չպատմեց: Նա ոչինչ չուներ այդ մասին պատմելու: Ոգեշնչված խոսքն ասում է. «Մեռածները ոչինչ չգիտեն... Նրանց սերն էլ, նրանց ատելությունն էլ, նրանց նախանձն էլ վաղուց է փչացել» (Ժողովող 9.5,6): Բայց Ղազարոսը մի հրաշալի վկայություն ուներ տալու Քրիստոսի զորության մասին: Հենց դրա համար էր նա հարություն առել մեռել- ներից: Նա հաստատ և վճռականորեն հայտարարեց, որ Հիսուսն Աստծո Որդին է: [558]ԴՓ 677.1

    Լուրերը, որ Երուսաղեմ էին հասել Բեթանիա եկած ճամփորդների միջոցով, մեծ խանդավառություն էին առաջացրել: Ժողովուրդն անհամբեր սպասում էր տեսնելու և լսելու Հիսուսին: Բոլորին հետաքրքրում էր, թե Ղազարոսը կգա՞ Նրա հետ Երուսաղեմ, և Զատկի ժամանակ թագավոր կհռչակե՞ն այդ մարգարեին: Քահանաներն ու իշխանները տեսան, որ իրենց ազդեցությունը ժողովրդի վրա գնալով ավելի է թուլանում, և նրանց ատելությունն ավելի սաստկացավ Հիսուսի դեմ: Նրանք անհամբեր սպասում էին, թե երբ իրենց հնարավորություն կընձեռվի ընդմիշտ հեռացնել Նրան իրենց ճանապարհից: Ժամանակն անցնում էր, և նըրանք սկսեցին վախենալ, որ Հիսուսը կարող է չհայտնվել Երուսաղեմում: Նրանք հիշեցին, թե քանի անգամ էր Նա ձախողել սպանության իրենց ծրագրերը, և վախենում էին, որ Նա այս անգամ էլ կռահել էր իրենց մտադրությունը, դրա համար էլ չէր գա Երուսաղեմ: Դժվարությամբ թաքցնելով իրենց անհանգստությունը’ նրանք հարցնում էին իրար. «Ինչպե՞ս է թվում ձեզ, մի՞թե այս տոնին չի գա”:ԴՓ 677.2

    Քահանաներն ու փարիսեցիները խորհուրդ հրավիրե- ցին: Ղազարոսի հարությունից հետո ժողովրդի համակրանքն այնքան ուժեղ էր Քրիստոսի հանդեպ, որ վտանգավոր կլիներ Նրան հայտնապես բռնել: Ուստի առաջնորդները վճռեցին գաղտնի բռնել Նրան և, հնարավորին չափ անաղմուկ, տանել դատարան: Նրանք հուսով էին, որ երբ հայտնի դառնա Նրա դատապարտումը, հասարակության անկայուն կարծիքը կփոխվի իրենց օգտին:ԴՓ 677.3

    Այդպես նրանք որոշեցին կորստյան մատնել Հիսուսին: Բայց քահանաներն ու վարդապետները գիտեին, որ քանի դեռ Ղազարոսը կենդանի է, իրենք չեն կարող ապահով լինել: Այդ մարդու միայն գոյությունը, որ չորս օր մնացել էր գերեզմանում, իսկ հետո վերակենդանացել Հիսուսի խոսքով, վաղ թե ուշ իրեն զգացնել էր տալու: Ժողովուրդը վրեժ կառներ իր առաջնորդներից Նրա սպանության համար, ով կարողացել էր նման հրաշք գործել: Ուստի ատյանը որոշեց, որ Ղազարոսը նույնպես պետք է մեռնի: Ահա թե ինչի են հասցնում իրենց գերիներին նախանձն ու նախապաշարմունքը: Հրեա առաջնորդների ատելությունն ու անհավատությունն այն աստիճանի էին հասել, որ նրանք պատրաստ էին վերջ տալու նույնիսկ նրան, ում Անսահման Զորությունը փրկել էր գերեզմանից: [559]ԴՓ 678.1

    Այն ժամանակ, երբ Երուսաղեմում ծրագրում էին այս դավերը, Հիսուսն Իր աշակերտների հետ հրավիրված էր Սիմոնի խնջույքին: Սեղանի շուրջը Հիսուսի կողքին նստած էր մի կողմից Սիմոնը, ում Նա բժշկել էր սոսկալի հիվանդությունից, մյուս կողմից’ Ղազարոսը, ում Նա հարություն էր տվել մեռելներից: Մարթան ծառայում էր հյուրերին, իսկ Մարիամն ուշադիր որսում էր Հիսուսի յուրաքանչյուր խոսքը: Հիսուսն Իր ողորմությամբ ներել էր նրա մեղքերը, դուրս էր կանչել գերեզմանից նրա սիրելի եղբորը, և Մարիամի սիրտը լցված էր երախտագիտութ- յամբ: Նա լսել էր Հիսուսի խոսքերն Իր մոտալուտ մահվան մասին, և խոր սիրո ու վշտի մեջ փափագում էր իր հարգանքը ցույց տալ Նրան: Մեծ գումար զոհելով իր անձնական միջոցներից’ նա «մի շիշ ազնիվ թանկագին նարդոսի յուղ» էր գնել, որպեսզի օծի Նրա մարմինը: Բայց հիմա շատերն ասում էին, թե Նա շուտով թագավոր կհռչակվի: Նրա վիշտը փոխվել էր ուրախության, և Նա անկեղծորեն ուզում էր առաջինը պատիվ տալ իր Տիրոջը: Կոտրելով շիշը’ նա յուղը լցրեց Հիսուսի գլխին ու ոտներին, հետո արցունքոտ աչքերով ծնկի եկավ, և իր երկար, արձակած մազերով սկսեց սրբել Նրա ոտքերը:ԴՓ 678.2

    Նա ձգտում էր ուշադրություն չգրավել, և նրա վարքը կարող էր աննկատելի մնալ, սակայն յուղն իր անուշահոտությամբ լցրեց ողջ սենյակը, և բոլոր ներկաներին հայտնի դարձավ նրա արարքը: Հուդան մեծ դժգոհութ- յամբ նայեց այս ամենին: Սպասելու փոխարեն, թե ինչ կասեր Քրիստոսն այդ կնոջ արարքի մասին, նա սկսեց իր կողքիններին շշնջալ իր վրդովմունքը’ կշտամբելով Հի- սուսին, որ թույլ տվեց այդ մեծ կորուստը: Խորամանկ ակնարկներով նա գրգռեց ներկաների դժգոհությունը:ԴՓ 679.1

    Հուդան աշակերտների գանձապահն էր, և նրանց աղքատիկ միջոցների մի մասը նա յուրացնում էր’ պակասեցնելով սնվելու համար նախատեսված առանց այն էլ խղճուկ գումարը: Նա հաճույքով իր պայուսակն էր խցկում այն ամենն, ինչ ձեռքը կընկներ: Հավաքված գումարը հաճախ օգտագործվում էր աղքատներին օգնելու նպատակով, ու երբ ինչ-որ բան էր գնվում, որը, Հուդայի կարծիքով, պիտանի չէր, նա հաճախ ասում էր. «Ինչո՞ւ համար է այդ կորուստը: Ավելի լավ չէ՞ր այդ գումարը գցել պայուսակը, որ ես կրում եմ աղքատների համար»: Եվ հիմա Մարիամի արարքը այնպես բացահայտեց նրա եսասիրությունը, որ նա ամոթով մնաց և, ինչպես սովորաբար անում էր նման դեպքերում, սկսեց արդարացնել իր դժգոհությունը: Դիմելով աշակերտներին’ նա հարցրեց. «Ինչո՞ւ համար այդ յուղը երեք հարյուր դինարի չծախվեց ու աղքատներին չտրվեց: Բայց սա ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների մասին էր հոգում, այլ որ գող էր, և քսակն ուներ, և ընկածը պահում էր”: Հուդան չէր խղճում աղքատներին: Եթե Մարիամի յուղը ծախվեր, և գումարը գցվեր քսակը, աղքատները ոչ մի օգուտ չէին ստանա դրանից:ԴՓ 679.2

    Հուդան բարձր կարծիք ուներ իր գործարար ունակութ- յունների մասին: Որպես գանձապահ’ նա իրեն գերազանց էր համարում մյուս աշակերտներից, և դրդել էր նրանց նույն կարծիքը կազմել իր մասին: Շահելով նրանց վստահությունը’ նա մեծ ազդեցություն ուներ աշակերտների վրա: Աղքատների մասին նրա շինծու հոգատարությունը խաբել էր նրանց, և նրա խորամանկ ակնարկները դրդեցին նրանց կասկածանքով նայելու Մարիամի նվիրվածությանը: Սեղանի շուրջ նստածները սկսեցին տրտնջալ. «Ինչո՞ւ եղավ այդ կորուստը: Որովհետև կարելի էր այդ յուղը մեծ գնով ծախել և աղքատներին տալ”: [560]ԴՓ 679.3

    Մարիամը լսեց դժգոհության խոսքերը, և նրա սիրտը սկսեց դողալ: Նա վախեցավ, որ իր քույրը կնախատեր իրեն շռայլության համար, և Տերն էլ կարող էր իրեն անշրջահայաց համարել: Նա արդեն պատրաստ էր հեռանալ’ առանց արդարանալու և ներողություն խնդրելու, երբ հանկարծ լսվեց Փրկչի ձայնը. «Թույլ տվեք նրան, ինչո՞ւ եք նեղություն տալիս կնոջը”: Նա տեսավ, որ Մարիամը շփոթված ու վշտացած էր: Նա գիտեր, որ կինն ուզում էր դրանով իր երախտագիտությունը հայտնել իր մեղքերի թողության համար, և հանգստացրեց նրա սիրտը: Խլացնելով բողոքի տրտունջները’ Նա ասաց. «Այդ կինը մի բարի բան գործեց ինձ վրա: Որովհետև ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունեք, և երբ որ կամենաք, կարող եք նրանց բարի բանել, բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չունեք: Նա արեց այն, ինչ կարող էր. առաջուց Իմ մարմինն օծեց թաղման համար»:ԴՓ 680.1

    Անուշահոտ յուղը, որով Մարիամը որոշել էր օծել Փրկչի մեռած մարմինը, նա թափեց Նրա կենդանի մարմնի վրա: Թաղման ժամանակ դրա քաղցրությունը կլցներ միայն գերեզմանը, իսկ հիմա այն’ կնոջ հավատի ու սիրո հավաստիքը, ուրախությամբ լցրեց Նրա սիրտը: Արիմաթեա- ցի Հովսեփն ու Նիկոդեմոսը իրենց սիրո ընծան չմատուցեցին Հիսուսին Նրա կենդանության օրոք: Դառն արցունքներով նրանք բերեցին իրենց թանկարժեք խունկերը Նրա ցուրտ, անշունչ մարմնի համար: Կանայք, որ գերեզման էին բերել յուղերը, գտան, որ իրենց ջանքերն իզուր են եղել, որովհետև Նա հարություն էր առել: Իսկ Մարիամն, իր սերը հայտնելով Փրկչին, երբ Նա կարող էր գնահատել կնոջ հավատարմությունը, օծում էր Նրան թաղման համար: Ու երբ եկավ Նրա մեծ փորձության գիշերը, Նա Իր մեջ կրեց այդ արարքի հիշատակը որպես գրավական այն սիրո, որ պիտի տածեին Նրա հանդեպ փրկվածները հավիտենական դարերի ընթացքում:ԴՓ 680.2

    Կան շատերը, ովքեր թանկարժեք ընծաներ են բերում մեռածներին: Կանգնելով սառը, անկենդան մարմնի մոտ’ նրանք սիրո խոսքեր են ասում: Քնքշություն, երախտագիտություն և նվիրվածություն’ այս ամենը շռայլում են նրա առաջ, ով արդեն ոչ տեսնում է, ոչ էլ’ լսում: Որքա՜ն թանկ կարող էր լինել այդ խոսքերի անուշահոտությունը, եթե դրանք ասվեին այն ժամանակ, երբ տանջված հոգին այնքան շատ էր զգում դրանց կարիքը, երբ ականջը կարող էր լսել և սիրտը’ զգալ:ԴՓ 681.1

    Մարիամը չէր գիտակցում իր սիրո արարքի ամբողջ նշանակությունը: Նա չկարողացավ պատասխանել իրեն մեղադրողներին, չկարողացավ բացատրել, թե ինչու հենց այդ պահն ընտրեց Հիսուսին օծելու համար: Սուրբ Հոգին էր դրդել նրան այդ քայլին, և նա հնազանդվել էր Նրա թե- լադրանքին: Ոգեշնչումը հիմնավորման կարիք չունի: Որպես անտեսանելի մի ներկայություն’ այն խոսում է մտքի և հոգու հետ’ դրդելով մարդուն գործողության: Այն հենց ինքն է իրեն հիմնավորում: [561]ԴՓ 681.2

    Քրիստոսը Մարիամին հայտնեց նրա գործողության իմաստը, և դրանով կնոջը հատուցեց ավելին, քան ստացել էր: «Այդ յուղն իմ մարմնի վրա թափելով,- ասաց Նա,- կինն իմ թաղման համար արավ”: Ինչպես նարդոսի շիշը կոտրվեց’ անուշահոտությամբ լցնելով ամբողջ տունը, այնպես էլ Քրիստոսը պիտի մեռներ, Նրա մարմինը պիտի կոտրվեր, սակայն Նա պիտի հառներ գերեզմանից, և Նրա կյանքի անուշահոտությունը պետք է լցներ ողջ երկիրը: Քրիստոսը «մեզ սիրեց, և իր անձը մեզ համար մատնեց’ որպես անուշահոտ զոհ և պատարագ Աստծուն” (Եփեսա- ցիս 5.2):ԴՓ 681.3

    «Ճշմարիտ եմ ասում ձեզ,- ասաց Հիսուսը,- որտեղ էլ որ այս ավետարանը քարոզվի ամբողջ աշխարհում, սա էլ, որ այս կինն արեց, կխոսվի նրա հիշատակի համար”: Նայելով դեպի ապագան’ Հիսուսը վստահորեն ասաց, որ Իր ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում: Եվ քանի դեռ տարածվելու էր բարի լուրը, Մարիամի ընծան պիտի սփռեր իր անուշահոտությունը, և մարդկանց սրտերը կօրհնվեին նրա այդ անբռնազբոս արարքով: Թագավորություններ կկանգնեն և կտապալվեն, միա- պետների և նվաճողների անունները կմոռացվեն, իսկ այս կնոջ արարքը կհավերժացվի սրբազան պատմության էջերում: Մինչև ժամանակի վերջը նարդոսի կոտրված շիշը պատմելու է անկյալ ցեղի հանդեպ Աստծո անհուն սիրո մասին:ԴՓ 682.1

    Մարիամի արարքը խիստ տարբերվում էր նրանից, ինչ Հուդան էր պատրաստվում անել: Ի՜նչ սուր խրատ կարող էր Քրիստոսը տալ նրան, ով քննադատության ու չարակամության սերմեր էր ցանում աշակերտների սրտերում: Որքա՜ն արդարացիորեն կարող էր մեղադրել այդ չարա- խոսին: Նա, ով կարդում է ամեն մի սրտի մղումներն ու հասկանում է յուրաքանչյուր գործողություն, կարող էր խնջույքի բոլոր մասնակիցների ներկայությամբ բացել Հուդայի կյանքի մութ էջերը: Մատնիչի վարպետորեն քողարկված կեղծավորությունը կարող էր մերկացվել, որովհետև, աղքատներին կարեկցելու փոխարեն, նա գողանում էր այն փողերը, որոնք նախատեսված էին նրանց կարիքները հոգալու համար: Նա կարող էր վրդովմունք առաջացնել Հուդայի դեմ, քանի որ նա կողոպտում էր որբ- ևայրուն, որբին ու վարձկանին: Բայց եթե Քրիստոսը մերկացներ Հուդային, դա կարող էր որպես դավաճանության պատճառ ներկայացվել: Ու թեև մեղադրված որպես գող’ նա կարող էր իր հանդեպ կարեկցանք արթնացնել նույնիսկ աշակերտների մեջ: Փրկիչը չհանդիմանեց նրան և, այդպիսով, սողանցք չթողեց նրան ինչ-որ կերպ արդարացնելու իր մատնությունը:ԴՓ 682.2

    Բայց այն հայացքը, որ Հիսուսը գցեց Հուդայի վրա, համոզեց նրան, որ Փրկիչը կարդում է նրա կեղծավորությունը, նրա նենգ, արհամարհանքի արժանի բնավորությունը: Եվ, հավանություն տալով Մարիամի արարքին, որն այնքան խստորեն դատապարտվել էր, Քրիստոսը հանդի- մանեց Հուդային: Մինչև այս դեպքը Փրկիչը երբեք բացեի- բաց չէր կշտամբել նրան: Հիմա այդ նախատինքը կրծում էր նրա սիրտը, և նա որոշեց վրեժ առնել: Դուրս գալով ընթրիքից’ նա գնաց ուղիղ քահանայապետի պալատը, որտեղ խորհուրդն էր հավաքված, և առաջարկեց նրանց ձեռքը մատնել Հիսուսին: [564]ԴՓ 683.1

    Քահանայապետերն անչափ ուրախացան: Իսրայելի այս առաջնորդներն առավելություն ունեին առանց որևէ ծախսի կամ փողի ընդունելու Քրիստոսին որպես իրենց Փրկիչը: Սակայն նրանք մերժեցին այն թանկարժեք պարգևը, որն ամենասիրալիր կերպով առաջարկվեց նրանց: Նրանք հրաժարվեցին ընդունել այն փրկությունը, որ ոսկուց ավելի թանկ էր, և գնեցին իրենց Տիրոջը երեսուն կտոր արծաթով:ԴՓ 683.2

    Հուդան այն աստիճան տրվեց ագահությանը, մինչև որ այն բարության նշույլ անգամ չթողեց նրա սրտում: Նա ափսոսաց այն ընծան, որ մատուցվեց Հիսուսին: Նախանձը այրեց նրա սիրտը, որ Փրկիչն արժանացավ երկրի թագավորներին վայել պարգևի: Անհամեմատ ավելի ցածր գնով, քան նարդոսի շիշն արժեր, նա դավաճանեց իր Տի- րոջը:ԴՓ 683.3

    Աշակերտները նման չէին Հուդային: Նրանք սիրում էին Փրկչին, սակայն ճիշտ պատկերացում չունեին Նրա վսեմ էության մասին: Եթե նրանք գիտակցեին, թե ինչ էր Նա արել իրենց համար, երբեք կորուստ չէին համարի Նրան մատուցված թանկարժեք ընծան: Արևելքից եկած իմաստունները, ովքեր այնքան քիչ բան գիտեին Հիսուսի մասին, ավելի լավ էին հասկանում, թե ինչ մեծ պատվի է Նա արժանի: Նրանք թանկարժեք ընծաներ բերեցին Փրկչին և ակնածանքով խոնարհվեցին Նրա առջև, երբ Նա տակավին մանկիկ էր’ մսուրի մեջ բարուրված:ԴՓ 683.4

    Քրիստոսը գնահատում է հարգանքի անկեղծ դրսևորումները: Նա երկնային քաղաքավարությամբ էր օրհնում նրան, ով ծառայություն էր մատուցում Իրեն: Նա չէր հրաժարվում ընդունել երեխայի ձեռքով քաղված և սիրով Իրեն առաջարկված ամենահասարակ ծաղիկն անգամ: Նա սիրով էր ընդունում երեխաների ընծաները, և օրհնում էր տվողներին’ գրելով նրանց անունները կյանքի գրքում: Սուրբ Գրքում Հիսուսին օծելու Մարիամի արարքը նշված է նրան մյուս Մարիամներից տարբերելու համար: Սիրո գործերն ու հարգանքը Հիսուսի նկատմամբ վկայում են հավատի մասին Նրա հանդեպ’ որպես Աստծո Որդու: Եվ Սուրբ Հոգին նշում է, որ կնոջ հավատարմությունը Քրիստոսի հանդեպ այն է, «եթե նա լվացել է սուրբերի ոտները, նեղացածներին ձեռնտու է եղել և հետևել ամեն բարի գործերին» (Ա Տիմոթեոս 5.10):ԴՓ 684.1

    Քրիստոսին ուրախացնում էր իր Տիրոջ կամքը կատարելու Մարիամի անկեղծ ցանկությունը: Նա ընդունեց այն ջինջ սիրո հարստությունը, որ Նրա աշակերտները չհասկացան և չէին էլ ուզում հասկանալ: Իր Տիրոջը ծառայելու Մարիամի այդ փափագն ավելի թանկ էր Քրիստոսի համար, քան երկրի բոլոր գանձերը, որովհետև այն ցույց էր տալիս, որ կինը Նրան ընդունում է որպես աշխարհի Փր- կիչ: Քրիստոսի սերն էր փշրել նրա սիրտը: Փրկչի վեհանձն բնավորության գերազանցությունը գերել էր նրա հոգին: Այդ յուղը կնոջ սրտի խորհրդանիշն էր, այն սիրո արտացոլումը, որ բխել էր երկնային աղբյուրներից, մինչև որ առատորեն դուրս հորդեց: [565]ԴՓ 684.2

    Մարիամի արարքը հենց այն դասն էր, որի կարիքն ունեին աշակերտները: Դա ցույց տվեց նրանց, թե իրենց սիրո ինչպիսի ծառայությունն էր հաճելի Քրիստոսին: Նա ամեն ինչ էր նրանց համար, և նրանք չէին գիտակցում, որ շուտով զրկվելու էին Նրա ներկայությունից և այլևս չէին կարողանա երախտահատույց լինել Նրան Իր մեծ սիրո համար: Քրիստոսի միայնությունը, որ լքել էր երկնային պալատներն ու իջել ապրելու մարդկային կյանքով, երբեք, ինչպես հարկն է, չէր գնահատվել կամ հասկացվել աշակերտների կողմից: Նրան հաճախ վշտացնում էր, որ Իր աշակերտները արժանին չէին մատուցում Իրեն: Նա գիտեր, որ եթե նրանք էլ գտնվեին Իրեն ուղեկցող երկնային հրեշտակների ազդեցության տակ, ոչ մի զոհ չափազանց թանկ չէին գնահատի իրենց սրտի երախտագիտությունն արտահայտելու համար:ԴՓ 685.1

    Միայն հետո’ շատ ավելի ուշ, նրանք հասկացան, թե որքան շատ բան կարող էին անել Հիսուսի համար’ արտահայտելով իրենց սրտի շնորհակալությունն ու սերը, քանի դեռ Նա իրենց կողքին էր: Երբ Հիսուսն այլևս նրանց հետ չէր, և նրանք իրոք նման էին ոչխարների, որոնք հովիվ չունեն, այդ ժամանակ միայն սկսեցին հասկանալ, թե իրենց անուշադրությամբ ինչքան են վիշտ պատճա- ռել Նրան: Նրանք մեղադրում էին ոչ թե Մարիամին, այլ իրենց: Օ՜, եթե միայն կարողանային ետ վերցնել կշտամբանքի այն խոսքերը, թե իբր աղքատներն ավելի արժանի էին պարգևի, քան Քրիստոսը: Նրանք սուր հանդիմանություն զգացին’ խաչի վրայից իջեցնելով իրենց Տիրոջ խոշտանգված մարմինը:ԴՓ 685.2

    Այդ նույն կարիքն ակնհայտ է նաև մեր օրերում: Սակայն քչերն են հասկանում, թե ով է Քրիստոսն իրենց հա- մար: Եթե հասկանային, ապա կդրսևորվեր Մարիամի մեծ սերը, և ավելի մեծ զոհեր կմատուցվեին: Թանկարժեք յուղը կորուստ չէր համարվի: Ոչինչ չափազանց թանկ չէր գնահատվի Քրիստոսին տալու համար, ինքնուրացութ- յունը կամ անձնազոհությունը այնքան մեծ չէին թվա, որ անկարելի լիներ դրանք կրել հանուն Նրա:ԴՓ 685.3

    Նախատինքի այս խոսքերը’ «Ինչի՞ համար է այդ կորուստը», Քրիստոսի առջև պարզորոշ պատկերեցին մեծագույն զոհաբերությունը, որ երբևէ մատուցվել է’ Իր անձի զոհը կորուսյալ աշխարհի փրկության համար: Տերն այնքան առատաձեռն կլինի Իր մարդկային ընտանիքի հանդեպ, որ ոչ ոք չի կարող ասել, թե Նա կարող էր ավելին անել: Պարգևելով Հիսուսին’ Աստված տվեց ողջ երկինքը: Մարդկային տեսակետից այդ զոհաբերությունը անիմաստ կորուստ էր: Դատելով մարդկայնորեն’ փրկության ամբողջ ծրագիրը միջոցների և պարգևների կորուստ է: Մենք ամենուրեք տեսնում ենք ինքնուրացության և անմնացորդ նվիրվածության հետքեր: Երկնային զորքն իրավացիորեն կարող է զարմանալ’ տեսնելով, թե ինչպես է մարդկային ընտանիքը հրաժարվում վեհանալ և հարըս- տանալ Քրիստոսի դրսևորած անհուն սիրով: Նրանք, որ իրոք կարող էին բացականչել. «Ինչի՞ համար է այդ կորուստը”: [566]ԴՓ 686.1

    Բայց կորուսյալ աշխարհի փրկագնումը պետք է լիակատար, վերջնական և կատարյալ լիներ: Քրիստոսի զոհն այնքան գերազանց էր, որ կարող էր թափանցել Աստծո ստեղծած յուրաքանչյուր հոգու խորքը: Այն չէր կարող սահմանափակվել այնպես, որ մարդկության ինչ որ մասը չկարողանար ընդունել մեծ Պարգևը: Բոլոր մարդիկ չէ, որ կփրկվեն, սակայն փրկության ծրագիրը չի կարելի կորուստ համարել միայն այն պատճառով, որ արդյունքը չի լինի այն, ինչ որ նախատեսված է դրանով: Այն պետք է բավարար լինի, և դեռ ավելին:ԴՓ 686.2

    Հուդայի դժգոհությունը Մարիամի բերած ընծայի առիթով կիսում էր նաև տանտեր Սիմոնը: Նա զարմացած էր Հիսուսի վերաբերմունքից, որ վիրավորել էր նրա փարիսեցիական հպարտությունը: Նա գիտեր, որ իր հյուրերից շատերն անվստահությամբ ու տհաճությամբ էին նայում Հիսուսին, և իր մտքում ասաց. «Եթե այս մարդը մարգարե լիներ, ապա կիմանար, թե ով կամ ինչպիսի կին է նա, որ Իրեն մոտենում է, որովհետև մեղավոր է”:ԴՓ 686.3

    Բորոտությունից բժշկելով Սիմոնին’ Քրիստոսը փրկել էր նրան անխուսափելի մահից: Բայց Սիմոնն այժմ կասկածում էր, որ Փրկիչն իրոք մարգարե է: Միայն այն պատճառով, որ Քրիստոսը թույլ էր տվել այս կնոջը մոտենալու Իրեն, որ արհամարհանքով չէր մերժել նրան ինչպես մեկին, որի մեղքերը չափազանց մեծ էին ներելու համար, որ ցույց չէր տվել, թե ծանոթ է նրա կյանքին, Սիմոնը գայթակղվել էր մտածելու, թե Նա մարգարե չէ: Հիսուսը ոչինչ չգիտի այս կնոջ մասին, ով այդպես ազատորեն ցուցադրում է իր զգացմունքները, մտածում էր նա, այլապես Նա թույլ չէր տա նրան դիպչելու Իրեն:ԴՓ 687.1

    Բայց Աստծո և Քրիստոսի մասին Սիմոնի տգիտությունն էր, որ դրդեց նրան այդպես մտածելու: Նա չէր հասկանում, որ Աստծո Որդին Աստծո պես պիտի վարվի’ կարեկցանքով, քնքշությամբ և գթությամբ: Սիմոնը կարծում էր, թե պետք չէր ուշադրություն դարձնել Մարիամի ապաշխարության այդ դրսևորման վրա: Քրիստոսի ոտքերը համբուրելու և դրանք յուղով օծելու կնոջ արարքը զայրացրեց նրան: Նա մտածեց, որ եթե Քրիստոսը մարգարե լիներ, ապա կճանաչեր մեղավորներին և կնախատեր նրանց:ԴՓ 687.2

    Այս չարտահայտված մտքին Փրկիչը պատասխանեց. «Սիմոն, մի բան ունեմ քեզ ասելու: ... Մի փոխ տվող երկու պարտապան ուներ, մեկը հինգ հարյուր դահեկան էր պարտք, մյուսը’ հիսուն: Եվ երբ որ նրանք բան չունեին վճարելու, երկուսին էլ ներեց: Հիմա նրանցից ո՞րն ավելի շատ կսիրի նրան, ասիր: Սիմոնն էլ պատասխանեց և ասեց. Ինձ թվում է’ թե նա, որին շատ շնորհեց: Նա էլ ասեց նրան. Ճիշտ դատեցիր»:ԴՓ 687.3

    Ինչպես Նաթանը մերկացրեց Դավթին, այնպես էլ Քրիստոսն Իր հանդիմանությունն արեց առակի միջոցով: Նա այնպես արեց, որ տանտերն ինքը մեղադրի իրեն: Սիմոնն ինքն էր մեղքի դրդել այս կնոջը, ում հիմա արհամարհում էր: Նա խիստ անարդար էր վարվել այդ կնոջ հետ: Առակում երկու պարտապանները խորհրդանշում էին Սիմոնին ու Մարիամին: Հիսուսը մտադիր չէր սովորեցնել, որ երկու անձնավորությունները տարբեր աստիճանի պատասխանատվություն պիտի զգային, քանի որ երկուսն էլ ի վիճակի չէին վճարելու պարտքը: Բայց Սիմոնն իրեն Մարիամից ավելի արդար էր համարում, և Հիսուսն ուզում էր, որ նա տեսնի, թե իրականում որքան մեծ էր իր հանցանքը: Նա ուզում էր ցույց տալ Սիմոնին, որ նրա մեղքը այնքան ավելի ծանր էր կնոջ մեղքից, որքան հինգ հարյուր դահեկանը գերազանցում էր հիսունին: [567]ԴՓ 687.4

    Հիմա Սիմոնն իրեն սկսեց տեսնել նոր լույսի տակ: Նա հասկացավ, թե ինչու այս մարդը, որ ավելին էր, քան պարզապես մի մարգարե, այդպես վերաբերվեց Մարիա- մի հետ: Նա գլխի ընկավ, որ մարգարեական սրատեսությամբ Քրիստոսը կարդաց կնոջ սիրող ու նվիրված սիրտը: Ամոթը պատեց նրան, և նա գիտակցեց, որ գտնվում է իրենից ավելի գերազանց Մեկի ներկայությամբ:ԴՓ 688.1

    «Ես քո տունը մտա,- շարունակեց Քրիստոսը,- դու իմ ոտներին ջուր չտվիր”, իսկ Մարիամը’ սիրուց դրդված, ապաշխարության արցունքներով լվաց իմ ոտքերը և իր մազերով սրբեց դրանք: «Դու ինձ համբույր չտվիր, իսկ այս կինը”, ում դու արհամարհում ես, «սկսած այն պահից, որ մտա այստեղ, չի դադարում ոտներս համբուրել»: Քրիստոսը թվեց այն հնարավորությունները, որ Սիմոնն ունեցել էր իր սերը Տիրոջը հայտնելու համար և գնահատելու այն ամենն, ինչ արվել էր հանուն իրեն: Միանգամայն պարզ, սակայն չափազանց նուրբ ու քաղաքավարի կերպով Փրկիչը զգացնել տվեց Իր աշակերտներին, որ խիստ վշտանում է, երբ Իր զավակները թերանում են սիրո խոսքերով ու գործերով իրենց երախտագիտությունը հայտնել Իրեն:ԴՓ 688.2

    Սրտեր Քննողը կարդաց, թե ինչն էր դրդել Մարիամին’ կատարելու այդ քայլը, և տեսավ նաև, թե ով ներշնչեց Սիմոնին այդ մտքերը: «Տեսնո՞ւմ ես այս կնոջը», ասաց նրան: Նա մեղավոր է: «Ասում եմ քեզ, նրա շատ մեղքերն իրեն թողնված կլինեն, որովհետև շատ սիրեց, բայց ում քիչ կթողնվի, նա քիչ կսիրի”:ԴՓ 689.1

    Փրկչի հանդեպ Սիմոնի սառնությունն ու արհամարհանքը ցույց տվեց, թե որքան քիչ է նա գնահատում իրեն տրված շնորհը: Նրան թվում էր, թե պատիվ է անում Հի- սուսին’ հրավիրելով Նրան իր տունը: Բայց հիմա նա հասկացավ, թե ով է ինքը իրականում: Մինչ նա ենթադրում էր, թե կարդում է Հյուրի սիրտը, Հյուրն Ինքն էր կարդում նրա սիրտը: Նա տեսավ, թե որքան ճիշտ էր Քրիստոսը դատում իր մասին: Նրա կրոնը զուտ փարիսեցիության քող էր: Նա արհամարհել էր Քրիստոսի կարեկցանքը: Նա չէր ընդունել Նրան որպես Աստծո ներկայացուցիչ: Մարիամի մեղքերը ներված էին, իսկ նրանը’ ոչ: Արդարադատության այն խիստ սկզբունքը, որ նա ուզում էր կիրառել կնոջ նկատմամբ, շրջվեց հենց իր դեմ:ԴՓ 689.2

    Սիմոնն ազդվեց Հիսուսի բարությունից, որ հյուրերի ներկայությամբ բացահայտ չհանդիմանեց իրեն: Նրա հետ չվարվեցին այնպես, ինչպես նա ուզում էր, որ Մարիամի հետ վարվեին: Նա տեսավ, որ Հիսուսը չէր կամենում նրա մեղքերը հայտնի դարձնել ուրիշներին, այլ ձգտում էր, ներկայացնելով գործերի ճշմարիտ իրավիճակը, համոզել նրան և նուրբ կարեկցանքով հնազանդեցնել նրա սիրտը: Սուր հանդիմանությունը կխստացներ Սիմոնի սիրտը, և նա չէր ապաշխարի, սակայն հանգիստ նկատողությունը ստիպեց նրան ընդունել իր սխալը: Նա տեսավ, թե որքան մեծ է իր պարտքը Տիրոջ հանդեպ: Նրա հպարտությունը խոնարհվեց, նա զղջաց, և գոռոզ փարիսեցին դարձավ հեզ, անձնազոհ աշակերտ: [568]ԴՓ 689.3

    Մարիամը մեծ մեղսագործ էր համարվում, բայց Քրիստոսը գիտեր այն հանգամանքները, որոնք ձևավորել էին նրա կյանքը: Նա կարող էր հանգցնել հույսի կայծը նրա հոգում, սակայն չարեց այդ: Նա բարձրացրեց կնոջը հուսահատության ու կործանման անդունդից: Յոթ անգամ կինը լսել էր, թե ինչպես է Նա դուրս վռնդում դևերին, որոնք իշխում էին նրա սրտին ու մտքին: Նա լսել էր, թե ինչպես է Փրկիչը նրա համար աղաղակում Իր Հորը: Նա գիտեր, թե որքան վիրավորական է մեղքը Նրա անբիծ մաքրությանը, և Նրա զորությամբ հաղթահարել էր այն:ԴՓ 689.4

    Մինչ մարդկանց աչքին կնոջ վիճակն անհուսալի էր թվում, Քրիստոսը Մարիամի մեջ բարի հատկանիշներ տե- սավ: Նա տեսավ նրա բնավորության ազնիվ գծերը: Փրկության ծրագիրը մեծ հնարավորություններ էր ընձեռում մարդկությանը, և դրանք պիտի իրագործվեին Մարիամի կյանքում: Նրա շնորհի միջոցով կինը մասնակից դարձավ աստվածային բնավորությանը: Նա, ով մեղանչել էր, ում սիրտը դևերի բնակավայր էր եղել, հիմա մտերմացել էր Փրկչի հետ’ ծառայելով Նրան: Մարիամն էր, որ նստում էր Նրա ոտքերի մոտ և սովորում Նրանից: Մարիամն էր, որ թանկարժեք յուղը լցրեց Նրա գլխին և լվաց Նրա ոտքերն իր արցունքներով: Մարիամը կանգնած էր խաչի մոտ, և հետևեց Նրան մինչև գերեզման: Մարիամն էր, որ առաջինը եկավ գերեզման Նրա հարությունից հետո: Նա առաջինը հռչակեց Փրկչի հարությունը:ԴՓ 690.1

    Հիսուսը գիտի յուրաքանչյուր հոգու վիճակը: Դուք կարող եք ասել’ Ես մեղավոր եմ, շատ մեղավոր: Դուք կարող եք լինել այդպիսին, բայց որքան ավելի վատն եք, այնքան ավելի շատ ունեք Հիսուսի կարիքը: Նա վշտաբեկ, զղջացող ոչ մեկից երես չի թեքում: Նա ամենքին չէ, որ ասում է այն բոլորը, ինչ կարող էր հայտնել, բայց ամեն մի փշրված հոգու Նա պատվիրում է քաջ լինել: Նա սիրով ներում կշնորհի բոլորին, ովքեր Նրա մոտ են գալիս’ թողություն ստանալու և բժշկվելու:ԴՓ 690.2

    Քրիստոսը կարող էր հրամայել երկնքի հրեշտակներին, որ Իր բարկության բաժակը թափեն մեր երկրի վրա’ ոչն- չացնելու նրանց, ովքեր ատում են Աստծուն: Նա կարող էր ջնջել այս սև բիծն Իր տիեզերքից: Բայց Նա չի անում դա: Այսօր Նա կանգնած է խունկի սեղանի մոտ և Աստծուն է ներկայացնում նրանց աղոթքները, ովքեր Նրանից օգնություն են խնդրում:ԴՓ 690.3

    Բոլորին, ովքեր ապաստարան են փնտրում Նրանում, Հիսուսը վեր է բարձրացնում մեղադրանքներից ու վեճերից: Ոչ մի մարդ կամ չար հրեշտակ չի կարող ամբաստանել այս հոգիներին: Քրիստոսը միավորում է նրանց Իր աստվածամարդկային բնության մեջ: Նրանք կանգնած են մեծ Մեղք Կրողի կողքին’ Աստծո գահից շողացող լույսի ներքո: «Ո՞վ է, որ Աստծո ընտրյալների դեմ մեղադիր լինի: Աստված է, որ արդարացնում է: Ո՞վ է, որ դատա- պարտի: Քրիստոսն է, որ մեռավ, և ավելին, որ հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ բարեխոսում է մեզ համար” (Հռոմեացիս 8.33,34): [569]ԴՓ 691.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents