Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 10. - Անապատում կանչողի ձայնը

    (Ղուկաս 1.5-23,57-80, 3.1-18, Մատթեոս 3.1-12, Մարկոս1.1-8)

    ՔՐԻՍՏՈՍԻ նախակարապետը հայտնվեց այն հավատարիմ իսրայելցիների միջից, ովքեր վաղուց սպասում էին Մեսիայի գալստյանը: Ծեր քահանա Զաքարիան և նրա կին Եղիսաբեթը’ երկուսն էլ «Աստծո առաջին արդար էին”, և նրանց խաղաղ ու սուրբ կյանքում հավատի լույսն աստղի պես էր շողում այն չար օրերի խավարի մեջ: Այս բարեպաշտ զույգին որդի էր խոստացված, ով պիտի գնար «Տիրոջ երեսի առաջից’ նրա ճանապարհները պատրաստելու”:ԴՓ 87.1

    Զաքարիան ապրում էր «Հրեաստանի լեռնոտ երկրում», բայց նա մեկ շաբաթով գնացել էր Երուսաղեմ’ տաճարում ծառայելու, ինչպես պահանջվում էր տարին երկու անգամ բոլոր դասակարգերի քահանաներից: «Եվ եղավ, երբ որ նա քահանայություն էր անում իրան հասած դասակարգության օրերում Աստծո առաջին քահանայության սովորության պես, իրեն ընկավ, որ Տիրոջ տաճարը մտնի խնկարկություն անելու»:ԴՓ 87.2

    Նա կանգնած էր սրբարանի սուրբ տեղում’ ոսկե զոհասեղանի առջև: Խունկի ամպն Իսրայելի աղոթքների հետ միասին բարձրանում էր առ Աստված: Հանկարծ նա զգաց աստվածային էակի ներկայությունը: Տիրոջ հրեշտակը «կանգնած էր խնկի սեղանի աջ կողմին”: Հրեշտակի դիրքը բարեհաճության նշան էր, բայց Զաքարիան այդ չնկատեց: Երկար տարիներ նա աղոթել էր Փրկչի գալըստ- յան համար, և հիմա, երբ երկինքն ուղարկել էր իր լրա- բերին’ հայտնելու, որ այդ աղոթքները շուտով պատասխան կստանան, Աստծո գթասրտությունը չափազանց մեծ թվաց նրան, որպեսզի հավատար: Նա լցվեց ահով ու ինքնադատապարտման զգացումով: [98]ԴՓ 87.3

    Հրեշտակը նրան ողջունեց ջերմորեն’ հավաստիացնելով. «Մի’ վախենա, Զաքա’րիա, որովհետև քո աղոթքը լսվեց, քո կին Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես, և քեզ ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը նրա ծնունդով կուրախանան: Որովհետև նա մեծ կլինի Տիրոջ առաջին, գինի և օղի չի խմի, և դեռ իր մոր որովայնից Սուրբ Հոգով կլցվի: Եվ Իսրայելի որդիներից շատերին կդարձնի դեպի իրենց Տեր Աստվածը: Եվ ինքը կգա նրա առաջից Եղիայի հոգով ու զորությամբ, որ հայրերի սրտերը դեպի որդիքը դարձնի, և անհնազանդ- ներին’ արդարների իմաստության մեջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստի: Եվ Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ինչո՞վ ճանաչեմ այդ, որովհետև ես ծեր եմ, և իմ կինն իր օրերն անց է կացրել»“:ԴՓ 88.1

    Զաքարիան լավ գիտեր, որ Աբրահամը հայր է դարձել ծեր հասակում, որովհետև նա հավատարիմ էր գտնվել Նրան, ով խոստացել էր այդ: Բայց մի պահ տարեց քահանան տրվում է մարդկային թուլությանը’ մոռանալով, որ Աստված ի վիճակի է կատարելու այն, ինչ խոստացել է: Որքա՜ն տարբեր է այս անհավատությունը Մարիամի մանկական, միամիտ վստահությունից: Նազարեթի կույսը հրեշտակի սքանչելի հայտարարությանը պատասխանեց. «Ահա Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի պես լինի ինձ” (Ղուկաս 1.38):ԴՓ 88.2

    Զաքարիայի որդու ծնունդը, ինչպես նաև Աբրահամի զավակի և Մարիամի մանկան ծնունդը հոգևոր մեծ ճշմարտություն պիտի ուսուցանեին, որը մենք դժվարությամբ սովորում և հեշտությամբ մոռանում ենք: Մենք ինքներս անկարող ենք որևէ բարիք գործել, բայց այն, ինչ մենք չենք կարողանում անել, Աստծո զորությամբ կարող է կա- տարվել ամեն մի խոնարհ և հավատացյալ հոգու մեջ: Հավատի միջոցով է, որ տրվեց խոստացված երեխան: Հոգևոր կյանքը ծնվում է միայն հավատի միջոցով, և միայն հավատով ենք մենք ընդունակ դառնում արդար գործեր անելու:ԴՓ 88.3

    Զաքարիայի հարցին հրեշտակը պատասխանեց. «Ես Գաբրիելն եմ, որ Աստծո առաջին կանգնում եմ, և ուղարկվեցի քեզ հետ խոսելու և այս բաները քեզ ավետիք տա- լու»: Հինգ հարյուր տարի առաջ Գաբրիելը հայտնել էր Դանիելին մարգարեական ժամանակը, որ պետք է տևեր մինչև Քրիստոսի գալուստը: Իմանալով, որ այդ ժամանակահատվածը մոտենում է ավարտին’ Զաքարիան միշտ աղոթում էր Մեսիայի գալստյան համար: Եվ հիմա այն նույն լրաբերը, ում միջոցով տրվել էր մարգարեությունը, եկել էր հռչակելու դրա իրականացումը: [99]ԴՓ 89.1

    Հրեշտակի այն բառերը, թե «ես Գաբրիելն եմ, որ Աստծո առաջին կանգնում եմ», ցույց են տալիս, թե որքան բարձր և պատվավոր դիրք է գրավում նա երկնային արքունիքում: Երբ նա եկել էր Դանիելին լուր բերելու, ասել էր. «Եվ մեկը չկա, որ ինձ հետ զորեղանա սրանց դեմ, բացի ձեր իշխան Միքայելից (Քրիստոսից)” (Դանիել 10.21): Գաբրիելի մասին Փրկիչը խոսում է Հայտնության մեջ’ ասելով. «Եվ իմացրեց իր հրեշտակի ձեռով’ ուղարկելով իր Հովհաննես ծառային” (Հայտնություն 1.1): Իսկ Հովհաննեսին հրեշտակը հայտնել էր. «Ես ծառայակից եմ քեզ և քո եղբայր մարգարեներին» (Հայտնություն 22.9): Ի՜նչ հրաշալի միտք է. հրեշտակը, ով իր փառքով զիջում է միայն Աստծո Որդուն, ընտրված է’ Աստծո մտադրությունները մեղավոր մարդկանց հայտնելու համար£ԴՓ 89.2

    Զաքարիան կասկածեց հրեշտակի խոսքերին և այլևս չպետք է խոսեր, մինչև դրանք իրականանային: «Եվ ահա«- ասաց հրեշտակը«- համր կլինես... մինչև այն օրը, որ այս բաները կլինեն, որովհետև չհավատացիր իմ խոսքերին, որ իրենց ժամանակին կկատարվեն»: Այս ծառա- յության մեջ քահանայի պարտականությունն էր աղոթել ողջ ազգի մեղքերի թողության և Մեսիայի գալստյան համար, բայց երբ Զաքարիան փորձեց անել այդ, նա չկարողացավ որևէ բառ արտաբերել:ԴՓ 89.3

    Դուրս գալով օրհնելու ժողովրդին’ «նա նշաններով էր խոսում նրանց հետ և մնում էր պապանձված”: Մարդիկ երկար սպասելուց սկսել էին վախենալ, թե չլինի՞ Աստծո դատաստանն է հասել նրան: Բայց երբ դուրս եկավ սուրբ տեղից, նրա դեմքը փայլում էր Աստծո փառքով, և մարդիկ «իմացան, որ տաճարի մեջ տեսիլք է տեսել”: Զաքարիան հաղորդեց նրանց այն, ինչ տեսել և լսել էր, ու «երբ որ նրա պաշտոնի օրերը լրացան, գնաց իր տունը»:ԴՓ 90.1

    Շուտով’ խոստացված երեխայի ծննդից հետո, հոր լեզուն բացվեց, «...և խոսում էր’ Աստծուն օրհնելով: Եվ ահ ընկավ ամենքի վրա, որ նրանց չորս կողմով բնակվում էին. և Հրեաստանի բոլոր լեռնակողմում այս ամեն բաները պատմվում էին: Եվ բոլոր լսողներն իրենց սրտերում էին դնում և ասում’ այս երեխան ի՞նչ պիտի լինի»: Այս ամենը տեղի ունեցավ, որպեսզի բոլորի ուշադրությունը հրավիրվեր Մեսիայի գալստյան վրա, ում համար Հովհաննեսը պետք է ճանապարհ պատրաստեր:ԴՓ 90.2

    Սուրբ Հոգին իջավ Զաքարիայի վրա, և այս գեղեցիկ խոսքերով նա մարգարեացավ իր որդու առաքելության մասին. [100]ԴՓ 90.3

    «Եվ դու, երեխա’, Բարձրյալի մարգարե կկոչվես.
    Որովհետև կգնաս Տիրոջ երեսի առաջից’
    Նրա ճանապարհները պատրաստելու,
    Որ նրա ժողովրդին տաս փրկության գիտությունը
    Իրենց մեղքերի թողության մեջ,
    Մեր Աստծո գթած ողորմության համար,
    Որով ծագող արեգակը վերևից այցելեց մեզ,
    Որ լույս տա խավարում և մահվան ստվերում նստողներին, Որ մեր ոտները դեպի խաղաղության ճանապարհն ուղղի»:
    ԴՓ 90.4

    «Եվ երեխան աճում և զորանում էր հոգով. և անապատներում էր, մինչև այն օրը, որ նա երևաց Իսրայելին”: Նախքան Հովհաննեսի ծնվելը հրեշտակն ասել էր. «Նա մեծ կլինի Տիրոջ առաջին, գինի և օղի չի խմի, և դեռ մոր որովայնից Սուրբ Հոգով կլցվի”: Զաքարիայի որդուն Աստված կանչել էր մեծագույն ծառայության, որ երբևէ հանձնարարվել էր մարդկանց: Այս ծառայությունը կատարելու համար Նա պետք է համագործակցեր Տիրոջ հետ: Եվ Աստծո Հոգին նրա հետ կլիներ, եթե նա հետևեր հրեշտակի ցուցումներին:ԴՓ 91.1

    Հովհաննեսը պիտի գար որպես Եհովայի ավետաբեր’ Աստծո լույսը բերելու մարդկանց: Նա պետք է նոր ուղղություն տար մարդկանց մտքերին: Նա պետք է այնպիսի ազդեցություն ունենար մարդկանց վրա, որ նրանք գիտակցեին Աստծո պահանջների սրբությունը և Նրա կատարյալ արդարության անհրաժեշտությունը: Այդպիսի ավետաբերը սուրբ պետք է լինի: Նա պիտի տաճար լինի Աստծո Հոգու բնակության համար: Որպեսզի իրականացնի իր առաքելությունը, նա պետք է մարմնական առողջ կազմվածք, ինչպես նաև մտավոր ու հոգևոր ուժ ունենա: Ուստի անհրաժեշտ էր վերահսկել սեփական ցանկություններն ու կրքերը£ Նա պետք է կարողանար այնպես կառավարել իր ամբողջ ուժերը, որ ցանկացած իրադրության մեջ անսասան մնար, ինչպես անապառի ժայռերն ու սարերը:ԴՓ 91.2

    Հովհաննես Մկրտչի ժամանակներում շատ տարածված էին հարստության ծարավը, սերը դեպի շքեղությունն ու ցուցամոլությունը: Զգացմունքային հաճույքները, խնջույքներն ու խրախճանքները մարմնի հիվանդությունների և այլասերման պատճառ էին դառնում’ բթացնելով հոգևոր կարողություններն ու թուլացնելով զգոնությունը մեղքի նկատմամբ: Հովհաննեսը պետք է հանդես գար որ- պես բարենորոգիչ: Իր ժուժկալ կյանքով ու հասարակ հագուստով նա պետք է մերժեր իր ժամանակներին բնորոշ շվայտությունը: Հետևաբար, այն ցուցումը, որ Հովհաննեսի ծնողներին տվեց երկնային գահից ուղարկված հրեշտակը, վերաբերում էր զսպվածությանը£ [101]ԴՓ 91.3

    Մանկության և պատանեկության տարիներին բնավորությունն ամենից ավելի դյուրազգաց է լինում: Դա հենց այն ժամանակն է, երբ պետք է ձեռք բերվի ինքնատիրապետման կարողություն: Ընտանեկան օջախում ձևավորվում են բնավորության այնպիսի գծեր, որոնց հետևանքները նույնքան տևական են, որքան հավերժությունը: Կհաղթի՞ արդյոք մարդը կյանքի պայքարում, թե՞ կպարտվի. այս հարցում ավելի վճռորոշ դեր են խաղում մանուկ հասակում ձևավորված սովորությունները, քան բնատուր ձիրքերը: Պատանեկությունը ցանքի ժամանակն է: Այդ ժամանակահատվածն է որոշում, թե ինչպիսին կլինի հունձքն այս և գալիք կյանքում:ԴՓ 92.1

    Որպես մարգարե’ Հովհաննեսը պետք է «հայրերի սրտերը դեպի որդիքը դարձներ, և անհնազանդներին’ արդարների իմաստության մեջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստեր”: Ճանապարհ պատրաստելով Քրիստոսի առաջին գալուստի համար’ նա խորհրդանշում է այն մարդկանց, ովքեր պետք է ժողովրդին պատրաստեն մեր Տիրոջ երկրորդ գալստյանը: Աշխարհը տրվել է իր հաճույքներին: Ամենուրեք մոլորություններ են և առասպելներ: Սատանայի որոգայթները’ հոգիներ կորցնելու համար, գնալով ավելի են շատանում: Բոլոր նրանք, ովքեր ուզում են սրբությունը պահպանել Աստծո վախով, պետք է յուրացնեն զսպվածության և ինքնատիրապետման դասերը: Ցանկություններն ու կրքերը պետք է հնազանդեցվեն բանականության բարձրագույն ուժե- րին: Ինքնադաստիարակությունն անհրաժեշտ է մտավոր ուժի և հոգևոր խորաթափանցության համար, որոնք հնարավորություն են տալիս հասկանալու և կիրառելու Աստ- ծո խոսքի սրբազան ճշմարտությունները: Այս պատճառով զսպվածությունն անհրաժեշտ է Քրիստոսի երկրորդ գալստյանը նախապատրաստվելու գործընթացում:ԴՓ 92.2

    Որպես կանոն’ Զաքարիայի որդին պետք է ուսում ստանար, որպեսզի դառնար քահանա, բայց վարդապետների դպրոցներում ստացած կրթությունը պիտանի չէր լինի նրան իր գործի համար: Աստված չուղարկեց նրան աստ- վածաբանների մոտ սովորելու, թե ինչպես պետք է մեկնաբանել Գրքերը, այլ կանչեց նրան անապատ, որպեսզի նա ուսումնասիրեր բնությունն ու բնության Ստեղծողին:ԴՓ 93.1

    Մի ամայի վայր էր այն տեղը, ուր նա գտավ իր տունը չոր բլուրների, վայրի խորխորատների և ժայռափոր քարանձավների մեջ: Բայց նա ինքն էր իր կամքով հրաժարվել կյանքի հաճույքներից ու հարմարավետությունից և ընտրել անապատի խստաշունչ պայմանները: Այստեղ պայմաններն ավելի նպաստավոր էին համեստ սովորություններ ձեռք բերելու և ինքնուրացության համար: Այստեղ աշխարհի ժխորը չէր խանգարի նրան սերտելու բնության, հայտնության և Աստծո նախախնամության դասերը: Հովհաննեսի աստվածավախ ծնողները հաճախ էին կրկնում նրան այն խոսքերը, որ հրեշտակն ասել էր Զաքարիային: Դեռ մանուկ հասակում նրան ներկայացրել էին իր առաքելությունը, և նա արձագանքել էր այդ սուրբ կոչմանը: Նրա համար անապատի մենությունը ցանկալի ապաստան էր այն հասարակությունից, որ գրեթե լիովին թաղված էր կասկածամտության, անհավատության և պղծության մեջ: Նա չէր վստահում փորձությանը դիմակայելու իր սեփական ուժերին և անընդհատ խուսափում էր մեղքի հետ շփվելուց, որպեսզի հանկարծ չկորցնի այն զգացումը, որ դա ծայրաստիճան հրեշավոր է: [102]ԴՓ 93.2

    Ծննդյան օրվանից նվիրվելով Աստծուն որպես ուխտավոր’ նա երդվել էր հավատարիմ մնալ Նրան մինչև վերջ: Նա հագնված էր ինչպես հին մարգարեները. ուղտի մազից հյուսված մի զգեստ’ կաշվե գոտիով կապած մեջքին: Իսկ սնվում էր մարախով և վայրի մեղրով, որ հայթայթում էր անապատում, և խմում էր լեռներից հոսող մաքուր ջուրը:ԴՓ 93.3

    Բայց Հովհաննեսի կյանքը չէր անցնում անգործության, ճգնավորի մռայլության կամ ինքնաբավ մեկուսացման մեջ: Ժամանակ առ ժամանակ նա դուրս էր գալիս մարդկանց հետ շփվելու և միշտ հետաքրքրվում էր, թե ինչ է կատարվում աշխարհում: Իր խաղաղ ապաստանից նա հետևում էր իրադարձությունների ծավալմանը: Աստվածային Հոգով լուսավորված հայացքով նա քննում էր մարդկանց բնավորությունը, որպեսզի հասկանար, թե ինչպես հասցներ լուրը նրանց սրտերին: Նրա ուսերին ծանրացած էր իր առաքելության բեռը: Միայնության, մտորումների և աղոթքների մեջ նա հոգեպես պատրաստվում էր այն աշխատանքին, որ սպասվում էր իրեն, և որի համար ինքը աշխարհ էր եկել:ԴՓ 94.1

    Բայց նույնիսկ անապատում էլ նա ապահովագրված չէր փորձությունից: Որքան հնարավոր է, նա փակում էր բոլոր ուղիները, որոնցով կարող էր ներխուժել սատանան, բայց, միևնույնն է, փորձիչը հանգիստ չէր տալիս նրան: Սակայն նրա հոգևոր տեսողությունը շատ սուր էր, նա բնավորության ուժ և տոկունություն էր զարգացրել և Սուրբ Հոգու օգնությամբ կարողանում էր պաշտպանվել սատանայի հարձակումներից ու դիմակայել նրա զորութ- յանը:ԴՓ 94.2

    Հովհաննեսն անապատում գտավ իր դպրոցն ու սրբա- րանը: Ինչպես Մովսեսը Մադիամի լեռներում, նա նույնպես ապրում էր Աստծո ներկայությամբ և շրջապատված էր Նրա զորության վկայություններով: Նրան, ի տարբերություն Իսրայելի մեծ առաջնորդի, վիճակված չէր ապրել լեռների հանդիսավոր վեհության մեջ, բայց նրա առջև’ Հորդանանից այն կողմ, վեր էին խոյանում Մովաբի բարձունքները’ իբրև Նրա անխոս վկաները, ով այդպես ամուր հիմնել էր լեռները և գոտևորել Իր զորությամբ: Նրա անապատային բնակավայրի մռայլ և զարհուրելի տեսքը ցայտուն կերպով պատկերում էր Իսրայելի վիճակը: Տիրոջ պտղաբեր խաղողի այգին ամայի անապատ էր դարձել: Բայց անապատի վերևում պայծառ ու ջինջ երկինքն էր: Ավետյաց ծիածանն իր կամարն էր կապել փո- թորկից սևացած մութ ամպերի մեջ: Այդպես կործանվող Իսրայելի վրա շողում էր Մեսիայի թագավորության խոս- տացված փառքը: Ցասման ամպերին դիմակայում էր Նրա ողորմության ուխտի ծիածանը:ԴՓ 94.3

    Լուռ գիշերներին նա միայնակ կարդում էր Աբրահամին տրված Աստծո խոստումը աստղերի պես անհամար սերնդի մասին: Արշալույսի շողերը, որ ոսկեզօծում էին Մովա- բի լեռները, պատմում էին Նրա մասին, ով պետք է նմանվեր «առավոտյան լույսին, երբ որ արեգակը ծագում է, մի առավոտ, որ ամպեր չկան» (Բ Թագավորաց 23.4): Իսկ ցերեկվա պայծառության մեջ նա տեսնում էր Նրա հայտնության շքեղությունը, երբ պիտի երևա «Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն» (Եսայիա 40.5): [103]ԴՓ 95.1

    Երկյուղածությամբ, բայց հիացմունքով էր նա ուսումնասիրում մարգարեական մագաղաթների այն հայտնությունները, որոնք վերաբերում էին Մեսիայի’ այն խոստաց- ված սերմի գալստյանը, որ պիտի ջախջախեր օձի գլուխը, Սելովին’ «Հաշտեցնողին”, ով պիտի գար, նախքան իշխանությունը կպակասեր Դավթի աթոռից: Այդ ժամանակն արդեն եկել էր: Հռոմեացի իշխանն էր նստած Սիոն սարի վրայի պալատում: Տիրոջ անփոփոխ խոսքի համաձայն’ Քրիստոսն արդեն ծնվել էր:ԴՓ 95.2

    Գիշեր ու ցերեկ նա Եսայիա մարգարեի գրքում ուսումնասիրում էր Մեսիայի փառքի հիանալի նկարագրությունները’ Շառավիղը Հեսսեի բնից, Իշխանը, որ պետք է «արդարությամբ դատի... երկրի խոնարհներին», «փոթորկի դեմ եղող ծածկոցը«... մեծ ապառաժի հովանին ծարավուտ երկրում”, Իսրայելին այլևս չեն ասի «թողված”, ոչ էլ «ավերակ», այլ կկոչի նրան «Իմ հավանածը», իսկ նրա երկիրը’ «ամուսին ունեցող” (Եսայիա 11.4, 32.2, 62.4): Մենավոր աքսորյալը հափշտակված էր փառահեղ տեսիլքով:ԴՓ 95.3

    Նա տեսնում էր Թագավորին Իր ողջ գեղեցկության մեջ և մոռանում իր անձը: Նա զմայլվում էր սրբության վեհությամբ և իրեն անկարող ու անարժան զգում: Նա պատրաստ էր երևալու որպես Երկնքի ավետաբեր’ առանց վախենալու մարդկանցից, որովհետև նրա աչքերը տեսել էին Աստվածայինը: Նա կարող էր անսասան և աներկյուղ կանգնել երկրային միապետների ներկայությամբ, որովհետև խոնարհվել էր թագավորների Թագավորի առջև:ԴՓ 96.1

    Հովհաննեսը լիովին չէր հասկանում Մեսիայի թագավորության բնույթը: Նա սպասում էր Իսրայելի ազատագրմանն իր ազգային թշնամիներից, բայց նրա ամենավառ հույսերը կապված էին արդարության Թագավորի գալստյան և Իսրայելի’ որպես սուրբ ժողովրդի հաստատման հետ: Նա կարծում էր, թե իր ծննդյան ժամանակ տրված մարգարեությունն այսպես պիտի իրականանա.ԴՓ 96.2

    «Եվ իր սուրբ ուխտը հիշի...
    Որ մեր թշնամիների ձեռիցն ազատված
    Աներկյուղ պաշտենք նրան
    Սրբությունով և արդարությունով նրա առաջին’
    Մեր կյանքի բոլոր օրերում»:
    ԴՓ 96.3

    Նա տեսնում էր, որ իր ժողովուրդը խաբված է, ինքնագոհ և մեղքերի մեջ թաղված: Նա ձգտում էր կոչ անել նրանց ապրելու ավելի սուրբ կյանքով: Այն լուրը, որ Աստված հանձնարարել էր նրան տարածել, նախատեսված էր ժողովրդին քնից արթնացնելու համար, ինչպես նաև ստիպելու նրանց ցնցվել իրենց մեծ ամբարշտության գիտակցումից: Որպեսզի ավետարանի սերմը ծլարձակեր, անհրաժեշտ էր նախօրոք փխրեցնել սրտի հողը: Նախքան Հիսուսի մեջ բժշկություն փնտրելը’ նրանք պետք է հասկանային, թե որքան մահացու են մեղքի հասցրած վերքերը: [104]ԴՓ 96.4

    Աստված լրաբերներին չի ուղարկում’ խրախուսելու մեղավորին: Նա խաղաղության ոչ մի լուր չի առաքում’ անսուրբներին իրենց կորստաբեր անվտանգության մեջ հանգստացնելու համար: Նա ծանր բեռներ է դնում անօրենների խղճի վրա և խոցում հոգին զղջման նետերով: Ծառայող հրեշտակները ներկայացնում են նրանց Աստծո ահավոր դատաստանները, որպեսզի դրդեն նրանց գիտակցել իրենց անզորությունն ու ոչնչությունը և բա- ցականչել. «Ի՞նչ անեմ, որ փրկվեմ»: Եվ այդ ժամանակ այն ձեռքը, որ խոնարհեցրել և հողին էր հավասարեցրել զղջացող մեղավորին, բարձրացնում է նրան: Այն ձայնը, որ հանդիմանել էր մեղքը և ստիպել ամաչելու հպարտության և փառասիրության համար, ջերմագին կարեկցանքով հարցնում է. «Ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար”:ԴՓ 97.1

    Երբ սկսվեց Հովհաննեսի ծառայությունը, ազգի մեջ տիրում էին հուզումներ և դժգոհություններ, որոնք նրան հասցրել էին հեղափոխության եզրին: Արքեղայոսին հեռացնելուց հետո Հրեաստանը գտնվում էր Հռոմի անմիջական հսկողության տակ: Հռոմեացի կառավարիչների դաժանությունն ու բռնությունը, հրեաների կյանքում հեթանոսական խորհրդանիշեր և սովորություններ մտցնելու նրանց համառ ջանքերը մի այնպիսի խռովություն առաջացրին, որը ճնշվեց Իսրայելի հազարավոր քաջերի արյան գնով: Այս ամենը բորբոքեց ազգային ատելությունն ընդդեմ Հռոմի և սաստկացրեց նրա իշխանությունից ազատվելու փափագը:ԴՓ 97.2

    Շփոթության և պայքարի մեջ մի ձայն լսվեց անապատից, ցնցող ու խստաշունչ մի ձայն, որը, սակայն, լի էր հույսով. «Ապաշխարեցե’ք, որ մոտեցել է երկնքի արքայությունը»: Այն ցնցեց ժողովրդին իր նոր և արտասովոր զորությամբ: Մարգարեները կանխատեսել էին Քրիստո- սի գալուստը որպես հեռավոր մի իրադարձություն, բայց ահա հայտարարում են, որ այն մոտեցել է: Հովհաննեսի անսովոր տեսքն ունկնդիրների ուշադրությունը դարձրեց դեպի հին մարգարեները: Իր վարքով և հագուստով նա նմանվում էր Եղիա մարգարեին: Եղիայի հոգով և զորությամբ նա դատապարտեց ազգի այլասերումը և հանդիմա- նեց նրան իր մեղքերի համար: Նրա խոսքերը պարզ էին, դիպուկ և համոզիչ: Շատերը կարծում էին, թե նա մարգարեներից մեկն է, որ հարություն է առել մեռելներից: Ողջ ժողովուրդն իրարանցման մեջ էր: Մարդիկ հեղեղի պես հոսում էին դեպի անապատ:ԴՓ 97.3

    Հովհաննեսը հռչակում էր Մեսիայի գալուստը և մարդկանց կոչ էր անում ապաշխարության: Որպես մեղքից մաքրվելու նշան’ նա մկրտում էր նրանց Հորդանանի ջրերում: Այդ խորիմաստ ակնառու դասով նա ցույց տվեց, որ նրանք, ովքեր իրենց Աստծո ընտրյալ ժողովուրդ էին համարում, ապականվել էին մեղքով և չէին կարող մտնել Մեսիայի արքայությունը, եթե չսրբեին իրենց սրտերն ու կյանքը: [105]ԴՓ 98.1

    Մարգարեին լսելու էին գալիս իշխաններ և վարդապետներ, զինվորներ, մաքսավորներ և գյուղացիներ: Աստծո հանդիսավոր նախազգուշացումը որոշ ժամանակ տագնապ էր առաջացրել նրանց մեջ: Շատերն ապաշխարում և մկրտվում էին: Հասարակության բոլոր խավերի մարդիկ հնազանդվում էին Մկրտչի պահանջներին, որպեսզի մասնակից լինեն Նրա հռչակած թագավորությանը:ԴՓ 98.2

    Դպիրներից և փարիսեցիներից շատերը գալիս էին մկրտվելու’ խոստովանելով իրենց մեղքերը: Նրանք իրենց մյուսներից ավելի վեր էին դասել և մարդկանց մոտ սեփական բարեպաշտության մասին բարձր կարծիք ստեղծել: Բայց հիմա բացահայտված էին նրանց կյանքի հանցավոր գաղտնիքները: Սուրբ Հոգին, սակայն, Հովհաննեսին հուշում էր, որ այս մարդկանցից շատերն անկեղծորեն չէին ապաշխարում իրենց մեղքերի համար: Նրանց զղջումը ժամանակավոր էր: Մարգարեի բարեկամներ ձևանալով’ նրանք հույս ունեին արժանանալ եկող Իշխանի բարեհաճությանը: Եվ մկրտվելով այս հանրաճանաչ երիտասարդ ուսուցչի ձեռքով’ նրանք ուզում էին ուժեղացնել իրենց ազդեցությունը ժողովրդի վրա:ԴՓ 98.3

    Հովհաննեսը դիմավորում էր նրանց խայթող խոսքերով. «Իժի’ զավակներ, ո՞վ սովորեցրեց ձեզ փախչել այն գալու բարկությունից: Արդ, ապաշխարության արժանի պտուղնե’ր բերեք և մի’ սկսեք ասել ձեր մեջ, թե մենք հայր ունենք Աբրահամին, որովհետև ասում եմ ձեզ, թե Աստված կարող է այս քարերից որդիներ հանել Աբրահամի համար”: [106]ԴՓ 99.1

    Հրեաները սխալ էին մեկնաբանել Աստծո խոստումն Իսրայելի նկատմամբ հավերժական բարեհաճության մասին. «Այսպես է ասում Տերը, որ արեգակը դրել է օրվա լույսի համար, լուսնի և աստղերի կանոնները՝ գիշերվա լույսի համար, որ սաստում է ծովին, երբ որ նրա ալիքները գոռում են. նրա անունը Զորաց Եհովա է: Եթե վերանան այս կանոններն իմ առաջից, ասում է Տերը, Իսրայելի սերունդն էլ կդադարի իմ առաջին ամեն ժամանակ ազգ լինելուց»: «Եթե երկինքը կչափվի վերևում, և կքննվեն երկրի հիմունքները ցածում, ես էլ կմերժեմ Իսրայելի բոլոր սերունդն իրենց բոլոր արածների համար,ասում է Տերը» (Երեմիա 31.35-37): Հրեաները կարծում էին, թե այն հանգամանքը, որ իրենք Աբրահամի սերունդն են, իրավունք է վերապահում հավակնելու այդ խոստմանը: Բայց նրանք անտեսել էին այն պայմանները, որոնք Աստված մատնանշել էր: Խոստումը տալուց առաջ Նա ասել էր. «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում, և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն, և ես պիտի լինեմ նրանց Աստված, և նրանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն... Որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրենությունը, և նրանց մեղքերն այլևս պիտի չհիշեմ» (Երեմիա 31.33-34):ԴՓ 99.2

    Աստծո բարեհաճությունն ապահովված է այն մարդ կանց համար, որոնց սրտերում գրված է Նրա օրենքը: Նրանք մեկ են Նրա հետ: Բայց հրեաներն իրենց առանձնացրել էին Աստծուց: Իրենց մեղքերի պատճառով նրանք տառապում էին Նրա պատիժներից: Ահա թե ինչու էին նրանք մի հեթանոս ազգի ստրուկը դարձել: Նրանց միտքը մթագնել էր անօրենությունից, և քանի որ անցյալ ժամանակներում Տերը մեծ բարյացակամություն էր ցուցաբերել նրանց նկատմամբ, նրանք արդարացնում էին իրենց մեղքերը: Նրանք շողոքորթում էին իրենց’ մտածելով, որ ավելի լավն են մյուսներից, և հավակնում էին Աստծո օրհ- նություններին:ԴՓ 99.3

    Այս ամենը «մեզ խրատի համար գրվեց, որոնց դարերի վերջը հասավ” (Ա Կորնթացիս 10.11): Որքա՜ն հաճախ ենք մենք սխալ մեկնաբանում Աստծո օրհնությունները և շոյում ինքներս մեզ’ մտածելով, որ մենք արժանի ենք դրանց մեր բարության պատճառով: Աստված չի կարողանում մեզ համար անել այն, ինչ փափագում է: Նրա պարգևները մենք օգտագործում ենք ինքնաբավարարման և մեր սրտերն անհավատության ու մեղքի մեջ խստացնելու համար:ԴՓ 100.1

    Հովհաննեսը հանդիմանում էր Իսրայելի ուսուցիչներին իրենց հպարտության, եսասիրության ու դաժանության համար’ ցույց տալով, որ նրանք ավելի շուտ իժերի սերունդ են, մահացու անեծք ժողովրդի համար, քան արդար և հնազանդ Աբրահամի զավակներ: Այն լույսի ներքո, որ ստացել էին Աստծուց, նրանք ավելի վատն էին, քան հեթանոսները, որոնց համեմատ իրենց այդքան բարձր էին դասում: Նրանք մոռացել էին այն ժայռը, որից կտրված էին, և այն հորը, որից փորված էին: Աստված նրանցից կախված չէր Իր նպատակն իրագործելու համար: Ինչպես Նա Աբրահամին էր կանչել’ դուրս գալու հեթանոս ժողովրդի միջից, այնպես էլ կարող էր կանչել մյուսներին’ ծառայելու Իրեն: Նրանց սրտերն այժմ կարող էին թվալ նույնքան անկենդան, որքան անապատի քարերը, բայց Նրա Հոգին կարող էր դրդել նրանց կատարելու Իր կամքը և ստանալու Իր խոստման օրհնությունները: [107]ԴՓ 100.2

    «Բայց արդեն,- ասաց մարգարեն,- կացինն էլ ծառերի արմատի մոտ է դրած. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կկտրվի և կրակի մեջ կգցվի”: Ծառն արժեքավոր է ոչ թե իր անունով, այլ պտուղներով: Եթե ծառն անպտուղ է, ապա անունը չի կարող փրկել նրան ոչնչացումից: Հովհաննեսը հայտնեց հրեաներին, որ նրանց բնավորությունն ու կյանքն են որոշում իրենց դիրքն Աստծո առջև: Դավանությունն արժեք չուներ: Եթե նրանց բնավորությունն ու կյանքը ներդաշնակ չեն Աստծո օրենքին, ապա նրանք Իր ժողովուրդը չեն:ԴՓ 101.1

    Նրա սրտեր քննող խոսքերի ազդեցության տակ ունկնդիրները գիտակցում էին իրենց մեղքը: Նրանք գալիս էին նրա մոտ և հարցնում. «Ապա ի՞նչ անենք»: Նա պատասխանում էր. «Նա, ով երկու հանդերձ ունի, թող մեկը չունևորին տա, և նա էլ, ով կերակուր ունի, թող նույնն անի»: Եվ նա զգուշացնում էր մաքսավորներին անիրավությունից, իսկ զինվորներին’ բռնությունից:ԴՓ 101.2

    Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսի թագավորության հպատակն են դառնում, ասում էր նա, պետք է վկայեն այդ մասին հավատով և ապաշխարությամբ: Նրանց կյանքում տեղ կգտնեն բարությունը, ազնվությունն ու հավատար- մությունը: Նրանք կծառայեն կարիքավորներին և իրենց ընծաները կմատուցեն Աստծուն: Նրանք կօգնեն անպաշտպաններին և առաքինության ու կարեկցանքի օրինակ կծառայեն: Այդպես էլ Քրիստոսի հետևորդները կվկայեն Սուրբ Հոգու վերափոխիչ զորության մասին: Աստծո արդարությունը, գթասրտությունն ու սերը կերևան նրանց առօրյա կյանքում: Հակառակ դեպքում նրանք կնմանվեն կրակի մեջ գցված ծղոտի:ԴՓ 101.3

    «Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարության համար,- ասաց Հովհաննեսը,- բայց իմ հետևից եկողն ինձանից զորավոր է, ում կոշիկները վեր առնելու ես արժանի չեմ. Նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով» (Մատթեոս 3.11): Եսայիա մարգարեն ասել էր, որ Տերն Իր ժողովրդին կմաքրի իր անօրենություններից «իրավունքի հոգով և այրող հոգով»: Ահա Տիրոջ խոսքը’ ուղղված Իսրայելին. «Եվ ես կդարձնեմ իմ ձեռքը դեպի քեզ և կմաքրեմ քո կղկղանքն ինչպես թե բորակով, և կհեռացնեմ քո բոլոր անագը” (Եսայիա 4.4, 1.25): Մեղքի համար, որտեղ էլ այն գտնվի, «մեր Աստվածը փչացնող կրակ է” (Եբրայեցիս 12.29): Բոլոր նրանց մեջ, ովքեր հնազանդվում են Նրա զորությանը, Աստծո Հոգին կոչընչացնի մեղքը: Բայց եթե մարդիկ կառչում են մեղքից, նրանք միաձուլվում են դրան: Ուստի Աստծո փառքը, որ ոչնչացնում է մեղքը, պետք է ոչնչացնի նաև նրանց: Հրեշտակի հետ ամբողջ գիշեր մարտնչելուց հետո Հակոբը բացականչեց. «Դեմառդեմ տեսա Աստծուն, և իմ անձը ողջ մնաց» (Ծննդոց 32.30): Հակոբը մեծ մեղք էր գործել Եսավի դեմ, բայց և ապաշխարել էր: Նրա անօրենությունը թողված էր և նրա մեղքը’ ջնջված, դրա համար էլ նա դիմացավ Աստծո ներկայությանը: Բայց երբ էլ մարդիկ ներկայացել են Աստծուն’ իրենց սրտերում փայփայելով մեղքը, միշտ էլ կործանվել են: Քրիստոսն Իր երկրորդ գալստյան ժամանակ ամբարիշտներին «կսատ- կեցնի իր բերանի հոգով և կխափանի իր գալստյան հայտնությունով» (Բ Թեսաղոնիկեցիս 2.8): Աստծո փառքի լույսը, որ կյանք է տալիս արդարներին, կսպանի ամբարիշտ- ներին: [108]ԴՓ 101.4

    Հովհաննես Մկրտչի օրերում Քրիստոսը պետք է ներկայացներ մարդկանց Աստծո բնավորությունը: Նրա ներկայությունն անգամ ի հայտ պիտի բերեր մարդկանց մեղքը: Եթե միայն նրանք կամենային մաքրվել մեղքից, կարող էին հաղորդակցության մեջ մտնել Նրա հետ: Միայն սրտով մաքուրները կարող էին դիմանալ Նրա ներկայությանը:ԴՓ 102.1

    Այսպես Մկրտիչն ազդարարեց Իսրայելին Աստծո լուրը: Շատերը հետևեցին նրա խրատներին և զոհեցին ամեն ինչ, որպեսզի հնազանդվեն: Մարդկանց բազմությունները տեղից տեղ հետևում էին այս նոր ուսուցչին, և նրանց մեջ քիչ չէին այնպիսիք, ովքեր հույս էին փայփայում, թե հենց նա է Մեսիան: Բայց երբ Հովհաննեսը տեսավ, որ ժողովուրդը շրջվել է իր կողմը, օգտագործեց ամեն մի հնարավորություն’ մարդկանց հավատը դարձնելու դեպի Նա, ով շուտով պետք է հայտնվեր: [109]ԴՓ 102.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents