Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 51 - ՀՈԳևՈՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

    *****

    Եզրասը Երուսաղեմ հասավ պատեհ ժամանակին: Նրա ներկայության և ազդեցության կարիքը չափազանց մեծ էր: Նրա ժամանումը քաջություն և հույս հաղորդեց նրանց, ովքեր երկար ժամանակ գործել էին ծանր պայմաններում: Մոտ յոթանասուն տարի առաջ’ Զորաբաբելի և Հեսուի առաջնորդությամբ աքսորյալների առաջին խմբի վերադարձից ի վեր, շատ բան էր իրականացվել: Տաճարի կառուցումն ավարտվել էր, քաղաքի պատերը մասամբ վերանորոգվել էին: Սակայն դեռևս շատ բան կար անելու:ՄԹ 457.1

    Նախորդ տարիներին Երուսաղեմ վերադարձած մարդկանց մեջ կային շատերը, ովքեր հավատարիմ էին մնացել Աստծուն իրենց կյանքի բոլոր օրերին, սակայն նրանց զավակների և թոռների զգալի մասը տեսադաշտից կորցրել էր Աստծո Օրենքի սրբությունը: Նույնիսկ պատասխանատու մարդկանցից ոմանք բացահայտ մեղքեր էին գործում: Այդ երևույթը մեծապես չեզոքացնում էր նրանց ջանքերը, ովքեր ցանկանում էին առաջ տանել Աստծո գործը: Քանի դեռ Օրենքի սարսափելի խախտումները [618] շարունակում էին անպատիժ մնալ, երկնքի օրհնությունները չէին կարող հեղվել մարդկանց վրա:ՄԹ 457.2

    Աստծո կանխատեսմամբ էր, որ Եզրասի հետ վերադարձողները, ունեցել էին առանձնահատուկ պահեր, որոնք մղել էին նրանց’ փնտրելու Տիրոջը: Այն ամենը, ինչի միջով նրանք նոր էին անցել իրենց ճանապարհորդության ընթացքում, պաշտպանված չլինելով մարդկային ոչ մի ուժի կողմից, նրանց հարուստ հոգևոր դասեր էր տվել: Շատերի հավատը մեծապես աճել էր, և երբ նրանք միացան Երուսաղեմում բնակվող հուսալքված ու անտարբեր մարդկանց, նրանց ազդեցությունը հզոր գործոն եղավ, որ նրանց վերադարձին անմիջապես հետևի բարեփոխումը:ՄԹ 457.3

    Որպես ընծա ստացած արծաթն ու ոսկին, սրբարանի ծառայության համար նախատեսված անոթների հետ միասին, ժամանելու չորրորդ օրը հանձնվեց տաճարի ծառայողներին: Դա արվեց վկաների ներկայությամբ և առավելագույն ճշգրտությամբ: Յուրաքանչյուր իր ստուգվեց «թուով եւ կշռով»: Եզրաս 8.34:ՄԹ 458.1

    Եզրասի հետ վերադարձած գերության զավակները «Իսրայէլի Աստուծոյն ողջակէզներ մատուցրին»‘ որպես մեղքի ողջակեզ, որպես երախտագիտության ու շնորհակալության նշան’ ճանապարհորդության ընթացքում սուրբ հրեշտակների պահպանության համար: «Եւ թագաւորի հրամանագիրերը տուին թագաւորի կուսակալներին եւ Գետի այն կողմի իշխաններին. Եւ նորանք օգնում էին ժողովրդին եւ Աստուծոյ տանը»: Համարներ 35, 36:ՄԹ 458.2

    Շատ չանցած’ Իսրայելի իշխաններից մի քանիսը Եզրասին դիմեցին լուրջ բողոքով: «Իսրայէլի ժողովուրդը եւ քահանաները եւ Ղեւտացիները» այն աստիճան էին արհամարհել Եհովայի սուրբ հրամանները, որ ամուսնական հարաբերություններ [619] էին հաստատել շրջակա ազգերի հետ: «Նորանց աղջիկներիցն առել են իրանց համար եւ իրանց որդկանց համար,ասվեց Եզրասին,եւ սուրբ սերունդը խառնուել է» հեթանոսական երկրների ժողովուրդների հետ: «Նաեւ իշխաններն ու ոստիկաններն այս անօրէնութեան մէջ առաջինն էին»: Եզրաս 9.1, 2:ՄԹ 458.3

    Բաբելոնյան գերության պատճառները քննելիս Եզրասը բացահայտել էր, որ հեթանոս ազգերին խառնվելը մեծապես նպաստել է Իսրայելի ուրացությանը: Նա նկատել էր, որ եթե իսրայելացիները հնազանդվեին Աստծո հրամանին և հեռու մնային շրջակա ազգերից, նրանք զերծ կմնային դառը տառապանքներից ու նվաստացումներից: Այժմ, երբ նա իմացավ, որ անվանի մարդիկ, հաշվի չառնելով անցյալի դասերը, համարձակվել են խախտել այն օրենքները, որոնք տրվել են որպես երաշխիք’ ընդդեմ ուրացության, նա սրտնեղեց: Նա մտածեց Աստծո բարության մասին, Ով կրկին հնարավորություն տվեց Իր ժողովրդին հատատվելու հայրենի երկրում, և նա արդարացիորեն վրդովվեց և տխրեց նրանց ապերախտության պատճառով: «Եւ հէնց որ ես լսեցի այս բանը,ասում է նա,պատառեցի իմ հանդերձը եւ վերարկուն, եւ փետեցի գլխիս եւ մօրուքիս մազերը եւ ապշած նստեցի»: ՄԹ 458.4

    «Եւ ինձ մօտ ժողովուեցան Իսրայէլի Աստուծոյ խօսքից վախեցողների ամենքը գերութիւնից դառածների յանցանքի մասին, իսկ ես ապշած նստած էի մինչեւ երեկոյեան զոհը»: Համարներ 3, 4:ՄԹ 459.1

    Երեկոյան զոհի ժամանակ Եզրասը կանգնեց և կրկին պատառեց հագուստն ու վերարկուն, ծնկի իջավ և երկնքի առաջ «հոգին թափեց» աղոթքով: Ձեռքերը դեպի Տերը բարձրացնելով’ նա բացականչեց. «Ով իմ Աստուած, ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դէպի [620] քեզ բարձրացնելու, ով իմ Աստուած, որովհետեւ մեր անօրէնութիւնները մեր գլխիցը վեր բարձրացան, եւ մեր յանցանքը մեծ է մինչեւ երկինքը»: ՄԹ 459.2

    «Մեր հայրերի օրերիցն ի վեր,շարունակեց աղոթել նա,մենք մեծ մեղքի մէջ ենք մինչեւ այսօր. Եւ մեր անօրէնութիւնների համար մենք, մեր թագաւորները, մեր քահանաները մատնուեցանք երկիրների թագաւորների, սուրի, գերութեան, յափշտակութեան եւ սեւերեսութեան ձեռքը ինչպէս որ այսօր կայ: Եւ արդ մի փոքր վայրկեան ողորմութիւն եղաւ մեր Տէր Աստուածանից, որ մեզ համար փրկուածներ են մնացել, եւ մեզ հաստատել տուաւ իր սրբութեան տեղումը, որ մեր աչքերը լուսաւորել է մեր Աստուածը, եւ մեզ մի փոքր կենդանութիւն է տուել մեր ծառայութեան մէջ: Որովհետեւ մենք ծառաներ ենք, բայց մեր ծառայութեան մէջ էլ չ’ձգեց մեզ մեր Աստուածը, եւ Պարսից թագաւորների շնորհքը մեզ վերայ դարձեց, որ մեզ հանգստութիւն տան մեր Աստուծոյ տունը կանգնեցնելու եւ նորա աւերակները վերականգնեցնելու եւ Յուդայում ու Երուսաղէմում մեզ մի պարսպաւոր տեղ տալու համար»: ՄԹ 459.3

    «Եւ արդ’ ի՞նչ ասենք, ով մեր Աստուած, այս բաներից յետոյ, որ մենք թողել ենք քո պատուիրանքները, Որ քո ծառայ մարգարէների ձեռովը պատուիրեցիր... Եւ այս բոլորը մեր չար գործքերի եւ մեր մեծ յանցանքի պատճառով մեզ վերայ գալուց յետոյ (թէպէտ եւ դու, ով մեր Աստուած, մեզ խնայել ես մեր անօրէնութիւնից շատ եւ մեզ այսպէս փրկուածներ ես տուել), Արդե՞օք կրկին քո պատուիրանքները զանց անենք, եւ այս գարշելի ազգերի հետ խնամութիւն անենք. Մի՞թէ չես բարկանալ մեզ վերայ, որ մեզ սպառես մինչեւ որ մնացորդ եւ փրկուած չ’լինի: Ով Տէր Աստուած Իսրայէլի, դու արդար ես. Որովհետեւ մենք մինչեւ այսօր փրկուած մնացինք. Ահա մենք քո առաջին ենք մեր յանցանքովը, թէեւ այս պատճառով քո առաջին կանգնել չի լինիլ»: Համարներ 6-15: [621], Եզրասի և նրա գործընկերների ցավն այն անօրենությունների պատճառով, որ աննկատ’ Տիրոջ գործի հենց սիրտն էին ներխուժել, ապաշխարություն գործեց: Նրանցից շատերը, ովքեր մեղանչել էին, խորապես ազդվեցին: «Ժողովուրդն էլ էր շատ լաց լինում»: Եզրաս 10.1: Բավականին պարզ նրանք սկսեցին գիտակցել մեղքի զազրելիությունը և այն նողկանքը, որն Աստված տածում է դրա հանդեպ: Նրանք գիտակցեցին Սինայում տրված Օրենքի սրբությունը, և շատերը սարսռացին’ խորհելով իրենց կատարած մեղքերի մասին: ՄԹ 459.4

    Ներկաներից մեկը, ում անունը Սեքենիա էր, ընդունեց Եզրասի բոլոր խոսքերի արդարացիությունը: «Մենք մեղք գործեցինք մեր Աստուծոյ դէմ,խոստովանեց նա,երկրիս ժողովուրդներիցն օտար կիներ առնելով. Բայց եւ այնպէս յոյս կայ Իսրայէլի համար այս բանի մէջ»: Սեքենիան առաջարկեց, որ օրինազանցները ուխտ կապեն Աստծո հետ, որպեսզի թողնեն իրենց մեղքերը և դատվեն «օրէնքին պէս»: «Վեր կաց,խնդրեց նա Եզրասին,Որովհետեւ այս գործը քեզ վերայ է, եւ մենք էլ քեզ հետ ենք. զօրացիր եւ արա»: «Եւ Եզրասը վեր կացաւ եւ երդում տուաւ քահանաների եւ Ղեւտացիների գլխաւորներին եւ բոլոր Իսրայէլին, թէ այս բանի պէս կ’անեն»: Համարներ 2-5:ՄԹ 460.1

    Սա հիանալի բարեփոխման սկիզբ եղավ: Անսահման համբերությամբ ու նրբազգացությամբ, և յուրաքանչյուրի իրավունքների և բարեկեցության նկատմամբ հոգատարությամբ Եզրասը և նրա օգնականները ջանացին դեպի ճիշտ ճանապարհն առաջնորդել զղջացողներին : Այս ամենից զատ, Եզրասը նաև Օրենքն էր ուսուցանում, և քանի որ առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում յուրաքանչյուր դեպքի քննությանը, նա ձգտում էր մարդկանց մեջ տպավորել Օրենքի սրբությունը և հնազանդության միջոցով ձեռք բերված օրհնությունները: [622]ՄԹ 460.2

    Որտեղ էլ Եզրասն աշխատում էր, Սուրբ Գրքերի ուսումնասիրության հանդեպ արթնություն էր նկատվում: Ուսուցիչներ էին կարգվում մարդկանց ուսուցանելու համար, Տիրոջ Օրենքը մեծարվում և պատվի էր արժանանում: Մարգարեների գրքերն ուսումնասիրվում էին, և Մեսիայի գալուստը կանագուշակող հատվածները հույս և մխիթարություն էին բերում շատ տխուր և վաստակած սրտերի:ՄԹ 460.3

    Ավելի քան երկու հազար տարի է անցել, ինչ Եզրասը «պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ» (Եզրաս 7.10), սակայն ժամանակը չի թուլացրել նրա բարեպաշտ օրինակի ազդեցությունը: Դարերի ընթացքում նրա նվիրյալ կյանքի պատմությունը շատերին է ոգեշնչել, որ նրանք խնդրեն և կատարեն Տիրոջ օրենքը:ՄԹ 460.4

    Եզրասի շարժառիթները վեհ էին ու սուրբ. ամեն գործում նա առաջնորդվում էր մարդկանց նկատմամբ ունեցած խոր սիրով: Կամա թե ակամա մեղանչած մարդկանց հանդեպ նրա կարեկցանքն ու քնքշանքն առարկայական դաս պետք է լինեն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բարեփոխում իրականացնել: Աստծո ծառաները պետք է ժայռի պես ամուր լինեն իրենց սկզբունքներում’ միևնույն ժամանակ ցուցաբերելով կարեկցանք և համբերատարություն: Ինչպես Եզրասը, նրանք էլ պետք է օրինախախտներին սովորեցնեն կյանքի ուղին’ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք արդարության հիմքն են:ՄԹ 461.1

    Այս դարաշրջանում, երբ սատանան իր բազմաթիվ գործակալների միջոցով ցանկանում է կուրացնել տղամարդկանց ու կանանց աչքերը, որպեսզի նրանք ուշադրություն չդարձնեն Աստծո Օրենքի պահանջներին, կա այնպիսի մարդկանց կարիք, ովքեր կարող են երկյուղ ներշնչել «մեր Աստուծոյ պատուիրանքների» հանդեպ: Եզրաս 10.3: Ճշմարիտ բարեփոխիչների կարիք կա, ովքեր մեղք գործողներին մատնացույց կանեն հզոր Օրենսդրին, և նրանց կսովորեցնեն, որ «Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է [623] հոգիին»: Սաղմոս 19.7: Կա Աստվածաշունչը գերազանց իմացող մարդկանց կարիք, մարդիկ, ում ամեն խոսքն ու քայլը մեծարում է Եհովայի Օրենքը, մարդիկ, ովքեր ձգտում են ամրացնել հավատը: Ո՜հ, այնքան մեծ է ուսուցիչների կարիքը, նրանց, ովքեր ակնածանքով և սիրով սրտեր կբորբոքեն Սուրբ Գրքի հանդեպ:ՄԹ 461.2

    Այսօր տիրող անօրենությունները կարելի է մեծապես վերագրել Աստվածաշունչը չուսումնասիրելու և դրան չհնազանդվելու փաստին, քանի որ երբ անտեսվում է Աստծո Խոսքը, մերժվում է ֆիզիկական սրտի մեղավոր հակումները զսպող ուժը: Մարդը ցանում է մարմին և հնձում մահ:ՄԹ 461.3

    Աստվածաշունչն արհամարհելը հանգեցնում է Աստծո Օրենքն անտեսելուն: Այն տեսությունը, թե մարդն ազատված է աստվածային պատվիրաններին հնազանդվելուց, թուլացրել է բարոյական պարտքի ուժը և բացել աշխարհն ավերող անօրենության ջրավազանները: Անօրենությունը, սանձարձակությունը և այլասերումը հոսում են ինչպես անհաղթահարելի ջրհեղեղ: Ամենուր տիրում է նախանձը, խրախուսվում է չարագործությունը, կեղծավորությունը, օտարացումը, մրցակցությունը, հակամարտությունը, կրքերը, դավաճանությունը սուրբ պարտականություններին: Կրոնական սկզբունքների և ուսմունքների ողջ համակարգը, որը պետք է կազմի հասարակական կյանքի հիմքն ու կմախքը, մի երերուն զանգվածի է նման, որն ուր որ է կփլվի:ՄԹ 461.4

    Այս աշխարհի պատմության վերջին օրերին Սինայից խոսող Ձայնը կրկին հայտարարում է. «Բացի ինձանից ուրիշ աստուածներ չ՛ունենաս»: Ելից 20.3: Մարդն իր կամքն է հակադրում Աստծո կամքին, սակայն չի կարող պատվիրանին ստիպել, որ նա լռի: Մարդկային միտքը չի կարող չենթարկվել ավելի բարձր իշխանությանը: Տեսությունները և շահարկումները կարող են հորդել, մարդիկ կփորձեն գիտությունը հակադրել հայտնությանը և այդպիսով վերացնել [624] Աստծո Օրենքը, սակայն պատվիրանն ավելի ուժգին է հնչում. «Տիրոջը’ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր»: Մատթեոս 4.10:ՄԹ 462.1

    Չկա մի բան, որ կարողանա թուլացնել կամ ուժեղացնել Եհովայի Օրենքը: Ինչպես եղել է այն, այնպես էլ կա հիմա ու միշտ կլինի’ սուրբ, արդար, բարի և կատարյալ: Այն չի կարելի վերացնել կամ փոփոխել: Այն «պատվելը» կամ «անարգելը» սոսկ մարդկային խոսքեր են: Ճշմարտության և մոլորության մեծ պայքարի վերջին մեծ հակամարտությունը լինելու է մարդկային օրենքների և Եհովայի պատվիրանների միջև: Այժմ մենք մտնում ենք մի ճակատամարտի մեջ, որը գերակայության համար պայքար չէ հակառակորդ եկեղեցիների միջև, այլ պայքար Աստվածաշնչի կրոնի և կեղծ ու ավանդական կրոնների միջև: Ճշմարտության դեմ միաբանված ուժերն այժմ ակտիվորեն գործում են: Աստծո սուրբ Խոսքը, որ այդքան մեծ տառապանքների ու արյան գնով հասել է մեզ, գրեթե չի գնահատվում: Շատ քչերն են իսկապես ընդունում այն’ որպես կյանքի օրենք: Անհավատությունը տագնապալի չափերի է հասնում ոչ միայն աշխարհում, այլ նաև եկեղեցում: Շատերն են սկսել ժխտել այն վարդապետությունները, որոնք քրիստոնեական հավատի հենասյուներ են: Քրիստոնեական աշխարհում մարդկանց մեծ մասը գործնականում ժխտում է արարչագործության, մարդկության անկման, քավության, Օրենքի հավերժության մասին ներշնչված հեղինակների ներկայացրած հզոր փաստերը: Իրենց գիտելիքներով հպարտացող հազարավոր մարդիկ թուլություն են համարում Աստվածաշնչի հանդեպ կատարյալ վստահությունը, իսկ Սուրբ Գրքում թերություններ գտնելը, կարևոր ճշմարտություններին խորհրդանշական իմաստ վերագրելն ու սխալ մեկնաբանելը’ կրթության նշան: [625] Քրիստոնյաները պետք է պատրաստվեն այն բանին, ինչը շուտով անսպասելիորեն պայթելու է աշխարհի գլխին’ որպես գերագույն զարմանք, և դրան պետք է պատրաստվել’ եռանդուն կերպով ուսումնասիրելով Աստծո Խոսքը և ապրելով դրա պատվիրանների համաձայն: Հավիտենականությանն առնչվող բազմաթիվ հարցեր պահանջում են ավելին, քան մտացածին կրոնը, բառերի և ձևերի կրոնը, որտեղ ճշմարտությունն ունի միայն արտաքին դրսևորում: Աստված վերածննդի և բարեփոխումների կոչ է անում: Ամբիոնից պետք է լսվեն միայն ու միայն Աստվածաշնչի խոսքերը: Սակայն Աստվածաշունչը զրկել են իր ուժից, և արդյունքը հոգևոր կյանքի ցածր մակարդակն է: Այսօրվա շատ քարոզներում չկա այն աստվածային զորությունը, որն արթնացնում է գիտակցությունը և կյանք տալիս հոգուն: Լսողները չեն կարող ասել. «Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար»: Ղուկաս 24.32: Սակայն շատերն են կանչում կենդանի Աստծուն’ փնտրելով աստվածային ներկայությունը: Թող Աստծո Խոսքը խոսի սրտերի հետ: Թող նրանք, ովքեր լսել են միայն ավանդություններ, մարդկային տեսություններ և ասույթներ, լսեն Նրա ձայնը, Ով կարող է հոգին վերակենդանցնել հավիտենական կյանքի համար:ՄԹ 462.2

    Նահապետները և մարգարեները մեծ լույս էին կրում: Հիանալի խոսքեր էին խոսվում Սիոնի’ Աստծո քաղաքի մասին: Այսպիսով, Աստված ցանկանում է, որ այդ լույսը փայլի Իր հետևորդների միջոցով նաև այսօր: Եթե Հին Կտակարանի սուրբերն այնպես վառ էին կրում հավատարմության վկայությունը, արդյո՞ք նրանք, ում վրա փայլում է դարերով կուտակված լույսը, չպետք է ավելի վառ վկայություն կրեն ճշմարտության ուժի մասին: Մարգարեությունների փառքն իր լույսն է սփռում մեր ճանապարհին: [626] Աստծո Որդու մահվամբ կերպարը հանդիպել է նախակերպարին: Քրիստոսը հարություն է առել մեռելներից’ ազդարարելով դատարկ գերեզմանին. «Ես եմ յարութիւնը եւ կեանքը»: Հովհաննես 11.25: Նա Իր Հոգուն ուղարկել է աշխարհ, որ այդ ամենը հիշեցնի մեզ: Հրաշքի ուժով դարեր շարունակ Նա պահպանել է Իր գրավոր Խոսքը:ՄԹ 463.1

    Բարեփոխիչները, ում բողոքը մեզ տվել է «բողոքականներ» անունը, հասկացան, որ Աստված կանչել է իրենց, որ Ավետարանի լույսը տանեն աշխարհին: Այդ ճանապարհին նրանք պատրաստ էին զոհաբերել իրենց ունեցվածքը, ազատությունը և նույնիսկ կյանքը: Հալածանքների և մահվան գնով Ավետարանը ազդարարվեց ամենուր: Աստծո Խոսքը հասավ մարդկանց, և բոլոր դասակարգերը’ անվանի և հասարակ, հարուստ և աղքատ, ուսյալ և անկիրթ, առանձնահատուկ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին այն: Եվ մենք մեծ պայքարի վերջին ճակատամարտում արդյո՞ք այնքան հավատարիմ ենք մեր հավատին, որքան վաղ բարեփոխիչները:ՄԹ 464.1

    «Փող հնչեցրէք Սիօնումը, ծոմ սրբեցէք, հանդէս հրաւիրեցէք: Ժողովուրդ հաւաքեցէք, ժողովքը սրբեցէք, ծերերին ժողովեցէք. երեխաներին ու մանուկներին հաւաքեցէք, ... Սրահի եւ սեղանի մէջտեղը լաց լինեն քահանաները’ Տիրոջ ծառաները. Եւ ասեն. Խնայիր, ով Տէր, քո ժողովրդին, եւ քո ժառանգութիւնը մի տար նախատինքի»: «Դէպի ինձ դարձէք ձեր բոլոր սրտովը, եւ ծոմով ու լացով եւ սգով: Եւ պատառեցէք ձեր սրտերը, ու չէ թէ ձեր հանդերձները, եւ ետ դարձէք դէպի ձեր Տէր Աստուածը, ըստ որում ողորմած եւ գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ եւ զղջացող չարիքի համար: Ո՞վ գիտէ, գուցէ դարձեալ զղջայ. Եւ իր ետեւիցը օրհնութիւն թողէ»: Հովել 2.15-17, 12-14:[627] ՄԹ 464.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents