Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 75. - Աննայի և Կայիափայի ատյանի առջև

    (Մատթեոս 26.57-75, 27.1, Մարկոս 14.53-72, 15.1, Ղուկաս 22.54-71, Հովհաննես 18.13-27)

    ՀԻՍՈՒՍԻՆ բռնողները շտապ անցկացրին Նրան Կեդրոն հեղեղատը, հետո տարան այգիների ու ձիթենիների պուրակների միջով և ապա անցան նիրհող քաղաքի լուռ փողոցներով: Արդեն կեսգիշերն անց էր, և Նրան հետևող աղմկոտ ամբոխի աղաղակները խախտում էին գիշերային անդորրը: Փրկչին կապկպած տանում էին պահապանների ուղեկցությամբ: Շարժվելիս’ Նա սուր ցավեր էր զգում, բայց Նրան ձերբակալողները շտապում էին հասցնել Նրան Աննայի’ նախկին քահանայապետի պալատը:ԴՓ 858.1

    Աննան քահանայական ցեղի գլուխն էր և, չնայած տարիքին, ժողովրդի կողմից ճանաչված էր որպես քահանա- յապետ: Նրա խորհուրդներն ու որոշումները մարդիկ ընդունում էին որպես Աստծո ձայն: Հարկ էր, որ նա առաջինը Հիսուսին գերված տեսներ քահանայական իշխանությանը: Նա պետք է ներկա լիներ բանտարկյալի հարցաքննությանը, քանի որ ավելի պակաս փորձառու Կայիափան կարող էր ձախողել այն գործը, որ նրանք ձեռնարկել էին: Կայիափայի ճարպկությունը, նենգությունն ու խորամա- նակությունը խիստ անհրաժեշտ էին այս գործում, քանի որ Քրիստոսին, ինչ գնով էլ որ լիներ, պետք էր դատա- պարտել:ԴՓ 858.2

    Քրիստոսին պաշտոնապես պետք է հարցաքննեին Ատյանի առջև, իսկ Աննայի մոտ Նա պետք է նախնական քննություն անցներ: Հռոմեական օրենքի համաձայն’ Ատյանը մահվան դատավճիռ կայացնելու իրավունք չուներ: Նրանք միայն կարող էին հարցաքննել բանտարկյալին, և ապա դատավճիռը ներկայացնել հռոմեական իշխանություններին: Ուստի անհրաժեշտ էր այնպիսի մեղադրանքներ ներկայացնել Քրիստոսի դեմ, որ հռոմեացիները հանցագործություն համարեին դրանք: Մեղադրանքը պետք է լիներ նաև այնպիսին, որ հրեաների աչքին էլ դատապարտելի թվար: Քահանաների ու իշխանների մեջ քիչ չէին նրանք, ովքեր հրապուրվել էին Քրիստոսի ուսմունքով, և միայն հեռացված լինելու վախն էր խանգարում նրանց դավանել Հիսուսին: Քահանաները լավ հիշում էին Նիկոդե- մոսի հարցը. «Մի՞թե մեր օրենքը մի մարդու դատում է, եթե նախ չլսի նրան և չիմանա, թե ինչ է գործում” (Հովհաննես 7.51): Այս հարցը միառժամանակ ընդհատել էր Ատյանի խորհուրդը’ ձախողելով նրանց ծրագրերը: Հովսեփ Արի- մաթեացուն և Նիկոդեմոսին այս անգամ չէին հրավիրել խորհրդի, բայց կային ուրիշները, ովքեր կհամարձակվեին խոսել արդարադատության օգտին: Դատը պետք էր վարել այնպես, որ Ատյանի անդամները միաբանվեին ընդդեմ Քրիստոսի: [699] Քահանաները մտադիր էին երկու մեղադրանք ներկայացնել Նրան: Եթե ապացուցվեր, որ Հիսուսը հայհոյել է Աստծուն, Նա կմեղադրվեր հրեաների կողմից: Եթե համոզեին, որ Նա խռովարար է, ապա կշահեին հռոմեացիների դատապարտությունը: Աննան նախ փորձեց հաստատել երկրորդ մեղադրանքը: Նա Հիսուսին հարցրեց Իր աշակերտների և իր ուսմունքի մասին’ հուսալով բանտարկյալի խոսքերում մի այնպիսի բան գտնել, որը կարելի էր օգտագործել Նրա դեմ: Նա ուզում էր խոսք քաշել Նրանից’ ապացուցելու համար, որ Նա ձգտել է ստեղծել գաղտնի կուսակցություն’ նոր թագավորություն կանգնեցնելու նպատակով: Այդ ժամանակ քահանաները կարող էին հռոմեացիներին հանձնել Նրան որպես խռովարար և ապստամբության ղեկավար:ԴՓ 858.3

    Քրիստոսը բաց գրքի պես կարդում էր քահանաների մտադրությունը: Թափանցելով, ասես, Իր հարցատո- ւի հոգու խորքը’ Նա ժխտեց այն, որ Իր հետեվորդների և Իր միջև ինչ-որ գաղտնի կապ է եղել, կամ էլ որ Ինքը գաղտնի հավաքել է նրանց գիշերները’ Իր ծրագրերը թաքցնելու նպատակով: Նա ոչ մի գաղտնիք չի ունեցել Իր նպատակների կամ ուսմունքի վերաբերյալ: «Ես հայտնի խոսեցի աշխարհին,- պատասխանեց Նա,- ես միշտ սովորեցրի ժողովարանում և տաճարում, որտեղ ամեն կողմից հավաքվում են հրեաները, և ծածուկ ոչինչ չխոսեցի»:ԴՓ 859.1

    Փրկչի գործելաձևը խիստ տարբերվում էր Նրան մեղադրողների մեթոդներից: Ամիսներ շարունակ նրանք հետապնդում էին Նրան’ ձգտելով որսալ ծուղակի մեջ և գաղտնի դատի առջև կանգնեցնել, որտեղ կարող էին կեղծ մեղադրանքներով ձեռք բերել այն, ինչն անհնար էր ազնիվ ճանապարհով: Հիմա նրանք ուզում էին իրագործել իրենց մտադրությունը: Գիշերով կալանավորել խառնամբոխի օգնությամբ, ծաղրել և վիրավորել առանց մեղադրանք ներկայացնելու և առանց դատավարության’ այդ նրանց աշխատելու ձևն էր, ոչ թե Նրանը: Նրանք գործում էին օրենքին հակառակ: Նրանց ազգային օրենքի համա- ձայն’ յուրաքանչյուր մարդ անմեղ էր համարվում, քանի դեռ հանցանքը չէր ապացուցվել: Քահանաներին դատապարտում էին իրենց իսկ օրենքները:ԴՓ 860.1

    Դառնալով Իր հարցատուին’ Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում»: Մի՞թե քահանաներն ու իշխանները լրտեսներ չէին ուղարկել հետևելու Նրա գործունեությանը և հաղորդելու Նրա յուրաքանչյուր խոսքը: Չէ՞ որ նրանք ներկա են եղել ժողովրդի ամեն մի հավաքին և քահանաներին զեկուցել են Նրա բոլոր խոսքերի ու գործերի մասին: «Լսողներին հարցրու, թե ես ինչ խոսեցի նրանց,- պատասխանեց Հիսուսը,- ահա նրանք գիտեն ես ինչ եմ արել”: [700]ԴՓ 860.2

    Այդպիսի վճռական պատասխանը լռեցրեց Աննային: Վախենալով, որ Քրիստոսը կարող է ինչ-որ բան ասել իր անձնական գործերի վերաբերյալ, որոնք նա կնախընտ- րեր թաքցնել, նա այս անգամ այլևս ոչինչ չասաց Նրան: Նրա սպասավորներից մեկը’ տեսնելով, որ Աննան լռեց, ապտակեց Հիսուսին և ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում քահանայապետին»:ԴՓ 860.3

    Քրիստոսը հանգիստ պատասխանեց. «Եթե չար խոսեցի, վկայիր այն չարի համար, բայց եթե բարի, ինչո՞ւ ես խփում ինձ”: Նա չբորբոքվեց և ոչ մի վիրավորական խոսք չասաց: Նրա մեղմ պատասխանը բխեց անմեղ, համբերատար և քնքուշ սրտից, որը չէր կարող գրգռվել:ԴՓ 861.1

    Վիրավորանքներն ու ծաղրը Քրիստոսին սաստիկ վշտացնում էին: Նա ամեն տեսակ անարգանքի էր ենթարկվում այն էակների կողմից, որոնց ստեղծել էր և որոնց համար անսահման զոհ պիտի մատուցեր: Նա կրեց ամեն տեսակի անարգանք: Եվ Նա տառապում էր Իր սրբության կատարելության ու մեղքի հանդեպ Իր ատելության հա- մապատասխան: Այն, որ Հիսուսին դատում էին սատանայի ոգով ներշնչված մարդիկ, Նրա համար նողկալի էր: Եվ Նա գիտեր, որ մի ակընթարթում, օգտագործելով Իր աստվածային զորությունը, կարող է Իր դաժան հալածողներին գետին տապալել: Դա ավելի անտանելի էր դարձնում փորձությունը:ԴՓ 861.2

    Հրեաները սպասում էին, որ Մեսիան պետք է հայտնվի մեծ փառքով ու զորությամբ: Նրանք ակնկալում էին, որ Նա, եթե միայն կամենար, կարող էր անմիջապես փոխել մարդկանց մտքերի ընթացքը և ստիպել նրանց ընդունել Իր գերազանցությունը: Այդպես, նրանց կարծիքով, Նա պետք է ապահովեր Իր սեփական գերիշխանությունը և բավարարեր իրենց փառասիրական ձգտումները: Դրա համար էլ Քրիստոսը, երբ Նրա հետ արհամարհանքով էին վերաբերվում, ուժգին փորձության էր ենթարկվում’ դրսևորելու Իր աստվածային էությունը: Մի խոսքով կամ հայացքով Նա կարող էր ստիպել Իր հակառակորդներին Իրեն Տեր դավանել թագավորների և իշխանների, քահանաների և տաճարի վրա: Բայց Նրա դժվարին խնդիրն էր, Իր ընտրության համաձայն, պահպանել Իր միությունը մարդկության հետ: [701]ԴՓ 861.3

    Երկնային հրեշտակները հետևում էին իրենց սիրելի Հրամանատարի դեմ ուղղված յուրաքանչյուր գործողությանը: Նրանք տենչում էին ազատել Քրիստոսին: Աստծուն ենթակա հրեշտակներն ամենակարող են: Մի անգամ, Քրիստոսի հրամանով, նրանք մի գիշերվա մեջ սպանեցին ասորիների բանակի հարյուր ութսունհինգ հազար զինվոր: Ուրեմն որքա՜ն հեշտորեն կարող էին հրեշտակները, տեսնելով Քրիստոսի փորձության ամոթալի տեսարանը, արտահայտել իրենց վրդովմունքը’ ոչնչացնելով Աստծո թշնամիներին: Բայց նրանց հրամայված չէր այդ անել: Նա, ով կարող էր մեռցնել Իր թշնամիներին, տանում էր նրանց դաժանությունը: Հոր հանդեպ Նրա սերը և Մեղսակիր դառնալու Նրա երդումը’ տրված դեռ նախքան աշխարհի ստեղծագործությունը, դրդում էին Նրան անտրտունջ տանել նրանց կոպիտ վերաբերմունքը, ում Նա եկել էր փրկելու: Այն, որ Նա Իր մարդկային բնության մեջ պիտի տաներ մարդկանց ծաղրն ու վիրավորանքները, Նրա առաքելության մի մասն էր կազմում: Մարդկության միակ հույսը Քրիստոսի այս հնազանդության մեջ էր’ կրելու ամեն բան, ինչի միայն ընդունակ էին մարդկանց ձեռքերն ու սրտերը:ԴՓ 862.1

    Քրիստոսը ոչինչ չասաց, ինչը առավելություն կտար Իր հակառակորդներին, սակայն Նա կապված էր որպես մեղադրյալ: Անհրաժեշտ էր, այնուամենայնիվ, այդ ամենին արդարության տեսք տալ, իբրև թե դատավարությունն օրինավոր է: Իշխանությունները որոշել էին շտապեցնել դատը: Նրանք գիտեին, թե ինչ համբավ ունի Հիսուսը ժողովրդի մեջ, և վախենում էին, որ եթե ձերբակալության մասին աղմուկ բարձրանա, մարդիկ կփորձեն ազատել Նրան: Բացի դրանից, եթե անմիջապես չկայանար դատաքննությունը, այն մի ամբողջ շաբաթ պիտի հետաձգվեր Զատկի տոնակատարության պատճառով: Սա կարող էր խափանել նրանց ծրագրերը: Հիսուսին դատապարտելու համար նրանց խիստ անհրաժեշտ էր խառնամբոխի աջակցությունը, որը գլխավորապես բաղկացած էր Երու- սաղեմի խաժամուժից: Եթե մի շաբաթ հետաձգվի դատը, ժողովրդի գրգռվածությունը կսառչի, և իրադրությունը, հավանաբար, կփոխվի: Ժողովրդի մեծամասնությունը հանդես կգա Քրիստոսի օգտին, շատերը Նրան արդարացնող վկայություններ կներկայացնեն’ ի լույս բերելով Նրա գործած զորավոր հրաշքները: Սա դժգոհության ալիք կբարձրացնի Ատյանի դեմ: Նրանք կդատապարտվեն, իսկ Հիսուսն ազատ կարձակվի, որպեսզի նորից ընդունի բազմությունների երկրպագությունը: Այդ պատճառով էլ քահանաներն ու իշխանները որոշեցին, որ նախքան իրենց մտադրությունը հայտնի կդառնա, Հիսուսը պետք է հանձնվի հռոմեացիների ձեռքը:ԴՓ 862.2

    Բայց, նախ և առաջ, պետք էր մեղադրանք գտնել: Մինչև հիմա դա նրանց դեռ չէր հաջողվել: Աննան պատ- վիրեց Հիսուսին տանել Կայիափայի մոտ: Կայիափան սադուկեցիներից էր. նրանցից մի քանիսը հիմա Հիսուսի ամենաոխերիմ թշնամիներն էին: Եվ հենց ինքն էլ, թեև անկայուն բնավորությամբ, նույնքան դաժան էր, անխիղճ և թեթևամիտ, որքան Աննան: Նա ոչ մի ջանք չէր խնայի Հիսուսին ոչնչացնելու համար: Վաղ առավոտյան, երբ դեռ շատ մութ էր, ջահերի և ճրագների լույսի տակ, զինված մարդկանց մի խումբ’ իրենց կալանավորի հետ միասին, ճամփա ընկան դեպի քահանայապետի պալա- տը: Այստեղ, մինչ Ատյանի անդամները կհավաքվեին, Աննան և Կայիափան կրկին հարցաքննեցին Հիսուսին, բայց’ ապարդյուն: [704]ԴՓ 863.1

    Երբ հավաքվեց դատական խորհուրդը, Կայիափան զբաղեցրեց նախագահողի իր տեղը: Նրա երկու կողմերում դատավորներ էին և այնպիսի անձինք, ովքեր հատկապես շահագրգռված էին այս դատում: Գահի ներքևում’ տրիբունայի վրա հսկում էին հռոմեական զինվորները: Հիսուսը կանգնած էր բեմահարթակի պատվանդանի մոտ: Բոլոր հավաքվածների աչքերն ուղղված էին դեպի Նա: Ծայրաստիճան լարվածություն էր տիրում: Այդ ողջ խառնամբոխի մեջ միայն Նա էր հանգիստ և անվրդով: Նրան, ասես, սուրբ մթնոլորտ էր շրջապատում:ԴՓ 863.2

    Հիսուսի մեջ Կայիափան տեսնում էր իր ախոյանին: Փրկչին լսելու ժողովրդի բուռն ցանկությունը և Նրա ուսմունքն ընդունելու պատրաստակամությունն արթնացրել էին քահանայապետի նախանձը: Բայց ահա Կայիափան, նայելով կալանավորին, հիացմունքից ցնցվում է’ տեսնելով Նրա վեհանձն և արժանապատվությամբ լի պահվածքը: Նա համոզվում է, որ այս Մարդը հարազատ է Աստծուն: Բայց հաջորդ պահին նա արհամարհանքով վանում է իրենից այդ միտքը: Նա անմիջապես բարձրացնում է իր ձայնը’ հեգնանքով և մեծամտորեն պահանջելով, որ Հի- սուսն իրենց առջև գործի Իր ամենամեծ հրաշքներից մեկը: Բայց Փրկիչն, ասես, չէր էլ լսում նրան: Ժողովուրդը համեմատում էր Աննայի և Կայիափայի գրգռված և անզուսպ վարքը Հիսուսի հանդարտ, վեհապանծ կեցվածքի հետ: Եվ նույնիսկ այդ խստասիրտ բազմության մտքում հարց ծագեց. Մի՞թե այս աստվածանման մարդը պետք է դատապարտվի որպես հանցագործ: [705]ԴՓ 864.1

    Կայիափան, նկատելով հավաքվածների տրամադրությունը, շտապեցրեց դատավարությունը: Հիսուսի թշնամիները խիստ անհանգստացած էին: Պետք էր անմիջապես դատապարտել Նրան, բայց թե ինչպես’ նրանք չգիտեին: Խորհուրդը կազմված էր փարիսեցիներից և սադուկեցի- ներից: Նրանց մեջ սաստիկ թշնամություն և ատելություն կար միմյանց հանդեպ, և որպեսզի վիճաբանության տեղիք չտան, նրանք ձգտում էին չշոշափել որոշ վիճահարույց հարցեր: Մի քանի խոսքով Հիսուսը կարող էր նրանց նախապաշարումները բորբոքել իրար դեմ և, այդպիսով, նրանց զայրույթը կշեղեր Իրենից: Կայիափան գիտեր դա, և ուզում էր խուսափել երկպառակությունից: Այստեղ շատ վկաներ կարող էին հաստատել, որ Հիսուսը պախարակել է քահանաներին ու դպիրներին’ նրանց անվանելով կեղծավորներ ու մարդասպաններ, բայց նրանց ձեռնտու չէր այդ փաստարկը: Սադուկեցիները հաճախ իրենց լեզվակ- ռիվներում նույն կերպ էին անվանում փարիսեցիներին: Այսպիսի վկայությունը ոչ մի կշիռ չէր ունենա հռոմեացիների մոտ, քանի որ նրանք իրենք էլ գարշում էին փարիսեցիների կեղծավորությունից: Շատ էին նաև այն փաստարկները, որ Հիսուսը արհամարհել էր հրեաների ավանդույթները և անհարգալից խոսել նրանց արարողություններից շատերի մասին, բայց ավանդության հարցերում փարիսեցիներն ու սադուկեցիները բոլորովին իրարամերժ կարծիքներ ունեին, և սա նույնպես հռոմեացիների մոտ կշիռ չէր ունենա: Քրիստոսի թշնամիները չէին համարձակվում մեղադրել Նրան Շաբաթը խախտելու մեջ, այլապես այդ հարցի քննությունը կբացահայտեր Նրա աշխատանքի բնույթը: Եթե Նրա բժշկության հրաշքներն ի լույս բերվեին, քահանաների ծրագիրը կձախողվեր:ԴՓ 864.2

    Սուտ վկաներ էին կաշառվել’ Հիսուսին մեղադրելու խռովություն բարձրացնելու և առանձին թագավորություն կանգնեցնելու փորձերի մեջ: Բայց պարզվեց, որ նրանց վկայություններն անհիմն են ու հակասական: Հարցաքննությունը բացահայտեց դրանց կեղծությունը: [706]ԴՓ 865.1

    Իր ծառայության սկզբում Քրիստոսն ասել էր. «Քանդեցեք այս տաճարը, և երեք օրում կկանգնեցնեմ այն”: Փոխաբերական իմաստ ունեցող մարգարեական լեզվով Նա այդպես կանխագուշակել էր Իր մահն ու հարությունը: «Նա իր մարմնի տաճարի մասին էր ասում” (Հովհաննես 2.19,21): Հրեաներն այս խոսքերը բառացիորեն էին հասկացել’ վերագրելով դրանք Երուսաղեմի տաճարին: Բացի սրանից’ քահանաները ուրիշ ոչինչ չգտան Քրիստոսի բոլոր ասածներից’ Նրա դեմ օգտագործելու համար: Աղավաղելով այս խոսքերը’ նրանք հույս ունեին հասնել առավելության: Հռոմեացիները մասնակցել էին տաճարի վերակառուցման ու գեղազարդման աշխատանքներին և խիստ հպարտանում էին դրանով, ուստի տաճարին վերաբերող ամեն մի արհամարհական կոչ, անշուշտ, կգրգռեր նրանց վրդովմունքը: Այս հարցում հռոմեացիներն ու հրեաները, փարիսեցիներն ու սադուկեցիները միաբան էին, որովհետև ամենքն էլ խոր հարգանք էին տածում դեպի տաճարը: Այս առումով երկու վկա էին գտել, որոնց ցուցմունքներն այնքան էլ հակասական չէին, ինչպես մյուսներինը: Նրանցից մեկը, որ կաշառված էր’ Հիսու- սին մեղադրելու, հայտարարեց. «Սա ասեց’ Ես կարող եմ Աստծո տաճարը քանդել և երեք օրում շինել այն”: Այսպես աղավաղվեցին Քրիստոսի խոսքերը: Եթե դրանք հաղորդվեին ճիշտ այնպես, ինչպես Նա էր ասել, ապա նույնիսկ Ատյանը չէր կարող մեղադրել Նրան: Եթե Հիսուսը հասարակ մարդ լիներ, ինչպես պնդում էին հրեաները, Նրա հայտարարությունն ընդամենը կգնահատվեր որպես անմտություն ու պարծենկոտություն, բայց ոչ’ հայհո- յանք: Նույնիսկ սուտ վկաների ասածի համաձայն’ Նրա խոսքերում ոչ մի այնպիսի բան չկար, որ հռոմեացիները մահվան արժանի հանցանք համարեին:ԴՓ 865.2

    Հիսուսը համբերությամբ էր լսում այդ իրարամերժ վկայությունները: Նա ոչ մի խոսք չասաց Իրեն պաշտպանելու համար: Վերջապես մեղադրողները շփոթվեցին ու կատաղեցին: Անհնար էր այլևս շարունակել դատավարությունը, թվում էր, թե նրանց դավադրությունը խափանվեց: Կայիափան գլուխը կորցրել էր: Մնացել էր միայն վերջին միջոցը. պետք է ստիպել, որ Քրիստոսն Ինքը դատապարտի Իրեն: Կատաղությունից այլայլած դեմքով քահանայապետը վեր թռավ դատավորի իր աթոռից: Նրա ձայնն ու պահվածքը պարզորոշ ցույց էին տալիս, որ եթե դա նրա իշխանության տակ լիներ, նա գետին կտապալեր իր առջև կանգնած կալանավորին: «Ոչինչ չե՞ս պատասխանում,- գոռաց նա,- նրանք ի՞նչ են վկայում քեզ դեմ”:ԴՓ 866.1

    Հիսուսը հանդարտ էր: «Նա անիրավություն կրեց և չարչարվեց, բայց իր բերանը չբացեց, ինչպես մի ոչխար, որ մորթվելու էր տարվում, և ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացեց» (Եսայիա 53.7):ԴՓ 866.2

    Վերջապես Կայիափան, իր աջ ձեռքը պարզելով դեպի երկինք, հանդիսավոր կերպով դիմեց Հիսուսին. «Երդում եմ տալիս քեզ կենդանի Աստծով, որ մեզ ասես, թե’ Դո՞ւ ես Քրիստոսը’ Աստծո Որդին»:ԴՓ 867.1

    Այդ խոսքերին Քրիստոսը չէր կարող չարձագանքել: Կա ժամանակ լռելու, և կա ժամանակ խոսելու: Նա լուռ էր մնացել, մինչև ուղղակիորեն չէին դիմել Իրեն: Նա գիտեր, որ, պատասխանելով այդ հարցին, ստորագրում էր Իր մահվան դատավճիռը: Բայց հարցը տրված էր ազգի ամե- նաճանաչված հեղինակության կողմից և Ամենաբարձրյալի անունով: Քրիստոսը չէր կարող չհարգել օրենքը, ավելին’ հարցը վերաբերում էր Իր և Հոր հարաբերություններին: Նա պետք է պարզորոշ հռչակեր Իր էությունն ու առաքելությունը: Հիսուսն Իր աշակերտներին ասել էր. «Հետևապես, ով որ ինձ մարդկանց առջև դավանի, ես էլ նրան կդավանեմ իմ Հոր առաջին, որ երկնքում է” (Մատ- թեոս 10.32): Հիմա Նա Իր անձնական օրինակով կրկնեց այդ խրատը: [707]ԴՓ 867.2

    Ամենքի ականջները սրված էին լսելու, և ամեն մի հայացք գամված էր Նրա դեմքին, երբ նա պատասխանեց. «Դու ասեցիր»: Երկնային մի լույս, կարծես, լուսավորեց Նրա գունատ դեմքը, երբ Նա ավելացրեց. «Սակայն ասում եմ ձեզ, այսուհետև կտեսնեք մարդի Որդուն’ Զորության աջ կողմը նստած և գալիս երկընքի ամպերի վրա»:ԴՓ 867.3

    Մի պահ Քրիստոսի աստվածությունն արտացոլվեց Նրա մարդկային էության միջից: Քահանայապետը ցնցվեց Փրկչի խորաթափանց հայացքից: Նրա աչքերն ասես կարդում էին իր ծածուկ մտքերը և այրում իր սիրտը: Մինչև իր կյանքի վերջը նա երբեք չմոռացավ հալածվող Աստծո Որդու այդ սևեռուն հայացքը: [708]ԴՓ 867.4

    «Այսուհետև,- ասաց Հիսուսը,- կտեսնեք մարդի Որդուն’ Զորության աջ կողմը նստած և գալիս երկնքի ամպերի վրա”: Այս խոսքերով Քրիստոսը ներկայացրեց ներկա իրադրության հակապատկերը: Նա’ փառքի և կյանքի Տերը, նստելու է Աստծո աջ կողմը: Նա լինելու է ամբողջ երկրի դատավորը, և ոչ ոք չի կարողանա վիճարկել Նրա որոշումը: Այն ժամանակ, Աստծո դեմքից շողացող լույսի ներքո, հայտնի կդառնա ամեն ծածուկ բան, և ամեն մարդ կդատվի իր գործերի համաձայն:ԴՓ 868.1

    Քրիստոսի խոսքերից քահանայապետը դողաց: Այն միտքը, որ մեռածները հարություն պիտի առնեն, երբ ամենքը կկանգնեն Աստծո ատյանի առջև, որպեսզի վարձք ընդունեն իրենց գործերի համեմատ, սոսկումով լցրեց Կայիափայի սիրտը: Նա չէր ուզում հավատալ, որ հետագայում պետք է դատվի իր գործերի համար: Նա մտովի համայնապատկերի պես տեսավ վերջին դատաստանի տեսարանը: Նա տեսավ այն սոսկալի դրվագը, երբ մեռածները դուրս են գալիս գերեզմաններից, և բացահայտվում են այն գաղտնիքները, որ, Նա կարծում էր, ընդմիշտ թաքցված են: Մի պահ նրան թվում է, թե կանգնած է հավիտենական Դատավորի առջև, ում ամենատես աչքը թափանցում է նրա հոգու խորքը’ ի լույս բերելով այն գաղտնիքները, որոնք, թվում էր, թաղված են մեռածների հետ:ԴՓ 868.2

    Տեսարանը չքացավ քահանայի առջևից: Քրիստոսի խոսքերը մահու չափ խոցել էին այդ սադուկեցուն: Կա- յիափան չէր ընդունում հարության, դատաստանի և գալիք կյանքի ուսմունքը: Ահա նա լցվում է սատանայական կատաղությամբ: Ինչպե՞ս է հանդգնում այս կալանավորը դիպչել իր ամենասիրելի գաղափարներին: Պատռելով իր հանդերձը, որպեսզի ժողովուրդը կարողանար տեսնել նրա շինծու սարսափը, նա պահանջեց, որ բանտարկյալը դատապարտվի հայհոյության համար’ առանց հետագա միջոցառումների: «Էլ ի՞նչ վկաներ են մեզ պետք,- ասաց Նա,- ահա հիմա դրա հայհոյանքը լսեցիք: Ինչպե՞ս է երևում ձեզ”: Եվ ամենքը դատապարտեցին Նրան:ԴՓ 868.3

    Խղճի խայթը, խառնված կատաղության հետ, դրդեց Կայիափային այդպես վարվել: Նա զայրացավ իր վրա, որ հավատաց Քրիստոսի խոսքերին, և իր սիրտը ճշմարտության ազդեցության տակ խոնարհեցնելու փոխարեն’ ընդունելով Հիսուսին որպես Մեսիա, նա, համառորեն դի- մադրելով իր խղճի ձայնին, պատռեց իր քահանայական հանդերձները: Այս գործողությունը խոր իմաստ ուներ: Կայիափան հազիվ թե գիտակցեր դրա նշանակությունը: Փորձելով ազդել դատավորների վրա և դրդել նրանց դատապարտելու Քրիստոսին’ քահանայապետը դատապարտեց ինքն իրեն: Աստծո օրենքի համաձայն’ նա զրկեց իրեն քահանայությունից: Նա կայացրեց իր մահվան դա- տավճիռը:ԴՓ 869.1

    Քահանայապետն իրավունք չուներ պատռելու իր հանդերձները: Ըստ ղևտացիների օրենքի’ դա արգելված էր մահվան սպառնալիքի տակ: Ոչ մի դեպքում, ինչպիսի պարագաներում էլ որ լիներ, քահանան չպետք է պատռեր իր հանդերձը: Հրեաների մոտ ընդունված էր հանդերձը պատռել ընկերների մահվան ժամանակ, բայց դա քահանաներին չէր վերաբերվում: Քրիստոսը Մովսեսին հստակ հրաման էր տվել այդ մասին (Ղևտացոց 10.6): [709]ԴՓ 869.2

    Այն ամենն, ինչ հագնում էր քահանան, պետք է մաքուր լիներ և կարված մեկ կտորից: Այս գեղեցիկ հանդերձները խորհրդանշում էին Հիսուս Քրիստոսի’ իսկական կերպարի բնավորությունը: Կատարելությունից բացի, լինի դա հագուստի կամ վարքի, խոսքի կամ հոգու մեջ, ոչ մի բան ընդունելի չէ Աստծուն: Նա սուրբ է, և Նրա փառքն ու կատարելությունը պետք է ներկայացվեն երկրային ծառայության միջոցով: Կատարելությունից բացի’ ոչինչ չի կարող պատշաճ կերպով ներկայացնել երկնային ծառայությունը: Սահմանափակ մարդը կարող է իր սիրտը պատռել’ ցույց տալով հոգու խոնարհությունն ու հեզությունը: Սա Աստված կնկատի: Բայց ոչ մի դեպքում չպետք է պատռել քահանայական հանդերձները, որովհետև դա աղավաղում է պատկերացումը երկնայինի մասին: Ընդունված էր համարել, որ այն քահանայապետը, ով հանդգնել էր պատռված հանդերձով հայտնվել սրբարանում’ կատարելու իր սրբազան ծառայությունը, բաժանում է իրեն Աստծուց: Պատռելով իր հանդերձը’ Նա այլևս չէր կարող կատարյալ բնավորության օրինակ ծառայել: Աստված այլևս չէր ընդունում նըրան որպես քահանայի պաշտոնակատար: Կայիափայի վարքը մարդկային զայրույթի և անկատարության դրսևորում էր:ԴՓ 869.3

    Պատռելով իր հանդերձները’ Կայիափան ուժազրկեց Աստծո օրենքը, որպեսզի հետևի մարդկանց ավանդությանը: Մարդկային օրենքի համաձայն’ հայհոյանքի դեպքում քահանան, ցույց տալով այդ մեղքի հանդեպ իր զայրույթը, կարող էր պատռել իր հագուստը և մնալ անմեղ: Այդպես մարդկային օրենքները նսեմացնում էին Աստծո օրենքը:ԴՓ 870.1

    Ժողովուրդը հետաքրքրությամբ հետևում էր քահանայապետի յուրաքանչյուր շարժմանը, և Կայիափան, ժողովրդի վրա տպավորություն գործելու համար, որոշեց ցուցադրել իր բարեպաշտությունը: Բայց այդ գործողությամբ, որով նա մտադիր էր մեղադրել Քրիստոսին, Նա իրականում հայհոյում էր Նրան, ում մասին Աստված ասել էր. «Իմ անունը նրանում է” (Ելից 23.21): Նա ինքն էր հայհոյում Աստծուն: Դատապարտելով Քրիստոսին որպես հայհոյիչ’ նա արդեն դատապարտված էր Աստծո կողմից:ԴՓ 870.2

    Պատռելով իր հագուստը’ Կայիափան դրանով իսկ ցույց տվեց, թե որպես ազգ այսուհետև ինչ դիրք է զբաղեցնելու հրեա ժողովուրդը Աստծո հանդեպ: Մի ժամանակ ընտրված Աստծո կողմից’ այդ ժողովուրդը հիմա բաժանում էր իրեն Նրանից, և արագորեն անճանաչելի էր դառնում Եհովայի համար: Երբ խաչի վրա Քրիստոսը բացական- չեց’ «Կատարված է” (Հովհաննես 19.30), և տաճարի վա- րագույրը պատռվեց մեջտեղից, Սուրբ Պահապանը հայտարարեց, որ հրեա ժողովուրդը մերժեց Նրան, ով նրանց բոլոր նախակերպարների ցուցակետն էր, նրանց բոլոր խորհրդանշանների հիմքը: Իսրայելը թողել էր իր Աստծուն: Այն ժամանակ Կայիափան իրոք կարող էր պատ- ռել իր քահանայական հանդերձը, որը ցույց էր տալիս, որ նա մեծ Քահանայապետի ներկայացուցիչն է, քանի որ դա արդեն կորցրել էր իր նշանակությունը ինչպես նրա, այնպես էլ ժողովրդի համար: Այն ժամանակ իրոք քահանայապետը կարող էր պատռել իր հանդերձները’ ողբալով իր և իր ազգի վրա: [710]ԴՓ 870.3

    Ատյանը Հիսուսին մահվան արժանի հայտարարեց, բայց հրեական օրենքը թույլ չէր տալիս մեղադրյալին դատել գիշերով: Օրինական դատը կարելի էր վարել միայն ցերեկով և խորհրդի ամբողջ կազմի ներկայությամբ: Բայց, չնայած դրան, Փրկիչը հիմա դատապարտված էր որպես հանցագործ ու տրված ամենաստոր և գարշելի մարդկանց ձեռքը: Քահանայապետի պալատը շրջապատված էր մի բացօթյա հրապարակով, որտեղ հավաքվել էին զինվորներն ու մարդկանց բազմությունը: Այդ հրապարակի միջով Հիսուսին տարան պահակատուն: Ամեն կողմից թուքումուր էին տալիս Նրան և ծաղրում, որ Իրեն Աստծո Որդի է հռչակել’ կրկնելով Նրա խոսքերը’ «Զորության աջ կողմը նստած” և «գալիս երկնքի ամպերի վրա»: Պահակատանը սպասելով Իր օրինական դատավարությանը’ Նա բոլորովին անպաշտպան էր: Տգետ ամբոխը’ տեսնելով, թե ինչ դաժանությամբ վարվեցին Նրա հետ Ատյանի առջև, համարձակություն ստացավ դրսևորելու մարդկային բնության բոլոր սատանայական հատկանիշները: Իսկ Քրիստոսի վեհանձնությունն ու աստվածանման պահվածքը ավելի էր կատաղեցնում նրանց: Նրա հեզությունը, անմեղությունն ու երկնային համբերությունը դիվական ատելությամբ էին լցնում նրանց սրտերը: Ողորմությունն ու արդարությունը ոտնահարված էին: Ոչ մի հանցագոր- ծի հետ այդպես անմարդկային ձևով չեն վարվել, ինչպես Աստծո Որդու հետ:ԴՓ 871.1

    Բայց մի ավելի խոր վիշտ էր ծվատում Փրկչի սիրտը. թշնամու ձեռքը չէ, որ այդպիսի սուր ցավ էր պատճառում Նրան: Այն ժամանակ, երբ ծաղրուծանակի էր ենթարկվում Կայիափայի առջև, Նրա աշակերտներից մեկը ուրացավ Քրիստոսին:ԴՓ 872.1

    Իրենց Տիրոջը այգում միայնակ թողնելուց հետո, աշակերտներից երկուսը որոշ հեռավորության վրա հետևում էին Հիսուսին հսկողության տակ առած ամբոխին: Նրանք Պետրոսն ու Հովհաննեսն էին: Քահանաները ճանաչեցին Հովհաննեսին’ Հիսուսի լավ հայտնի աշակերտին, և թույլ տվեցին նրան սրահ մտնել’ հուսալով, որ ականատես լինելով իր Առաջնորդի նվաստացմանը’ նա կդադարի այդպիսի մեկին Աստծո Որդի համարել: Հովհաննեսը խնդրեց նաև Պետրոսի համար, և վերջինիս նույնպես ներս թողե- ցին:ԴՓ 872.2

    Գիշերվա ամենացուրտ ժամն էր’ արշալույսից անմիջապես առաջ, ուստի սրահի մեջ կրակ էին վառել: Մի խումբ մարդիկ նստել էին կրակի շուրջ, և Պետրոսը հանդգնեց տեղ զբաղեցնել նրանց կողքին: Նա չէր ցանկանում ճանաչվել, որ Հիսուսի աշակերտն է: Անհոգ նստելով մարդկանց հետ’ նա հույս ուներ, որ իրեն կդնեն նրանցից մեկի տեղը, ովքեր բռնել և այստեղ էին բերել Հիսուսին: [711]ԴՓ 872.3

    Բայց երբ կրակը լուսավորեց Պետրոսի դեմքը, դռնապահ կինը մի զննող հայացք նետեց նրա վրա: Նա նկատել էր, որ Պետրոսը ներս էր մտել Հովհաննեսի հետ, և, վհատություն տեսնելով նրա դեմքին, մտածեց, որ նա կարող է Հիսուսի աշակերտը լինել: Կինը Կայիափայի տան աղախիններից էր, և նրան հետաքըրքիր էր իմանալ’ այդպե՞ս է արդյոք: Նա հարցրեց Պետրոսին. «Մի՞թե դու էլ այն Մարդու աշակերտներից ես»: Պետրոսը ցնցվեց և շփոթվեց, բոլորի աչքերը դարձան դեպի նա: Նա ձևացրեց, թե չի հասկանում կնոջը, բայց վերջինս համառեց և ասաց հավաքվածներին, որ այս մարդը Հիսուսի հետ է եղել: Պետրոսը ստիպված էր պատասխանել, և բարկացած ասեց. «Ով կին, ես նրան չգիտեմ»: Սա առաջին ուրացումն էր, և անմիջապես աքաղաղը կանչեց: Օ՜ Պետրոս, որքա՜ն շուտ դու ամաչեցիր քո Ուսուցչից, որքա՜ն շուտ ուրացար քո Տիրոջը:ԴՓ 872.4

    Հովհաննեսը, մտնելով դատարանի սրահ, չփորձեց թաքցնել, որ ինքը Հիսուսի հետևորդն է: Նա չմիացավ այն կոպիտ ամբոխին, որ հայհոյում էր իր Տիրոջը: Նրան ոչինչ չհարցրին, որովհետև չձևացրեց իրեն և, այդպիսով, տեղիք չտվեց կասկածելու: Նա մի առանձին տեղ գտավ մարդկանց աչքից հեռու, բայց’ հնարավորին չափ մոտ Հիսուսին: Այստեղ նա կարող էր տեսնել և լսել այն ամենն, ինչ կատարվում էր իր Տիրոջ դատավարության ժամանակ: [712]ԴՓ 873.1

    Պետրոսի մտքով անգամ չէր անցել, որ իրեն կարող են ճանաչել: Անտարբեր ձևանալով’ նա ոտք էր դրել թշնա- մու տարածքը և հեշտությամբ փորձության զոհ դառավ: Եթե նա կանչված լիներ կռվելու իր Տիրոջ համար, նա խիզախ զինվոր կլիներ, բայց երբ արհամարհանքով մատնացույց արեցին նրան, պարզվեց, որ նա վախկոտ է: Շատերը չեն խուսափում ակտիվորեն պայքարել իրենց Տիրոջ համար, սակայն, ծաղրի ենթարկվելով, ուրանում են իրենց հավատը: Շփվելով նրանց հետ, ումից պետք է որ խույս տան, նրանք իրենց փորձության մեջ են գցում: Նրանք հրավիրում են թշնամուն’ փորձելու իրենց, և դրդում են ասելու կամ անելու այն, ինչ այլ պարագաներում երբեք թույլ չէին տա իրենց: Քրիստոսի այն աշակերտը, որ մեր օրերում թաքցնում է իր հավատը’ վախենալով չարչարանքից կամ նախատինքից, ուրանում է իր Տիրոջը ճիշտ այնպես, ինչպես Պետրոսը’ դատական սրահում:ԴՓ 873.2

    Պետրոսը փորձում էր ցույց տալ, թե առնչություն չունի իր Տիրոջ դատի հետ, բայց նրա սիրտը կսկծաց ցավից, երբ լսեց դաժան ծաղրանքները և տեսավ, թե ինչպես են անարգում Նրան: Ավելին, նա զարմացած և բարկացած էր, որ Հիսուսը’ նման վերաբերմունք թույլ տալով, խայտառակում էր Իրեն և Իր հետևորդներին: Եվ նա, որպեսզի թաքցնի իր իսկական զգացմունքները, փորձեց միանալ Հիսուսի թշնամիներին, երբ նրանք անտեղի ծաղրում էին Նրան: Բայց նրա տեսքը անբնական էր: Նա կեղծ դեր էր խաղում, և մինչ փորձում էր անտարբեր ձևանալ, նա չկարողացավ իրեն զսպել’ տեսնելով, թե ինչպես են անպատվում իր Ուսուցչին:ԴՓ 873.3

    Երկրորդ անգամ ուշադրություն դարձրին նրա վրա’ հարցնելով, թե արդյոք նա Հիսուսի աշակերտը չէ՞: Հիմա նա երդվում է’ ասելով. «Ես այն մարդուն չեմ ճանաչում”: Նրան մեկ այլ հնարավորություն էլ տրվեց: Մեկ ժամ էր անցել, երբ քահանայապետի սպասավորներից մեկը, որ այն մարդու բարեկամն էր, ում ականջը կտրել էր Պետրոսը, հարցրեց նրան. «Չէ՞ որ ես տեսա քեզ այն պարտեզում նրա հետ”: «Ճշմարիտ, դու էլ նրանցից ես, որովհետև գալիլեացի ես, և քո խոսվածքն էլ նման է”: Սրանից Պետրոսը կատաղեց: Հիսուսի աշակերտները հայտնի էին իրենց լեզվի մաքրությամբ, և որպեսզի լիովին մոլորեցնի իր հարցատուներին ու արդարացնի իր կեղծիքը, Պետրոսը անեծքով ու երդումով ուրացավ իր Տիրոջը: Եվ կրկին կանչեց աքաղաղը: Լսելով’ Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը. «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած’ երեք անգամ կուրանաս ինձ” (Մարկոս 14.30): [713]ԴՓ 874.1

    Խայտառակ երդումները դեռ թարմ էին Պետրոսի շուր- թերին, և աքաղաղի ձայնը դեռ հնչում էր նրա ականջներում, երբ Փրկիչը, շուռ գալով չարացած դատավորներից, ուշադիր նայեց Իր խեղճ աշակերտին: Նույն պահին Պետրոսն աչքերը գցեց իր Ուսուցչի վրա: Այն հեզաբարո դեմքին նա ափսոսանք ու վիշտ կարդաց, բայց ոչ’ բարկություն:ԴՓ 874.2

    Տեսնելով այն գունատ, տանջված դեմքը, այն դողդոջուն շուրթերը և ներողամտությամբ ու կարեկցանքով լի այն հայացքը’ Պետրոսն, ասես, նիզակահար եղավ: Խիղճն արթնացավ, և հիշողությունը պարզվեց: Նա հիշեց ընդամենը մի քանի ժամ առաջ տված իր այն խոստումը, թե պատրաստ է իր Տիրոջ հետ բանտ գնալու և նույնիսկ մեռնելու: Հիշեց իր վիշտը, երբ Փրկիչը վերնատանն ասաց նրան, որ այդ նույն գիշերը նա երեք անգամ կուրանա իր Տիրոջը: Քիչ առաջ Պետրոսը հայտարարեց, որ չի ճանաչում Հիսուսին, բայց հիմա դառը ցավով գիտակցեց, թե որքան լավ էր իրեն ճանաչում Տերը և որքան ուշադիր էր կարդացել իր սիրտը, որի կեղծությունն, ինչպես պարզվեց, հայտնի չէր նույնիսկ իրեն:ԴՓ 874.3

    Հիշողությունները պաշարեցին նրան: Նա վերհիշեց ամեն ինչ’ Փրկչի կարեկից գթասրտությունը, Նրա բարությունն ու երկայնամտությունը, Նրա նրբանկատությունն ու համբերությունն Իր մոլորվող աշակերտների հանդեպ: Նա հիշեց նախազգուշացումը. «Սիմոն, ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղի ցորենի պես, բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատը չպակասի” (Ղուկաս 22.31,32): Նա սարսափով լցվեց’ խորհելով իր անշնորհակալության, իր կեղծավորության և ուխտադրժության մասին: Մեկ անգամ էլ նայելով իր Ուսուցչին’ նա տեսավ, թե ինչպես սրբապիղծ մի ձեռք բարձրացավ’ ապտակելու Նրան: Չդիմանալով այլևս այդ տեսարանին’ նա վշտաբեկ դուրս վազեց սրահից:ԴՓ 875.1

    Նա միայնակ թափառում էր մթության մեջ’ չմտածելով, թե ուր և ինչու է գնում: Վերջապես նա իրեն գտավ Գեթսեմանում: Նրա հիշողության մեջ պարզորոշ պատկերվեց այն տեսարանը, որին նա ականատես էր եղել մի քանի ժամ առաջ: Իր Տիրոջ տանջված դեմքը’ արյունոտ քրտինքով պատված և ջղաձգությունից այլայլված, հստակ պատկերվեց նրա առջև: Խղճի սուր խայթոցներից տանջվելով’ նա հիշեց, որ Հիսուսը միայնակ էր ողբում և հառաչում աղոթքի մեջ, երբ նրանք, ովքեր պետք է միանային Նրան այդ փորձության ժամին, քնած էին: Նա հի- շեց Նրա հանդիսավոր նախազգուշացումը. «Արթուն կացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք” (Մատ- թեոս 26.41): Նրա առջև կրկին պատկերվեց դատական սրահի տեսարանը: Նրա տանջվող սիրտը արյունով լցվեց այն մտքից, որ իր արարքով նա խորացրել է Փրկչի տառապանքն ու վիշտը: Հենց այն տեղում, որտեղ Հիսուսն Իր սիրտն էր թափել Հոր առջև, Պետրոսը երեսի վրա գետնին ընկավ և ցանկացավ մեռնել: [714]ԴՓ 875.2

    Երբ Հիսուսը պատվիրել էր Պետրոսին արթուն մնալ և աղոթել, նա քնել էր և դրանով ճամփա էր պատրաստել իր մեծ մեղքի համար: Բոլոր աշակերտներն էլ, քնելով այդ օրհասական ժամին, շատ բանից էին զրկվել: Քրիստոսը գիտեր այն կրակի փորձության մասին, որի միջով նրանք պետք է անցնեին: Նա գիտեր, որ սատանան ձգտելու էր թմրեցնել նրանց զգայարանները, որպեսզի նրանք անպատրաստ լինեին փորձությանը: Հենց դրա համար Նա նախազգուշացրեց նրանց: Եթե այդ ժամերը պարտեզում անցնեին արթնության ու աղոթքի մեջ, Պետրոսը երբեք չէր ապավինի իր թույլ մարդկային ուժերին և չէր ուրանա իր Տիրոջը: Եթե աշակերտները արթուն լինեին Քրիստոսի հետ Նրա հոգեվարքի պահին, ապա պատրաստ կլինեին տեսնելու Նրա տառապանքը խաչի վրա: Նրանք որոշ չափով կհասկանային Փրկչի գերմարդկային չարչարանքի էությունը: Նրանք ի վիճակի կլինեին վերհիշելու Իր տառապանքները, Իր մահն ու հարությունը կանխագուշակող Նրա խոսքերը: Փորձության ամենածանր պահին հույսի շողերը կցրեին խավարը նրանց շուրջ և կամրացնեին նրանց հավատը:ԴՓ 876.1

    Լույսը բացվելուն պես’ Ատյանը կրկին հավաքվեց, և Հիսուսին նորից բերեցին խորհրդի առջև: Նա Իրեն Աստծո Որդի էր հռչակել, և նրանք այդ խոսքերի հիման վրա մեղադրանք էին ներկայացրել Նրա դեմ: Բայց դա բավական չէր, որ դատապարտեին Նրան, որովհետև նրանցից շատերը ներկա չէին եղել գիշերային խորհրդին և չէին լսել Նրա խոսքերը: Եվ նրանք գիտեին, որ հռոմեական դատը մահվան արժանի ոչինչ չի գտնի դրանց մեջ: Բայց եթե անձամբ Նրա շուրթերից նրանք բոլորը լսեին այդ խոսքերի կրկնությունը, ապա կարող էին հասնել իրենց նպատակին: Մեսիան լինելու Նրա հավակնությունը կմեկնաբանվեր որպես քաղաքական ապստամբության փորձ:ԴՓ 876.2

    «Եթե դու Քրիստոսն ես,- ասացին նրանք,- ասիր մեզ»: Բայց Քրիստոսը լուռ էր: Նրանք շարունակեցին հարցերի տարափ տեղալ Նրա գլխին: Վերջապես Նա թախծոտ ձայնով պատասխանեց. «Եթե ասեմ ձեզ, դուք չեք հավատա: Եվ եթե ձեզ հարցնեմ էլ, ինձ պատասխան չեք տա, ոչ էլ կարձակեք”: Բայց որպեսզի նրանք արդարանալու ոչինչ չունենան, Նա հանդիսավոր կերպով նախազգուշացրեց. «Այսուհետև մարդու Որդին նստած կլինի Աստծո զորության աջ կողմում»:ԴՓ 877.1

    «Ուրեմն դու Աստծո Որդի՞ն ես”,- միաձայն հարցրին նրանք: Նա պատասխանեց. «Դուք եք ասում, որ Ես եմ»: Նրանք բղավեցին. «Էլ ի՞նչ վկայություն է մեզ պետք, որ մենք ինքներս լսեցինք նրա բերանից”:ԴՓ 877.2

    Եվ այսպես, հրեա իշխանների երրորդ մեղադրանքով, Հիսուսը պետք է մեռներ: Հիմա միայն մի բան է պետք, մտածում էին նրանք, որ հռոմեացիները հաստատեն այդ մեղադրանքը և Նրան հանձնեն իրենց ձեռքը: [715]ԴՓ 877.3

    Ահա գալիս է ծաղրուծանակի և անարգանքի երրորդ տեսարանը, որ շատ ավելի սոսկալի էր, քան Նա ընդունել էր տգետ ամբոխից: Այս բոլորը տեղի ունեցավ հենց քահանաների ու իշխանների ներկայությամբ և նրանց թույլտվությամբ: Մարդկային ամեն մի կարեկցանք կամ խղճահարություն չքացել էր նրանց սրտից: Եթե նրանց փաստարկները թույլ լինեին և չկարողանային լռեցնել Նրա ձայնը, նրանք ուրիշ միջոցներ ունեին, որոնք օգտագործվել են բոլոր դարերում հերձվածողներին լռեցնելու համար. դրանք են’ տանջանքը, բռնությունը և մահը:ԴՓ 877.4

    Երբ դատավորները հռչակեցին, որ Հիսուսը դատապարտված է, սատանայական մի վայրագություն իջավ ժողովրդի վրա: Նրանք վայրի գազանների պես սկսեցին բղավել: Ամբոխը մղվեց դեպի Հիսուսը’ աղաղակելով. Մեղավո՜ր է, մահապատժի ենթարկեք Նրան: Եթե չլինեին հռոմեական զինվորները, Հիսուսը կենդանի չէր մնա մինչև Գողգոթայի խաչելությունը: Նրան կծվատեին Իր դատավորների առջև, եթե չմիջամտեին հռոմեական իշխանությունները և զենքի ուժով չկասեցնեին ամբոխի բռնությունը:ԴՓ 878.1

    Հեթանոսները զայրացած էին գազանային այդ վերաբերմունքից մի մարդու հանդեպ, որի ոչ մի հանցանքը չէին ապացուցել: Հռոմեական պաշտոնյաները հայտարարեցին, որ հրեաները, դատապարտելով Հիսուսին, խախտում են հռոմեական օրենքը, և որ մարդուն մահվան դատապարտելը իր իսկ վկայության հիման վրա հակասում է նույնիսկ հրեաների օրենքին: Այս միջամտությունը ժամանակավորապես թուլացրեց իրադրու- թան լարվածությունը, բայց հրեա առաջնորդները, միևնույնն է, քարի պես ոչ խղճահարություն էին զգում, ոչ’ ամոթ:ԴՓ 878.2

    Քահանաներն ու իշխանները, մոռանալով իրենց պաշտոնի սրբությունը, նողկալի վիրավորանքներ էին հասցնում Աստծո Որդուն: Նրանք ծաղրում էին Նրա ծագումը: Նրանք հայտարարեցին, որ Նա, հանդգնելով Իրեն Մեսիա հռչակել, արժանի է ամենախայտառակ մահվան: Փրկչին անարգում էին ամենաստոր և գարշելի մարդիկ: Մաշված մի շոր գցելով Նրա գլխին’ Նրա հալածողները սկսեցին ապտակել Նրան’ ասելով. «Մարգարեացիր մեզ, Քրիստոս, ո՞վ էր քեզ զարկողը»: Երբ շորը քաշեցին Նրա գլխից, մի թշվառական թքեց Նրա երեսին:ԴՓ 878.3

    Աստծո հրեշտակները գրանցում էին վիրավորական ամեն մի հայացք, խոսք կամ արարք’ ընդդեմ իրենց Հրա- մանատարի: Կգա մի օր, երբ այդ ստոր մարդիկ, ովքեր հայհոյում էին Փրկչին և թքում Նրա հանդարտ, գունատ երեսին, կտեսնեն Քրիստոսի դեմքը’ փայլելիս ավելի պայծառ, քան արեգակը: [716]ԴՓ 878.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents