Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 2. - Ընտրյալ ժողովուրդը

    ԱՎԵԼԻ քան հազար տարի հրեա ժողովուրդը սպասել էր Փրկչի գալըստյանը: Այս իրադարձության հետ էին նրանք կապել իրենց ամենավառ հույսերը: Երգերում և մարգարեությունների մեջ, տաճարի ծեսերում և ընտանեկան աղոթքներում նրանք փառաբանել էին Նրա անունը: Եվ, այնուհանդերձ, երբ Նա եկավ, նրանք չճանաչեցին Նրան: Երկնքի սիրեցյալը նրանց համար «արմատի պես էր’ ծարավ երկրից”, Նա «ո’չ կերպարանք ուներ և ո’չ էլ վայելչություն», և չտեսան Նրանում որևէ գեղեցկություն, որ դեպի Իրեն գրավեր: «Նա իրեննե- րի մոտ եկավ, և իրենները նրան չընդունեցին” (Եսայիա 53.2, Հովհաննես 1.11):ԴՓ 16.1

    Եվ սակայն Աստված ընտրել էր Իսրայելը: Նա կանչել էր նրանց’ պահպանելու մարդկանց մեջ գիտությունն Իր օրենքի և Փրկչին մատնանշող խորհրդանշանների ու մարգարեությունների մասին: Նա կամենում էր, որ նրանք փրկության աղբյուրներ լինեն աշխարհի համար: Ինչ որ Աբրահամն էր իր պանդխտության երկրում, Հովսեփը’ Եգիպտոսում, և Դանիելը’ Բաբելոնի արքունիքում, նույնը պետք է լիներ հրեա ժողովուրդն ազգերի մեջ: Նրանք պետք է Աստծուն բացահայտեին մարդկանց:ԴՓ 16.2

    Աբրահամին կանչելիս Տերն ասել էր. «Ես պիտի քեզ օրհնեմ... և դու օրհնյալ կլինես... և երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն» (Ծննդոց 12.2,3): Նույն խոստումը կրկնվել էր մարգարեների միջոցով: Նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայելն ուժասպառ էր եղել պատերազմից և գերությունից, խոստումը նրանցն էր. «Եվ Հակոբի մնացորդը պիտի շատ ժողովուրդների մեջ Տիրոջ կողմից եկած ցողի պես լինի, այն շաղի պես, որ գալիս է խոտի վրա, որ մարդի չի սպասում և մարդի որդկանց չի հուսում” (Մի- քիա 5.7): Երուսաղեմի տաճարի վերաբերյալ Տերն ասել էր Եսայիայի միջոցով. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ազգերի համար” (Եսայիա 56.7): [28]ԴՓ 16.3

    Սակայն իսրայելցիներն իրենց հույսը դրեցին աշխարհիկ փառքի վրա: Քանանի երկիրը մտնելուց ի վեր նրանք թողեցին Աստծո պատվիրանները և գնացին հեթանոսների հետքերով: Զուր էր Աստված զգուշացնում նրանց մարգարեների միջոցով: Նրանք չէին խրատվում հեթանոսների պատիժներից: Ամեն մի բարենորոգումից հետո ժողովուրդն էլ ավելի էր նահանջում Աստծուց:ԴՓ 17.1

    Եթե Իսրայելը հավատարիմ մնար Աստծուն, Նա կիրա- կանացներ Իր նպատակը’ փառավորելով և մեծարելով Իր ժողովրդին: Եթե նրանք ընտրեին հնազանդության ուղին, Նա նրանց կդարձներ «բոլոր իր ստեղծած ազգերից գերազանց’ գոհությունով, համբավով և փառքով»: «Եվ երկրիս ամեն ժողովուրդները,- ասաց Մովսեսը,- կտեսնեն, որ Եհովայի անունը կոչված է քեզ վրա, և քեզանից կվախե- նան”: Եվ ազգերը, «այս բոլոր կանոնները լսելով, պիտի ասեն’ իրավ այս մեծ ազգը մի իմաստուն և հանճարեղ ժողովուրդ է” (Երկրորդ Օրինաց 26.19, 28.10, 4.6): Բայց նրանց անհավատարմության պատճառով Աստծո նպատակը կարող էր իրագործվել միայն մշտական պայքարի և նվաստացման միջոցով:ԴՓ 17.2

    Նրանք գերի ընկան Բաբելոն և ցրվեցին հեթանոսական երկրներում: Դըժբախտության մեջ շատերը նորո- գեցին իրենց ուխտը Նրա հետ: Մինչ նրանք կախում էին իրենց քնարներն ուռենիներից և ողբում ավերված սուրբ տաճարի համար, ճշմարտության լույսը շողում էր նրանց միջոցով, և Աստծո գիտությունը տարածվում էր ազգերի մեջ: Հեթանոսների զոհաբերության համակարգը Աստծո սահմանած կարգի խեղաթյուրված նմանությունն էր, և հեթանոսական ծեսերի անկեղծ հետևորդներից շատերը հրեաներից սովորեցին աստվածային պաշտամունքի խորհուրդը և հավատով կառչեցին Փրկչի մասին տրված խոստումից:ԴՓ 17.3

    Աքսորյալներից շատերը հալածանքներ էին կրում: Քիչ չէին և նրանք, ովքեր զրկվեցին կյանքից, որովհետև հրաժարվել էին խախտել շաբաթը և նշել հեթանոսական տոները: Երբ կռապաշտները փորձում էին ոչնչացնել ճշմարտությունը, Տերն Իր ծառաներին դեմ առ դեմ էր հանում թագավորների և իշխանավորների հետ, որպեսզի նրանք և իրենց ժողովուրդը կարողանային ընդունել լույսը: Ժամանակ առ ժամանակ մեծագույն միապետերը ստիպված են եղել ճանաչել այն Աստծո գերազանցությունը, ում պաշտում էին նրանց հրեա գերիները: [29]ԴՓ 18.1

    Բաբելոնյան գերությունն իսրայելցիներին օգնեց զերծ մնալու ձեռագործ կուռքերին պաշտելուց: Հետագա դարերի ընթացքում նրանք այնքան տառապեցին հեթանոսների ճնշման տակ, մինչև համոզվեցին, որ իրենց բարեկեցությունը կախված է Աստծո օրենքին հնազանդվելուց: Սակայն շատերի հնազանդության դրդապատճառը ոչ թե սերն էր, այլ եսասիրությունը: Աստծուն մատուցած իրենց ձևական ծառայությունների միջոցով նրանք ձգտում էին հասնել ազգային փառքի: Նրանք չդարձան աշխարհի լույսը, այլ առանձնացան աշխարհից’ կռապաշտության գայթակղությունից խուսափելու համար: Մովսեսի միջոցով տրված ցուցումներում Աստված սահմանափակումներ էր մտցրել կռապաշտների հետ նրանց հարաբերությունների մեջ: Բայց այդ խրատները սխալ էին մեկնաբանվել: Դրանց նպատակն էր հետ պահել նրանց հեթանոսների սովորույթներից: Սակայն իսրայելցիները դրանք բաժանման պատ դարձրին իրենց և բոլոր մյուս ազգերի միջև: Հրեաներն իրենց երկինքը Երուսաղեմն էին համարում և, ըստ էության, վախենում էին, որ չլինի՞ թե հանկարծ Տերը ողորմություն ցույց տա նաև հեթանոսներին:ԴՓ 18.2

    Բաբելոնից վերադառնալուց հետո մեծ ուշադրություն դարձվեց կրոնական դաստիարակությանը: Ամբողջ երկ- րով մեկ ժողովարաններ հիմնվեցին, որտեղ քահանաներն ու դպիրները բացատրում էին օրենքը: Հիմնվեցին նաև դպրոցներ, որտեղ արվեստի և գիտության հետ մեկտեղ սովորեցնում էին արդարության սկզբունքները: Սակայն այս հաստատություններն ապականվեցին: Գերության ընթացքում շատերը հեթանոսական գաղափարներ ու սովորույթներ էին ընդունել, և դրանք ներդրվեցին նրանց կրոնական ծառայության մեջ: Շատ հարցերում նրանք համակերպվել էին կռապաշտների ավանդույթների հետ:ԴՓ 18.3

    Հեռանալով Աստծուց’ հրեաները մեծապես աղավաղել էին ծիսական ծառայության ուսմունքը: Այդ ծառայությունը սահմանված է եղել անձամբ Քրիստոսի կողմից: Յուրաքանչյուր գործողություն խորհրդանշում էր Նրան և լի էր կյանքով ու հոգևոր գեղեցկությամբ: Բայց հրեաները հոգևոր կյանքից զրկել էին իրենց ծեսերը և կառչել մեռած ձևերից: Նրանք իրենց հույսը դրել էին միայն զոհաբերությունների և արարողությունների վրա’ փոխանակ ապավինելու Նրան, ում մատնանշում էին դրանք: Լրացնելու համար այն, ինչ նրանք կորցրել էին, քահանաներն ու վարդապետները ավելացնում էին իրենց սեփական պահանջները, և որքան ավելի խիստ էին նրանք վարվում, այնքան ավելի քիչ էր դրսևորվում Աստծո սերը: Նրանք իրենց սրբությունը չափում էին իրենց ծիսակատարությունների քանակով, մինչդեռ նրանց սրտերը լի էին հպարտությամբ և կեղծավորությամբ:ԴՓ 19.1

    Իրենց բոլոր մանրակրկիտ և դժվարակիր պահանջներով նրանք անհնարին էին դարձրել օրենքը պահելը: Ովքեր կամենում էին ծառայել Աստծուն և միաժամանակ փորձում էին կատարել վարդապետների պատվիրանները, տնքում էին ծանր բեռի տակ: Նրանք չէին կարողանում հանգիստ գտնել արթնացած խղճի խայթոցներից: Այդպես սատանան աշխատում էր վհատեցնել մարդկանց, նսեմացնել Աստծո բնավորության մասին նրանց պատկերացումը և նախատինք դարձնել Իսրայելի հավատը: Նա հույս ուներ հիմնավորելու այն բողոքը, որ ներկայացրել էր երկնքում բարձրացրած իր խռովության ժամանակ, թե իբր Աստծո պահանջներն անարդարացի են, և հնարավոր չէ դրանց հնազանդվել: «Նույնիսկ Իսրայելը,- հայտարարեց նա,- չկարողացավ պահել օրենքը”: [30]ԴՓ 19.2

    Թեև հրեաները սպասում էին Մեսիայի գալստյանը, նրանք ճիշտ պատկերացում չունեին Նրա առաքելության մասին: Նրանք ուզում էին ազատվել ոչ թե մեղքից, այլ հռոմեացիներից: Նրանք սպասում էին, որ Մեսիան կգա որպես մի նվաճող’ տապալելու զավթիչների իշխանությունը և Իսրայելին հասցնելու համաշխարհային տիրապետության: Այսպես նրանց համար հող նախապատրաստվեց’ մերժելու Փրկչին:ԴՓ 20.1

    Քրիստոսի ծննդյան ժամանակ ազգը ճնշվում էր օտարերկրյա նվաճողների իշխանության տակ և ծվատվում ներքին գժտություններից: Հրեաներին թույլ էր տրված պահպանելու իրենց ինքնավար կառավարությունը, սակայն ոչինչ չէր կարող թաքցնել այն փաստը, որ նրանք գտնվում են հռոմեացիների լծի տակ, կամ համակերպել նրանց այն մտքի հետ, որ իրենց իշխանությունը սահմանափակ է: Հռոմեացիներն իրենց էին վերապահում քահանայապետ նշանակելու և ազատելու իրավունքը, և այդ պաշտոնը հաճախ ձեռք էր բերվում խարդախության, կաշառքի և նույնիսկ սպանության միջոցով: Այսպիսով’ քահանայությունը գնալով ավելի ու ավելի էր ապականվում: Բայցևայնպես, քահանաները դեռևս մեծ իշխանություն ունեին, որն օգտագործում էին իրենց եսասիրական ու շահատենչ նպատակների համար: Ժողովուրդը մի կողմից կատարում էր նրանց անողորմ պահանջները, մյուս կողմից ծանր հարկեր էր վճարում հռոմեացիներին: Այս իրավիճակը համընդհանուր դժգոհություն էր առաջացրել: Հաճախ զանգվածային խռովություններ էին բռնկվում: Ագահությունն ու բռնությունը, կասկածներն ու հոգևոր հակակրանքը կրծում էին ազգի սիրտը:ԴՓ 20.2

    Հռոմեացիների հանդեպ տածած ատելությունը, ազգային և հոգևոր հպարտությունը հրեաներին դրդել էին էլ ավելի խստորեն կառչելու իրենց պաշտամունքի ձևերից: Բծախնդրորեն հետևելով կրոնական ծիսակարգին’ քահանաները ձգտում էին պահպանել սրբի իրենց համբավը: Թե’ ժողովուրդը, որ գտնվում էր խավարի մեջ և կեղեքիչների ձեռքում, և թե’ մեծավորները, որ ծարավի էին իշխանության, տենչում էին այն Մեկի գալուստը, ով պիտի հաղթեր իրենց թըշնամիներին և վերականգներ Իսրայելի թագավորությունը: Նրանք ուսումնասիրել էին մարգարեությունները, բայց առանց հոգևոր ներըմբռն- ման: Այդպիսով՝ նրանք անտեսել էին այն գրվածքները, որոնք ցույց են տալիս Քրիստոսի նվաստացումը Իր առաջին գալստյան ժամանակ, և սխալ էին մեկնաբանել մյուսները, որոնք խոսում են Նրա երկրորդ գալստյան փառքի մասին: Հպարտությունից մթագնել էր նրանց տեսողությունը: Նրանք մարգարեությունները մեկնաբանել էին իրենց եսասիրական ցանկություններին համապատաս- խան: [31]ԴՓ 21.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents