Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 9. - Պայքարի օրերը

    ՀՐԵԱ երեխան իր ամենավաղ հասակից պետք է ենթարկվեր վարդապետների պահանջներին: Ամեն մի գործողության համար, ընդհուպ մինչև կյանքի ամենաչնչին մանրուքները, խիստ կանոններ էին սահմանված: Որպես ուղղահավատ իսրայելցիներ’ պատանիները պարտավոր էին հետևել բազմաթիվ գըրվածքների և կանոնների, որոնք սովորում էին ժողովարանի ուսուցիչների մոտ: Բայց Հիսուսը չէր հետաքրքրվում նման բաներով: Մանուկ հասակից Նա գործում էր անկախ վարդապետների օրենքներից: Հին Կտակարանի գրքերը Նրա մշտական ուսումնասիրության առարկան էին, և Նրա շուրթերից միշտ հնչում էր «այսպես է ասում Տերը» արտահայտությունը:ԴՓ 76.1

    Տեսնելով, թե ինչ վիճակում է գտնվում ժողովուրդը’ Նա սկսեց հասկանալ, որ հասարակության պահանջները մշտական հակասության մեջ էին Աստծո պահանջների հետ: Թողնելով Աստծո խոսքը’ մարդիկ մեծարում էին իրենց հորինած տեսությունները: Նրանք հետևում էին ավանդական ծեսերին, որոնք կորցրել էին իրենց իմաս- տը: Նրանց ծառայությունը սոսկ արարողությունների մի երկար շղթա էր, իսկ սրբազան ճշմարտությունները, որոնց ուսուցման համար նախատեսված էին այդ արարողությունները, քողարկված էին հավատացյալներից: Նա տեսավ, որ այդ անշունչ արարողությունները խաղաղություն չէին բերում մարդկանց: Նրանց ծանոթ չէր հոգու ազատությունը, որ կարող էին ձեռք բերել, եթե ճշմարտությամբ ծառայեին Աստծուն: Հիսուսն եկել էր ուսուցանելու աստվածապաշտության նշանակությունը, և մարդկային պահանջների ու աստվածային պատվիրանների խառնուրդը չէր կարող արժանանալ Նրա հավանությա- նը: Նա հանդես չէր գալիս այդ կրթված ուսուցիչների գործունեության և դրվածքների դեմ, բայց երբ նախատում էին Իր համեստ սովորությունների համար, Նա Աստծո խոսքն էր ներկայացնում’ Իր վարքն արդարացնելու համար: [85]ԴՓ 76.2

    Ամենայն քաղաքավարությամբ ու հեզությամբ Հիսուսը ձգտում էր գոհացնել բոլոր նրանց, ում հետ շփվում էր: Եվ քանի որ Նա շատ համեստ էր և բարեհամբույր, դպիրներն ու ծերերը կարծում էին, թե իրենց ուսմունքը հեշտությամբ կներգործի Նրա վրա: Նրանք համոզում էին Նրան ընդունել հին վարդապետներից ժառանգած սկզբունքներն ու ավանդույթները, բայց Նա խնդրում էր դրանց հեղինակությունը հաստատել Սուրբ Գրքով: Նա պատրաստ էր հետևելու Աստծո յուրաքանչյուր խոսքին, բայց չէր կարող հնազանդվել մարդկանց կողմից հորինված կանոնն- ներին£ Թվում էր, թե Հիսուսը գիտի Գրքերը սկզբից մինչև վերջ, և Նա միշտ ներկայացնում էր դրանք իրենց իսկական նշանակությամբ: Վարդապետներն ամաչում էին, որ իրենց սովորեցնում էր մի երեխա: Նրանք հայտարարում էին, որ միայն իրենք իրավունք ունեն բացատրելու Գրքերը, իսկ Նրա պարտքն է’ ընդունել իրենց մեկնաբանութ- յունները: Նրանք զայրանում էին, երբ Նա հակառակվում էր իրենց խոսքին:ԴՓ 77.1

    Նրանք գիտեին, որ իրենց ավանդույթները հիմնված չեն Գրքերի վրա, և զգում էին, որ Հիսուսն անհամեմատ ավելի խոր գիտելիքներ ունի հոգևոր ճըշմարտություննե- րի մասին, քան իրենք: Եվ, այնուամենայնիվ, նրանք զայրանում էին, որ Նա չի ենթարկվում իրենց հրամաններին: Տեսնելով, որ չեն կարողանում Նրան համոզել, նրանք դիմում էին Հովսեփին ու Մարիամին’ մեղադրելով Հիսուսին անհնազանդության մեջ: Այդպես նա հաճախ կշտամբանք և նախատինք էր կրում: [86]ԴՓ 77.2

    Հիսուսն ամենավաղ հասակից սկսել էր ինքնուրույն ձևավորել Իր բնավորությունը, և նույնիսկ Նրա հարգանքն ու սերը ծնողների հանդեպ չէին կարող շեղել Նրան Աստծո խոսքին հնազանդվելուց: «Գրված է», այսպես էր Նա հիմնավորում ընտանեկան սովորույթներին չհամապատասխանող Իր ամեն մի գործողությունը: Բայց վարդապետների ազդեցությունը դառնացնում էր Նրա կյանքը: Արդեն պատանեկության տարիներին Նա ստիպված էր յուրացնել լռության և համբերության դժվարին դասը: Նրա եղբայրները, ինչպես կոչում էին Հովսեփի որդիներին, վարդապետների կողմնակիցներն էին:ԴՓ 77.3

    Նրանք պնդում էին, որ ավանդույթներին պետք է հետևել, կարծես թե դրանք Աստծո պահանջներն էին: Նրանք նույնիսկ մարդկային պատվիրաններն ավելի բարձր էին գնահատում, քան Աստծո խոսքը, և նրանց սաստիկ բարկացնում էր ճշմարտությունը կեղծիքից տարբերելու Հիսուսի խորաթափանցությունը: Նրա խիստ հնազանդությունն Աստծո օրենքին նրանց կողմից դատապարտվում էր որպես կամակորություն: Նրանք զարմանում էին այն խոր գիտելիքների և իմաստության վրա, որ Նա դրսևորում էր վարդապետներին պատասխանելիս: Նրանք գիտեին, որ Նա չի ուսանել իմաստուն մարդկանց մոտ, սակայն չէին կարող չտեսնել, որ Նա կարող էր ուսուցիչ լինել իրենց հա- մար: Նրանք հասկանում էին, որ Նրա կրթությունն ավելի գերազանց է, քան իրենցը, բայց չէին նկատում, որ Նա մուտք ուներ դեպի կյանքի ծառը’ գիտելիքների մի աղբյուր, որից իրենք անտեղյակ էին:ԴՓ 78.1

    Քրիստոսը բացառիկ չէր փարիսեցիների աչքին, և այս առումով Նա հատկապես վիրավորել էր նրանց’ հրաժարվելով ենթարկվել նրանց կողմից հաստատված կանոն- ներին: Նա տեսավ, որ կրոնը ժողովրդից մեկուսացված էր բարձըր անջրպետներով, կարծես թե չափազանց մեծ սրբություն էր ամենօրյա կյանքի համար: Նա քանդեց այդ միջնապատը: Մարդկանց հետ շփվելիս’ Նա չէր հարցնում. «Ի՞նչ հավատք ես դու դավանում, ո՞ր եկեղեցուն ես պատկանում»: Նա գործադրում էր Իր փրկարար զո- րությունն ի սեր ամենքի, ով օգնության կարիք ուներ: Նա Իր երկնային էությունն ընդգծելու համար Իրեն չէր մեկուսացնում ժողովրդից, ինչպես ճգնավորներն են անում, այլ քրտնաջան աշխատում էր մարդկության համար: Նա արմատավորում էր այն սկզբունքը, որ աստվածաշնչ- յան կրոնը մարմինը ճնշելու և մեռցնելու նպատակ չի հետապնդում: Նա սովորեցնում էր, որ մաքուր և անարատ կրոնը նախատեսված չէ միայն սահմանված ժամերի և հատուկ դեպքերի համար: Ամեն պահի և ամեն տեղ Նա անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում մարդկանց նկատմամբ և ուրախ բարեպաշտության լույս էր սփռում Իր շուրջը: Այս ամենը փարիսեցիներին ուղղված հանդիմանություն էր և ցույց էր տալիս, որ կրոնի էությունը եսասիրության մեջ չէ, և որ նրանց հիվանդագին նվիրվածությունն անձնական շահերին’ շատ հեռու է ճշմարիտ աստվածապաշտությունից: Այս ամենն այնպիսի թշնամություն էր առաջացրել Հիսուսի դեմ, որ նրանք փորձում էին ստիպողաբար հնազանդեցնել Նրան իրենց կարգե- րին: [87]ԴՓ 78.2

    Հիսուսն աշխատում էր թեթևացնել բոլոր նրանց տառապանքները, ում հանդիպում էր: Նա քիչ փող ուներ մյուսներին տալու, բայց հաճախ զրկում էր Իրեն ուտելուց, որպեսզի օգնի իրենից ավելի կարիքավորներին: Հի- սուսի եղբայրները զգում էին, որ Նրա աճող ազդեցությունը ստվեր է գցում իրենց հեղինակության վրա: Նա օժտված էր նրբազգացությամբ, որ նրանցից ոչ մեկը ո’չ ուներ, ո’չ էլ ուզում էր ունենալ: Երբ նրանք կոպտում էին խեղճերին ու թշվառներին, Հիսուսը փնտրում էր վերջիններիս և մխիթարում ու քաջալերում նրանց: Կարիքի մեջ գտնվողներին Նա մի գավաթ սառը ջուր կտար, ապա ջերմորեն Իր ուտելիքը կդներ նրանց ձեռքերի մեջ: Մինչ թեթևացնում էր նրանց տառապանքները, Նրա սովորեցրած ճշմարտությունները զուգորդվում էին գթասրտության արարքների հետ և դրոշմվում նրանց հիշողության մեջ:ԴՓ 79.1

    Այս ամենը դուր չէր գալիս Նրա եղբայրներին: Նրանց թվում էր, թե Հիսուսը պետք է ենթարկվի իրենց, քանի որ տարիքով ավելի փոքր է: Նրան մեղադրում էին, որ Իրեն ավելի բարձր է դասում ժողովրդի ուսուցիչներից, քահանաներից և իշխաններից, և նախատում էին իրենց չհար- գելու համար: Հաճախ սպառնում և փորձում էին վախեցնել Նրան, բայց Նա հեռանում էր և շարունակում ապրել Գրքերի համաձայն: [88]ԴՓ 80.1

    Հիսուսը սիրում էր Իր եղբայրներին և չափազանց բարի էր նրանց նկատմամբ, բայց նրանք նախանձում էին Նրան և բացահայտ անվստահություն ու արհամարհանք էին տածում դեպի Նա: Նրանք չէին կարողանում հասկանալ Հիսուսին, որովհետև Նրա վարքի մեջ մեծ հակասություններ էին տեսնում: Նա Աստծո սքանչելի Որդին էր և, միևնույն ժամանակ, մի անօգնական երեխա: Նա Իր ամբողջ կյանքն անց կացրեց աղքատության մեջ, թեև տիեզերքի Արարիչն էր և երկրի Տիրակալը: Նա մի այնպիսի արժանապատվությամբ ու անհատականությամբ էր օժտված, որ միանգամայն տարբեր էին աշխարհիկ հպարտությունից և մեծամտությունից: Նա չէր պայքարում երկրային փառքի հասնելու համար. ամենահամեստ դիրքն անգամ բավարար էր Նրան: Սա զայրացնում էր Նրա եղբայրներին: Նրանց համար անբացատրելի էր Հիսուսի անհողդողդ խաղաղությունը փորձությունների և զրկանքների մեջ: Նրանք չգիտեին, որ մեզ համար Նա աղքատացավ, որպեսզի մենք «Նրա աղքատությունով հարստանանք» (Բ Կորընթացիս 8.9): Քրիստոսի առաքելության խորհուրդը նրանց համար հասկանալի էր ոչ ավելի, քան Հոբի նվաստացումն ու տառապանքը իր ընկերների համար:ԴՓ 80.2

    Հիսուսի եղբայրները չէին հասկանում Նրան, որովհետև Նա իրենց նման չէր: Նրանց չափանիշները տարբեր էին: Նայելով մարդկանց’ նրանք երես էին թեքել Աստծուց և կորցրել Նրա զորությունն իրենց կյանքում: Այն կրոնական ծիսակատարությունները, որոնց նրանք հետևում էին, չէին կարող վերափոխել բնավորությունը: Նրանք վճարում էին «անանուխի, սամիթի և չամանի տասնորդը”, բայց թողնում էին «օրենքի ծանր բաները’ դատաստանը, ողորմությունը և հավատը» (Մատթեոս 23.23): Քրիստոսի օրինակը նրանց միշտ զայրացնում էր: Աշխարհում Նա միայն մի բան էր ատում, և դա մեղքն էր: Նա չէր կարող առանց ցավի վկա լինել որևէ անիրավության, և այդ ցավը թաքցնել անհնար էր: Պարզորոշ զգացվում էր տարբերությունը ձևամոլների, ովքեր արտաքին սրբության քողի տակ ծածկում էին մեղքի հանդեպ ունեցած իրենց սերը, և այն անձնավորության միջև, ով միշտ ձգտում էր ամբողջ սրտով փառաբանել Աստծուն: Եվ քանի որ Հիսուսի կյանքը դատապարտում էր չարը, Նրան հակադրվում էին թե’ տանը, թե’ դրսում: Նրա անշահախնդրությանն ու ազնվությանը վերաբերվում էին հեգնանքով, իսկ Նրա համբերատարությունն ու բարությունը վախկոտություն էին անվանում:ԴՓ 80.3

    Մարդկությանը բաժին ընկած դառնություններից չկար մեկը, որ Քրիստոսը չճաշակեր: Կային մարդիկ, որ ակնարկելով Նրա ծնունդը՝ փորձում էին խայտառակել Նրան: Եվ նույնիսկ մանուկ հասակում Նա ստիպված էր դիմանալ նրանց ծաղրական հայացքներին ու չար բամբասանք- ներին: Եթե Նա պատասխաներ նրանց թեկուզ մեկ անզուսպ խոսքով կամ հայացքով, եթե Նա Իր եղբայրների նկատմամբ թույլ տար թեկուզ մեկ սխալ արարք, Նա չէր կարող այլևս կատարյալ օրինակ լինել: Այդպիսով, Նրան չէր հաջողվի իրագործել մեր փրկության ծրագիրը: Եթե Նա նույնիսկ թույլ տար, որ մեղքը կարելի է արդարացնել, ապա սատանան կհաղթանակեր, և աշխարհն ընդմիշտ կկորչեր: Ահա թե ինչու էր փորձիչը ձգտում Նրա կյանքը հնարավորին չափ անտանելի դարձնել’փորձելով Նրան մեղքի մեջ գցել: [89]ԴՓ 81.1

    Բայց բոլոր փորձությունների համար Նա ուներ միայն մեկ պատասխան. «Գ րված է»: Նա հազվադեպ էր հանդի-ԴՓ 81.2

    մանում Իր եղբայրներին սխալ արարքների համար, բայց միշտ խոսք ուներ Աստծուց նրանց ասելու: Հաճախ Նրան մեղադրում էին վախկոտության մեջ, երբ հրաժարվում էր մասնակցել նրանց անիրավություններին, բայց Նա միշտ պատասխանում էր.«Գրված է’ ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, և չարությունից հեռանալը’ հանճար է” (Հոբ 28.28):ԴՓ 82.1

    Կային մարդիկ, որոնց հաճելի էր Նրա ներկայությունը, որովհետև խաղաղություն էր իջնում նրանց սրտերին, բայց շատերը խուսափում էին Նրանից, քանի որ հանդիմանվում էին Նրա անբիծ կյանքից: Նրա հասակակիցները դրդում էին Նրան անել այն, ինչ իրենք էին անում: Հի- սուսը միշտ աշխույժ էր ու կենսուրախ: Նրանց հաճույք էր պատճառում Նրա ներկայությունը, և ուրախությամբ էին ողջունում Նրա առաջարկությունները, սակայն չէին կարողանում տանել Նրա ուղղամտությունը և Նրան հետամնաց ու խստապահանջ էին համարում: Հիսուսը պատասխանում էր. «Գրված է’ երիտասարդն ինչո՞վ մաքուր կանի իր ճանապարհը. քո խոսքի պես զգուշանալով”: «Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ” (Սաղմոս 119.9«11):ԴՓ 82.2

    Հաճախ Նրան հարցնում էին. «Ինչո՞ւ ես դու այդպես արտասովոր, այդքան տարբեր բոլորիցս»: «Գրված է,- ասում էր Նա,- երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրենքում: Երանելի են նրա վկայությունները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նրան: Որովհետև նրանք անօրենություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհներով” (Սաղմոս 119.1-3):ԴՓ 82.3

    Երբ Նրան հարցնում էին, թե ինչո՞ւ չի մասնակցում Նա- զարեթի երիտասարդների զվարճություններին, Նա ասում էր, որ գրված է. «Քո վկայությունների ճանապարհով ուրախանում եմ, ինչպես ամեն կերպ հարստությունով: Քո պատվիրանների վրա կմտածեմ և քո ճանապարհին մտիկ կտամ: Քո հրամաններով կուրախանամ, և քո խոսքը չեմ մոռանա» (Սաղմոս 119.14-16):ԴՓ 82.4

    Հիսուսը երբեք չէր պայքարում Իր իրավունքների համար: Հաճախ Նրան բաժին էր ընկնում հավելյալ աշխատանքի ծանրությունը, որովհետև Նա հնազանդ էր և անտրտունջ: Եվ, այնուամենայնիվ, Նա չէր թերանում և չէր հուսահատվում: Նա Իր կյանքով վեր էր կանգնած բոլոր դժվարություններից և կարծես ապրում էր աստվածային լույսի մեջ: Նա կոպիտ վերաբերմունքին նույն կերպ չէր պատասխանում, այլ համբերությամբ տանում էր վիրավորանքը:ԴՓ 83.1

    Կրկին ու կրկին Նրան հարցնում էին., Ինչո՞ւ ես հանդուրժում այդքան չարասիրտ վերաբերմունքը նույնիսկ քո եղբայրների կողմից»: «Գրված է,- ասում էր Նա,- որդյակս, իմ օրենքը մի’ մոռանա, և թող պահի քո սիրտն իմ պատվերները, որովհետև նրանք երկայն օրեր, կենդանության տարիներ և խաղաղություն կշատացնեն քեզ համար, շնորհն ու ճշմարտությունը քեզ չեն ձգի, նրանց պնդացրու’ քո պարանոցի վրա, նրանց գրի’ր քո սրտի տախտակի վրա: Այսպես դու շնորհ և հաճություն կգտնես Աստծո և մարդկանց առաջին» (Առակաց 3.1-4): [90]ԴՓ 83.2

    Այն ժամանակից ի վեր, երբ Հիսուսի ծնողները գտան Նրան տաճարում, Նրա կյանքն առեղծված դարձավ նրանց համար: Նա վիճաբանության մեջ չէր մտնում, բայց Նրա օրինակը մշտական դաս էր ուրիշներին: Թվում էր, թե Նա մեկուսացած է բոլորից: Նա Իրեն երջանիկ էր զգում, երբ առանձնանում էր բնության և Աստծո հետ: Ամեն անգամ, երբ հնարավորություն էր ընձեռվում, Նա թողնում էր Իր աշխատանքը և գնում դաշտերը՝ կանաչազարդ հովիտներում խորհելու, սարալանջին կամ անտառի ծառերի մեջ հաղորդակցվելու Աստծո հետ: Վաղ առավոտյան Նրան կարելի էր գտնել մի մեկուսի վայրում խորհելիս, Գրքերն ուսումնասիրելիս կամ աղոթելիս: Այս խաղաղ ժամերից հետո Նա վերադառնում էր տուն և կրկին անցնում Իր պարտականություններին՝ օրինակ ցույց տալով, թե ինչ համբերությամբ պետք է դիմանալ չարքաշ աշխատանքին:ԴՓ 83.3

    Քրիստոսի կյանքում հատուկ տեղ էր զբաղեցնում մոր հանդեպ տածած հարգանքն ու սերը: Մարիամը սրտի խորքում հավատում էր, որ իր ծնած սուրբ երեխան վաղուց խոստացված Մեսիան է, բայց չէր համարձակվում արտահայտել իր հավատը: Նա մասնակցեց Հիսուսի չարչարանքներին’ երկրում անցկացրած Նրա ամբողջ կյանքի ընթացում: Նա ցավով ականատես եղավ մանկության և պատանեկության տարիներին Նրան վիճակված փորձություններին: Հիսուսի վարքագծում արդարացնելով այն ամենը, ինչ ճիշտ էր համարում, հաճախ նա ինքն էլ էր ընկնում փորձության մեջ: Նա գտնում էր, որ տան մեջ հաստատված մտերիմ կապերը և երեխաների նկատմամբ մոր քնքուշ հոգատարությունը կենսական նշանակություն ունեն բնավորության ձևավորման համար: Հովսեփի որդիներն ու դուստրերը գիտեին այս և, օգտվելով առիթից, փորձում էին ուղղել Հիսուսի վարքը իրենց չափանիշների համաձայն:ԴՓ 84.1

    Մարիամը հաճախ հորդորում էր Հիսուսին և պահանջում համակերպվել վարդապետների սովորույթներին: Սակայն հնարավոր չէր համոզել, որ Նա փոխի Աստծո արարչության մասին խորհելու, մարդկանց և նույնիսկ համր կենդանիների տառապանքը թեթևացնելու Իր սովորությունները: Մարիամը սաստիկ հուզվում էր, երբ քահանաներն ու ուսուցիչները դիմում էին նրա օգնությանը’ Հիսուսի վրա ազդելու համար, բայց երբ Նա Իր վարքն արդարացնող մտքեր էր ներկայացնում Գրքից, մոր սիրտը կրկին խաղաղվում էր:ԴՓ 84.2

    Ժամանակ առ ժամանակ Մարիամին թվում էր, թե իրավացի են Հիսուսի եղբայրները, որ չէին հավատում, թե Նա է Աստծո կողմից Ուղարկվածը, բայց բազմաթիվ փաստեր վկայում էին Նրա աստվածային էության մասին: Նա տեսնում էր, թե ինչպես է Նա Իրեն զոհում ուրիշների բարօ- րության համար: Նրա ներկայությունից տան մթնոլորտն ավելի էր մաքրվում, և Նրա կյանքը թթխմորի պես ներգործում էր հասարակության վրա: Անհոգների, կոպիտների, փողոցայինների, խարդախ մաքսավորների, անխոհեմ շռայլասերների, անիրավ սամարիացիների, հեթանոս զինվորների, անկիրթ գյուղացիների և խառնամբոխի մեջ Նա Իրեն պահում էր անբիծ և անարատ: Նա կարեկցանքի խոսքեր էր ասում մե’կ այստեղ, մե’կ այնտեղ, երբ տեսնում էր հոգնատանջ մարդկանց, ովքեր ստիպված էին կրել կյանքի ծանր բեռը: Նա կիսում էր նրանց դժվարությունները և կրկնում նրանց համար բնությունից սովորած Իր դասերն Աստծո սիրո, բարության և քաղցրության մասին: [91]ԴՓ 84.3

    Նա սովորեցնում էր բոլորին իրենց մեջ տեսնել թանկարժեք տաղանդներ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում կարող են հավերժական հարստություն ապահովել իրենց համար: Նա կյանքից հեռացնում էր ունայնությունը և Իր սեփական օրինակով սովորեցնում, որ ժամանակի յուրաքանչյուր ակնթարթ հավերժական հետևանքներ ունի, և որ այն պետք է գնահատել որպես գանձ և օգտագործել սուրբ նպատակների համար: Նա ոչ մի մարդու անարժան չէր համարում, այլ ձգտում էր փրկության միջոց առաջարկել յուրաքանչյուրին: Որտեղ էլ որ գտնվեր, Նա այնպիսի դասեր էր տալիս, որ համապատասխանում էին տվյալ ժամանակին և հանգամանքներին: Նա ջանում էր հուսադրել ամենակոպիտ և անխոստումնալից մարդկանց’ հավաստիացնելով նրանց, որ իրենք էլ կարող են ազատվել հանցանքներից ու մեղքերից, եթե ձեռք բերեն մի այնպիսի բնավորություն, որը թույլ կտա նրանց Աստծո զավակներ կոչվելու: Հաճախ Նա հանդիպում էր այնպիսի մարդկանց, ովքեր գերված էին սատանայից և ուժ չունեին ազատվելու նրա որոգայթներից: Այդպիսի վհատված, տկար, գայթակղված և անկյալ մարդուն Հիսուսը դիմում էր ամենագորովալից խոսքերով, որոնց կարիքը նրանք ունեին, և որոնք կարող էին հասկացվել: Նա հանդիպում էր նաև այնպիսիներին, ովքեր մենամարտում էին հոգիների թշնամու դեմ: Սրանց Նա քաջալերում էր, որ դիմանան’ հավատացնելով նրանց, որ կհաղթեն, քանի որ Աստծո հրեշտակները նրանց կողքին են: Նրանք, ում Նա այդպես օգնում էր, համոզվում էին, որ իրենց հետ խոսում է Մեկը, ում կարելի է լիովին վստահել: Նա ոչ ոքի չէր հայտնի իրենց գաղտնիքները: [92]ԴՓ 85.1

    Հիսուսը բուժում էր ինչպես մարմինը, այնպես էլ հոգին: Երբ Նա հանդիպում էր որևէ տառապյալի, սկսում էր հետաքրքրվել նրա կյանքով ու փորձում էր թեթևացնել նրա վիշտը, և Նրա քաղցր խոսքերը ներգործում էին որպես ամոքիչ սպեղանի: Ոչ ոք չէր կարող ասել, թե Նա հրաշք է գործում, բայց Նրանից սիրո բուժիչ զորություն էր բխում դեպի թույլերն ու դժբախտները: Այդպես համեստորեն, ոչ ոքի չձանձրացնելով, Նա դեռ մանուկ հասակից աշխատում էր մարդկանց համար: Ահա թե ինչու շատերն ուրախությամբ ընդունեցին Նրան, երբ Նա սկսեց Իր հանրային ծառայությունը:ԴՓ 86.1

    Բայցևայնպես, Իր մանկության, պատանեկության և հասունության տարիներին Հիսուսը միայնակ էր: Սուրբ և հավատարիմ’ Նա միայնակ կոխրճեց հնձանը, և մարդկանցից ոչ ոք չկար Նրա հետ: Նա Իր վրա կրեց մարդկանց փրկության պատասխանատվության սոսկալի բե- ռը: Նա գիտեր, որ անհրաժեշտ է արմատապես փոխել այն սկզբունքներն ու նպատակները, որոնց հետևում են մարդիկ, այլապես ամեն ինչ կորած է: Սա էր ճնշում Նրա հոգին, և ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ ծանրություն էր ընկած Նրա ուսերին: Լարելով Իր ողջ ուժերը’ Նա քայլեց դեպի կյանքի նպատակը, որպեսզի լինի «մարդկանց լույսը”: [93]ԴՓ 86.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents