Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 15. - Հարսանյաց խնջույքում

    (Հովհաննես 2.1-11)

    ՀԻՍՈՒՍԸ Իր ծառայությունը չսկսեց Երուսաղեմում’ ատյանի առջև արված որևէ մեծ գործով: Նա Իր զորությունը դրսևորեց Գալիլեայի մի փոքրիկ ավանում’ հարսանեկան տոնախմբության ժամանակ’ հարսանյաց խնջույքն էլ ավելի ուրախ դարձնելու համար: Դրանով Նա ցույց տվեց Իր համակրանքը մարդկանց նկատմամբ և նրանց երջանկությանը ծառայելու Իր ցանկությունը: Փորձության անապատում Նա ճաշակել էր դառնության բաժակը, իսկ հիմա եկել էր օրհնության բաժակը մատուցելու մարդկանց և Իր ներկայությամբ սրբացնելու նրանց փոխհարաբերությունները:ԴՓ 151.1

    Թողնելով Հորդանանը’ Հիսուսը վերադարձավ Գա- լիլեա: Այնտեղ’ Նազարեթից ոչ հեռու գտնվող փոքրիկ Կանա քաղաքում, հարսանիք պետք է լիներ: Մասնակիցները Հովսեփի և Մարիամի ազգականներն էին, և Հիսու- սը, իմանալով այդ ընտանեկան հավաքույթի մասին, Իր աշակերտների հետ միասին եկել էր Կանա ու հրավիրվել խնջույքի:ԴՓ 151.2

    Նա կրկին հանդիպեց իր մորը, ումից որոշ ժամանակով բաժանվել էր: Մարիամը լսել էր Հորդանանում Նրա մկրտության ժամանակ կատարված հրաշքի մասին: Լուրերը հասել էին Նազարեթ, և նրա հիշողության մեջ վերակենդանացել էին այն պատկերները, որոնք այդքան երկար տարիներ թաքցրել էր իր սրտում: Ինչպես ամբողջ Իսրայելին, նրան էլ էր խիստ հուզել Հովհաննես Մկրտչի ծառայությունը: Նա շատ լավ հիշում էր Մկրտչի ծննդյան ժամանակ արված մարգարեությունը: Եվ այժմ նրա հանդիպումը Հիսուսի հետ կրկին հույսով է լցնում Մարիամի սիրտը: Բայց նրան հասել էին նաև լուրերն այն մասին, որ Հիսուսը խորհրդավոր կերպով հեռացել էր անապատ, և մռայլ կանխազգացումներ էին համակել նրան: [145]ԴՓ 151.3

    Այն օրից ի վեր, ինչ Նազարեթում տանը լսել էր հրեշտակի ավետիսը, Մարիամն իր սրտում փայփայում էր ամեն մի վկայություն, որ Հիսուսն է Մեսիան: Նրա բարեհամբույր, անեսասեր կյանքը համոզում էր նրան, որ Հիսուսը ոչ այլ ոք է, եթե ոչ Աստծո կողմից Ուղարկվածը: Բայց ժամանակ առ ժամանակ նա ընկնում էր նաև կասկածների ու հիասթափությունների մեջ’ անհամբեր սպասելով այն պահին, թե երբ է հայտնվելու Նրա փառ- քը: Մահը բաժանել էր նրան Հովսեփից, ով իր հետ կիսում էր Հիսուսի ծննդյան գաղտնիքը: Հիմա այլևս չկար որևէ մեկը, ում հետ նա կարողանար կիսել իր սպասումներն ու մտավախությունները: Վերջին երկու ամիսները շատ տխուր էին անցել: Նա բաժանված էր Հիսուսից, ում ներկայությունը մխիթարում էր իրեն, հաճախ մտորում էր Սի- մեոնի խոսքերի շուրջ. «Եվ իսկ քո անձով սուր կանցնի» (Ղուկաս 2.35), հիշում էր նաև երեքօրյա այն հոգեվարքը, երբ արդեն կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է Հիսուսին, և հիմա անհանգիստ սպասում էր Նրա վերադարձին:ԴՓ 152.1

    Հարսանյաց խնջույքում մայրը հանդիպում է Հիսուսին’ նույն հեզ և հնազանդ որդուն: Բայց Նա այլևս նույնը չէ: Նրա դեմքը փոխված է: Այն կրում է անապատում տեղի ունեցած պայքարի հետքերը, և արժանապատվության ու զորության մի նոր արտահայտություն վկայում է նրա երկնային առաքելության մասին: Նրա հետ են մի խումբ երիտասարդներ, ովքեր ակնածանքով են նայում Նրան և «Տեր» են անվանում: Այս ուղեկիցները մանրամասն պատմում են Մարիամին այն բոլորը, ինչ իրենք տեսել և լսել էին մկրտության ու մյուս դեպքերի մասին: Վերջում նրանք հայտարարում են. «Նրան, ում մասին գրեց Մովսեսն օրենքում, և մարգարեներն էլ, գտանք” (Հովհաննես 1.45):ԴՓ 152.2

    Մինչ հյուրերը կհավաքվեին, շատերը կլանված զրուցում էին մի շատ հետաքըրքիր նյութի շուրջ: Հազիվ նկատելի մի հուզմունք է համակել բազմությանը: Փոքր խմբերով հավաքված’ հյուրերը տաք-տաք, բայց ցածրաձայն խոսում էին ինչ-որ բանի մասին’ զարմացած հայացքներով նայելով Մարիամի Որդուն: Լսելով աշակերտների վկայությունը Հիսուսի մասին’ Մարիամն անչափ ուրախ էր’ համոզվելով, որ իր երկար փայփայած հույսերն իզուր չեն եղել: Սակայն նա պետք է որ արտասովոր մի մարդ լիներ, եթե իր այդ սուրբ ուրախությանը չխառներ մորը բնորոշ հպարտության զգացումը: Երբ նա տեսավ, որ շատերի հայացքները գամված էին Հիսուսի վրա, շատ ցանկացավ, որ Նա բոլոր ներկաներին ապացուցի Իր աստվածային առաքելությունը: Մարիամը հույս էր փայփայում, որ շուտով Նրա համար առիթ կստեղծվի հրաշք գործելու մարդկանց համար: [146]ԴՓ 153.1

    Այդ ժամանակների սովորության համաձայն’ հարսանեկան տոնախմբությունները տևում էին մի քանի օր: Այս անգամ խնջույքը դեռ չէր ավարտվել, երբ պարզվեց, որ գինու պաշարը սպառվել է: Տանտերերը շփոթված և վշտացած էին: Ընդունված չէր խնջույքներն անցկացնել առանց գինու, և դրա բացակայությունը կարող էր դիտվել որպես հյուրասիրության պակասություն: Լինելով նրանց ազգականը’ Մարիամն օգնել էր նախապատրաստվելու խնջույքին, և հիմա նա դիմում է Հիսուսին’ ասելով. «Նրանք գինի չունեն”: Մայրը ենթադրում է, որ Նա կկարողանա հոգալ նրանց կարիքը: Սակայն Հիսուսը պատասխանեց. «Քեզ ի՞նչ բան կա ինձ հետ, կին, իմ ժամանակը դեռ չի հասել”:ԴՓ 153.2

    Այս պատասխանը, որքան էլ մեզ կտրուկ թվա, սառը կամ անքաղաքավարի չէր: Փրկիչն Իր մորը դիմեց արևելքում ընդունված սովորության համաձայն: Այդպես դիմոււմ էին նրանց, ում կամենում էին ցույց տալ իրենց հարգալից վերաբերմունքը: Քրիստոսի երկրա- յին կյանքի յուրաքանչյուր գործողություն ներդաշնակում էր այն պատվիրանին, որ ինքն էր անձամբ տվել. «Պատվի’ր քո հորը և քո մորը» (Ելից 20.12): Խաչի վրայից Իր մորն ուղղված ջերմ սիրո վերջին արտահայտության մեջ Հիսուսը դարձյալ նույն ձևով դիմեց նրան՝ Իր ամենասիրած աշակերտին հանձնելով նրա խնամքը: Ինչպես հարսանյաց հանդեսում, այնպես էլ խաչի վրա, Նրա հայացքի, ձայնի երանգի և խոսելաձևի մեջ արտահայտված սերն Իր տված պատվիրանի մեկնաբանությունն էր: [147]ԴՓ 153.3

    Պատանեկության տարիներին տաճար այցելելիս, երբ Նա արդեն գիտեր Իր երկրային ծառայության գաղտնիքը, Քրիստոսն ասել էր Մարիամին. «Դուք չգիտեի՞ք, թե պետք է որ ես իմ Հոր գործին լինեմ” (Ղուկաս 2.49, թարգմ. անգլ.): Այս բառերն արտահայտում էին Նրա ամբողջ կյանքի և ծառայության գերագույն իմաստը: Ամեն ինչ մի կողմ էր թողնված հանուն այդ գործի, փրկության այն մեծ գործի, որի իրականացման համար էլ Նա աշխարհ էր եկել: Հիմա Նա կըրկնեց նույն դասը: Վտանգ կար, որ Մարիամը, Հիսուսի հետ իր ազգակցական կապից օգտվելով, կարող էր իրեն իրավունք վերապահել ինչ-որ չափով ուղղություն տալ Նրան Իր ծառայության մեջ: Երեսուն տարի Նա Իր մոր համար եղել էր սիրող և հնազանդ որդի, և նրա սերը չէր փոխվել: Բայց հիմա Նա պետք է զբաղվեր Իր Հոր գործով: Որպես Ամենաբարձրյալի Որդի և աշխարհի Փրկիչ՝ երկրային ոչ մի կապ չպետք է Նրան հետ պահեր Իր առաքելությունից կամ ազդեր Նրա վարքի վրա: Նա պետք է ազատ լիներ, որպեսզի կատարեր Աստծո կամքը: Սա խրատ է նաև մեզ համար: Աստծո պահանջներն ավելի առաջնակարգ և կարևոր են, քան նույնիսկ ազգակցական կապերը: Երկրային ոչ մի հրապուրանք չպետք է շեղի մեզ այն ճանապարհից, որով Նա պատվիրում է քայլել:ԴՓ 154.1

    Մեր անկյալ ցեղի փրկության միակ հույսը Քրիստոսն է: Մարիամը կարող էր փրկություն գտնել միայն Աստծո Գա- ռան միջոցով: Նա Ինքն անձամբ ոչ մի արժանիք չուներ: Հիսուսի հետ արյունակցական կապը նրան ոչ մի հոգևոր առավելություն չէր տալիս մնացած բոլոր մարդկանց նկատմամբ: Փրկչի խոսքերը հենց դա էին նշանակում: Նա պարզաբանում է այն տարբերությունը, որ գոյություն ունի Մարիամի հետ ունեցած Իր հարաբերությունների մեջ’ որպես Աստծո Որդի և որպես մարդու որդի: Ազգակցական կապը ոչ մի կերպ Մարիամին չէր հավասարեցնում Նրան:ԴՓ 154.2

    «Իմ ժամանակը դեռ չի հասել” խոսքերը ցույց են տալիս, որ Քրիստոսի երկրային կյանքի յուրաքանչյուր քայլն այն ծրագրի իրականացումն էր, որ գոյություն ուներ հավիտենական ժամանակներից: Նախքան Նրա երկիր գալը’ այդ ծրագիրը բացված էր Նրա առջև’ կատարյալ իր բոլոր մանրամասնություններով: Բայց ապրելով մարդկանց մեջ’ Նա քայլ առ քայլ առաջնորդվում էր Հոր կամ- քով: Նա չէր տատանվում գործել նշանակված ժամին: Նույն խոնարհությամբ Նա սպասում էր, թե երբ է գալու իր ժամանակը:ԴՓ 155.1

    Ասելով Մարիամին’ Իր ժամը դեռ չի եկել, Հիսուսն, ըստ էության, պատասխանեց Նրա չարտահայտած մտքին’ այն սպասումին, որ նա փայփայում էր իր ժողովրդի հետ միասին: Մարիամը հույս ուներ, որ Նա Իրեն կհռչակի որպես Մեսիա և կգրավի Իսրայելի գահը: Բայց դեռ ժամանակը չէր: Հիսուսը կիսեց մարդկության ճակատագիրը ոչ թե որպես Թագավոր, այլ որպես ծառա’ «ցավի տեղյակ և հարվածների տեր»:ԴՓ 155.2

    Բայց թեև Մարիամը ճիշտ պատկերացում չուներ Քրիստոսի առաքելության մասին, նա կատարելապես վստահում էր Նրան: Հենց այս հավատին արձագանքեց Հիսուսը: Մարիամի վստահությունը խրախուսելու և Իր աշակերտների հավատն ամրապնդելու նպատակով էր, որ կատարվեց առաջին հրաշքը: Աշակերտներին սպասվում էին անհավատության բազմաթիվ ծանր փորձություններ: Նրանց համար մարգարեություններն անվիճելիորեն ցույց էին տալիս, որ Հիսուսն է Մեսիան: Նրանք սպասում էին, որ կրոնական առաջնորդներն է’լ ավելի մեծ վստահությամբ կընդունեն Նրան, քան իրենք: Նրանք մարդկանց պատմում էին Քրիստոսի հրաշագործություների և Նրա նկատմամբ իրենց վստահության մասին, բայց ապշում և դառնորեն հիասթափվում էին’ տեսնելով քահանաների ու վարդապետների անհավատությունը, քարացած նախապաշարումներն ու թշնամությունը Հիսուսի նկատմամբ: Փրկչի առաջին հրաշքները զորացրին աշակերտներին’ դիմակայելու այս ընդդիմությանը: [148]ԴՓ 155.3

    Հիսուսի խոսքերից բոլորովին չշփոթվելով’ Մարիամն ասաց սեղանը սպասարկողներին. «Ինչ որ ասի ձեզ, արե’ք”: Այսպիսով, նա արեց այն, ինչ կարող էր, որպեսզի ճամփա պատրաստի Քրիստոսի ծառայության համար:ԴՓ 156.1

    Դռան մոտ ջրի վեց հատ քարե մեծ սափորներ էին դրված, և Հիսուսը սպասավորներին պատվիրեց ջրով լցնել դրանք: Այդպես էլ արվեց: Այնուհետև, երբ անհապաղ գինի էր պետք մատուցելու համար, Նա ասաց. «Հիմա առե’ք և տարե’ք սեղանապետին”: Ջրի փոխարեն, որով լցված էին անոթները, գինի հոսեց նրանցից: Ոչ սեղանապետը, ոչ էլ հյուրերն այդպես էլ չիմացան, որ գինու պաշարը վերջացել էր: Համտեսելով սպասավորների բերած գինին՝ խնջույքի ղեկավարը գտավ, որ առաջ երբեք նման գինի չէր խմել, և որ այն շատ էր տարբերվում խնջույքի սկզբում մատուցված գինուց: Դիմելով փեսային’ նա ասաց. «Ամեն մարդ առաջ լավ գինին է տալիս, և երբ որ արբենան, այն ժամանակ’ վատը. դու լավ գինին մինչև հիմա պահեցիր”:ԴՓ 156.2

    Ինչպես մարդիկ են սկզբում ամենալավ գինին տալիս, իսկ հետո’ ավելի վատը, այնպես էլ աշխարհն է վարվում իր պարգևներն ընծայելիս: Ինչ որ մեզ մատուցում են, կարող է աչք շոյել և հրապուրել, բայց վերջում պարզվում է, որ այն չի բավարարում մեզ: Գինին դառնության է վերած- վում, ուրախությունը’ տխրության: Այն, ինչ սկսվել էր երգով ու ցնծությամբ, ավարտվում է հոգնածությամբ ու նողկանքով: Բայց Հիսուսի պարգևները միշտ թարմ են և նոր: Այն խնջույքը, որ Նա է պատրաստում հոգու համար, երբեք չի դադարում գոհություն և ուրախություն պատճա- ռելուց: Ամեն մի նոր պարգև Տիրոջ օրհնությունները գնահատելու և վայելելու ավելի մեծ ունակություններ է շնորհում այն ընդունողին: Նա տալիս է շնորհ շնորհի վրա, և այդ աղբյուրն անսպառ է: Եթե դուք մնում եք Նրանում, ապա այն փաստը, որ հարուստ պարգև եք ստացել այսօր, երաշխիքն է այն բանի, որ վաղը է’լ ավելի ճոխ պարգև կստանաք: Նաթանայելին ուղղված Հիսուսի խոսքերն այն սկզբունքի արտահայտությունն են, որն Աստված կիրառում է հավատի որդիների նկատմամբ: Իր սիրո ամեն մի նոր հայտնությամբ Նա դիմում է դյուրընկալ սրտին. «Հավատո՞ւմ ես. սրանից է’լ ավելի մեծ բաներ կտեսնես” (Հովհաննես 1.50):ԴՓ 156.3

    Քրիստոսի պարգևը հարսանյաց խնջույքում խորհրդանշական էր: Ջուրը ներկայացնում էր Նրա մահվան մկրտությունը, իսկ գինին’ Նրա արյունը, որ պիտի թափվեր աշխարհի մեղքերի համար: Ջուրը մարդկանց ձեռքերով բերվեց’ կարասները լցնելու համար, բայց Հիսուսի խոսքը միայն կարող էր նրան կենսատու ուժ հաղորդել: Նմանապես և Փրկչի մահը մատնանշող արարողությունները հոգին սնելու կարողություն են ձեռք բերում միմիայն Քրիստոսի զորության շնորհիվ, որը գործում է հավատի միջոցով: [149]ԴՓ 157.1

    Քրիստոսի խոսքն առատ պաշար ապահովեց խնջույքի համար: Նույնքան էլ բավարար է Նրա շնորհը’ մարդկանց անօրենությունները ջնջելու, հոգին նորոգելու և պահպանելու համար:ԴՓ 157.2

    Առաջին խնջույքի ժամանակ, որին այցելեց Իր աշակերտների հետ, Հիսուսը նրանց տվեց այն բաժակը, որ խորհրդանշում էր Իր գործը նրանց փրկության համար: Վերջին ընթրիքի ժամանակ Նա նորից տվեց այդ բաժակը’ սահմանելով այն սուրբ արարողությունը, որով պիտի հիշատակվեր Նրա մահը, «մինչև որ նա կգա” (Ա Կորնթա- ցիս 11.26): Եվ իրենց Տիրոջից բաժանվելու աշակերտների վիշտը սփոփվեց վերամիավորման խոստումով, որը Նա տվեց. «Այսուհետև որթի այս բերքից էլ չեմ խմի մինչև այն օրը, որ դրան ձեզ հետ նոր կխմեմ իմ Հոր արքայության մեջ” (Մատթեոս 26.29):ԴՓ 157.3

    Այն գինին, որ Քրիստոսն ապահովեց խնջույքի համար, և այն, որ Նա տվեց աշակերտներին որպես Իր արյան խորհրդանիշ, խաղողի մաքուր հյութ էր: Հենց դա նկատի ունի Եսայիա մարգարեն, երբ խոսում է նոր գինու մասին «ողկույզի մեջ” և ասում է. «Դրան մի’ փչացնիր, որովհետև օրհնություն կա մեջը» (Եսայիա 65.8):ԴՓ 158.1

    Քրիստոսն էր, որ Հին Կտակարանում զգուշացրեց Իսրայելին. «Ծաղրող է գինին, խռովարար’ ցքին, և ով որ դրանցով մոլորվի, իմաստուն չի լինի» (Առակաց 20.1): Նա անձամբ ոչ ոքի երբեք չի առաջարկել նման ըմպելիք: Սատանան դրդում է մարդկանց հաճույքների, որպեսզի մթագնի նրանց բանականությունն ու բթացնի հոգևոր զգայունությունը, բայց Քրիստոսը սովորեցնում է մեզ սանձահարել ստոր կրքերը: Նրա ամբողջ կյանքն անձնուրացության օրինակ էր: Ախորժակի իշխանությունը հաղթահարելու համար Նա հանուն մեզ կրեց այն ամենադաժան փորձությունը, որ երբևէ վիճակված էր մարդկությանը: Քրիստոսն էր պատվիրողը, որ Հովհաննես Մկրտիչը ո’չ գինի պիտի խմեր, ո’չ էլ որևէ թունդ ըմպելիք: Այդ Նա էր, որ կարգադրեց Մանուեի կնոջը զգուշանալ ոգելից խմիչքներից, և հենց Նա էլ նզովեց այն մարդուն, ով իր հարևանի շուրթերին կմոտեցնի բաժակը: Քրիստոսը չէր հակասում իր սեփական ուսմունքին: Չխմորված գինին, որ Նա առաջարկեց հարսանյաց հյուրերին, կենսատու և թարմացնող խմիչք էր, որի հաճելի համը ներդաշնակ էր առողջ ախորժակի հետ:ԴՓ 158.2

    Երբ հյուրերը ճաշակեցին այդ հրաշալի գինին, սկսեցին հարցնել, թե որտեղի՞ց է այն, և սպասավորները ստիպված պատմեցին հրաշքի մասին: Մարդիկ միառժամանակ չափազանց ապշած էին, որպեսզի մտածեին Նրա մասին, ով գործել էր այդ հրաշքը: Երբ վերջապես սկսեցին որոնել Նրան, պարզվեց, որ Նա հեռացել էր, և այնքան աննկատելիորեն, որ նույնիսկ աշակերտները չէին իմացել: [150]ԴՓ 159.1

    Հավաքվածների ուշադրությունն այժմ դարձավ դեպի աշակերտները: Առաջին անգամ նրանք հնարավորություն ստացան խոստովանելու իրենց հավատը Հիսուսի նկատմամբ: Նրանք պատմեցին այն ամենը, ինչ տեսել և լսել էին Հորդանանում, և շատերի սրտերը բոցավառվեցին այն հույսով, որ Աստված Ազատարար է ուղարկել Իր ժողովրդի համար: Հրաշքի լուրը տարածվեց ամբողջ շրջակայքում և հասավ Երուսաղեմ: Քահանաներն ու ծերերը մի նոր հետաքրքրությամբ սկսեցին ուսումնասիրել Քրիստոսի գալստյանը վերաբերող մարգարեությունները: Բուռն ցանկություն էր առաջացել իմանալու այդքան համեստորեն ժաղովրդի մեջ հայտնված այս նոր Ուսուցչի առաքելության մասին:ԴՓ 159.2

    Քրիստոսի ծառայությունը խիստ տարբերվում էր հրեա առաջնորդների գործունեությունից: Նրանց ավանդապաշտությունն ու ձևամոլությունը խափանել էին մտքի և գործունեության իսկական ազատությունը: Նրանք շարունակ պղծվելու սարսափի մեջ էին: «Անմաքուրի» հետ շփվելուց խուսափելով’ նրանք հեռու էին մնում ոչ միայն հեթանոսներից, այլ նաև իրենց ժողովրդի մեծա- մասնությունից’ չձգտելով օգտակար լինել նրանց կամ էլ ընկերություն անել նրանց հետ: Մշտապես մտահոգված այս խնդիրներով’ նրանք խավարեցրել էին իրենց միտքը և նեղացրել սեփական գործունեության շրջանակները: Նրանց օրինակը հասարակության բոլոր խավերի մեջ խրախուսում էր եսամոլությունն ու անհանդուրժողականությունը:ԴՓ 159.3

    Մարդկության նկատմամբ ջերմ կարեկցանքով լցված’ Հիսուսը սկսեց բարենորոգման աշխատանքը: Մեծագույն ակնածանք տածելով Աստծո օրենքի նկատմամբ’ Նա կշտամբում էր փարիսեցիների կեղծ բարեպաշտությունը և փորձում ազատել ժողովրդին այն անիմաստ կանոններից, որոնք շղթայել էին նրանց: Նա ձգտում էր փշրել հասարակության տարբեր խավերն իրարից բաժանող արգելքները, որպեսզի կարողանար միավորել մարդկանց որպես մեկ ընտանիքի զավակներ: Նրա այցելությունը հարսանյաց խնջույքին մի քայլ էր’ այդ նպատակն իրականացնելու ուղղությամբ:ԴՓ 160.1

    Աստված կարգադրել էր Հովհաննես Մկրտչին բնակվել անապատում, որպեսզի նա կարողանար խուսափել քահանաների ու վարդապետների ազդեցությունից և նախապատրաստվեր հատուկ ծառայության: Բայց ճգնավորի նրա կյանքն ու մեկուսացումը չպետք է օրինակ լինեին ժողովրդի համար: Հովհաննեսն ինքը չէր կարգադրում իր ունկնդիրներին թողնել իրենց նախկին պարտականությունները: Նա պատվիրում էր, որ նրանք վկայեն իրենց ապաշխարության մասին’ հավատարմորեն ծառայելով Աստծուն այնտեղ, որտեղ Նա կանչել էր իրենց: [151]ԴՓ 160.2

    Հիսուսը դատապարտում էր ցանկությունների բավարարումն իր բոլոր ձևերով, բայց Նա բնավորությամբ մարդամոտ էր: Նա ընդունում էր բոլոր կարգի մարդկանց հյուրասիրությունը’ այցելելով հարուստների և աղքատների, գրագետների և անուսների տները’ ձգտելով առօրյա կյանքի ժամանակավոր հարցերից նրանց մտքերը դարձնել դեպի հոգևորը և հավերժականը: Նա չէր հանդուրժում շվայտ զվարճությունները, և աշխարհիկ թեթևամտության ոչ մի ստվեր չէր ապականում Նրա վարքը: Սակայն Նրան բավականություն էին պատճառում անմեղ երջանկության տեսարանները, և Իր ներկայությամբ Նա հավանություն տվեց հասարակական տոնախմբությանը: Հրեական հարսանիքը տպավորիչ իրադարձություն էր, և դրա ուրախությունը անհաճո չէր մարդու Որդուն: Մասնակցելով այս խնջույքին’ Հիսուսը պատվեց ամուսնությունը’ որպես աստվածային հաստատություն:ԴՓ 160.3

    Ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում Քրիստոսի և Իր ժողովրդի միջև գոյություն ունեցող ջերմ ու սրբազան միությունը ներկայացնելու համար օգտագործվում է ամուսնության նկարագիրը: Հարսանյաց տոնախմբությունները Հիսուսին հիշեցնում էին այն երջանիկ օրը, երբ Նա Հոր տունը կբերի Իր հարսնացուին, և փրկվածները Փրկչի հետ միասին կնստեն Գառան հարսանյաց ընթրիքին: Նա ասում է. «Եվ փեսան հարսի վրա ուրախանալու պես պետք է քեզ վրա ուրախանա քո Աստվածը”: «Այլևս քեզ չեն ասի Թողված... այլ քեզ պիտի ասվի’ իմ Հավա- նածը,... որովհետև Տերը քեզ հավանելու է»: «Նա պիտի ուրախանա քեզ վրա զվարճությամբ, նա պիտի լռի իր սիրով, և պիտի ցնծա քեզ վրա խնդալով” (Եսայիա 62.5,4, Սոփոնիա 3.17): Հովհաննես առաքյալը երկնային տեսիլքից հետո գրեց. «Եվ ես լսեցի իբր մի մեծ բազմության ձայն և իբր շատ ջրերի ձայն սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր’ ալելուիա, որովհետև Ամենակալ Տեր Աստվածը թագավորեց: Խնդանք և ուրախ լինենք և փառք տանք նրան, որ եկավ Գառի հարսանիքը, և նրա կինը պատրաստեց իրեն»: «Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները” (Հայտնություն 19.6,7,9):ԴՓ 161.1

    Յուրաքանչյուր մարդու մեջ Հիսուսը տեսնում էր մեկին, ում պետք էր կանչել Իր թագավորությունը: Նա շահում էր մարդկանց սրտերը’ ապրելով նրանց մեջ որպես նրանց բարեկամը: Նա փնտրում էր նրանց մարդաշատ փողոցներում, սեփական տներում, նավակների մեջ, ժողովարաններում, լճի ափերին և հարսանեկան խնջույքում: Նա հանդիպում էր նրանց իրենց ամենօրյա աշխատանքի ժամանակ և հետաքրքրվում նրանց անհանգստացնող հարցերով: Նա ուսուցանում էր տներում’ Իր աստվածային ներկայությամբ իրենց հարկի տակ հավաքելով ըն- տանիքի բոլոր անդամներին: Նրա անձնական խոր կարեկցանքը օգնում էր շահելու մարդկանց սրտերը: Հաճախ Նա հեռանում էր սարերը’ միայնակ աղոթելու, բայց դա միայն նախապատրաստություն էր’ նորից աշխատելու մարդկանց մեջ, ապրելու նույն գործունյա կյանքով: Հետո Նա գալիս էր մարդկանց մոտ’ հիվանդներին բուժելու, տգետներին ուսուցանելու և փշրելու սատանայի գերիների շղթաները: [152]ԴՓ 161.2

    Հիսուսն Իր աշակերտներին սովորեցնում էր անձնական մտերմության և հաղորդակցության միջոցով: Երբեմն Նա խրատներ էր տալիս սարալանջին, երբեմն’ ծովափին, կամ էլ նրանց հետ ճանապարհ գնալիս’ բացում էր Աստծո արքայության խորհուրդները: Նա այնպես չէր քարոզում, ինչպես այսօր քարոզում են մարդիկ: Որտեղ էլ որ մարդկանց սրտերը բաց լինեին ընդունելու աստվածային լուրը, Նա սիրով հայտնում էր նրանց փրկարար ճշմարտությունները: Նա Իր աշակերտներին չէր հրամայում անել այս կամ այն, այլ ասում էր. «Հետևի’ր ինձ”: Գյուղերով կամ քաղաքներով անցնելիս’ Նա վերցնում էր նըրանց Իր հետ, որպեսզի տեսնեին, թե ինչպես է Ինքը սովորեցնում մարդկանց: Նրանց շահերը Նա կապում էր Իր հետաքրքրությունների հետ, և աշակերտները միանում էին Նրան գործի մեջ:ԴՓ 162.1

    Բոլոր նրանք, ովքեր քարոզում են Աստծո խոսքը, և բոլոր նրանք, ովքեր ընդունել են Նրա շնորհի ավետարանը, պետք է հետևեն մարդկության շահերն Իր հետ կապելու Քրիստոսի օրինակին: Մենք չպետք է հրաժարվենք հասարակական կապերից, չպետք է ինքներս մեզ մեկուսացնենք մյուսներից:ԴՓ 162.2

    Որպեսզի լուրը հասցնենք բոլոր խավերին, մենք ինքներս պետք է գնանք նրանց մոտ: Նրանք հազիվ թե առաջինը փնտրեն մեզ: Միայն ամբիոնից չէ, որ երկնային ճշմարտությունը կարող է դիպչել մարդկանց սրտերին: Աշխատանքի մեկ այլ ասպարեզ կա, որը գուցե ավելի հա- մեստ, բայց լիովին խոստումնալից է: Խոսքը աղքատների տների, հարուստների ապարանքների, հյուրընկալ սեղանի շուրջ և անմեղ հասարակական տոնախմբությունների մասին է:ԴՓ 162.3

    Որպես Քրիստոսի հետևորդներ’ մենք պետք է հրաժարվենք երկրային հաճույքներից և, որքան կարելի է, հեռու մնանք աշխարհից: Նման առնչությունները կարող են միայն վնաս հասցնել: Մենք երբեք չպետք է մեղքին հավանություն տանք մեր խոսքերով կամ արարքներով, մեր լռությամբ կամ ներկայությամբ: Ուր էլ գնանք, Հիսու- սին պետք է տանենք մեզ հետ և մյուսներին ցույց տանք, թե որքան թանկագին Փրկիչ ունենք: Բայց նրանք, ովքեր ձգտում են թաքցնել իրենց կրոնը քարե պատերի ներ- սում, բարին գործելու թանկարժեք հնարավորություններ են կորցնում: Քրիստոնեությունը շփվում է աշխարհի հետ հասարակական կապերի միջոցով: Ամեն ոք, ով աստվածային լույս է ստացել, պետք է պայծառացնի նրանց ճանապարհը, ովքեր չեն ճանաչում կյանքի Լույսը:ԴՓ 163.1

    Մենք բոլորս պետք է Հիսուսի վկաները դառնանք: Շփման ուժը, սրբագործված Քրիստոսի շնորհով, պետք է կատարելագործվի Փրկչի համար հոգիներ շահելու գործում: Թող աշխարհը տեսնի, որ մենք եսասիրաբար կլանված չենք մեր սեփական շահերով, այլ ցանկանում ենք մյուսների հետ կիսել մեր օրհնություններն ու առավելությունները: Թող տեսնեն, որ մեր կրոնը մեզ անկարեկից և խստաբարո չի դարձնում: Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե գտել են Քրիստոսին, թող Նրա պես ծառայեն մարդկանց բարօրության համար: [153]ԴՓ 163.2

    Մենք երբեք չպետք է աշխարհի վրա այն սխալ տպավորությունը թողնենք, թե քրիստոնյաները մռայլ, դժբախտ մարդիկ են: Եթե մեր հայացքն ուղղված է Հիսուսին, ապա կտեսնենք մեր կարեկից Փրկչին, և Նրա փառքը կլուսավորի մեզ: Որտեղ Նրա Հոգին իշխում է, այնտեղ խաղաղություն է տիրում: Եվ ուրախություն էլ կլինի այնտեղ, որովհետև կա ջերմ, սուրբ վստահություն առ Աստված:ԴՓ 163.3

    Քրիստոսի հետևորդները գոհացնում են Նրան, երբ ցույց են տալիս, որ մարդ լինելով հանդերձ’ Աստվածային բնության մասն ունեն: Նրանք արձաններ չեն, այլ կենդանի տղամարդիկ և կանայք: Նրանց սրտերը’ ողողված աստվածային շնորհի ցողերով, բացվում և ձգվում են դեպի Արդարության Արեգակը: Իրենց վրա շողացող լույսը նրանք անդրադարձնում են մյուսներին’ Քրիստոսի սիրով լուսավորված գործերի շնորհիվ: [154]ԴՓ 164.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents