Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 84. - «Խաղաղություն ձեզ”

    (Ղուկաս 24.33-48, Հովհաննես 20.19-29)

    ՀԱՍՆԵԼՈՎ Երուսաղեմ’ երկու աշակերտները քաղաք են մտնում արևելյան դարպասներով, որոնք գիշերը բաց են թողնված տոնի առիթով: Քաղաքը լուռ ընկղմված է մթության մեջ, բայց ճամփորդները լուսնի լույսի տակ անցնում են նեղ փողոցներով: Նրանք ուղղվում են դեպի վերնատուն, որտեղ Հիսուսն Իր մահից առաջ անցկացրեց վերջին երեկոն: Նրանք գիտեին, որ եղբայրներին այստեղ կարող են գտնել, և որ նույնիսկ այդ ուշ ժամին աշակերտները չէին քնի, մինչև հաստատ չիմանային, թե ինչ է պատահել իրենց Տիրոջ մարմնի հետ: Տան դուռը նրանք ամուր կողպած են գտնում: Ծեծում են, բայց’ ոչ մի պատասխան: Ամեն ինչ լուռ է: Հետո նրանք տալիս են իրենց անունը: Դուռը զգուշորեն բացվում է, նրանք ներս են մտնում, և Մեկ Ուրիշը, անտեսանելի, մտնում է նրանց հետ: Դուռը կրկին փակում են’ լրտեսներից խուսափելու համար:ԴՓ 989.1

    Ճամփորդները բոլորին գտնում են զարմանքի ու խանդավառության մեջ: Լսվում են նրանց փառաբանության ու գովասանքի ձայները. «Արդարև Տերը հարություն է առել և երևացել Սիմոնին”: Եվ երկու ճամփորդները հևալով, նույն արագությամբ, ինչպես եկել էին, սկսում են պատմել այն հրաշք եղելությունը, թե ինչպես Հիսուսը հայտնվեց նրանց: Նրանք հազիվ են վերջացնում, երբ մի քանիսն ասում են, թե չեն կարող հավատալ, որովհետև դա չափից ավելի հրաշալի է ճիշտ լինելու համար, բայց ահա, մի այլ Անձնավորություն է հայտնվում նրանց մեջ: Բոլորի աչքերը դառնում են դեպի Անծանոթը: Ոչ ոք չէր բախել դուռը, ոչ մի ոտնաձայն չէր լսվել: Աշակերտները վախից ցնցվում են’ չիմանալով, թե ինչ է դա: Բայց ահա լսվում է մի ձայն, որը չէր կարող ուրիշինը լինել: Նրանց Ուսուցիչը պարզ և որոշակիորեն ասում է. «Խաղաղություն ձեզ»: [803]ԴՓ 989.2

    «Իսկ նրանք, զարհուրելով ու վախեցած, կարծում էին, թե ոգի են տեսնում: Եվ նրանց ասեց. Ինչո՞ւ եք շփոթված, և ինչո՞ւ են խորհուրդներ ծագում ձեր սրտերում: Տեսեք իմ ձեռքերը և իմ ոտքերը, որ ես ինքս եմ: Շոշափեցեք ինձ և տեսեք, որովհետև ոգին մարմին և ոսկորներ չունի, ինչպես ինձ եք տեսնում, որ ունեմ: Եվ սա որ ասեց, ձեռքերն ու ոտքերը ցույց տվեց նրանց»:ԴՓ 990.1

    Նրա ձեռքերի ու ոտքերի վրա նրանք տեսան մեխերի դաժան հետքերը: Նրանք ճանաչեցին Նրա ձայնը, որ երբևէ իրենց լսած բոլոր ձայներից տարբեր էր: «Եվ քանի որ ուրախությունից չէին հավատում ու զարմացած էին, ասաց նրանց. Կերակուր ունե՞ք այստեղ: Եվ նրանք խորոված ձկան կտոր տվին Նրան և մեղրախորիսխ: Եվ առավ կերավ նրանց առաջին”: «Եվ աշակերտները ուրախացան, երբ որ տեսան Տիրոջը»: Անհավատությունը փոխվեց հավատի և ուրախության, և այնպիսի զգացումներով, որ անհնար է արտահայտել, նրանք ճանաչեցին իրենց հարություն առած Փրկչին:ԴՓ 990.2

    Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակն ազդարարել էր. «Երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ’ հա- ճություն”: Եվ հիմա, Իր հարությունից հետո առաջին անգամ հայտնվելով աշակերտներին, Փրկիչը դիմեց նրանց օրհնյալ խոսքերով’ «Խաղաղություն ձեզ»: Փրկիչը միշտ պատրաստ է խաղաղություն տալու հոգուն, որը ճնշված է կասկածանքներից ու վախից: Նա սպասում է, որ մեր սրտի դուռը բացենք Նրան և ասենք’ «Մնա մեզ հետ”: Նա ասում է. «Ահա կանգնած եմ դռան առաջին և թակում եմ. եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, նա էլ ինձ հետ” (Հայտնություն 3.20): [804]ԴՓ 990.3

    Հիսուսի հարությունը բոլոր նրանց վերջնական հարության նախապատկերն է, ովքեր ննջում են Նրանում: Կենդանացած Փրկչի դեմքը, շարժուձևը, խոսելը’ ամեն բան ծանոթ էր Նրա աշակերտներին: Ինչպես Հիսուսը հառնեց մեռելներից, այնպես էլ նրանք, ովքեր ննջում են Նրանում, հարություն կառնեն: Մենք կճանաչենք մեր ընկերներին, ինչպես աշակերտները ճանաչեցին Հիսուսին: Թեկուզ խեղված, հիվանդ և այլայլված լինեն այս երկրային կյանքում, նրանք հարություն կառնեն կատարելապես առողջ և բարեկազմ, սակայն փառավորված մարմիններում նըրանց նույնությունը լիովին կպահպանվի: Այն ժամանակ կճանաչենք նրանց, ինչպես ճանաչված ենք (Ա Կորնթացիս 13.12): Նայելով նրանց, ովքեր արտացոլում են Փրկչի երեսից շողացող լույսը, մենք կճանաչենք մեր սիրեցյալներին:ԴՓ 991.1

    Հանդիպելով Իր աշակերտներին’ Հիսուսը հիշեցրեց նրանց այն խոսքերը, որ ասել էր Իր մահից առաջ, թե պետք է կատարվեին Մովսեսի օրենքում, մարգարենե- րում և սաղմոսներում բոլոր Իր մասին գրվածները: «Այն ժամանակ նրանց միտքը բացավ, որ Գրքերը հասկանան, և նրանց ասեց. Այսպես գրված է, և այսպես էլ պետք էր Քրիստոսին չարչարվել և երրորդ օրը մեռելների միջից հարություն առնել: Եվ նրա անունով ապաշխարություն և մեղքերի թողություն պիտի քարոզվի բոլոր ազգերի մեջ’ Երուսաղեմից սկսած: Եվ դուք այս բաների վկաներն եք»: [805]ԴՓ 991.2

    Աշակերտները սկսեցին ըմբռնել իրենց աշխատանքի բնույթն ու ծավալը: Նրանք պետք է հռչակեին աշխարհին այն հրաշալի ճշմարտությունները, որ Քրիստոսը վստահել էր իրենց: Նրա կյանքի իրադարձությունները, Նրա մահն ու հարությունը, այս դեպքերը մատնանշող մարգարեությունները, Աստծո օրենքի սրբությունը, փրկության ծրագրի գաղտնիքներն ու մեղքեր ներելու Քրիստոսի իշխանությունը. այս ամենին նրանք պետք է վկաներ լինեին’ հայտնելով դրանք ամբողջ աշխարհին: Նրանք պետք է հռչակեին խաղաղության և փրկության ավետարանը ապաշխարության և Փրկչի զորության միջոցով:ԴՓ 991.3

    «Եվ այս ասելով’ փչեց նրանց վրա ու ասեց. Առեք Սուրբ Հոգին: Ում մեղքը որ թողնեք, թողնված կլինի նրանց, ու- մը որ պահեք’ պահված կլինի”: Սուրբ Հոգին դեռ լիությամբ չէր դրսևորվել, քանի որ Քրիստոսը դեռ փառավորված չէր: Ավելի առատորեն Սուրբ Հոգին պիտի տրվեր միայն Քրիստոսի համբարձումից հետո: Մինչև չընդունեին Հոգին, աշակերտները չէին կարող իրականացնել ավետարանի քարոզն ամբողջ աշխարհում: Բայց հիմա այն տրվեց նրանց հատուկ նպատակով: Նախքան աշակերտները կկատարեին իրենց պաշտոնական պարտակա- նությունները’ կապված եկեղեցու հետ, Քրիստոսը նրանց վրա փչեց Իր Հոգին: Նա տվեց նրանց ամենամեծ պարգևը’ կամենալով տպավորել նրանց մտքում այն փաստը, որ առանց Սուրբ Հոգու այդ աշխատանքն անհնար կլինի իրագործել:ԴՓ 992.1

    Սուրբ Հոգին հոգևոր կյանքի շունչն է մարդու մեջ: Ընդունել Սուրբ Հոգին’ նշանակում է ընդունել Քրիստոսի կյանքը: Ընդունողին այն օժտում է Քրիստոսի բնավորության հատկանիշներով: Միայն նրանք, ովքեր այսպես սովորում են Աստծուց, ովքեր թույլ են տալիս, որ Հոգին աշխատի իրենց սրտում, և ում կյանքում դրսևորվում է Քրիստոսի բնավորությունը, պետք է ներկայացնեն Աստծուն և ծառայեն եկեղեցում:ԴՓ 992.2

    «Ում մեղքը որ թողեք,- ասաց Քրիստոսը,- թողնված կլինի նրանց, ումը որ պահեք’ պահված կլինի”: Քրիստոսն այստեղ ազատություն չի տալիս ամեն մի պատահական մարդու դատել ուրիշներին: Լեռան քարոզում Նա արգելել է այդ: Դա Աստծո բացառիկ իրավունքն է: Բայց եկեղեցու վրա, որպես կազմակերպության, Նա պատասխանատվություն է դրել իր առանձին անդամների համար: Նրանց նկատմամբ, ովքեր մեղքի մեջ են ընկել, եկեղեցին պարտավորություն ունի’ զգուշացնելու, խրատելու և, հնարավորության դեպքում, վերականգնելու: «Հանդիմանի’ր, սաստի’ր, հորդորի’ր,- ասում է Տերը,- ամեն երկայնամտությունով և վարդապետությունով” (Բ Տիմոթեոս 4.2): Սխալների հետ ազնվորեն վարվեք: Զգուշացրե’ք ամեն մի հոգու, ով վտանգի մեջ է: Մի’ թողեք, որ մարդիկ խաբեն իրենց: Մեղքը կոչե’ք իր անունով: Հայտարարեիք, թե Աստված ինչ է ասել սուտ խոսելու, Շաբաթը խախտելու, գողության, կռապաշտության և ուրիշ այլ չարիքների մասին: «Այդպիսի բաներ գործողներն Աստծո արքայությունը չեն ժառանգի” (Գաղատա- ցիս 5.21): [806] Եթե նրանք համառում են մեղքի մեջ, ապա այն դատաստանը, որ դուք ներկայացրել եք Աստծո խոսքից, վճռված է նրանց համար երկնքում: Ընտրելով մեղքը՝ նրանք բաժանվում են Քրիստոսից, և եկեղեցին պետք է ցույց տա, որ դատապարտում է նրանց արարքները, և թույլ չի տա, որ Տիրոջ անունն անարգվի: Եկեղեցին պետք է նույն դիրքորոշումն ունենա մեղքի հանդեպ, ինչ որ Աստված: Մեղքի հետ եկեղեցին պետք է վարվի այնպես, ինչպես Աստված է թելադրում, և որոշումը, որ նա կայացնում է, հաստատված է լինում երկնքում: Նա, ով արհամարհում է եկեղեցու հեղինակությունը, արհամարհում է անձամբ Քրիստոսին:ԴՓ 992.3

    Բայց նկարն ավելի լուսավոր կողմ էլ ունի: «Ում մեղքերը որ թողնեք, թողնված կլինի նրանց»: Թող այս միտքը գլխավորը լինի ձեզ համար: Գործելով սխալվողների հա- մար’ թող ամեն մի աչք ուղղված լինի Քրիստոսին: Թող հովիվները ջերմ հոգատարություն ցուցաբերեն Տիրոջ արոտի հոտի նկատմամբ: Թող նրանք պատմեն մոլորվածներին Փրկչի ներող ողորմության մասին: Թող նրանք դրդեն մեղավորին ապաշխարելու և հավատալու Նրան, ով կարող է ներել: Թող նրանք, հիմնվելով Աստծո խոսքի հեղինակության վրա’ հայտարարեն. «Եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղ- քերը թողնի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից” (Ա Հովհաննես 1.9): Բոլոր նրանք, ովքեր ապաշխարում են, կարող են համոզված լինել, որ «Նա դարձյալ մեզ պիտի ողորմի, և պիտի ոտնահարի մեր բոլոր անօրենությունները. և մեր բոլոր մեղքերը դու կգցես ծովի խորքերը” (Մի- քիա 7.19):ԴՓ 993.1

    Եկեղեցին թող երախտագիտությամբ ընդունի մեղավորի զղջումը, և ապաշխարողին անհավատության խավարից թող առաջնորդի դեպի հավատի ու արդարության լույսը: Թող նրա դողդոջուն ձեռքը դրվի Հիսուսի սիրող ձեռքի մեջ: Այսպիսի թողությունը հաստատված է լինում երկնքում:ԴՓ 994.1

    Միայն այս իմաստով եկեղեցին իրավունք ունի թողություն տալու մեղավորին: Մեղքերի թողություն կարելի է ստանալ միայն Քրիստոսի արժանիքների շնորհիվ: Ոչ մի մարդու, մարդկային ոչ մի կազմակերպության իրավունք չի տրված ազատելու հոգին հանցանքից: Քրիստոսն Իր աշակերտներին պատվիրել է մեղքերի թողություն քարոզել Իր անունով բոլոր ազգերին, բայց նրանք անձամբ օժտված չեն եղել մեղքի որևէ բիծ անգամ ներելու իշխանությամբ: Հիսուսի անունը միակն է’ «երկնքի տակ մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել» (Գործք առաքելոց 4.12): [807]ԴՓ 994.2

    Երբ հարությունից հետո Հիսուսն առաջին անգամ հանդիպեց աշակերտներին վերնատանը, Թովմասը նրանց հետ չէր: Նա մյուսներից լսել և մի շարք վկայություններ էր ստացել, որ Հիսուսը հարություն է առել, բայց նրա սիրտը լցվում էր անհավատությամբ ու խավարով: Աշակերտներից լսելով հառնած Փրկչի հրաշք հայտարարությունների մասին’ նա միայն ավելի խորն ընկղմվեց հուսահատության մեջ: Եթե Հիսուսն իրոք հարություն է առել մեռելնե- րից, ուրեմն այլևս հույս չկա երկրային թագավորության: Նրա ինքնասիրությունը վիրավորված էր, որ իր Ուսուցիչը հայտնվել է բոլոր աշակերտներին, բացի իրենից: Նա որոշել էր չհավատալ, և մի ամբողջ շաբաթ ողբում էր իր խորտակված հույսերի վրա և, ի տարբերություն նրա եղբայրների հավատի և հույսի, նրա վիճակը գնալով ավելի մռայլ էր թվում:ԴՓ 994.3

    Այդ ընթացքում նա անընդհատ կրկնել էր. «Եթե նրա ձեռքերում բևեռների նշանը չտեսնեմ, իմ մատը չդնեմ մեխերի տեղը և իմ ձեռքը չկոխեմ նրա կողը, չեմ հավատա»: Նա չէր ուզում նայել իր եղբայրների աչքերով կամ էլ հավատալ նրանց վկայությանը: Նա ջերմորեն սիրում էր իր Տիրոջը, բայց թույլ էր տվել, որ նախանձն ու անհավատությունը իշխեն իր մտքին ու սրտին:ԴՓ 995.1

    Աշակերտներից ոմանք հիմա իրենց ժամանակավոր տունն էին դարձրել ծանոթ վերնատունը, և ամեն երեկո բոլորը, բացի Թովմասից, հավաքվում էին այստեղ: Մի երեկո Թովմասը որոշեց հանդիպել մյուսներին: Չնայած նրա անհավատությանը, նա թույլ հույս ուներ սրտի խորքում, որ բարի լուրը ճշմարտություն է: Նստած ընթրիքի սեղանի շուրջը’ աշակերտները խոսում էին այն վկայությունների մասին, որ Քրիստոսը տվել էր մարգարեություններում: Եվ ահա «Հիսուսը, երբ դռները փակ էին, եկավ և կանգնեց նրանց մեջ’ ասելով. Խաղաղություն ձեզ”:ԴՓ 995.2

    Դառնալով Թովմասին’ Նա ասում է. «Բեր քո մատն այստեղ, և տես իմ ձեռքերը, և քո ձեռքը բեր և իմ կողը կոխիր, և մի’ լինիր անհավատ, այլ հավատացյալ»: Սա ցույց է տալիս, որ Նա ծանոթ էր Թովմասի մտքերին ու խոսքերին: Կասկածամիտ աշակերտը գիտեր, որ իր ընկերներից ոչ մեկը մի ամբողջ շաբաթ չէր տեսել Հիսուսին: Նրանք չէին կարող պատմած լինել Ուսուցչին իր անհավատության մասին: Նա ճանաչեց, որ իր առջև կանգնածը Տերն է, և նրան այլևս ապացույց պետք չէր: Նրա սիրտը ցնծաց ուրախությունից, և նա նետվեց Հիսուսի ոտքերը’ բացականչելով. «Իմ Տեր և իմ Աստված»:ԴՓ 995.3

    Հիսուսն ընդունեց այդ խոստովանությունը, բայց նրբորեն հանդիմանեց նրա անհավատությունը. «Որովհետև տեսար ինձ’ հավատացիր. երանի նրանց, որ չեն տեսել, և հավատում են»: Թովմասի հավատն ուրախություն կպատճառեր Քրիստոսին, եթե նա կամենար հավատալ իր եղբայրների վկայությանը: Եթե աշխարհն այսօր հետևեր Թովմասի օրինակին, ոչ ոք չէր հավատա փրկությանը, քանի որ բոլոր նրանք, ովքեր ընդունում են Քրիստոսին, անում են դա ուրիշների վկայության շնորհիվ: [808]ԴՓ 995.4

    Շատ կասկածամիտներ արդարացնում են իրենց’ ասելով, որ եթե իրենց տրվեր այն վկայությունը, որ տվեցին Թովմասին նրա ընկերները, ապա կհավատային: Նրանք չեն գիտակցում, որ ոչ միայն այդ վկայությունն ունեն, այլ շատ ավելին: Շատերը, ովքեր Թովմասի նման սպասում են, որ կասկածելու բոլոր պատճառները վերանան, երբեք չեն հասնի դրան: Նրանք աստիճանաբար հաստատվում են անհավատության մեջ: Ովքեր իրենց սովորեցնում են տեսնել միայն մութ կողմը և տրտնջալ ու դժգոհել, չգիտեն, թե ինչ են անում: Նրանք կասկածի սերմեր են ցանում, և կասկածի բերք էլ կհնձեն: Այն ժամանակ, երբ հավատն ու վստահությունը խիստ անհրաժեշտ կլինեն, շատերն այդպիսով անզոր կլինեն հուսալու և հավատալու:ԴՓ 996.1

    Թովմասի հանդեպ Հիսուսի վերաբերմունքը խրատ է Նրա հետևորդների համար: Նրա օրինակը ցույց է տալիս, թե ինչպես պետք է վարվել նրանց հետ, ում հավատը թույլ է, և ովքեր տրված են կասկածամտությանը: Հիսու- սը չկշտամբեց Թովմասին և չսկսեց վիճել նրա հետ: Նա պարզապես Իրեն հայտնեց նրան: Թովմասը ծայրաստիճան անմտություն դրսևորեց’ թելադրելով այն պայմանները, որոնց առկայության դեպքում կհավատար, բայց Հիսուսն Իր անշահախնդիր սիրով ու նրբանկատությամբ հեռացրեց բոլոր խոչընդոտները: Անհավատությունը հազվադեպ կարելի է հաղթահարել վիճաբանությամբ: Նման դեպքում այն ավելի շուտ սկսում է պաշտպանվել, և նոր պատճառներ ու արդարացում է գտնում: Թող Հիսուսն Իր սիրով և գթությամբ հայտնվի որպես խաչյալ Փրկիչ, և շատերի շուրթերից, ովքեր մինչև այդ չէին կամենում հավատալ, կլսվի Թովմասի խոստովանությունը. «Իմ Տեր և իմ Աստված»: [809]ԴՓ 996.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents