Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 73. - «Ձեր սրտերը թող չխռովվեն»

    (Հովհաննես 13.31-38, 14-17)

    ՆԱՅԵԼՈՎ Իր աշակերտներին աստվածային սիրով ու ամենաջերմ կարեկցանքով’ Քրիստոսն ասաց. «Հիմա մարդու Որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց Նրանում»: Հուդան լքել էր վերնատունը, և Քրիստոսը մնացել էր տասնմեկի հետ: Նա պատրաստվում էր ասել նրանց Իր մոտեցող բաժանման մասին, բայց նախքան այդ անելը’ Նա նշեց Իր առաքելության մեծ նպատակը, որը երբեք չէր մոռանում: Նրան ուրախացնում էր այն, որ Իր նվաստացումն ու տառապանքները կփառավորեին Հոր անունը: Հենց դրան է Նա առաջին հերթին ուղղում Իր աշակերտների մտքերը:ԴՓ 817.1

    Ապա դիմելով նրանց փաղաքշանքի խոսքով’ «Որդյակներ”, Նա ասաց. «Տակավին մի քիչ ժամանակ էլ ձեզ հետ եմ: Ինձ կորոնեք, և ինչպես հրեաներին ասեցի, թե ուր որ ես եմ գնում, դուք էլ կարող եք գալ, հիմա էլ ձեզ եմ ասում”:ԴՓ 817.2

    Լսելով այս խոսքերը’ աշակերտները տխրեցին, և երկյուղ պատեց նրանց: Նրանք կիպ մոտեցան իրենց Փրկչին: Նրանց համար իրենց Դաստիարակն ու Տերը, իրենց Ուսուցիչն ու Ընկերը կյանքից ավելի թանկ էր: Նրանք իրենց բոլոր դժվարություններում Նրանից էին օգնություն սպասել, և մխիթարություն’ իրենց վշտերում ու հիասթափություններում: Հիմա Նա պիտի թողներ նրանց’ միայնակ, անօգնական այդ խմբին: Մռայլ կանխազգացումներ սողոսկեցին նրանց սրտերը:ԴՓ 817.3

    Բայց նրանց ուղղված Փրկչի խոսքերը լի էին հույսով: Նա գիտեր, որ թշնամին հետապնդելու է նրանց, և որ սատանայի հնարքներն ամենից հաջող գործում են նրանց դեմ, ովքեր ճնշված են դժվարություններով: Ուստի Նա շեղեց նրանց ուշադրությունն «այս երևացող բաներից” դեպի «աներևույթները» (Բ Կորնթացիս 4.18): Երկրային պանդխտությունից Նա ուղղեց նրանց մտքերը դեպի երկնային տունը: [663]ԴՓ 817.4

    «Ձեր սրտերը թող չխռովվեն,- ասաց Նա,- Աստծուն հավատացեք և ինձ հավատացեք: Իմ Հոր տանը շատ բնա- կարեններ կան, ապա թե ոչ’ ես ձեզ կասեի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու: Եվ եթե գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի ուր որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք: Եվ թե ուր եմ գնում’ գիտեք, և ճանապարհն էլ գիտեք»: Ձեզ համար եմ Ես աշխարհ եկել, և աշխատում եմ հանուն ձեզ: Երբ Ես հեռանամ, դարձյալ ջերմեռանդ աշխատելու եմ ձեզ հա- մար: Ես աշխարհ եկա, որպեսզի հայտնեմ Ինձ ձեզ, որ հա- վատաք: Հիմա Ես գնում եմ Հոր մոտ’ համագործակցելու Նրա հետ ձեզ համար: Քրիստոսի բաժանման նպատակը բոլորովին էլ այն չէր, ինչից վախենում էին աշակերտնե- րը: Նա ընդմիշտ չէր բաժանվում նրանցից, այլ գնում էր տեղ պատրաստելու նրանց համար, որպեսզի կրկին ետ դառնա և նրանց Իր մոտ առնի: Մինչև նա բնակարաններ կկառուցի նրանց համար, նրանք պիտի կերտեին իրենց բնավորությունն աստվածային նմանությամբ:ԴՓ 818.1

    Աշակերտները, սակայն, դեռևս շփոթված էին: Թովմա- սը’ մշտապես լցված կասկածներով, ասաց. «Տեր, մենք չգիտենք, թե որտեղ ես գնում, և ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը: Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով: Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք. և սրանից հետո կճանաչեք Նրան, և տեսաք Նրան»:ԴՓ 818.2

    Երկինք տանող շատ ճանապարհներ չկան: Ամեն ոք չի կարող իր ուզած ճանապարհն ընտրել: Քրիստոսն ասում է’ «Ես եմ ճանապարհը, ... ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով”: Ավետարանի առաջին քարոզից ի վեր, երբ Եդեմական պարտեզում հռչակվեց, որ կնոջ սերմը ջախջախելու է օձի գլուխը, Քրիստոսը մեծարված էր որպես ճանապարհ, ճշմարտություն և կյանք: Նա էր ճանապարհը, երբ Ադամը կենդանի էր, երբ Հաբելն Աստծուն մատուցեց մորթված գառան արյունը, որ Փրկչի արյունն էր խորհրդանշում: Քրիստոսն էր այն ճանապարհը, որով փրկվել են նահապետներն ու մարգարեները: Նա է այն միակ ճանապարհը, որով մենք կարող ենք հասնել Աստծուն:ԴՓ 818.3

    «Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք,- ասաց Քրիստոսը,- և սրանից հետո կճանաչեք Նրան, և տեսաք Նրան”: Բայց աշակերտները դեռ չէին հասկացել դա: «Տեր, ցույց տուր մեզ Հորը,- բացականչեց Փիլիպպոսը, և բավական է մեզ»:ԴՓ 819.1

    Ցնցված նրա անհասկացողությունից’ Քրիստոսն ասաց ցավագին զարմանքով. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպոս”: Մի՞թե չես տեսնում Հորն այն գործերում, որ Նա անում է Ինձանով: Չե՞ս հավատում արդյոք, որ Ես եկել եմ վկայելու Հոր մասին: «Ինչպե՞ս ես ասում’ Հորը ցույց տուր մեզ»: «Ինձ տեսնողը Հորը տեսավ»: Քրիստոսը’ մարդ դառնալով, չդադարեց Աստված լինելուց: Թեև Նա խոնարհեցրեց Իրեն’ մարդկային բնություն առնելով, Նրանում, առաջվա պես, բնակվում էր Աստվածության ամբողջ լիությունը: Միայն Քրիստոսը կարող էր Հորը ներկայացնել մարդկությանը, և առաքյալներն առաքելություն էին ունեցել տեսնելու այդ հայտնությունն ավելի քան երեք տարի: [664]ԴՓ 819.2

    «Հավատացեք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն’ ինձա- նում: Ապա թե ոչ’ հենց այն գործերի համար հավատացեք ինձ”: Նրանց հավատը կարող է ապահով հանգչել այն ապացույցների վրա, որոնք տրվել էին Քրիստոսի գործերում, գործեր, որ ոչ մի մարդ ինքն իրենով երբեք չէր արել, և ոչ էլ կարող էր երբևէ անել: Քրիստոսի գործերը վկայում էին Նրա աստվածության մասին: Նա Իրենով հայտնել էր Հորը:ԴՓ 819.3

    Եթե աշակերտները գիտակցեին այս կենսական կապը Հոր և Որդու միջև, չէին կորցնի իրենց հավատը’ տեսնելով Քրիստոսի տառապանքներն ու մահը հանուն կործանվող աշխարհի փրկության: Քրիստոսը ձգտում էր իրենց թերահավատությունից նրանց բարձրացնել դեպի այն հոգևոր փորձառությունը, որ նրանք կարող էին ունենալ, եթե իսկապես գիտակցեին, որ Նա Աստված է’ մարդկային մարմնում: Նա ուզում էր հասկացնել, որ իրենց հավատը պիտի առաջնորդի նրանց դեպի Աստված և հանգչի Նրանում: Ի՜նչ եռանդով ու համառությամբ էր մեր կարեկից Փրկիչը ձգտում նախապատրաստել Իր աշակերտներին փորձության այն փոթորկին, որը շուտով պիտի պայթեր նրանց վրա: Նա ուզում էր թաքցնել նրանց Իր հետ Աստծո մեջ:ԴՓ 820.1

    Այս խոսքերն ասելիս’ Քրիստոսի դեմքը շողում էր Աստծո փառքով, և բոլոր ներկաները սրբազան երկյուղ զգա- ցին’ հափշտակված լսելով Նրան: Նրանց սրտերն ավելի վճռականորեն ձգվեցին դեպի Նա, և, մոտենալով Քրիստոսին ավելի մեծ սիրով, նրանք ավելի մոտեցան մեկը մյու- սին: Նրանք զգացին, որ երկինքը շատ մոտ է, և որ իրենց լսած խոսքերը լուր են’ ուղարկված իրենց երկնավոր Հո- րից:ԴՓ 820.2

    «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ,- շարունակեց Քրիստոսը,- ինձ հավատացողն այն գործերը, որ ես եմ անում, նա էլ կգործի”: Փրկիչը խիստ փափագում էր, որ Իր աշակերտները հասկանային, թե ինչ նպատակով է Նա Իր աստվածության վրա հագել մարդկային բնությունը: Նա աշխարհ եկավ’ հայտնելու Աստծո փառքը, որպեսզի մարդը կարողանար ազնվանալ դրա վերափոխիչ զորութ- յամբ: Աստված հայտնեց Իրեն Նրանում, որպեսզի Նա էլ, իր հերթին, հայտնի Իրեն մարդկանց մեջ: Հիսուսը ոչ մի այնպիսի հատկանիշ չդրսևորեց և ոչ մի այնպիսի զորութ- յուն չգործեց, որ մարդիկ, հավատով դեպի Նա, չկարողանային անել: Նրա մարդկային կատարելությանը կարող են հասնել Նրա բոլոր հետևորդները, եթե հնազանդվեն Աստծուն այնպես, ինչպես Նա հնազանդվեց:ԴՓ 820.3

    «Եվ դրանցից է’լ ավելի մեծ բաներ կգործի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում”: Սրանով Քրիստոսը նկատի չուներ, որ աշակերտների աշխատանքը ավելի վեհ բնույթ է կրելու, քան Իրենը, այլ որ դա ավելի մեծ չափերի կհասնի: Նա նկատի չուներ միայն հրաշքներ գործելը, այլ այն ամենն, ինչ պիտի կատարվեր Սուրբ Հոգու ներգործությամբ: [665]ԴՓ 821.1

    Տիրոջ համբարձումից հետո միայն աշակերտները հասկացան, որ Նրա խոսքերն իրականացել են: Քրիստոսի խաչելության, հարության և համբարձման տեսարաններն արդեն կենդանի իրողություն էին նրանց համար: Տեսնելով, որ մարգարեությունները կատարվել են բառացիորեն, նրանք սկսեցին ուսումնասիրել Գրքերը, և ընդունեցին այնտեղ գրվածները նախկինում չտեսնված հավատով ու վստահությամբ: Նրանք հասկացան, որ աստվածային Ուսուցիչը հենց Նա էր, ինչ Իրեն համարում էր: Երբ նրանք պատմում էին իրենց փորձերը և մեծարում Աստծո սերը, մարդկանց սրտերը հալվում էին ու խոնարհվում, և հազարավորները հավատով ընդունում էին Հիսուսին:ԴՓ 821.2

    Իր աշակերտներին տրված Փրկչի խոստումը վերաբերում է նաև վերջին ժամանակվա Նրա եկեղեցուն: Աստված նախատեսել է, որ մարդկության փըրկագնման Իր հրաշալի ծրագիրը առատ պտուղներ ունենա: Բոլոր նրանք, ովքեր կգնան աշխատելու’ ապավինելով ոչ թե իրենց ուժերին, այլ Աստծո զորությանը, անկասկած կտեսնեն Նրա խոստման իրականացումը: «Եվ դրանցից է’լ ավելի մեծ բաներ կգործի,- ասում է Նա,- որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում”:ԴՓ 821.3

    Բայց աշակերտները դեռևս անծանոթ էին Փրկչի անսպառ հնարավորություններին ու անսահման զորությա- նը: Նա ասաց նրանց. «Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունով” (Հովհաննես 16.24), և բացատրեց, որ հաջողությունը միշտ կուղեկցի նրանց, եթե ուժ և շնորհ խնդրեն Իր անունից: Նրանց խնդրանքները Նա կներկայացնի Իր Հորը: Խոնարհ խնդրատուի աղոթքը Նա ներկայացնում է որպես Իր սեփական ցանկությունն այդ հոգու փոխարեն: Ամեն մի անկեղծ աղոթք լսվում է երկնքում: Այն կարող է հստակ չարտահայտվել, բայց եթե ասվում է սրտանց, ապա կբարձրանա սրբարան, որտեղ Հիսուսը ծառայում է, և Նա այն կներկայացնի Իր Հորը առանց որևէ կմկմոցի ու սխալի’ Իր սեփական կատարելության անուշահոտությամբ ու գեղեցկությամբ:ԴՓ 821.4

    Անկեղծության ու ազնվության ճանապարհը զերծ չէ արգելքներից, ուստի ամեն մի դժվարություն պետք է դրդի մեզ աղոթքի: Չկա որևէ կենդանի էակ, որն ունենա ինչ-որ զորություն և ստացած չլինի այն Աստծուց, և աղբյուրը, որից բխում է այդ ուժը, բաց է նույնիսկ ամենաթույլ մարդու համար: «Ինչ որ խնդրեք իմ անունով,- ասաց Հիսուսը,- այն ես կանեմ, որ Հայրը փառավորվի Որդում: Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ դա»:ԴՓ 822.1

    Քրիստոսը պատվիրեց Իր աշակերտներին աղոթել’ «Իմ անունով»: Քրիստոսի անունով է միայն, որ Նրա հետևորդները պիտի կանգնեն Աստծո առաջ: Իրենց համար մատուցած Նրա զոհաբերության արժանիքներով միայն նրանք արժեք ունեն Տիրոջ աչքին: Նրանք թանկ են Աստծո համար Քրիստոսի վերագրված արդարության պատ- ճառով: Հանուն Հիսուսի Տերը ներում է նրանց, ովքեր վախենում են Իրենից: Նա արդեն տեսնում է նրանց մեջ ոչ թե մեղավորի պըղծությունը, այլ Իր Որդու նմանությունը, ում նրանք հավատում են: [668]ԴՓ 822.2

    Տերը վշտանում է’ տեսնելով, թե որքան ցածր են իրենց գնահատում Նրա հետևորդները: Նա ուզում է, որ Իր ընտրյալները գիտակցեն, թե ինչ գին է Նա վճարել նրանց համար: Նրանք պետք են Աստծուն, այլապես Նա չէր ու- ղարկի Իր Որդուն’ փրկելու նրանց այդքան մեծ զոհաբերության գնով: Նա աշխատանք ունի նրանց համար, ուստի գոհանում է, երբ Իրենից խնդրում են մեծամեծ բաներ, որպեսզի փառավորեն Իր անունը: Նրանք մեծ բաներ կարող են ակնկալել, եթե հավատան Նրա խոստումներին:ԴՓ 822.3

    Բայց աղոթելով Քրիստոսի անունից’ նշանակում է, որ մենք պետք է ընդունենք Նրա բնավորությունը, դրսևորենք Նրա ոգին և կատարենք Նրա գործերը: Փրկչի տված խոստումը պայմանական է: «Եթե ինձ սիրում եք,- ասում է Նա,- իմ պատվիրանները պահեք»: Նա մարդկանց փրկում է ոչ թե մեղքերի մեջ, այլ մեղքերից, և նրանք, ովքեր սիրում են Աստծուն, կհնազանդվեն Նրան:ԴՓ 823.1

    Իսկական հնազանդությունը բխում է սրտից: Քրիստոսի աշխատանքն էլ հենց սրտի հետ էր: Ու եթե մենք չհակառակվենք, ապա Նա մեր մտքերն ու ձգտումները այնպես կներդաշնակեցնի Իր հետ, մեր սրտերն ու հոգիները այնպես կհամաձայնեցնի Իր կամքին, որ հնազանդվելով Նրան’ մենք ընդամենը կարտահայտենք մեր ներքին մղումները: Կամքը’ հղկված և սրբված, իր մեծագույն հաճույքը կգտնի Նրա ծառայության մեջ: Երբ մենք, օգտվելով մեզ տրված առավելությունից, ճանաչում ենք Աստծուն, մեր կյանքը մշտական հնազանդության օրինակ է դառնում: Քրիստոսի բնավորությունը ճիշտ ըմբռնելու և Աստծո հետ անընդհատ հաղորդակցության շնորհիվ մեղքը զզվելի է դառնում մեզ համար:ԴՓ 823.2

    Ինչպես Քրիստոսը պահեց օրենքը մարդկային մարմնով, այնպես էլ մենք կարող ենք պահել, եթե կառչենք Նրանից’ զորություն ստանալու համար: Բայց մենք չպետք է մեր պատասխանատվությունը գցենք ուրիշների վրա’ սպասելով նրանցից ցուցումներ: Մենք չենք կարող վստահել մարդկային խորհուրդներին: Նա նույն հաճույքով էլ մեզ կսովորեցնի մեր պարտականությունները, ինչպես սովորեցնում է մյուսներին: Երբ մենք հավատով մոտենանք Նրան, Նա անհատապես կհայտնի մեզ Իր գաղտնիքները: Մեր սրտերը հաճախ կբորբոքվեն մեզանում, երբ Նա մոտենա’ հաղորդակցվելու մեզ հետ, ինչպես Ենոքի հետ էր անում: Նրանք, ովքեր որոշել են ոչ մի այնպիսի բան չանել, որը կվշտացնի Աստծուն, իրենց հարցը ներկայացնելով Նրան, ստուգապես կիմանան, թե ինչպես վարվեն: Եվ նրանք ոչ միայն իմաստություն կստանան, այլ նաև ուժ: Հնազանդվելու և ծառայելու համար նրանց զորություն կտրվի, ինչպես Քրիստոսը խոստացել է: «Ամեն բան», որ տրվել է Քրիստոսին’ անկյալ մարդու կարիքները բավարարելու համար, տրվել է Նրան որպես մարդկության Առաջնորդի և Ներկայացուցչի: «Եվ ինչ որ խնդրենք, կառնենք Նրանից, որովհետև Նրա պատվիրանները պահում ենք, և անում ենք այն, ինչ հաճելի է Նրան» (Ա Հովհաննես 3.22): [669]ԴՓ 823.3

    Նախքան Իրեն զոհաբերելը’ Քրիստոսը ձգտում էր Իր հետևորդներին շնորհել ամենակարևոր և ամենակատար- յալ պարգևը, պարգև, որը մատչելի կդարձներ նրանց համար շնորհի անսպառ պաշարները: «Ես կաղաչեմ Հորը,- ասաց Նա,- և ուրիշ Մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան, ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև չի տեսնում Նրան, և ոչ էլ ճանաչում է Նրան. բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում, և ձեզ հետ կլինի: Ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ” (Հովհաննես 14.16-18):ԴՓ 824.1

    Հոգին մինչև այդ էլ աշխարհում էր: Փրկության գործի հենց սկզբից Նա ազդում էր մարդկային սրտերին: Բայց քանի դեռ Քրիստոսը երկրում էր, աշակերտներին ուրիշ օգնական պետք չէր: Միայն այն բանից հետո, երբ կզըրկ- վեին Նրա ներկայությունից, նրանք պիտի զգային Հոգու կարիքը, և այն ժամանակ Նա կտրվեր նրանց:ԴՓ 824.2

    Սուրբ Հոգին Քրիստոսի ներկայացուցիչն է, բայց մարդկային կերպարանք չունի, ուստի և անկախ է: Սահման- փակված մարդկային բնությամբ’ Քրիստոսն անձամբ չէր կարող ներկա լինել ամենուրեք: Հետևաբար ավելի լավ էր նրանց համար, որ Նա գնար Հոր մոտ և ուղարկեր Սուրբ Հոգին’ փոխարինելու Իրեն երկրի վրա: Այն ժամանակ ոչ ոք այլևս առավելություն չէր ունենա իր բնակավայրի կամ էլ Քրիստոսի հետ անձնական շփման պատճառով: Հոգու շնորհիվ Քրիստոսը մատչելի կլիներ ամենքին: Այս առումով Նա ավելի մոտ կլիներ նրանց, քան եթե չհամբարձվեր երկինք:ԴՓ 824.3

    «Ինձ սիրողն իմ Հորից կսիրվի, և ես կսիրեմ նրան ու ինձ կհայտնեմ նրան»: Հիսուսը կարդում էր Իր աշակերտների ապագան: Նա տեսավ, որ նրանցից մեկը կտարվի կառափնարան, մյուսը կգամվի խաչին, երրորդը կաքսորվի մի անմարդաբնակ կղզի, մնացածներն էլ կհալածվեն ու կսպանվեն: Նա քաջալերեց նրանց’ խոստանալով, որ ամեն մի փորձության մեջ Ինքը նրանց հետ կլինի: Այս խոստումը երբեք չի կորցրել իր ուժը: Տերն ամեն բան գիտի Իր հավատարիմ ծառաների մասին, ովքեր հանուն Նրա բանտ են նետվում կամ աքսորվում են ամայի կղզիները: Նա մխիթարում է նրանց Իր ներկայությամբ: Երբ հանուն ճշմարտության հավատացյալն անարդար դատի առաջ է կանգնում, Քրիստոսը միշտ նրա կողքին է: Նրան ներկայացվող բոլոր մեղադրանքներն ընկնում են Քրիստոսի վրա, և Փրկիչը նորից ու նորից դատապարտվում է հանձինս Իր աշակերտների: Երբ նրանցից մեկը բանտ է նետվում, Քրիստոսն Իր սիրով սփոփում է նրան: Երբ մեկին մահապատժի են ենթարկում հանուն Քրիստոսի, Նա ասում է. «Ես եմ կենդանին, և մեռած էի, և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից... և ունեմ դժոխքի ու մահվան բանալիները» (Հայտնություն 1.18): Հանուն Ինձ զոհաբերված կյանքը պահպանվում է հավիտենական փառքի համար: [670]ԴՓ 825.1

    Ամեն ժամանակ և ամենուրեք, բոլոր վշտերում ու նեղություններում, երբ ապագան թվում է մռայլ ու անորոշ, իսկ մենք միայնակ ու անօգնական ենք զգում մեզ, Մխի- թարիչը կուղարկվի ի պատասխան հավատի աղոթքի: Հանգամանքները կարող են բաժանել մեզ երկրային ընկերներից, սակայն ոչ մի պարագա և ոչ մի տարածություն չի կարող բաժանել մեզ երկնային Մխիթարիչից: Որտեղ էլ որ լինենք, ուր էլ որ գնանք, Նա մեր աջ կողմում է, որպեսզի օգնի, աջակցի, զորացնի և քաջալերի:ԴՓ 825.2

    Աշակերտները դեռ չէին հասկացել Քրիստոսի խոսքերի հոգևոր իմաստը, և Նա կրկին բացատրեց դրանց նշանակությունը: Հոգու միջոցով, ասաց Նա, Ինքն Իրեն կհայտնի նրանց: «Մխիթարիչը’ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, ամեն բան կսովորեցնի ձեզ”: Այլևս չեք ասի’ Ես չեմ հասկանում: Արդեն էլ չեք խարխափի’ նայելով աղոտ հայելու մեջ: Դուք ընդունակ կլինեք «ամեն սուրբե- րի հետ իմանալ, թե ինչ է լայնությունն ու երկայնությունը, բարձրությունն ու խորությունը, և ճանաչել Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է” (Եփեսացիս 3.18,19):ԴՓ 826.1

    Աշակերտները պիտի վկայություն տային Քրիստոսի կյանքի և գործունեության մասին: Նրանց շուրթերով Նա պիտի խոսեր երկրի երեսին բնակվող բոլոր ժողովուրդ- ների հետ: Բայց մեծ փորձություն և հիասթափություն էր սպասվում նրանց Քրիստոսի նվաստացման ու մահվան ժամանակ: Որպեսզի այդ իրադարձություններից հետո նրանց խոսքը հստակ և համոզիչ հնչեր, Հիսուսը խոստացավ, որ Մխիթարիչը «կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ես ձեզ ասեցի”:ԴՓ 826.2

    «Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու,- շարունակեց Նա,- բայց հիմա չեք կարող տանել: Բայց երբ որ Նա’ ճշմարտության Հոգին կգա, Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության, որովհետև Իր անձից չի խոսի, այլ ինչ որ լսի’ կխոսի, և գալու բաները կպատմի ձեզ: Նա ինձ կփառավորի, որովհետև իմից կառնի և կպատմի ձեզ”: Հիսուսն Իր աշակերտներին խոր ճշմարտություններ էր հայտնել: Բայց նրանց համար շատ դժվար էր տարբերել Նրա դասերը դպիրների ու փարիսեցիների ավանդույթ- ներից ու սովորություններից: Նրանք սովորել էին ընդունել վարդապետների ուսմունքը որպես Աստծո ձայն, և դա դեռևս իշխում էր նրանց մտքերին ու ձևավորում նրանց կարծիքը: Երկրային գաղափարներն ու անցողիկ բաները դեռևս մեծ տեղ էին զբաղեցնում նրանց մտքերում: Նրանք չէին հասկանում Քրիստոսի արքայության հոգևոր բնույթը, թեև Նա հաճախ էր դա բացատրել նրանց: Նրանց միտքը խավարել էր: Նրանք չէին ըմբռնում Քրիստոսի ներկայացրած գրվածքների արժեքը, և Նրա դասերից շատերը գրեթե մոռացվել էին: Հիսուսը տեսավ, որ նրանք չեն ընկալում Իր խոսքերի բուն նշանակությունը: Նա, կարեկցանքով լցված, խոստացավ, որ Սուրբ Հոգին կհիշեցնի նրանց Իր ասածները, և շատ բաներ, որ աշակերտները չէին կարող հասկանալ, Նա չհայտնեց նրանց: Սրանք նույնպես նրանց պիտի հասկացներ Հոգին: Նա պիտի կենդանացներ նրանց հասկացողությունը, որպեսզի կարողանային գնահատել երկնային ճշմարտությունները: «Երբ որ Նա’ ճշմարտության Հոգին կգա,- ասաց Հիսուսը,- Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության»: [671]ԴՓ 826.3

    Մխիթարիչը «Ճշմարտության Հոգի» է կոչված: Նրա աշխատանքն է’ բացահայտել և հաստատել ճշմարտությունը: Նա նախ բնակվում է սրտում որպես ճշմարտության Հոգի, և ապա դառնում է Մխիթարիչ: Ճշմարտության մեջ սփոփանք և խաղաղություն կա, սակայն դրանք բացակայում են ստության մեջ: Կեղծ տեսությունների և ավանդույթների միջոցով է, որ սատանան կարողանում է իշխել մարդուն: Ուղղելով նրան դեպի կեղծ չափանիշները’ նա աղավաղում է բնավորությունը: Իսկ Սուրբ Հոգին Աստ- վածաշնչի միջոցով խոսում է մտքի հետ, և ճշմարտությունը դրոշմում է սրտում: Այդպես Նա, բացահայտելով կեղծիքը, դուրս է նետում այն հոգուց: Աստծո խոսքի միջոցով գործող Սուրբ Հոգով է հենց, որ Քրիստոսն Իրեն է քաշում Իր ընտրյալ ժողովրդին:ԴՓ 827.1

    Իր աշակերտներին նկարագրելով Սուրբ Հոգու գործունեությունը’ Հիսուսը ձգտում էր նրանց ներշնչել այն ուրախությունն ու հույսը, որոնք ոգևորում էին Իրեն: Նա ուրախ էր, որ մեծ օգնություն է ապահովել Իր եկեղեցուն: Սուրբ Հոգին բոլոր պարգևներից մեծագույնն էր, որ Նա կարող էր խնդրել Հորից Իր ժողովրդի բարոյական վերելքի համար: Հոգին պիտի տրվեր որպես վերափոխիչ ուժ, և առանց դրա Քրիստոսի զոհաբերությունը ոչ մի արժեք չէր ունենա: Չարի իշխանությունը հզորացել էր դարերի ընթացքում, և պարզապես ցնցող էր մարդկանց հնազանդությունն այդ սատանայական գերությանը: Մեղքին կարելի էր դիմակայել և հաղթահարել միայն Աստվածության Երրորդ Անձնավորության ամենազոր միջնորդության շնորհիվ, որը պիտի գար ոչ թե փոխակերպող էներգիայի տեսքով, այլ աստվածային զորության լիությամբ: Հոգին է, որ արդյունավետ է դարձնում այն ամենն, ինչ արել է աշխարհի Փրկիչը: Եվ հենց Հոգին է, որ սրբացնում է սիրտը: Հոգու շնորհիվ հավատացյալը հաղորդակից է դառնում աստվածային բնությանը: Քրիստոսն Իր Հոգին տվեց որպես աստվածային ուժ’ բոլոր ժառանգական և ձեռքբերովի չար հակումները հաղթահարելու և Իր բնավորությունն Իր եկեղեցու մեջ դրոշմելու համար:ԴՓ 828.1

    Հոգու մասին Հիսուսն ասաց. «Նա կփառավորի ինձ”: Ինչպես Փրկիչը եկավ, որպեսզի, ցույց տալով Հոր սերը, փառավորի Նրան, այնպես էլ Հոգին պիտի փառավորեր Քրիստոսին’ աշխարհին հայտնելով Նրա շնորհը: Աստծո պատկերը պիտի վերականգնվեր մարդկության մեջ: Աստծո ժողովրդի բնավորության կատարելությունն է, որ պատիվ է բերում Քրիստոսին: [672]ԴՓ 828.2

    «Եվ Նա [ճշմարտության Հոգին], երբ որ գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար, արդարության համար և դատաստանի համար»: Աստծո խոսքի քարոզը ոչ մի արժեք չի ունենա առանց Սուրբ Հոգու մշտական ներկայության ու աջակցության: Նա է աստվածային ճշմարտության միակ ճշմարիտ ուսուցիչը: Խիղճը կկենդանանա, և կյանքը կվերափոխվի միայն այն դեպքում, երբ ճշմարտությունը սրտի մեջ դրոշմվի Հոգու միջոցով: Մարդ կարող է ընդունակ լինել ներկայացնելու Աստծո խոսքի տառը, կարող է իմանալ դրա բոլոր պահանջներն ու խոստումները, բայց եթե Սուրբ Հոգին ճշմարտությունը չհասցնի գիտակցությանը, ոչ մի հոգի վայր չի ընկնի Ժայռի վրա ու փշրվի: Առանց Աստծո Հոգու համագործակցության ո’չ կրթությունը, ո’չ էլ առավելությունները, որքան էլ մեծ լինեն, չեն կարող մարդուն լուսակիր դարձնել: Ավետարանի սերմը ծիլ չի տա, եթե չոռոգվի երկնային ցողով: Դեռ գրված չէր Նոր Կտակարանի և ոչ մի գիրք, Քրիստոսի համբարձումից հետո ավետարանի ոչ մի քարոզ դեռ չէր հնչել, երբ Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա աղոթքի ժամանակ: Դրանից հետո այսպիսին էր նրանց թշնամիների վկայությունը. «Ահա Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով» (Գործք 5.28):ԴՓ 828.3

    Քրիստոսն Իր եկեղեցուն խոստացավ Սուրբ Հոգու պարգևը, և այդ խոստումը մեզ է վերաբերում ճիշտ այնպես, ինչպես առաջին աշակերտներին: Բայց ինչպես բոլոր մյուս խոստումները, սա նույնպես տրված է պայմանով: Շատերն են հավատում և հավակնում Տիրոջ խոստումներին, նրանք խոսում են Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին, բայց ոչ մի օգուտ չեն առնում: Նրանք իրենց հոգին չեն հանձնում աստվածային ուժերի առաջնորդությանն ու հսկողությանը: Մենք չենք կարող օգտագործել Սուրբ Հո- գին: Հոգին պիտի օգտագործի մեզ: Հոգու միջոցով Աստված Իր ժողովրդի մեջ ներգործում է «կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես” (Փիլիպպեցիս 2.13): Բայց շատերը չեն ենթարկվում այդ ազդեցությանը: Նրանք իրենք են ուզում ղեկավարել իրենց: Ահա թե ինչու չեն ստանում երկնային պարգևը: Հոգին տրվում է միայն նրանց, ովքեր խոնարհությամբ ապավինում են Աստծուն, ովքեր հետևում են Նրա առաջնորդությանն ու շնորհին: Աստծո զորութ- յունը սպասում է նրանց պահանջին և ընդունմանը: Այս խոստացված օրհնությունը, հավատով պահանջելու դեպքում, իր հետ բերում է նաև մյուս բոլոր օրհնությունները: Այն տրվում է Քրիստոսի շնորհի հարստության չափով, և Նա պատրաստ է ամենքին տալ այնքան, որքան որ կարող են ընդունել:ԴՓ 829.1

    Աշակերտների հետ Իր զրույցում Հիսուսը ողբալի ակնարկներ չարեց Իր տառապանքների ու մահվան մասին: Նրա վերջին կտակը’ տրված նրանց, այս էր. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես եմ տալիս ձեզ: Ձեր սիրտը թող չխռովի և չվախենա”:ԴՓ 830.1

    Վերնատնից դուրս գալուց առաջ Փրկիչը գովասանքի օրհներգ երգեց աշակերտների հետ: Նրա ձայնը հնչում էր ոչ թե ողբալի տոնով, այլ Զատկի տոնական ցնծությամբ.ԴՓ 830.2

    «Օրհնեցեք Տիրոջը, ով ամեն ազգեր.
    Գովեցեք նրան, ով ամեն ժողովուրդներ:
    Որովհետև նրա ողորմությունը մեծ է մեզ վրա,
    Եվ Տիրոջ ճշմարտությունը հավիտյան է:
    Ալելուիա»: (Սաղմոս 117) [673]
    ԴՓ 830.3

    Օրհներգելուց հետո նրանք դուրս եկան: Անցնելով մարդաշատ փողոցներով’ նրանք դուրս եկան քաղաքի դարպասներով և ուղղվեցին դեպի Ձիթենյաց սարը: Նրանք քայլում էին դանդաղ’ ամեն մեկը տարված իր մտքերով: Երբ արդեն սկսեցին բարձրանալ սարը, Հիսուսը խոր վշտի մեջ ասաց. «Դուք ամենքդ այս գիշեր կգայթակղվեք ինձանից, որովեհտև գրված է’ Կզարկեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն» (Մատթեոս 26.31): Աշակերտները դառնությամբ ու ցնցումով լսեցին այս խոսքերը: Նրանք հիշեցին, թե ինչպես Կափառնայումի ժողովարանում, երբ Քրիստոսն Իրեն ներկայացրեց որպես կյանքի հացը, շա- տերը գայթակղվեցին և հեռացան Նրանից: Բայց իրենք’ տասներկուսը, չէին լքել Նրան: Պետրոսը, խոսելով եղբայրների անունից, այնտեղ իր հավատարմությունն էր հավաստել Քրիստոսին: Հետո Փրկիչն ասել էր. «Չէ՞ որ ես ձեզ տասներկուսիդ ընտրեցի, և ձեզանից մեկը սատանա է” (Հովհաննես 6.71): Վերնատանը Հիսուսն ասաց, որ տասներկուսից մեկը կմատնի Իրեն, և որ Պետրոսն Իրեն ուրանալու էր: Բայց հիմա Նրա խոսքերը վերաբերում էին նրանց բոլորին:ԴՓ 830.4

    Այդ միջոցին լսվում է Պետրոսի կրքոտ բողոքը. «Թեև ամենքն էլ գայթակղվեն քեզանից, ես երբեք չեմ գայթակղվի»: Վերնատանը նա ասել էր. «Իմ անձը քեզ համար կդնեմ”: Հիսուսը զգուշացրել էր նրան, որ այդ նույն գիշերը նա կուրանա իր Փրկչին: Հիմա Քրիստոսը կրկնում է նախազգուշացումը. «Ճշմարիտ եմ ասում քեզ, թե այսօր, հենց այս գիշեր, աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած’ երեք անգամ կուրանաս ինձ»: Բայց Պետրոսը միայն «առավել ևս ասում էր, թե որ քեզ հետ մեռնելու էլ լինեմ, ես քեզ չեմ ուրանա: Այդպես էլ ամենքն էին ասում” (Մարկոս 14.29,30,31): Իրենց ինքնավստահության մեջ նրանք մերժեցին Նրա կրկնակի նախազգուշացումը, ով գիտեր ամեն ինչ: Նրանք անպատրաստ էին փորձությանը, ու երբ այն գար, այն ժամանակ միայն կգիտակցեին իրենց թուլությունը:ԴՓ 831.1

    Երբ Պետրոսն ասաց, թե պատրաստ է իր Տիրոջ հետ բանտ գնալու և մինչև իսկ մեռնելու, նա ինքնավստահ էր իր խոսքերում, սակայն դեռ լավ չգիտեր իրեն: Նրա սրտում չարի թաքնված տարրեր կային, որոնք կարող էին բացահայտվել միայն որոշակի պարագաներում: Եթե նա չգիտակցեր իրեն սպասվող վտանգը, ապա դրանք կտանեին նրան դեպի հավիտենական կորուստ: Փրկիչը նրա մեջ եսասիրություն և ինքնավստահություն տեսավ, որոնք ավելի հզոր էին, քան նույնիսկ Քրիստոսի հանդեպ նրա սերը: Նրա կյանքում նկատվում էին այնպիսի թերություններ, ինչպիսիք են անվճռականությունը, անզուսպ ցանկությունները, անտարբերությունը, անսուրբ կրքերն ու անզգուշությունը փորձության մեջ: Քրիստոսի հանդիսավոր նախազգուշացումը կոչ արեց նրան քննելու իր սիրտը: Պետրոսը պիտի դադարեր վստահել իրեն և ավելի շատ ապավիներ Քրիստոսին: Եթե նա խոնարհությամբ ընդուներ նախազգուշացումը, նա կաղաչեր Հովվին պահպանել Իր հոտը: Երբ քիչ էր մնում խորտակվեր Գալիլեայի լճում, նա աղաղակեց. «Տեր, փրկիր ինձ” (Մատթեոս 14.30): Եվ Քրիստոսն անմիջապես բռնեց նրա ձեռքը: Այնպես էլ հիմա, եթե նա աղաղակեր Հիսուսին’ Իմ անձը փրկիր ինձանից, ապա փորձության մեջ հաղթող դուրս կգար: Բայց Պետրոսին թվաց, թե իրեն չեն վստահում, և դա նրան շատ դաժան թվաց: Նա գրեթե վիրավորված էր, և ավելի համառեց իր ինքնավստահության մեջ: [674]ԴՓ 831.2

    Հիսուսը կարեկցանքով նայում է Իր աշակերտներին: Նա չի կարող փրկել նրանց փորձությունից, բայց չի էլ թողնում նրանց անմխիթար: Նա հավաստիացնում է, որ պիտի փշրի մահվան շղթաները, և որ Իր սերը նրանց հանդեպ երբեք չի մարի: «Բայց իմ հարություն առնելուց հետո,- ասաց Նա,- ձեզանից առաջ կգնամ Գալիլեա” (Մատթեոս 26.32): Դեռ մինչև ուրացումը նրանք թողության հավաստիք ստացան: Նրա մահից ու հարությունից հետո նրանք գիտեին, որ ներված են և որ շատ թանկ են Քրիստոսի համար:ԴՓ 832.1

    Հիսուսն ու աշակերտները ճամփա ընկան Գեթսեման, որը գտնվում էր Ձիթենյաց սարի ստորոտում: Դա մի մեկուսի վայր էր, ուր Նա հաճախ գնում էր խորհելու և աղո- թելու: Փրկիչն Իր աշակերտներին պատմել էր, թե որն է Իր առաքելությունն աշխարհում, և թե ինչպիսի հոգևոր կապ պիտի նրանք պահեին Իր հետ: Հիմա Նա լուսաբանում է այդ դասը: Լուսնի պայծառ լույսի տակ Նա տեսնում է խաղողի մի ծաղկող վազ: Աշակերտների ուշադ- րությունը հրավիրելով դրան’ Նա օգտագործում է դա որպես խորհրդանշան:ԴՓ 832.2

    «Ես եմ ճշմարիտ որթը”,- ասում է Նա: Վայելչակազմ արմավենին, երկնասլաց մայրին կամ հզոր կաղնին ընտրելու փոխարեն’ Հիսուսը խաղողն է վերցնում’ իր կառչող բեղիկներով, Իրեն ներկայացնելու համար: Արմավենին, մայրին և կաղնին ընդունակ են ինքնուրույն կանգնելու և հենարանի կարիք չունեն: Բայց խաղողի վազը փաթաթվում է ցանկալարին’ ձգվելով դեպի երկինք: Այդպես էլ Քրիստոսն Իր մարդկային բնությամբ կախված էր աստվածային զորությունից: «Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել”,- ասել էր Նա (Հովհաննես 5.30):ԴՓ 833.1

    «Ես եմ ճշմարիտ որթը”: Հրեաները խաղողը բոլոր բույսերից ամենաազնիվն էին համարում, այն ամենի խորհրդանիշը, ինչը հզոր էր, վայելչակազմ և պըտղաբեր: Իսրայելը խորհրդանշված էր խաղողի որթով, որ Աստված տնկել էր Ավետյաց երկրում: Հրեաներն իրենց փրկության հույսը դրել էին Իսրայելի հետ իրենց ազգակցական կապի վրա: Բայց Հիսուսն ասում է’ Ես եմ իսկական Որթը: Մի կարծեք, թե Իսրայելի հետ արյունակցական կապը հաղորդակցում է ձեզ Աստծո կյանքին և Նրա խոստման ժառանգներն է դարձնում: Միայն Ինձանով կարող եք հոգևոր կյանք ստանալ: [675]ԴՓ 833.2

    «Ես եմ ճշմարիտ Որթը, և իմ Հայրը մշակն է”: Մեր երկնավոր Հայրն այս սքանչելի Որթը տնկել էր Պաղես- տինի բլուրների վրա, և հենց Ինքն էր մշակը: Այս Որթի գեղեցկությունը գրավել էր շատերին, ովքեր ճանաչել էին դրա երկնային ծագումը: Բայց Իսրայելի առաջնորդներին այն երևաց արմատի պես’ ծարավոտ երկրից: Նրանք բռնեցին և կոտրեցին այն’ կոխկրտելով իրենց անսուրբ ոտների տակ: Նրանք մտադիր էին ընդմիշտ ոչնչացնել այն: Այն բանից հետո, երբ մարդկանց թվում էր, թե դա արդեն ոչնչացված է, Նա վերցրեց և տնկեց այն ցանկապատի մյուս կողմում: Որթի բունն այլևս տե- սանելի չէր: Այն ծածկված էր մարդկանց կոպիտ հարձակումներից, բայց Որթի ճյուղերը կախվում էին ցանկապատի վրայից: Դրանք պիտի ներկայացնեին Որթը, և դրանց միջոցով ուրիշ ճյուղեր կարող էին պատվաստվել բնին: Եվ դրանցից նույնպես կարելի էր պտուղներ ստա- նալ: Բերքահավաքի ժամանակ անցորդները կարող էին քաղել դրանք:ԴՓ 833.3

    «Ես Որթն եմ, դուք’ ճյուղերը”,- ասաց Քրիստոսն Իր աշակերտներին: Ու թեև Նա շուտով պիտի բաժանվեր նրանցից, Նրա հետ նրանց հոգևոր կապն անփոփոխ պիտի մնար: Ճյուղի կապը որթի հետ, ասաց Նա, խորհրդանշում է Ինձ հետ ձեր հաղորդակցությունը: Շիվը պատվաստվում է կենդանի որթին և, մանրաթելը մանրաթելի վրա, ջիղը ջիղի վրա, այն աճում և բուն է դառնում: Որթի կյանքը դառնում է ճյուղի կյանքը: Այդպես էլ հոգին’ մեռած հանցանքների ու մեղքերի մեջ, կյանք է ստանում’ Քրիստոսի հետ հաղորդակցվելով: Այդ միությունը ձևավորում է հավատը Նրա հանդեպ որպես անձնական Փրկչի: Մեղավորն իր թուլությունը միավորում է Քրիստոսի զորության հետ, իր դատարկությունը’ Նրա լիության հետ և իր անկայունությունը’ Նրա մնայուն հզորության հետ, և այդպես ձեռք է բերում Քրիստոսի միտքը: Նրա մարդկային բնությունը միանում է մեր բնությանը, իսկ մերը միանում է Նրա աստվածային բնությանը: Այդպես, Սուրբ Հոգու շնորհիվ, մարդը հաղորդակից է դառնում աստվածային էությանը: Հայրն ընդունում է նրան հանուն Իր Սիրելի Որդու: [676]ԴՓ 834.1

    Քրիստոսի հետ այս միությունը, մեկ անգամ ձևավորված, պետք է պահպանվի: Հիսուսն ասաց. «Կացեք ինձանում, և ես’ ձեզանում. ինչպես ճյուղն ինքն իրեն չի կարող պտուղ բերել, եթե որթում չմնա, այնպես էլ դուք չեք կարող, եթե ինձանում չմնաք»: Սա պատահական հպում չէ, և ոչ էլ անջատվող-միացող կապ: Ճյուղը կենդանի որթի մի մասն է դառնում: Արմատից դեպի ճյուղերը հոսող կյանքը, ուժն ու պտղաբերությունը անընդհատ է և հաստատուն: Որթից անջատ’ ճյուղը չի կարող ապրել: Այդպես էլ դուք, ասաց Քրիստոսը, չեք կարող ապրել առանց Ինձ: Այն կյանքը, որ դուք ստացել եք Ինձանից, կարող է պահպանվել միայն մշտական հաղորդակցության միջոցով: Առանց Ինձ չեք կարող մի մեղք անգամ հաղթահարել կամ դիմանալ գեթ մեկ փորձության:ԴՓ 834.2

    «Կացեք ինձանում և ես’ ձեզանում”: Կենալ Քրիստո- սում’ նշանակում է անընդհատ ստանալ Նրա Հոգին, անմնացորդ նվիրվել Նրա ծառայությանը: Մարդու և Աստծո միջև հաղորդակցությունը երբեք չպետք է ընդհատվի: Եվ ինչպես ճյուղն է մշտապես սնվում կենդանի որթից, այնպես էլ մենք պիտի միաձուլվենք Հիսուսին, և հավատով ընդունենք Նրա զորությունն ու բնավորության կատարե- լությունը:ԴՓ 835.1

    Արմատը սնում է և’ ճյուղերը, և’ ամենածայրի ոստերը: Այդպես էլ Քրիստոսն է Իր հոգևոր զորությունը հաղորդում ամեն մի հավատացյալի: Քանի դեռ հոգին կապված է Քրիստոսի հետ, վտանգ չկա, որ այն կթառամի կամ կչո- րանա:ԴՓ 835.2

    Որթի կյանքը կդրսևորվի ճյուղերի անուշաբույր պտուղների մեջ: «Ով որ ինձանում է մնում, և ես’ նրանում,- ասաց Հիսուսը,- նա շատ պտուղ է բերում. որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել»: Երբ մենք ապրում ենք հավատով դեպի Աստծո Որդին, մեր կյանքում կերևան Հոգու պտուղները, և դրանցից ոչ մեկը չի կորչի:ԴՓ 835.3

    «Իմ Հայրը մշակն է: Ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ չի բերում, Նա կտրում է այն”: Արտաքուստ միացած լինելով որթին’ շիվը կարող է կենսական կապ չունենալ նրա հետ, ուստի և չի կարող ո’չ աճել, ո’չ էլ պտուղ բերել: Այդպես էլ կան մարդիկ, ովքեր առերևույթ կապված են Քրիստոսի հետ, բայց կենդանի հավատով միացած չեն Նրան: Կրոնի դավանությունը մարդկանց եկեղեցու անդամ է դարձնում, բայց բնավորությունն ու վարքն են ցույց տա- լիս նրանց կապը Քրիստոսի հետ: Եթե նրանք պտուղներ չեն բերում, ուրեմն կեղծ ճյուղեր են: Կապ չունենալով Քրիստոսի հետ’ նրանք նույնքան մեռած են, որքան բնից կոտրված ճյուղը: «Եթե մեկն ինձանում չի մնում,- ասաց Քրիստոսը,- ապա դուրս կգցվի ինչպես ճյուղը և կչորանա, և հավաքում են նրանց ու կրակի մեջ գցում, և այրվում են»: [677]ԴՓ 835.4

    «Եվ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի»: Մեկը տասներկուսից, որ հետևում էին Հիսուսին, շուտով պիտի կտրվեր որպես չորացած ճյուղ, իսկ մյուսները պիտի անցնեին ծանր փորձության միջով, ինչպես ճյուղերն’ էտելու դանակի տակ: Հանդիսավոր քնքշությամբ Հիսուսը բացատրեց մշակի աշխատանքը: Էտումը ցավ կպատճառի, բայց չէ՞ որ Հայրն է բանեցնում դանակը: Նա չի աշխատում անփույթ ձեռքով կամ անտարբեր սրտով: Կան ճյուղեր, որոնք տարածվում են գետնի վրա: Դրանք պետք է ազատ լինեն երկրային հենարաններից, որոնցից կառչում են իրենց բեղիկներով, որպեսզի վեր խոյանան և հենարան գտնեն Աստծո մեջ: Ավելորդ ճյուղերը, որոնք պտուղներից խլում են կենարար սնունդը, պիտի կտրվեն: Գերաճը նույնպես պետք է կասեցնել, որպեսզի ճամփա բացվի Արդարության Արեգակի բուժիչ ճառագայթների համար: Մշակը կտրում է վնասակար և ավելորդ ճյուղերը, որպեսզի պտուղն ավելի հարուստ և ավելի առատ լինի:ԴՓ 836.1

    «Սրանով կփառավորվի իմ Հայրը,- ասաց Հիսուսը,- որ շատ պտուղ բերեք”: Աստված ձեր միջոցով ուզում է հայտնել Իր բնավորության սրբությունը, բարությունն ու գթասրտությունը: Սակայն Փրկիչը չի պատվիրում աշակերտներին ինքնուրույն աշխատել պտուղ բերելու հա- մար: Նա ասում է, որ կենան Իրենում: «Եթե կենաք ինձա- նում,- ասում է Նա,- և իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ էլ որ կամենաք, կխնդրեք, և կլինի ձեզ»: Խոսքի միջոցով է, որ Քրիստոսը բնակվում է Իր հետևորդների սրտերում: Սա այն նույն կենսական միությունն է, որ խորհրդանշված է Նրա մարմինն ուտելով և Նրա արյունը խմելով: Քրիստոսի խոսքերը հոգի և կյանք են: Ընդունելով դրանք’ դուք կյանք եք ստանում Որթից: Դուք ապրում եք «ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից” (Մատթեոս 4.4): Քրիստոսի կյանքը ձեր մեջ վերարտադրում է նույն պտուղները, ինչ որ Նրանում են: Ապրելով Քրիստոսում, միաձուլվելով Քրիստոսին, աջակցություն և սնունդ ստանալով Քրիստոսից’ դուք պտուղ եք բերում Քրիստոսի նմանությամբ:ԴՓ 836.2

    Իր աշակերտների հետ այս վերջին հանդիպման ժամանակ Քրիստոսը նրանց հայտնեց Իր մեծ ցանկությունը, որ իրար սիրեն այնպես, ինչպես Ինքը սիրեց նրանց: Նորից ու նորից էր Նա կրկնում այդ բանը: «Սա է իմ պատվիրանը,- անընդհատ ասում էր Նա,- որ իրար սիրեք»: Ահա այն առաջին ներարկումը, որ Նա արեց, երբ միայնակ էր նրանց հետ վերնատանը. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, որ ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ իրար սիրեք»: Աշակերտների համար այս պատվիրանը նոր էր, որովհետև նրանք չէին սիրում իրար այնպես, ինչպես Քրիստոսն էր նրանց սիրում: Նա տեսավ, որ նրանց նոր մղումեր և նոր ըմբռնում է հարկավոր, որ նրանք պիտի առաջնորդվեին նոր սկըզբունքներով, Իր կյանքի և մահվան շնորհիվ նրանք նոր պատկերացում պիտի կազմեին սիրո մասին: Իրար սիրելու պատվիրանը նոր նշանակություն պիտի ստանար Նրա անձնազոհության լույսի ներքո: Շնորհի ամբողջ աշխատանքը սիրո, անձնուրացության և ինքնազոհության մշտական ծառայություն է: Երկրի վրա Քրիստոսի պանդխտության յուրաքանչյուր պահին Նրանից աստվածային սիրո անզուսպ հեղեղներ էին հորդում: Բոլոր նրանք, ովքեր օժտված են Նրա Հոգով, կսիրեն այնպես, ինչպես Նա սիրեց: Իրենց բոլոր հարաբերություններում նրանք կհետևեն այն նույն սկզբունքին, որով առաջնորդվել է Քրիստոսը: [678]ԴՓ 837.1

    Այս սերը նրանց աշակերտության վկայությունն է: «Սրանով կիմանան ամենքը, որ իմ աշակերտներն եք,- ասաց Հիսուսը,- եթե իրար վրա սեր ունենաք”: Երբ մարդիկ կապվում են իրար հետ ոչ թե ուժով կամ շահախնդրությամբ, այլ սիրով, նրանք վկայում են մի այնպիսի ներգործության մասին, որը վեր է մարդկային ամեն ազդեցությունից: Այս միությունը, որտեղ էլ որ դրսևորվի, ցույց է տալիս, որ Աստծո պատկերը վերականգնվում է մարդկանց մեջ, և որ նրանք ապրում են կյանքի նոր սկզբունքով: Դա վկայում է այն մասին, որ աստվածային էությունը զորություն ունի դիմակայելու չարի գերբնական ուժերին, և որ Աստծո շնորհը սրտից հեռացնում է բնածին եսասիրությունը:ԴՓ 838.1

    Այս սերը, դրսևորվելով եկեղեցում, անշուշտ կբորբոքի սատանայի զայրույթը: Քրիստոսը հեշտ ճանապարհ չի խոստացել Իր աշակերտներին: «Եթե աշխարհը ձեզ ատում է,- ասաց Նա,- իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել: Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհն իրենը կսիրեր, բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհն ատում է ձեզ: Հիշեցեք այն խոսքը, որ ես ասեցի ձեզ, թե’ ծառան իր Տիրոջից մեծ չէ. եթե ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու, եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն: Բայց այս ամենը կանեն ձեզ իմ անվան համար, որովհետև չճանաչեցին ինձ ուղարկողին»: Ավետարանը պիտի հռչակվի դաժան պայքարի, ընդդիմության, վտանգների, զրկանքների ու տառապանքների մեջ: Բայց ովքեր առաջ են տանում այս գործը, ընդամենը քայլում են իրենց Ուսուցչի հետքերով:ԴՓ 838.2

    Որպես աշխարհի Փրկիչ, Քրիստոսը հաճախ հանդիպում էր թվացյալ անհաջողության: Նա, ով շնորհի ավետիսն էր բերել այս աշխարհին, թվում էր թե շատ քիչ բան է անում, քան կցանկանար անել մարդուն վեհացնելու և փրկելու համար: Սատանայական ուժերն անընդհատ աշխատում էին խոչընդոտել Նրա ճանապարհը: Բայց Նա երբեք չէր հուսահատվում: Եսայիա մարգարեի միջոցով Նա հռչակում է. «Զուր եմ վաստակում, դատարկ և ունայն տեղը վերջացրի իմ զորությունը. սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձքը’ իմ Աստծո մոտ: ... Թեև Իսրայելը չհավաքվի, ես էլի կփառավորվեմ Տիրոջ առաջին, և իմ Աստվածն իմ զորությունը կլինի»: Քրիստոսին է տրված այս խոստումը. «Այսպես է ասում Տերը, Իսրայելի Փրկիչը, նրա Սուրբը, անարգված հոգի ունեցողին, ազգերի ատելի եղողին, . Տերն այսպես է ասում. . քեզ պահպանեցի, և քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, և ժառանգես ավերված ժառանգությունները: Որ ասես կապվածներին’ Դուրս եկեք, և նրանց, որ խավարում են’ Փայլեցեք: . Նրանք պիտի չսովեն ու չծարավեն, և նրանց պիտի չզարկի խորշակը և արևը, որովհետև նրանց ողորմողը պիտի առաջնորդի նըրանց և ջրի աղբյուրների մոտ պիտի տանի նրանց” (Եսայիա 49.4,5,7-10): [679]ԴՓ 838.3

    Մշտապես ապավինելով այս խոստմանը’ Հիսուսն առավելություն չէր տալիս սատանային: Երբ Քրիստոսը պատրաստվում էր անել Իր նվաստացման վերջին քայլերը, երբ խոր վիշտ էր իջել Նրա հոգուն, Նա ասաց Իր աշակերտներին. «Այս աշխարհի իշխանը գալիս է, և ինձանում ոչինչ չունի”: «Այս աշխարհի իշխանը դատապարտված է”: Նա «հիմա. դուրս կգցվի” (Հովհաննես 14.30, 16.11, 12.31): Մարգարեական աչքով Քրիստոսը տեսավ այն իրադարձությունները, որոնք պետք է տեղի ունենային Իր վերջին մեծ պայքարում: Նա գիտեր, որ երբ բացականչի’ «Կատարվեց», ամբողջ երկինքը պիտի ցնծա: Նրա լսողությունը որսաց երկնային ապարանքներից լսվող երաժշտության ու հաղթական բացականչությունների հեռավոր ձայնը: Նա գիտեր, որ այդ ժամանակ կհայտարարվի սատանայի իշխանության տապալումը, և Քրիստոսի անունը կհըռչակվի աշխարհից աշխարհ’ ամբողջ տիեզերքով մեկ:ԴՓ 839.1

    Քրիստոսն ուրախ էր, որ կարողացավ Իր հետևորդների համար անել ավելին, քան նրանք կխնդրեին կամ կմտածեին: Նա խոսում էր վստահ’ գիտենալով, որ դեռ մինչև աշխարհի ստեղծումը հզոր վճիռ էր կայացված: Նա գիտեր, որ Սուրբ Հոգու ամենազորությամբ ուղեկցվող ճշմարտությունը կհաղթանակի չարի դեմ մղվող պայքարում, և որ արյունաթաթախ դրոշը հաղթականորեն կծածանվի Իր հետևորդների գլխավերևում: Նա գիտեր, որ Իր հավատարիմ աշակերտների կյանքը չընդհատվող հաղթանակների շարք պետք է լինի, ինչպես Իրենն էր, բայց ճանաչված այդպիսին ոչ թե այստեղ, այլ պայծառ ապա- գայում:ԴՓ 840.1

    «Այս բաները խոսեցի ձեզ հետ,- ասաց Նա,- որ ինձանում խաղաղություն ունենաք: Աշխարհում նեղություն կկրեք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին»: Քրիստոսը չէր թերացել, ոչ էլ վհատվել էր, և Նրա հետևորդները պետք է դրսևորեն այդ նույն անսասան հավատը: Նրանք պիտի ապրեն այնպես, ինչպես Նա ապրեց, և գործեն այնպես, ինչպես Նա գործեց, որովհետև կախված են Նրանից’ իրենց մեծ Վարպետից: Նրանք պետք է լինեն խիզախ, եռանդուն և հաստատակամ: Թեև թվացյալ արգելքները կարող են խոչընդոտել նրանց ճանապարհը, Նրա շնորհիվ իրենք պետք է առաջ շարժվեն: Դժվարություններում տրտնջալու փոխարեն’ նրանք կոչված են հաղթահարելու դրանք: Նրանք ոչնչից չպետք է վհատվեն և ամեն ինչի համար պետք է հույս ունենան: Իր անհուն սիրո ոսկյա շղթայով Քրիստոսը կապել էր նրանց Աստծո գահին: Նրա նպատակն էր, որ բոլոր ուժերի աղբյուրից բխող ամենավեհ տիեզերական զորությունը նրանցը լի- նի: Նրանք պետք է ուժ ունենան դիմակայելու չարին, մի ուժ, որին ո’չ երկիրը, ո’չ մահը և ո’չ էլ դժոխքը չեն կարող հաղթել, ուժ, որը նրանց ընդունակ կդարձնի հաղթելու այնպես, ինչպես Քրիստոսը հաղթեց: [680]ԴՓ 840.2

    Քրիստոսն ուզում է, որ երկնքի կարգապահությունը, երկնքի աստվածային ներդաշնակությունն ու կառավարման ձևն արտացոլվեն երկրում գտնվող Իր եկեղեցում: Այդպես Նա փառավորվում է Իր ժողովրդի մեջ: Նրանց միջոցով Արդարության Արեգակն անմար փառքի լույսով կլուսավորի աշխարհը: Քրիստոսն Իր եկեղեցուն օժտել է բոլոր անհրաժեշտ միջոցներով, որպեսզի Իր փըրկագն- ված ժառանգությունից փառքի մեծ տուրք ստանա: Նա Իր ժողովրդին այնպիսի ունակություններ ու օրհնություններ է տվել, որ նրանք կարողանան արտացոլել Իր լիությունը: Քրիստոսի արդարությունը հագած եկեղեցին Նրա գանձարանն է, որում Նրա ողորմության, շնորհի և սիրո հարստություններն իրենց կատարյալ ու վերջնական արտացոլումն են գտնում: Իր զավակներին’ իրենց սրբության ու կատարելության մեջ, Քրիստոսն Իր նվաստացման վարձքն ու Իր փառքի մեծությունն է համարում: Քրիստոսն է այն մեծ Կենտրոնը, որից ճառագում է ամբողջ փառքը:ԴՓ 840.3

    Փրկիչն Իր խրատներն ավարտեց ազդեցիկ, հուսադրող խոսքերով: Հետո Նա Իր հոգու բեռը թափեց աղոթքի մեջ Իր աշակերտների համար: Աչքերը բարձրացնելով դեպի երկինք’ Նա ասաց. «Հայր, ժամը հասել է, փառավորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառավորի. ինչպես նրան իշխանություն տվիր ամեն մարմնի վրա, որ հավիտենական կյանք տա այն ամենին, որ տվիր նրան: Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ, միակ ճշմարիտ Աստված, և նրան, որ ուղարկեցիր, Հիսուս Քրիստոսին”:ԴՓ 841.1

    Քրիստոսն ավարտել էր Իրեն հանձնարարված գոր- ծը: Նա երկրում փառավորել էր Աստծուն: Նա հայտնել էր մարդկանց Հոր անունը: Նա ընտրել էր նրանց, ովքեր մարդկանց մեջ պիտի շարունակեին Իր աշխատանքը: Եվ Նա ասաց. «Ես փառավորված եմ նրանցում: ... Ես այլևս աշխարհում չեմ, իսկ նրանք աշխարհում են, և ես քեզ մոտ եմ գալիս: Ով Սուրբ Հայր, պահիր նրանց քո անունով, որոնց տվիր ինձ, որ մեկ լինեն, ինչպես մենք”: «Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց հա- մար էլ, որ նրանց խոսքով կհավատան ինձ: Որ ամենքը մեկ լինեն, ... ես նրանցում, և դու’ ինձանում, որ կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, թե դու ուղարկեցիր ինձ, և սիրեցիր նրանց, ինչպես ինձ սիրեցիր»:ԴՓ 841.2

    Խոսելով աստվածային իշխանություն ունեցողի լեզվով’ Քրիստոսն Իր ընտրյալ եկեղեցին հանձնում է Հոր ձեռքը: Որպես նվիրված քահանայապետ’ Նա բարեխոսում է Իր ժողովրդի համար: Որպես հավատարիմ հովիվ’ Նա Իր հոտը հավաքում է Ամենակարողի շուքի տակ’ մի ամուր և հուսալի ապաստարանում: Իսկ Իրեն սպասվում է վերջին բախումը սատանայի հետ, և Նա առաջ է գնում դիմավորելու այն: [681]ԴՓ 842.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents