Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 57 - ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄ

    *****

    Ըստ Նեեմիա 13 գլխի

    Հանդիսավոր կերպով և հրապարակավ Հուդայի ժողովուրդը երդվել էր հնազանդվել Աստծո օրենքին: Սակայն, երբ Եզրասի և Նեեմիայի ազդեցությունը միառժամանակ թուլացավ, շատերը հեռացան Տիրոջից: Նեեմիան վերադարձել էր Պարսկաստան: Նրա բացակայության ժամանակ ներս սողոսկեցին մեղքեր’ ազգը կանգնեցնելով ուրացության վտանգի առաջ: Կռապաշտները ոչ միայն դիրքավորվեցին քաղաքում, այլև իրենց ներկայությամբ պղծեցին տաճարի բակը: Միջամուսնական կապերի միջոցով բարեկամություն էր հաստատվել Եղիասիբ քահանայապետի և ամմոնացի Տուբիայի’ Իսրայելի ոխերիմ թշնամու միջև: Այս անսուրբ դաշինքի արդյունքում Եղիասիբը թույլ էր տվել, որ Տուբիան զբաղեցնի տաճարին կից տունը, որը մինչ այդ պահեստարան էր ծառայել ժողովրդի նվիրաբերած տասանորդի և ընծայի համար:ՄԹ 495.1

    Ամմոնացիների և մովաբացիների’ իսրայելացիների նկատմամբ ունեցած դաժանության և կրոնատյացության պատճառով Աստված [669] Մովսեսի միջոցով հայտարարել էր, որ նրանք այլևս հեռացված են Իր ժողովրդի միջից: Տես’ Երկրորդ Օրինաց 23.3-6: Բացահայտ անհնազանդություն ցուցաբերելով Տիրոջ խոսքի հանդեպ’ քահանայապետը դուրս էր բերել Աստծո տանը կից սենյակի ընծաները’ այդ վայրը տրամադրելով անիծյալ ազգի ներկայացուցչին: Աստծո հանդեպ ավելի մեծ արհամարհանք հնարավոր չէր դրսևորել, քան այդպիսի բարեհաճության արժանացնել Աստծո և Նրա ճշմարտության թշնամուն:ՄԹ 495.2

    Պարսկաստանից վերադառնալով’ Նեեմիան տեղեկացավ այս հանդուգն պղծության մասին և արագ միջոցներ ձեռնարկեց’ անկոչ հյուրին վտարելու համար: «Եւ ես շատ զայրացայ,հայտարարում է նա,եւ դուրս տուի Տուբիայի տան բոլոր կարասիքը այն սենեակից, Եւ հրամայեցի որ մաքրեն սենեակները, եւ դարձեալ այնտեղ տարի Աստուծոյ տան անօթները եւ հացի ընծան ու կնդրուկը»:ՄԹ 496.1

    Ոչ միայն տաճարն էր պղծվել, նաև ընծաներն էին սխալ օգտագործվել: Նպատակը ժողովրդի նվիրատվության հոգին խաթարելն էր: Նրանք կորցրել էին իրենց նվիրվածությունն ու եռանդը, և դժկամությամբ էին վերադարձնում իրենց տասանորդները: Տիրոջ տան գանձատները վատ էին մատակարարվում, երգիչներից շատերը և տաճարի այլ ծառայողներ, չստանալով բավարար վարձատրություն, թողել էին Աստծո գործն’ այլ տեղ աշխատելու համար:ՄԹ 496.2

    Նեեմիան գործի անցավ, որպեսզի շտկի այս չարաշահումները: Նա հրավիրեց նրանց, ովքեր թողել էին Տիրոջ տան ծառայությունը’ վերա-հաստատելով «նորանց ...իրանց տեղը»: Սա մարդկանց վստահություն ներշնչեց, և ողջ Հուդան բերեց «ցորենի, գինիի եւ ձէթի տասանորդը»: Մարդիկ, ովքեր «հաւատարիմ էին համարվում», «գանձատունների վերայ գանձապետ» նշանակվեցին, և «նորանց գործն էր որ իրանց եղբայրներին բաժին տան»: [670] Կռապաշտների հետ հարաբերության մեկ այլ հետևանք էր շաբաթն անտեսելը, նշան, որը իսրայելացիներին’ որպես ճշմարիտ Աստծուն երկրպագողներ, առանձնացնում էր մնացած ազգերից: Նեեմիան հայտնաբերեց, որ Երուսաղեմի շրջակա բնակավայրերից եկող հեթանոս վաճառականներն ու առևտրականները շատ իսրայելացիների դրդել են շաբաթ օրը ներքաշվել առևտրի մեջ: Որոշ մարդիկ անդավաճան էին մնացել իրենց սկզբունքին, սակայն ոմանք մեղանչել էին’ միաբանվելով հեթանոսների հետ և դրդել նաև հավատարիմներին: Շատերն էին համարձակ և բացահայտ խախտում շաբաթը: «Այն օրերը,գրում է Նեեմիան,տեսայ որ Հրէաստանում շաբաթ օրը խաղող էին կոխում եւ խուրձերը բերում էշերին բեռնում էին, նաեւ գինի, խաղող եւ թուզ եւ ամեն տեսակ բեռ, եւ բերում էին Երուսաղէմ շաբաթ օրը: ...Եւ նորա մէջ բնակող Տիւրացիները ձուկ եւ ամեն տեսակ ապրանք էին բերում եւ շաբաթ օրը ծախում Յուդայի որդիներին»:ՄԹ 496.3

    Այս իրավիճակը կարելի էր կանխել, եթե կառավարիչները գործադրեին իրենց իշխանությունը, սակայն իրենց սեփական շահերն առաջ տանելու մեծ ցանկությունը դրդել էր չփչացնել հարաբերություններն ամբարիշտների հետ: Նեեմիան համարձակությամբ հանդիմանեց նրանց’ իրենց պարտականություններն անտեսելու համար: «Սա ի՞նչ չար բան է, որ դուք անում էք եւ շաբաթ օրը պղծում էք,խստորեն հարցրեց նա: -Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպէս արին, եւ մեր Աստուածը մեզ վերայ եւ այս քաղաքի վերայ բերաւ այս բոլոր չարիքը, եւ դուք բարկութիւն էք աւելացնում Իսրայէլի վերայ շաբաթը պղծելով»: Ապա նա հրամայեց, որ «երբոր մթնում էր Երուսաղէմի դռներումը’ շաբաթից առաջ», դրանք փակվեն և չբացվեն մինչև շաբաթի ավարտը, և առավել վստահելով իր ծառաներին, [671] քան նրանց, ում Երուսաղեմի դատավորները կարող էին նշանակել, տեղակայեց նրանց դարպասների մոտ’ իր հրամանների կատարումը հսկելու նպատակով:ՄԹ 497.1

    Չցանկանալով հրաժարվել իրենց նպատակից’ «վաճառականները եւ ամեն տեսակ ապրանք ծախողները մէկ եւ երկու անգամ գիշերը Երուսաղէմի դրսումը մնացին»‘ հույս ունենալով գտնել առևտուր անելու հնարավորություններ կա’մ քաղաքի բնակիչների, կա’մ շրջակա տարածքների բնակիչների հետ: Նեեմիան զգուշացրեց, որ նրանք կպատժվեն, եթե շարունակեն այդ գործելակերպը: «Դուք ի՞նչու համար էք գիշերը պարսպի առաջին մնում,հարցրեց նա,[672] Եթէ մէկ անգամ էլ այդպէս անէք, ես ձեռք կ’բարձրացնեմ ձեզ վերայ»: «Այն ժամանակից հետէ այլ եւս չ’եկան շաբաթ օրը»: Նա նաև ղևտացիներին հրահանգեց հսկել դարպասները’ իմանալով, որ նրանք ավելի մեծ հեղինակություն են վայելում, քան հասարակ ժողովուրդը, նաև անմի-ջական կապ ունեն Աստծո ծառայության գործի հետ, և խելամիտ էր ակնկալել, որ նրանք առավել մեծ նախանձախնդրությամբ կպահանջեն հնազանդություն Աստծո օրենքի հանդեպ:ՄԹ 497.2

    Եվ հիմա Նեեմիան ուշադրությունը դարձրեց այն վտանգին, որ սպառնում էին կռապաշտների հետ ամուսնությունների ու հարաբե-րությունների արդյունքում: «Նաեւ այն օրերը,գրում է նա,տեսայ որ Հրէաները Ազովտացի, Ամմոնացի, Մովաբացի կիներ էին առել. Եւ նորանց որդկանցից կէսը խօսում էր Ազովտացիների լեզուն, բայց Հրէարէն խօսել չ’գիտէին. Եւ խօսում էին այս եւ այն ազգի լեզուովը»:ՄԹ 497.3

    Այս արգելված կապերը մեծ խնդիրների պատճառ էին դառնում Իսրայելում, քանի որ այդ հարաբերությունների մեջ գտնվող մարդ-կանցից ոմանք բարձր պաշտոններ էին զբաղեցնում, կառավարիչներ էին, ում իրավունք ունեին դիմելու խորհրդի համար և նայելու որպես վստահելի օրինակի: Կանխատեսելով ազգին սպասվող կործանումն’ այս չարությունները շարունակվելու դեպքում, Նեեմիան լուրջ զրույց ունեցավ օրինազանցների հետ: Հիշատակելով Սողոմոնի դեպքը’ նա հիշեցրեց, որ բոլոր ազգերի մեջ նրա նման մեկ այլ թագավոր չի եղել, ում Աստված օժտել է այդպիսի մեծ իմաստությամբ, այնուամենայնիվ, կռապաշտ կանայք նրա սիրտը հեռացրին Աստծուց, և նրա օրինակն Իսրայելի կործանման պատճառ դարձավ: «Եւ ձեզ նկատմամբ սա լսուելու բան է՞, որ այս մեծ չարութիւնը անէք»,խստորեն հարցրեց Նեեմիան: «Ձեր աղջիկները նորանց որդկանցը չ’տաք, եւ նորանց աղ-ջիկներից չ՛առնէք ձեր որդկանց համար եւ ձեզ համար»:ՄԹ 497.4

    Երբ նա նրանց ներկայացրեց Աստծո հրամաններն ու նախազգու-շացումները և անցյալում այս մեղքի պատճառով Իսրայելին բաժին հասած ահավոր դատաստանները, [673] նրանց խիղճն արթնացավ, և սկսվեց բարենորոգման մի գործընթաց, որը հեռացրեց Աստծո ահեղ բարկությունը և բերեց Նրա հավանությունն ու օրհնությունները:ՄԹ 498.1

    Սուրբ ծառայության մեջ ընդգրկված էին մարդիկ, ովքեր միջնորդե-ցին իրենց հեթանոս կանանց համար’ հայտարարելով, որ չեն կարող բաժանվել նրանցից: Սակայն որևէ խտրություն չարվեց, դասին կամ դիրքին որևէ առավելություն չտրվեց: Տիրոջ ծառայությունից անմիջա-պես հեռացվեցին այն քահանաները և կառավարիչները, ովքեր հրա-ժարվեցին իրենց կապը խզել կռապաշտների հետ: Քահանայապետի ուստր-թոռը, ով կնության էր առել տխրահռչակ Սանաբաղատի դստերը, ոչ միայն հեռացվեց պաշտոնից, այլ անմիջապես արտաքսվեց Իսրայելից: «Ով իմ Աստուած, նորանց յիշիր, - աղոթեց Նեեմիան,որ պղծեցին քահանայութիւնը եւ քահանայութեան եւ Ղեւտացիների ուխտը»:ՄԹ 498.2

    Թե հոգու որքա՜ն տառապանք պատճառեց այս անհրաժեշտ խստությունն Աստծո հավատարիմ ծառային, միայն դատաստանը կբացահայտի: Մշտական պայքար էր մղվում ընդդիմադիր տարրերի հետ, և առաջընթացը հնարավոր եղավ միայն ծոմով, անձը խոնար-հեցնելով և աղոթքով:ՄԹ 498.3

    Կռապաշտների հետ ամուսնացածներից շատերը գերադասեցին տարագրվել նրանց հետ և հասարակությունից վտարվածների հետ միասին միացան սամարացիներին: Նրանց ճանապարհին հետևեցին ոմանք, ովքեր մի ժամանակ բարձր դիրք էին գրավում Աստծո ծառայության մեջ. կարճ ժամանակ անց վերջիններս իրենց ճակատագիրը կիսեցին նրանց հետ: Ցանկանալով ամրապնդել այս դաշինքը’ սամարացիները խոստացան ավելի լիակատար ընդունել հրեական հա-վատը և սովորույթները, և հավատուրացները, վճռելով գերազանցել իրենց նախկին հավատակից եղբայրներին, տաճար կառուցեցին Գարիզին սարի վրա’ Երուսաղեմում գտնվող Աստծո տանը դեմ հանդիման: Նրանց կրոնը [674] հուդայիզմի և հեթանոսության խառնուրդ էր, և նրանց պնդումն այն մասին, թե իրենք Աստծո ժողովուրդ են, սերն-դեսերունդ բաժանումների, ընդհարումների և թշնամության պատճառ դարձավ երկու ազգերի միջև:ՄԹ 498.4

    Այսօր իրականացվող բարեփոխումների գործում այնպիսի մարդ-կանց կարիք կա, ովքեր, ինչպես Եզրասն ու Նեեմիան, չեն մեղմացնի կամ արդարացնի մեղքը և չեն խուսափի պաշտպանելու Աստծո անվան պատիվը: Նրանք, ում ուսերին է այս գործի բեռը, չեն կարող հանգիստ լինել, երբ չարություն է գործվում, և ոչ էլ կարող են թաքցնել այն կեղծ կարեկցանքի քողի ներքո: Նրանք հիշում են, որ Աստված անաչառ է, և խստությունը մի քանիսի նկատմամբ կարող է շատերի համար ողորմություն դառնալ: Նրանք հիշում են նաև, որ չարը դատապարտող մարդու մեջ Քրիստոսի հոգին է դրսևորվում:ՄԹ 499.1

    Գործի ընթացքում Եզրասն ու Նեեմիան խոնարհվում էին Աստծո առաջ’ խոստովանելով իրենց և իրենց ժողովրդի մեղքերը և ներում հայցում, ասես հենց իրենք էին մեղավորները: Նրանք համբերությամբ տոկում, աղոթում, տառապում էին: Այն, ինչը նրանց գործն ավելի էր դժվարացնում, հեթանոսների բացահայտ թշնամությունը չէր, այլ բա-րեկամ ձևացողների թաքուն ընդդիմությունը: Տրվելով չարի ծառայությանը’ նրանք տասնապատիկ ավելացրին Աստծո ծառաների բեռը: Այս դավաճանները Տիրոջ թշնամիներին մատակարարում էին միջոցներ, որոնք օգտագործվում էին Նրա ժողովրդի դեմ պատերազմում: Նրանց չար ցասումն ու ապստամբ կամքը միշտ պատերազմել են Աստծո պարզ պահանջների դեմ:ՄԹ 499.2

    Նեեմիայի ջանքերը հաջողությամբ պսակվեցին. սա է ապացույցը, թե աղոթքը, հավատն ու իմաստուն, ջանադիր քայլերն ինչ կարող են անել: Նեեմիան ո’չ քահանա էր և ո’չ մարգարե, նա չէր հավակնում բարձր կոչումի: Նա բարենորոգիչ էր’ կանչված [675] անհրաժեշտ պահին: Նրա նպատակն իր ժողովրդին Աստծո հետ հաշտեցնելն էր: Մեծ նպատակով ոգեշնչված’ նա իր ողջ եռանդը ներդրեց այն իրագոր-ծելու համար: Նրա ջանքերը բնորոշվում էին վեհությամբ և անփոփոխ նվիրվածությամբ: Հանդիպելով չարին և ճշմարտության ընդդիմությանը’ նա ամուր դիրք էր գրավում. սա մարդկանց մղում էր կրկին գործի անցնելու նոր եռանդով ու համարձակությամբ : Նրանք չէին կարող չըն-դունել, որ նա հավատարիմ, հայրենասեր մարդ է, ով խորապես սիրում է Աստծուն, և պատրաստ էին հետևել նրան, ուր որ առաջնորդեր: ՄԹ 499.3

    Աստծուց ստանձնած պարտականությունները կատարելու գործում աշխատասիրությունը ճշմարիտ կրոնի կարևոր մասն է: Մարդիկ պետք է օգտագործեն հանգամանքները’ որպես Աստծո կամքի իրականացման գործիքներ: Ճիշտ ժամանակին ձեռնարկված արագ և վճռական քայլը փառահեղ հաղթանակներ է բերում, մինչդեռ հապաղումն ու անփութությունը հանգեցնում են ձախողման և անպատվում են Աստծո անունը: Եթե ճշմարտության գործի ղեկավարները ոչ մի եռանդ չեն ցուցաբերում, եթե նրանք անտարբեր և աննպատակասլաց են, եկեղեցին անհոգ, ծույլ ու հեշտասեր կլինի, իսկ եթե նրանք տոգորված են միայն ու միայն Աստծուն ծառայելու սուրբ նպատակով, մարդիկ միաբան, հուսառատ և պատրաստակամ կլինեն:ՄԹ 500.1

    Աստծո խոսքը հարուստ է սուր և ցնցող հակադրություններով: Մեղքը և սրբությունը դրվում են կողք կողքի, որ տեսնելով’ մենք հնա-րավորություն ունենանք խուսափել մեկից և ընդունել մյուսը: Սանաբաղատի և Տուբիայի ատելության, կեղծիքի և դավաճանության մասին պատմող էջերը նկարագրում են նաև Եզրասի և Նեեմիայի ազնիվ, նվիրված և ինքազոհ հոգին: Մենք ընտրության հնարավորություն ունենք’ մեր ցանկությամբ ընդօրինակելու դրանցից որևէ մեկը: Աստծո պատվիրանները խախտելու սարսափելի հեևանքները հակադրվում են հնազանդությունից բխող օրհնություններին: Մենք ինքներս պետք է որոշենք’ կրել մեկի հետևանքները, թե վայելել մյուսը: [676] Հայրենիք վերադարձած աքսորյալների կողմից Զորաբաբելի, Եզրասի և Նեմիայի ղեկավարությամբ ընթացող վերականգնման և բարեփոխման գործը պատկերում է հոգևոր վերականգնման աշխատանք, որ պետք է իրականացվի այս աշխարհի պատմության վերջին օրերին: Իսրայելի մնացորդ ժողովուրդը թույլ ու տկար էր’ ենթակա թշնամիների ոչնչացմանը, սակայն նրանց միջոցով Աստված ծրագրել էր երկրի վրա պահպանել Իր և Իր օրենքի մասին գիտությունը: Նրանք ճշմարիտ երկրպագության պաշտպաններն էին, սուրբ մարգարեների պահապանները: Տարբեր էին նրանց փորձառությունները Երուսաղեմի տաճարը և պարիսպը վերակառուցելիս, հզոր’ այն ընդդիմությունը, որին ստիպված էին հակազդել: Ծանր էր այն բեռը, որ կրում էին այս գործի ղեկավարները, սակայն այս մարդիկ առաջ էին գնում անվարան վստահությամբ, հոգու խոնարհությամբ և Աստծո հանդեպ ամուր վստահությամբ’ հավատալով, որ Նա Իր գործը հաղթական ավարտի կհասցնի: Ինչպես Եզեկիա թագավորը, Նեեմիան «Տիրոջը յարեց, նորա ետեւիցը չ՛հեռացաւ, եւ պահեց նորա պատուէրները, ...Եւ Տէրը նորա հետ էր»: Դ Թագավորաց 18.6, 7:ՄԹ 500.2

    Նեեմիայի օրերում հոգևոր վերականգնման ոլորտում իրակա-նացվող գործը խորհրդանշական բնույթ էր կրում, որն ընդգծվում է Եսայիայի խոսքերում. «Եւ նորանք պիտի շինեն այն աւերակները որ ի վաղուց կան, առաջի փլատակները պիտի կանգնեցնեն, եւ պիտի նորոգեն աւերման քաղաքները»: «Եւ քոնոնքը պիտի շինեն մշտակայ աւերակները. Եւ դու կ’կանգնեցնես դարերից ի վեր աւերակ հիմերը, եւ քեզ կ’կոչեն’ խրամակարկատ եւ շէն ճանապարհները վերանորոգող»: Եսայիա 61.4, 58.12:ՄԹ 501.1

    Մարգարեն նկարագրում է մի ժողովրդի, որ ցանկանում էր վերա-կանգնել Աստծո թագավորության հիմքը հանդիսացող սկզբունքները, երբ համարյա բոլորը հեռացել էին ճշմարտությունից և արդարությունից[677]: Նրանք Աստծո խախտված օրենքի վերականգնողներն էին’ այն պարսպի, որ Նա կանգնեցրել է Իր ընտրյալների շուրջը’ նրանց պաշտպանելու նպատակով: Հնազանդությունն այդ օրենքի արդար, ճշմարիտ և սուրբ պատվիրաններին նրանց հավիտենական պաշտ-պանության երաշխիքը պետք է լինի:ՄԹ 501.2

    Պարզ բառերով, որոնց նշանակությունն անկասկած է, մարգարեն գրում է պարիսպը կառուցող մնացորդ ժողովրդի հատուկ աշխատանքի մասին: «Եթէ ետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բաղձանքդ չ՛կատարես իմ սուրբ օրը, եւ շաբաթը կոչես զուարճութիւն, եւ Տիրոջը նուիրուածը’ պատուական, եւ նորան պատուես’ քո ճանապարհները չ՛կատարելով, եւ քո բաղձանքը չ՛լրացնելով եւ դատարկաբանութիւն չ՛անելով, Այն ժամանակ կ՛զուարճանաս Տէրովը, եւ ես քեզ վեր կ՛հանեմ երկրի բարձր տեղերը, եւ քեզ կ՛ուտեցնեմ քո հայր Յակոբի ժա-ռանգութիւնը. որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց»: Եսայա 58.13, 14:ՄԹ 501.3

    Ժամանակի ավարտին բոլոր աստվածային հաստատությունները պետք է վերականգնվեն: Օրենքում առաջացած ճեղքվածքը’ մարդու կողմից շաբաթը փոխելու հետևանքով, պետք է վերականգնվի: Աստծո մնացորդ ժողովուրդը, որ կանգնած է աշխարհի առաջ’ որպես բա-րենորոգիչ, պետք է ցույց տա, որ Աստծո օրենքն է այս ամբողջ եր-կարատև բարեփոխության հիմքը, և չորրորդ պատվիրանի շաբաթը պետք է վեր հառնի’ որպես արաչագործության հուշարձան, որպես Աստծո իշխանության հավիտենական հիշեցում: Պարզ ու հասկանալի կերպով նրանք պետք է ներկայացնեն բոլոր տասը պատվիրաններին հնազանդվելու անհրաժեշտությունը: Քրիստոսի սիրով լցված’ նրանք պետք է միաբանվեն Նրա հետ’ ամայի տեղերը կառուցելու գործում: Նրանք այդ ավերակների վերականգնողներն են, այդ ճանապարհների վերանորոգողները: Տե’ս համար 12: [678] ՄԹ 502.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents