Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Քարքարոտ տեղերում

    «Եվ քարքարոտ տեղում սերմածը նա է, որ խոսքը լսելիս շուտով ուրախությունով ընդունում է նրան: Բայց արմատ չունի իր մեջ, այլ ժամանակավոր է, և երբ որ նեղություն կամ հալածանք են լինում այն խոսքի համար, շուտով գայթակղում է»:ՔԱ 24.2

    Քարքարոտ տեղում ցանված սերմը ընկնում է քիչ խորություն ունեցող հողի մեջ: Բույսը արագ աճում է, բայց արմատը քարերի պատճառով չի կարողանում խորանալ իր հետագա աճի համար սնունդ գտնելու համար, և շուտով չորանում է: Շատերը, ովքեր կրոն են դավանում, քարքարոտ հող ներկայացնող լսողներ են: Այն քարի նման, որն ընկած է հողաշերտի տակ, մեղավոր սրտի եսասիրությունն էլ ընկած է նրանց բարի ցանկությունների և ձգտումների հողի տակ: Ինքնասիրությունը չի հաղթահարված: Նրանք չեն հասկացել մեղքի չափազանց հանցավորությունը, և սիրտը չի խոնարհվել իրեն հանցավոր ճանաչելու գիտակցությամբ: Այս կարգի մարդիկ կարող են հեշտությամբ համոզվել և փայլուն նորադարձներ թվալ, սակայն նրանց կրոնը մակերեսային է:ՔԱ 24.3

    Հավատից հրաժարվելու պատճառն այն չէ, որ մարդիկ խոսքն անմիջապես են ընդունում, և ոչ էլ այն, որ ուրախանում են դրանով: Հենց որ Մատթեոսը լսեց Փրկչի կանչը, անմիջապես վեր ելավ, թողեց ամեն ինչ, հետևեց Նրան: [47] Հենց որ աստվածային խոսքը հասնում է մեր սրտին, Աստված կամենում է, որ մենք ընդունենք այն, և ճիշտ է, երբ ուրախությամբ ենք ընդունում: «Ուրախություն կլինի երկնքում մեկ մեղավորի համար, որ ապաշխարի» (Ղուկաս 15.7): Եվ ուրախություն ունի այն մարդը, ով հավատում է Քրիստոսին: Բայց նրանք, ում մասին ասվում է առակում, թե ընդունում են խոսքը անմիջապես, չգիտեն, թե այն ինչ կարժենա իրենց: Նրանք չեն գիտակցում, թե ինչ է իրենցից պահանջում Աստծո խոսքը: Նրանք այն չեն կիրառում իրենց կյանքի բոլոր սովորույթներում և իրենց ամբողջովին չեն նվիրում դրա ղեկավարությանը:ՔԱ 25.1

    Բույսի արմատները իջնում են հողի խորքերը և տեսողությունից ծածուկ սնում բույսին: Այդպես և տեղի է ունենում քրիստոնյայի հետ: Հավատի միջոցով, Քրիստոսի հետ հոգու անտեսանելի միությամբ է, որ հոգևոր կյանքը սնունդ է ստանում: Սակայն քարքարոտ հողի տեր ունկնդիրները Քրիստոսի փոխարեն վստահում են իրենց «ես”-ին: Նրանք ապավինում են իրենց բարի գործերին և բարի մղումներին և զորեղ են իրենց սեփական արդարությունով: Նրանք զորեղ չեն «Տերով և Նրա զորության կարողությունով»: Այսպիսին «արմատ չունի իր մեջ”, որովհետև կապված չէ Քրիստոսի հետ:ՔԱ 25.2

    Շոգ ամառային արևը, որ զորացնում և հասունացնում է ամուր հացահատիկը, փչացնում է խորը արմատ չունեցող հացահատիկը: Այդպես էլ նա, ով «արմատ չունի իր մեջ”, միառժամանակ գոյատևում է, բայց «երբ որ նեղություն կամ հալածանք են լինում այն խոսքի համար, շուտով գայթակղվում է”: Շատերն Ավետարանն ընդունում են ավելի շուտ որպես միջոց տանջանքներից խուսափելու, քան թե մեղքից ազատվելու համար: Նրանք մի որոշ ժամանակ ուրախանում են, քանի որ կարծում են, թե կրոնը կազատի նրանց դժվարություններից և փորձություններից: Քանի դեռ կյանքը հանգիստ է ընթանում, նրանք կայուն քրիստոնյաներ են թվում: Սակայն նրանք նվաղում են «բորբոքված նեղության” փորձության ժամանակ: Նրանք չեն կարողանում նախատինք կրել հանուն Քրիստոսի: Երբ Աստծո խոսքը որևէ «սիրված” մեղք է մատնանշում, կամ ինքնուրացություն, կամ էլ զոհողություն է պահանջում, նրանք գայթակղվում են: Նրանք շատ ջանք պիտի թափեն իրենց կյանքում արմատական փոփոխություն մտցնելու համար: [48] Նրանք նայում են ներկա անհարմարությանն ու փորձությանը և մոռանում հավիտենական իրականությունը: Այն աշակերտների նման, ովքեր թողեցին Հիսուսին, նրանք պատրաստ են ասելու. «Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դրան» (Հովհաննես 6.60):ՔԱ 25.3

    Շատ շատերը կան, որ պնդում են, թե ծառայում են Աստծուն, բայց Նրան գործնականում չեն ճանաչում: Աստծո կամքը կատարելու նրանց ցանկությունը հիմնված է իրենց տրամադրվածության և ոչ թե Սուրբ Հոգուց բխող խորին համոզման վրա: Նրանց վարքը Աստծո օրենքի հետ ներդաշնակ չէ: Նրանք ձևանում են, թե ընդունել են Քրիստոսին որպես իրենց Փրկիչ, սակայն չեն հավատում, որ Նա զորություն կտա իրենց մեղքերը հաղթահարելու համար: Նրանք անձամբ կապված չեն կենդանի Փրկչի հետ, և նրանց բնավորությունն ի հայտ է բերում ինչպես ժառանգական, այնպես էլ ձեռքբերովի արատներ:ՔԱ 26.1

    Մի բան է համաձայնել ընդհանուր առմամբ Սուրբ Հոգու ներգործության հետ, և այլ բան’ ընդունել Նրա աշխատանքը որպես հանդիմանող կոչ ապաշխարության համար: Շատերը զգում են իրենց օտարացումը Աստծուց, գիտակցում են, որ գերի են իրենց «ես»-ին և մեղքին, ջանում են վերափոխվել, սակայն չեն խաչում իրենց «ես»-ը: Նրանք ամբողջովին չեն հանձնում իրենց Քրիստոսի ձեռքը’ աստվածային զորություն փնտրելով Նրա կամքը կատարելու համար: Նրանք չեն կամենում վերափոխվել աստվածային նմանությամբ: Ընդհանուր առմամբ նրանք գիտակցում են իրենց անկատարությունը, սակայն չեն հրաժարվում իրենց որոշակի մեղքերից: Յուրաքանչյուր սխալ արարքից հետո հին եսամոլ բնությունը ուժ է ձեռք բերում:ՔԱ 26.2

    Այսպիսի մարդկանց միակ հույսն է’ իրագործել այն ճշմարտությունը, որ Քրիստոսն ասաց Նիկոդեմոսին. «Պետք է ձեզ վերստին ծնվել»: «Եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել» (Հովհաննես 3.7,3):ՔԱ 26.3

    ճշմարիտ սրբությունն ամբողջությամբ Աստծուն ծառայելն է: Սա է ճշմարիտ քրիստոնեական կյանքի պայմանը: Քրիստոսը անմնացորդ նվիրում է պահանջում, չմասնատված ծառայություն: [40] Նա պահանջում է սիրտը, միտքը, հոգին ու կարողությունը”: «Ես”-ը չպետք է փայփայել: Նա, ով ապրում է իր համար, քրիստոնյա չէ:ՔԱ 27.1

    Սերը պետք է լինի գործող սկզբունք: Երկնքում ու երկրի վրա Աստծո կառավարման հիմնական սկզբունքը սերն է, և այն պետք է լինի քրիստոնյայի էության հիմքը: Միայն սա կարող է դարձնել նրան ամուր և պահել հաստատուն: Միայն սա կարող է հնարավորություն տալ նրան ընդդիմանալու փորձությանն ու գայթակղությանը:ՔԱ 27.2

    Եվ սերը կերևա զոհողության մեջ: Փրկության ծրագիրը հիմնված էր զոհաբերության վրա, զոհաբերություն, որի լայնությունը, խորությունն ու բարձրությունը անչափելի է: Քրիստոսն ամեն ինչ տվեց մեզ համար, և նրանք, ովքեր ընդունում են Քրիստոսին, պետք է պատրաստ լինեն զոհել ամեն ինչ’ հանուն իրենց Փրկչի և, նախ և առաջ, մտածեն Նրա փառքի ու պատվի մասին:ՔԱ 27.3

    Եթե մենք սիրում ենք Հիսուսին, մենք կսիրենք ապրել Նրա համար, աշխատել Նրա համար և մատուցել Նրան մեր շնորհակալության ընծաները: Եվ այդ աշխատանքը թեթև կլինի, որովհետև մենք կփափագենք ցավել, տքնել և զոհաբերել ամեն ինչ հանուն Նրա: [50] Մենք կհասկանանք մարդկանց փրկելու Նրա փափագը: Մենք կզգանք այն նույն տենչը մարդկանց հանդեպ, որ Նա է զգացել:ՔԱ 27.4

    Սա է Քրիստոսի կրոնը: Սրանից պակաս որևէ բան խաբեություն է: Միայն ճշմարտության տեսությունը կամ աշակերտության դավանումը չի կարող փրկել ոչ մեկին: Մենք չենք պատկանում Քրիստոոսին, եթե ամբողջությամբ Նրանը չենք: Քրիստոնյայի կյանքում անվճռականությունն է, որ մարդուն դարձնում է թույլ’ նպատակի և փոփոխական’ ցանկությունների մեջ: «Ես”-ին ու Քրիստոսին ծառայելու ճիգը դարձնում է նրան քարքարոտ հողով ունկնդիր, ու երբ փորձությունը վրա հասնի, նա չի դիմանա:ՔԱ 27.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents