Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 50. - Որոգայթների մեջ

    (Հովհաննես 7.16-36,40-53, 8.1-11)

    ԵՐԲ տոնակատարության ժամանակ Հիսուսը Երուսա- ղեմում էր, լրտեսները ստվերի նման հետևում էին Նրան: Օրեցօր նոր բանսարկություններ էին գործի դրվում’ Նրան լռեցնելու համար: Քահանաներն ու իշխանավորները աչալուրջ հսկում էին’ Նրան թակարդը գցելու նպատակով: Նրանք ծրագրում էին կասեցնել Նրան բռնի ուժով: Բայց սա դեռ բոլորը չէր: Նրանք ցանկանում էին ժողովրդի առջև նվաստացնել այս գալիլեացի ուսուցչին:ԴՓ 553.1

    Տոնին ներկայանալու հենց առաջին օրը իշխանավորները եկել էին Նրա մոտ’ պահանջելով բացատրել, թե ինչ իրավունքով է Նա սովորեցնում: Նրանք ցանկանում էին շեղել ուշադրությունը Նրանից դեպի Նրա ուսուցման իրավունքի հարցը, այսպիսով’ նաև դեպի իրենց սեփական նշանակությունն ու իշխանությունը:ԴՓ 553.2

    «Իմ վարդապետությունն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է: Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյոք Աստծո՞ւց է, կամ եթե ես իմ անձից եմ խոսում» (Հովհաննես 7.16,17): Հիսուսն այս մանրախնդիր մարդկանց հարցն ընդունեց ոչ թե նրանց բծախնդրությանը պատասխանելով, այլ բա- ցահայտելով հոգու փրկության համար կենսական իմաստ ունեցող ճշմարտությունը: «Ճշմարտության ըմբռնումն ու գնահատումը,- ասաց Նա,- կախված է ոչ այնքան մտքից, որքան սրտից: Ճշմարտությունը պետք է ընկալվի հոգով, այն պահանջում է կամքի հնազանդությունը”: Եթե հնարավոր լիներ ճշմարտությանը ենթարկվել միայն բանականության միջոցով, հպարտությունը խոչընդոտ չէր դառնա նրա ընդունման ճանապարհին: Բայց այն պետք է ընդունվի սրտում կատարվող շնորհի աշխատանքի միջոցով, և դրա ընդունումը կախված է ամեն մի մեղքից հրաժարվելուց, որ Աստծո Հոգին ցույց կտա: Ճշմարտության իմացությունը ձեռք բերելու համար մարդուն տրված առավելությունները, որքան էլ մեծ լինեն, օգուտ չեն բերի, եթե նրա սիրտն անկեղծ չլինի’ ճշմարտությունն [456] ընդունելու համար, և նա ջանադրաբար չհրաժարվի դրա սկզբունքներին հակասող ամեն մի սովորությունից և արարքից: Նրանց, ովքեր այդպես հանձնվում են Աստծուն’ Նրա կամքն իմանալու և կատարելու անկեղծ ցանկությամբ, ճշմարտությունը բացահայտվում է որպես Աստծո զորությունը իրենց փրկության համար: Նրանք կկարողանան Աստծո անունից խոսողին տարբերել սոսկ «իր անձից” խոսողից: Փարիսեցիներն իրենց կամքն Աստծո կամքի կողքին չէին դրել: Նրանք ձգտում էին ոչ թե իմանալ ճշմարտությունը, այլ արդարացում գտնել’ դրանից փախչելու համար: Քրիստոսը ցույց տվեց, որ սա էր Իր ուսմունքը չհասկանալու պատճառը:ԴՓ 553.3

    Այնուհետև Նա փորձելու մի միջոց ներկայացրեց, որով ճշմարիտ ուսուցչին կարելի էր տարբերել մոլորեցնողից. «Իր անձից խոսողը իր անձի փառքն է որոնում, բայց նա, որ իրեն ուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է, և անիրավություն չկա նրանում” (Հովհաննես 7.18): Ով իր սեփական փառքն է որոնում, խոսում է միայն իր անձից: Շահախնդրության ոգին մատնում է նրա իսկական էությունը: Բայց Քրիստոսը որոնում էր Աստծո փառքը: Նա խոսում էր Աստծո խոսքերը: Սա էր ճշմարտության ուսուցիչ լինելու Նրա հեղինակության ապացույցը:ԴՓ 554.1

    Հիսուսը ռաբբիներին Իր աստվածությունն ապացուցող վկայություն տվեց’ ցույց տալով նրանց, որ Ինքը կարդում է նրանց մտքերը: Բեթհեզդայում բժըշկություն անելու պահից ի վեր նրանք դավեր էին նյութում’ Նրան սպանելու համար: Սրանով նրանք իրենք էին խախտում այն օրենքը, որի պաշտպաններն էին իրենց ձևացնում: «Չէ՞ որ Մովսեսը տվավ ձեզ օրենքը,- ասաց Նա,- և ձեզանից ոչ ոք չի կատարում օրենքը: Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»:ԴՓ 554.2

    Լույսի ակնթարթային փայլատակման պես այս խոսքերը ռաբբիներին բացահայտեցին կործանման այն վիհը, որի մեջ իրենք պատրաստ էին գլորվել: Նրանք սարսափահար եղան մի պահ’ տեսնելով, որ պայքարի մեջ են մտել Անսահման Զորության հետ: Բայց նրանք չկամեցան ընդունել նախազգուշացումը: Ժողովրդի վրա իրենց ազդեցությունը պահպանելու համար նրանց հանցագործ մտադրությունները պետք է քողարկված մնային: Խուսափելով Հիսուսի հարցից’ նրանք բացականչեցին. «Դև ունես. ո՞վ է ուզում քեզ սպանել”: Նրանք զրպարտեցին Հի- սուսին, թե Նա Իր հրաշքները չար հոգուց է գործում:ԴՓ 555.1

    Այս զրպարտությանը Քրիստոսը ուշադրություն չդարձրեց: Նա շարունակեց ցույց տալ, որ Բեթհեզդայի բժշկությունը չէր հակասում շաբաթի օրենքին և արդարացված էր այն մեկնաբանությամբ, որ հրեաներն իրենք էին տվել օրենքին: Նա ասաց. «Դրա համար Մովսեսը ձեզ տվեց թլփատությունը... և շաբաթ օրը մարդ եք թլփա- տում”: Օրենքի համաձայն’ յուրաքանչյուր երեխա պետք է թլփատվեր ութերորդ օրը: Եթե նշանակված ժամկետը լրանար շաբաթ օրը, ապա արարողությունը այդ օրն էլ պիտի կատարվեր: Ուրեմն’ որքան ավելի պիտի համապատասխաներ [457] օրենքի ոգուն շաբաթ օրը մի «ամբողջ մարդ» բուժելը: Եվ Նա զգուշացրեց նրանց. «Աչքի երևույթով մի’ դատեք, այլ ուղիղ դատաստան արեք”:ԴՓ 555.2

    Իշխանավորները ստիպված էին լռել, և ժողովրդի մեջ շատերը բացականչեցին. «Չէ՞ որ սա նա է, որին ուզում են սպանել: Եվ ահա համարձակ խոսում է, և ոչինչ չեն ասում դրան. միգուցե իրա՞վ իշխաններն էլ իմացան, որ սա է ճշմարտապես Քրիստոսը”:ԴՓ 555.3

    Քրիստոսի ունկնդիրներից շատերը, ովքեր բնակվում էին Երուսաղեմում և անտեղյակ չէին Նրա դեմ իշխանավորների դավերից, զգում էին, որ մի անդիմադրելի ուժով ձգվում են դեպի Նա: Նրանք համոզվեցին, որ Նա Աստծո Որդին է: Բայց սատանան միշտ պատրաստ էր կասկածներ հրամցնելու, իսկ դրա համար ճանապարհ արդեն հարթվել էր Մեսիայի և Նրա գալստյան մասին նրանց սխալ պատկերացումների միջոցով: Համընդհանուր կարծիք կար, որ Քրիստոսը պետք է ծնվեր Բեթլեհեմում, բայց որոշ ժամանակ հետո պիտի անհետանար, և երկրորդ անգամ հայտնվելուց ոչ մեկը չէր իմանա, թե որտեղից է Նա եկել: Քիչ չէին այնպիսիք, ովքեր կարծում էին, թե Մեսիան բնական որևէ կապ չի ունենալու մարդկության հետ: Եվ քանի որ Մեսիայի փառքի մասին ժողովրդի պատկերացումը չէր համընկնում Հիսուս Նազովրեցու հետ, շատերը ներշնչվեցին այն մտքով, թե «Սրան գիտենք, թե որտեղից է, իսկ Քրիստոսը երբ որ գա, ոչ ոք չի գիտենա, թե որտեղից է»:ԴՓ 555.4

    Մինչ նրանք այսպես տատանվում էին կասկածանքի և հավատի միջև, Հիսուսը շարունակեց նրանց մտքերը և պատասխանեց նրանց. «Ինձ էլ գիտեք և գիտեք էլ, թե որտեղից եմ. և ես իմ անձից չեմ եկել, այլ ճշմարիտ է ինձ ուղարկողը, որին դուք չգիտեք»: Ըստ իրենց հայտարարության’ նրանք գիտեին, թե ինչպիսին պետք է լինի Քրիստոսի ծագումը, սակայն նրանք կատարելապես անտեղյակ էին դրանից: Եթե նրանք ապրած լինեին Աստծո կամքի համաձայն, ապա կճանաչեին Նրա Որդուն, երբ Նա Իրեն հայտնեց նրանց:ԴՓ 556.1

    Ունկնդիրները չէին կարող չհասկանալ Քրիստոսի խոսքերը: Դրանք որոշակի կրկնությունն էին այն հայտարարության, որ Նա արել էր շատ ամիսներ առաջ Ատյանի առջև, երբ Իրեն Աստծո Որդի էր հռչակել: Ինչպես այն ժամանակ էին իշխանավորները փորձել իրագործել իրենց չար մտադրությունը, հիմա էլ առիթ էին որոնում կործանելու Նրան, բայց նրանց կաշկանդում էր մի աներևույթ ուժ, որը զսպում էր նրանց մոլեգնությունը և ասում. «Մինչև այստեղ գաս, և էլ չանցնես»:ԴՓ 556.2

    Ժողովրդի մեջ շատերն էին հավատում Նրան և ասում. «Երբ որ Քրիստոսը գա, արդյո՞ք դրանցից ավելի նշաններ կանի, քան որ սա արեց»: Փարիսեցիների առաջնորդները, որ հուզմունքով հետևում էին դեպքերի ընթացքին, ամբոխի մեջ նկատեցին կարեկցանքի այդ դրսևորումները: Շտապելով քահանայապետերի մոտ’ նրանք առաջարկեցին Նրա ձերբակալության իրենց ծրագրերը: [458] Եվ որոշեցին բռնել Նրան, երբ Նա մենակ կլիներ, քանի որ չէին համարձակվում այդ անել ժողովրդի ներկայությամբ: Հիսուսը դարձյալ ցույց տվեց, որ Ինքը կարդում է նրանց մտադրությունները. «Դեռ մի քիչ ժամանակ ձեզ հետ եմ,- ասաց Նա,- և գնում եմ ինձ ուղարկողի մոտ: Ինձ կորոնեք և չեք գտնի, և որտեղ որ ես եմ, դուք չեք կարող գալ”: Շուտով Նա ապաստան կգտներ նրանց արհամարհանքի ու ատելության սահմաններից դուրս: Նա կհամբարձվեր Հոր մոտ’ լինելու վերստին հրեշտակների Պաշտելին, և Իրեն սպանողներն այնտեղ երբեք չէին գա:ԴՓ 557.1

    Ռաբբիները հեգնական ժպիտով հարցրին. «Դա որտե՞ղ է գնալու, որ մենք չգտնենք դրան. արդյո՞ք հելլենացիների ցրված ժողովուրդների մոտ է գնալու և հելլենացիներին է սովորեցնելու»: Այս բծախնդիր մարդիկ չէին պատկերացնում, որ իրենց ծաղրական խոսքերը Քրիստոսի առաքելությունն էին պատկերում: Ամբողջ օրը Նա ձեռք էր մեկնել մի անհնազանդ ու հակառակվող ժողովրդի, սակայն Իրեն գտնելու էին նրանք, ովքեր չէին որոնել: Նա պետք է Իրեն հայտներ մի ժողովրդի, որը չէր կանչել Նրա անունը (Հռոմեացիս 10.20,21):ԴՓ 557.2

    Շատերին, ովքեր համոզված էին, որ Հիսուսն Աստծո Որդին է, մոլորեցրել էին քահանաների ու ռաբբիների կեղծ դատողությունները: Այս ուսուցիչները մեծ խանդավառությամբ կրկնել էին Մեսիային վերաբերող մարգարեություններն այն մասին, որ Նա պիտի թագավորի «Սիոն սարի վրա և Երուսաղեմում, և պատիվ կլինի իր ծերերի առաջ”, որ Նա պիտի «տիրապետի ծովից մինչև ծով և գետից մինչև երկրի ծայրերը” (Եսայիա 24.23, Սաղմոս 72.8): Եվ նրանք արհամարհական համեմատություններ արեցին այստեղ պատկերված փառքի և Հիսուսի անշուք տեսքի միջև: Մարգարեության խոսքերն այնպես էին աղավաղվել, որ ավելի շուտ հաստատում էին մոլորությունը: Եթե ժողովուրդն ինքն անկեղծությամբ ուսումնասիրեր խոսքը, չէր մոլորվի: Եսայիայի վաթսունմեկերորդ գլուխը վկայում է, որ Քրիստոսն անում էր հենց այն գործը, որ պետք է աներ: Հիսուներեքերորդ գլուխը պատկերում է Նրա մերժումն ու տառապանքը աշխարհում, և հիսունիններորդ գլուխը նկարագրում է քահանաների և ռաբբիների բնավորությունը:ԴՓ 557.3

    Աստված չի պարտադրում մարդկանց հրաժարվել իրենց անհավատությունից: Նրանց առջևում են թե’ լույսը և թե’ խավարը, թե’ ճշմարտությունը և թե’ մոլորությունը: Նրանք իրենք պետք է որոշեն, թե որն են ընդունում: Մարդկային միտքն օժտված է ճիշտը սխալից տարբերելու կարողությամբ: Աստված կամենում է, որ մարդիկ որոշում կայացնեն ոչ թե պահի ազդեցության տակ, այլ վկայության ծանրակշռությունից՝ գիրքը գրքի հետ զգուշորեն հա- մեմատելով: Եթե հրեաները մի կողմ դնեին իրենց նախապաշարումները և գրված մարգարեությունը համեմատեին Հիսուսի կյանքը բնորոշող փաստերի հետ, կըմբռնեին այն գեղեցիկ ներդաշնակությունը, որ գոյություն ուներ մարգարեությունների և խոնարհ Գալիլեացու կյանքի և առաքելության միջև: [459]ԴՓ 558.1

    Այսօր շատերը մոլորվում են ճիշտ նույն ձևով, ինչպես այն ժամանակ հրեաները: Կրոնական ուսուցիչներն Աստվածաշունչը լուսաբանում են իրենց հասկացողության և ավանդույթների համաձայն, իսկ մարդիկ Գրքերն ինքնուրույն չեն ուսումնասիրում և ինքնուրույն գաղափար չեն կազմում, թե որն է ճշմարտությունը, և իրենց դատողությունն ու հոգիները վստահում են իրենց առաջնորդներին: Լույսը տարածելու Աստծո սահմանած միջոցներից մեկը Իր խոսքը քարոզելն ու սովորեցնելն է, բայց մենք պետք է յուրաքանչյուր մարդու ուսմունքը հիմնավորենք Գրքով: Մարդիկ էլ, առանց բացառության, կարող են ընդունել աստվածային լույսը. ով էլ որ աղոթքային ոգով ուսումնասիրի Աստվածաշունչը’ ճշմարտությունն իմանալու և նրան հնազանդվելու տենչով, նա կհասկանա Գրքերը: «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար” (Հովհաննես 7.17):ԴՓ 558.2

    Տոնակատարության վերջին օրը Հիսուսին ձերբակալելու համար քահանաների և իշխանավորների կողմից ուղարկված սպասավորները վերադարձան առանց Նրա: Նրանց զայրույթով հարցրին. «Ինչո՞ւ համար նրան չբերիք»: Հանդիսավոր կերպով նրանք պատասխանեցին. «Երբեք մի մարդ այսպես չխոսեց, ինչպես այս մարդը”:ԴՓ 559.1

    Որքան էլ խիստ էին եղել նրանց սրտերը, Նրա խոսքերից փափկել էին: Երբ Նա խոսել էր տաճարի բակում, նրանք սպասել էին, որպեսզի որևէ բան որսային’ Նրա դեմ ուղղելու համար: Սակայն լսելու ընթացքում մոռացել էին, թե ինչ նպատակով են ուղարկվել: Նրանք հիացած էին մնացել: Քրիստոսը բացահայտվել էր նրանց հոգինե- րին: Նրանք տեսել էին այն, ինչը քահանաներն ու իշխանավորները չէին ցանկանում տեսնել. նրանք տեսել էին մարդկային էությանը’ ողողված աստվածության փառ- քով: Նրանք վերադարձան’ այնքան կլանված այս մտքով և այնքան ազդված Նրա խոսքերից, որ «Ինչո՞ւ համար նրան չբերիք» հարցին ի վիճակի եղան միայն պատասխանել. «Երբեք մի մարդ այսպես չխոսեց, ինչպես այս մարդը”:ԴՓ 559.2

    Քահանաներն ու իշխանավորները առաջին անգամ Քրիստոսի ներկայությամբ նույն համոզմունքն էին ու- նեցել: Նրանց սրտերը խորապես ցնցվել էին, և նրանք նույնպես ստիպված էին եղել ընդունել այս միտքը. «Երբեք մի մարդ այսպես չխոսեց, ինչպես այս մարդը»: Բայց նրանք հակառակվել էին Սուրբ Հոգու ազդեցությանը: Հի- մա զայրացած, որ անգամ օրենքի գործակալների վրա էր ատելի Գալիլեացին ազդեցություն գործել’ նրանք գոչեցին. «Մի՞թե դուք էլ մոլորվեցիք: Մի՞թե իշխաններից կամ փարիսեցիներից մեկը հավատաց նրան: Այլ այդ ռամիկ ժողովուրդը, որ օրենքը չգիտի, անիծված է”: [460]ԴՓ 559.3

    Ովքեր լսում են ճշմարտության լուրը, հազվադեպ են հարցնում. «Ճի՞շտ է դա արդյոք”, նրանց հետաքրքրում է, թե «Ո՞ւմ հեղինակությամբ է այն տըրված”: Բազմությունը գնահատում է լուրը այն ընդունողների թվով, և դարձյալ հարց է տրվում. «Գիտուն մարդկանցից կամ կրոնական առաջնորդներից որևէ մեկը հավատացե՞լ է”: Իսկական բարեպաշտությանը մարդիկ այսօր ավելի բարյացակամ չեն նայում, քան Քրիստոսի օրերում: Նրանք միշտ նույնպիսի եռանդով աշխարհիկ բարիքներ են փնտրում’ անտեսելով հավիտենական արժեքները: Ճշմարտության դեմ փաստարկ չի կարող լինել այն, որ մարդկանց մեծ մասը պատրաստ չէ այն ընդունել, կամ որ աշխարհի խո- շորագույն մարդկանց կամ նույնիսկ կրոնական առաջնորդների կողմից այն չի ընդունվում:ԴՓ 560.1

    Քահանաներն ու իշխանավորները կրկին միջոցներ ձեռնարկեցին’ Հիսուսին ձերբակալելու համար: Նրանք պնդում էին, որ եթե Նա ավելի երկար մնա ազատության մեջ, ապա ողջ ժողովրդին Իր կողմը կգրավի’ շեղելով պաշտոնական առաջնորդներից, հետևապես միակ ապահով քայլն էր’ անհապաղ լռեցնել Նրան: Քննարկման ամենաեռուն պահին նրանք հանկարծ կանգ առան: Նիկոդեմոսը հարց տվեց. «Մի՞թե մեր օրենքը մի մարդու դատում է, եթե առաջ չլսի նրանից և չգիտենա, թե ինչ է գործում”: Հավաքվածները լռեցին: Նիկոդեմոսի խոսքերն ազդեցին նրանց խղճի վրա: Նրանք չէին կարող դատապարտել մարդուն’ առանց նրան լսելու: Սակայն մեծամիտ իշխանավորների լռության պատճառը միայն սա չէր: Նրանք իրենց հայացքն ուղղեցին նրա վրա, ով համարձակվել էր խոսել արդարության օգտին: Նրանք ապշած ու դառնացած էին, որ իրենց շարքերում կար մեկը, ում վրա Հիսուսի բնավորությունն այնպիսի մեծ տպավորություն էր թողել, որ նա ձայն էր բարձրացրել Նրան պաշտպա- նելու համար: Զարմանքից սթափվելով’ նրանք դիմեցին Նիկոդեմոսին խայթող հեգնանքով. «Մի՞թե դու էլ ես Գա- լիլեայից, քննի’ր և տե’ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի եկել»: Բողոքը, այնուամենայնիվ, ընդհատեց խորհրդի ընթացքը: Իշխանավորները չկարողացան իրագործել իրենց նպատակը և դատապարտել Հիսուսին’ առանց Նրան լսելու: Առժամանակ պարտվելով’ «ամեն մեկը գնաց իր տունը: Եվ Հիսուսը գնաց Յիթենյաց սարը»:ԴՓ 560.2

    Հեռանալով հուզումնալից ու խառնաշփոթ քաղաքից, խանդավառ ամբոխից և նենգ վարդապետներից’ Հիսու- սը հեռացավ դեպի ձիթենիների խաղաղ պուրակները, որտեղ կարող էր մենակ մնալ Աստծո հետ: Սակայն վաղ առավոտյան Նա տաճար վերադարձավ, և երբ ժողովուրդը հավաքվեց Նրա շուրջը, Նա նստեց և սկսեց սովորեցնել նրանց:ԴՓ 561.1

    Բայց Նրան շուտով ընդհատեցին: Մոտեցավ փարիսեցիների և դպիրների մի խումբ’ քարշ տալով ահաբեկված մի կնոջ, ում նրանք դաժան ու կոպիտ ձայներով մեղադրում էին յոթերորդ պատվիրանի խախտման մեջ: Նրան դեպի Հիսուսը հրելով’ հարգանքի կեղծ ցուցադրումով նրանք ասացին Նրան. «Օրենքում Մովսեսը պատվի- րեց մեզ, որ այդպիսիները քարկոծվեն. հիմա դու ի՞նչ ես ասում”:ԴՓ 561.2

    Նրանց շինծու պատկառանքն իրականում Նրան կործանելու մի քողարկված դավադրություն էր: Նրանք ցանկանում էին այս հարմար առիթն օգտագործել Նրան դատապարտելու համար’ մտածելով, որ ինչպիսի որոշում էլ Նա կայացներ, իրենք առիթ կգտնեին Նրան մեղադրելու: Եթե Նա ազատ արձակեր այդ կնոջը, Նրան կմեղադրեին Մովսեսի օրենքն արհամարհելու մեջ: Եթե Նա հայտարարեր, որ կինն արժանի է մահվան, կմեղադրվեր հռոմեացի- ների կողմից միայն նրանց պատկանող իրավունքն Իրեն վերապահելու համար: [461]ԴՓ 561.3

    Հիսուսը մի պահ նայեց այդ տեսարանին’ իր ամոթանքի մեջ դողդողացող կնոջը, դաժան դեմքերով բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր զուրկ էին նույնիսկ մարդկային խղճից: Անաղարտ մաքրության Նրա ոգին ընկրկեց այդ տեսարանից: Նա լավ գիտեր, թե ինչ նպատակով էր այս խնդիրն Իր առջև դրվել: Նա կարդում էր մարդկանց սրտերը և գիտեր Իր ներկայությամբ գտնվող յուրաքանչյուր անձի բնավորությունն ու կյանքի ամբողջ պատմությունը: Արդարության այս կարծեցյալ պաշտպաններն իրենք էին իրենց զոհին դրդել մեղքի, որպեսզի կարողանային որոգայթ լարել Հիսուսի դեմ: Ոչ մի նշանով ցույց չտալով, թե լսել է նրանց հարցը’ Նա կռացավ և հայացքը գետնին խոնարհելով’ սկսեց գրել հողի վրա:ԴՓ 562.1

    Նրա հապաղումին և ակնհայտ անտարբերությանը չդիմանալով’ մեղադրողներն ավելի մոտ եկան’ խնդրի վերաբերյալ Նրանից ուշադրություն պահանջելով: Բայց երբ նրանց հայացքը, Հիսուսի հայացքին հետևելով, ընկավ գետնի վրա’ Նրա ոտքերի մոտ, նրանց դեմքերը փոխվեցին: Նրանց առջև գրված էին իրենց սեփական կյանքի հանցավոր գաղտնիքները: Շրջապատող մարդիկ նկատեցին նրանց դեմքի անակնկալ փոխված արտահայտությունը և առաջ մղվեցին’ պարզելու, թե ինչին էին նրանք նայում այդպես զարմանքով և ամոթահար:ԴՓ 562.2

    Այս ռաբբիները, որքան էլ ձևացնում էին, թե պաշտում են օրենքը’ այս կնոջ դեմ մեղադրանք ներկայացնելով, անտեսում էին դրա պայմանները: Կնոջ դեմ քայլեր ձեռնարկելը նրա ամուսնու պարտականությունն էր, և մեղավոր կողմերը պետք է հավասարապես պատժվեին: Մեղադրողների հայցն ամենևին արդարացված չէր: Հիսու- սը, սակայն, հենց իրենց զենքով պատասխանեց նրանց: Օրենքը մատնանշում էր, որ քարկոծման պատժի մեջ դեպքի ականատեսները պետք է առաջինը քար նետեին: Վեր կենալով և Իր հայացքն ուղղելով դեպի դավադիր ծերերը’ Հիսուսն ասաց. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցի դրա վրա»: Եվ կռանալով’ Նա շարունակեց գրել գետնի վրա:ԴՓ 562.3

    Նա չէր անտեսել Մովսեսի միջոցով տրված օրենքը և ոչ էլ խախտել էր հռոմեացիների լիազորությունը: Մեղադրողները պարտված էին: Նրանց շինծու սրբության քողը վայր ընկավ նրանց վրայից, և նրանք’ հանցավոր ու դատապարտված, կանգնած էին Անսահման Մաքրության ներկայությամբ: Նրանք սարսափեցին այն մտքից, որ իրենց կյանքի գաղտնի հանցանքները կարող էին բա- ցահայտվել բազմության առջև, և մեկը մյուսի հետևից, գլուխներն ու հայացքները խոնարհած, գաղտագողի հե- ռացան’ մենակ թողնելով իրենց զոհին գթասիրտ Փրկչի հետ:ԴՓ 563.1

    Հիսուսը վեր կացավ և կնոջը նայելով ասաց. «Ո վ կին, ո՞ւր են քեզ ամբաստանողները. ոչ ոք քեզ չդատապարտե՞ց»: Նա էլ ասաց. «Ոչ ոք, Տե’ր”, և Հիսուսն էլ ասաց նրան. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա’ և այսուհետև մեղք մի’ գործիր”: [462]ԴՓ 563.2

    Կինը վախից կծկված կանգնել էր Հիսուսի առջև: Նրա խոսքերը՝ «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցի դրա վրա», նրա համար հնչել էին որպես մահվան դատավճիռ: Նա չէր համարձակվել նայել Փրկչի դեմքին, այլ լուռ սպասում էր իր ճակատագրին: Հետո զարմանքով նկատեց, որ իրեն մեղադրողները հեռացան’ անձայն և շփոթված: Այնուհետև նրա ականջին հասան հույսի այդ խոսքերը. «Ես էլ չեմ քեզ դատապարտում, գնա’ և այսու- հետև մեղք մի’ գործիր”: Նրա սիրտը հուզվեց, և նա իրեն նետեց Հիսուսի ոտքերը՝ երախտապարտ սիրով հեկեկալով և դառն արցունքների մեջ խոստովանելով իր մեղքերը:ԴՓ 563.3

    Սա նոր կյանքի սկիզբն էր նրա համար, մաքուր և խաղաղ կյանքի, որը պիտի նվիրվեր Աստծո ծառայությանը: Այս ընկած հոգուն բարձրացնելով’ Հիսուսն ավելի մեծ հրաշք գործեց, քան ամենատանջալից մարմնական հիվանդությունը բուժելիս: Նա բուժեց հոգևոր հիվանդությունը, որը տանում է դեպի հավիտենական մահ: Ապաշխարած կինը դարձավ Նրա ամենատոկուն հետևորդներից մեկը: Անձնազոհ սիրով և նվիրվածությամբ Նա վարձահատույց եղավ Նրա ներողամիտ ողորմածությանը:ԴՓ 563.4

    Այս կնոջը ներելու և նրան ավելի լավ կյանքի մղելու և քաջալերելու մեջ Հիսուսի էությունը շողշողում է կատարյալ արդարության իր գեղեցկությամբ: Թեև Նա չի արդարացնում մեղքը և ոչ էլ նվազեցնում հանցավորության զգացումը, Նա ձգտում է ոչ թե դատապարտել, այլ փրկել: Աշխարհն այս մոլորված կնոջ հանդեպ միայն արհամարհանք ու քամահրանք էր ցուցաբերել, բայց Հիսուսը սփոփանքի և հույսի խոսքեր է ասում: Անմեղ լինելով’ Նա խղճմտանքով է վերաբերվում մեղավորի թուլությանը և օգնության ձեռք մեկնում նրան: Մինչ կեղծավոր փարիսեցիները դատապարտում են, Հիսուսը պատվիրում է նրան. «Գնա’ և այսուհետև մեղք մի’ գործիր”:ԴՓ 564.1

    Քրիստոսի հետևորդ չէ նա, ով հայացքը մի կողմ դարձնելով՝ խույս է տալիս մոլորյալներից’ թողնելով, որ նրանք անարգել ընթանան անկում տանող ճանապար- հով: Նրանք, ովքեր մշտապես պատրաստ են մեղադրել ուրիշներին և նախանձախնդիր’ բերելու նրանց արդարադատության առջև, հաճախ իրենց սեփական կյանքում նրանցից ավելի հանցավոր են լինում: Մարդիկ ատում են մեղավորին, մինչդեռ սիրում են մեղքը: Քրիստոսն ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին: Այս ոգով պետք է համակվեն բոլոր նրանք, ովքեր հետևում են Նրան: Քրիստոնեական սերը չի շտապում պախարակել, չի հապաղում նկատել զղջումը, այլ միշտ պատրաստ է ներել, քաջալերել, սուրբ ճանապարհի վրա կանգնեցնել մոլորյալին և ինքն էլ չշեղվել նրանից: [463] ԴՓ 564.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents