Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 82. - «Ինչո՞ւ ես լաց լինում”

    (Մատթեոս 28.1,5-8, Մարկոս 16.1-8, Ղուկաս 24.1-12, Հովհաննես 20.1-18)

    ԿԱՆԱՅՔ, որ կանգնած էին եղել Քրիստոսի խաչի մոտ, արթուն սպասում էին, թե երբ են անցնելու Շաբաթ օրվա ժամերը: Միաշաբթի օրը վաղ առավոտյան նրանք ճամփա ընկան գերեզման’ իրենց հետ վերցնելով թանկարժեք յուղեր, որպեսզի օծեն Տիրոջ մարմինը: Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ Նա հարություն է առել: Նրանց հույսի արեգակը մայր էր մտել, գիշեր էր իջել նրանց սրտերին: Ճանապարհին նրանք հիշում էին Քրիստոսի բարեգործությունները և Նրա մխիթարության խոսքերը, բայց չէին մտաբերում այս խոսքը. «Դարձյալ կտեսնեմ ձեզ” (Հովհաննես 16.22):ԴՓ 974.1

    Անտեղյակ այն բանից, ինչ կատարվել էր, նրանք մոտեցան պարտեզին’ ասելով. «Ո՞վ է մեզ համար քարը գլորելու գերեզմանի դռնից”: Նրանք գիտեին, որ իրենք չեն կարող այդ անել, բայց և այնպես շարունակեցին իրենց ճանապարհը: Եվ ահա երկինքը հանկարծ լուսավորվեց այնպիսի փառքով, որը ծագող արեգակից չէր: Երկիրը ցնցվեց: Նրանք տեսան, որ մեծ քարը գլորված է: Գերեզմանը դատարկ էր:ԴՓ 974.2

    Կանայք գերեզման էին եկել տարբեր ճանապարհնե- րով: Առաջինը Մարիամ Մագդաղենացին էր տեղ հասել, և տեսնելով քարը գլորված’ շտապել էր հայտնելու աշակերտներին: Այդ միջոցին մյուս կանայք են գալիս: Գերեզմանի շուրջ մի լույս էր շողում, բայց Հիսուսի մարմինն այնտեղ չէր: Մի պահ նրանք շփոթված կանգ առան և հանկարծ նկատեցին, որ մենակ չեն: Լուսավոր զգեստ հագած մի երիտասարդ էր նստած գերեզմանի մոտ: Դա այն հրեշտակն էր, որ դեն էր գլորել քարը: [789] Նա մարդկային կերպարանք էր առել, որպեսզի չվախեցնի Հիսուսի այս բարեկամներին: Սակայն երկնային փառքը շողում էր նրա շուրջը, և կանայք զարհուրեցին: Նրանք շուռ եկան փախչելու, բայց նրանց կանգնեցրեց հրեշտակի ձայնը. «Մի’ վախեցեք,- ասաց նա,- գիտեմ, որ խաչված Հիսուսին եք որոնում: Այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասեց. եկեք և տեսեք այն տեղը, ուր Տերը պառկած էր: Եվ շուտով գնացեք Նրա աշակերտներին ասեցեք, թե’ Հարություն առավ մեռելներից”: Մտնելով գերեզման’ նրանք կրկին լսեցին հրաշք նորությունը: Այնտեղ մի ուրիշ հրեշտակ կար’ մարդկային կերպարանքով, որ ասաց. «Ի՞նչ եք կենդանին մեռելների մեջ որոնում: Այստեղ չէ, այլ հարություն առավ. հիշեցեք’ ինչպես Նա ձեզ հետ խոսեց, երբ Գալիլեայում էր’ ասելով, թե պետք է մարդու Որդին մեղավորների ձեռքը մատնվի և խաչվի, և երրորդ օրը հարություն առնի»:ԴՓ 974.3

    «Նա հարությո՜ւն է առել, Նա հարությո՜ւն է առել»,- կանայք նորից ու նորից կրկնում էին այդ խոսքերը: Խուն- կերն ու յուղերն այլևս պետք չեն: Փրկիչը կենդանի է և ոչ թե մեռած: Հիմա նրանք հիշեցին, որ Նա, խոսելով Իր մահվան մասին, ասել էր, թե հարություն է առնելու: Ի՜նչ հրաշք օր է սա աշխարհի համար: Կանայք «շուտով գերեզմանից դուրս եկան’ վախով և մեծ ուրախությունով, և վազեցին Նրա աշակերտներին պատմելու»:ԴՓ 975.1

    Մարիամը չէր լսել բարի լուրը: Գնալով Պետրոսի և Հովհաննեսի մոտ’ նա տխուր ասում է. «Տիրոջը վեր առան գերեզմանից, և չգիտենք, թե որտեղ դրին նրան”: Աշակերտները շտապեցին դեպի գերեզման և տեսան, որ Մարիամը ճիշտ է ասել: Նրանք տեսան կտավներն ու վարշամակը, բայց իրենց Տիրոջ մարմինը չկար: Բայց նույնիսկ այստեղ էլ վկայություն կար, որ Նա հարություն է առել: Թաղման կտավները շպրտված չէին այս ու այն կողմ, այլ’ խնամքով ծալված և դրված իրենց տեղը: Հովհաննեսը «տեսավ և հավատաց”: Նա դեռ չէր հասկանում գրվածը, որ Քրիստոսը պիտի հարություն առներ մեռելներից, բայց հիմա հիշեց Իր հարությունը կանխագուշակող Փրկչի խոսքերը:ԴՓ 975.2

    Քրիստոսն Ինքն էր այդպես խնամքով ծալել թաղման կտավները: Երբ զորավոր հրեշտակը վայր իջավ գերեզմանի մոտ, նրան միացավ մեկ ուրիշը, որն իր հրեշտակների խմբով հսկում էր Տիրոջ մարմինը: Երբ երկնքից իջած հրեշտակը դեն գլորեց քարը, մյուսը ներս մտավ գերեզման և Հիսուսի մարմնից քանդեց փաթաթած կտավները: Բայց Փրկիչն Ինքն էր անձամբ մեկ-մեկ ծալել և իրենց տեղը դրել դրանք: Նրա աչքին, ով հավասարապես ղեկավարում է աստղերի և ատոմների շարժումները, անկարևոր ոչինչ չկա: Նրա բոլոր գործերում կարգ ու կատարելություն է նկատվում: [790]ԴՓ 976.1

    Մարիամը Հովհաննեսի և Պետրոսի հետևից եկել էր գերեզման, բայց երբ նրանք վերադարձան Երուսաղեմ, ինքը մնաց: Նրա սիրտը վշտով լցվեց, երբ տեսավ դատարկ գերեզմանը: Բայց ահա այնտեղ երկու հրեշտակ տեսավ. մեկը’ Հիսուսի պառկած տեղի ոտների մասում, մյուսը’ գլխի: «Ով կին, ինչո՞ւ ես լաց լինում”,- հարցրին նրանք: «Նրա համար, որ իմ Տիրոջը վեր առան,- պատասխանեց նա,- և չգիտեմ, թե ուր դրին նրան”:ԴՓ 976.2

    Հետո նա թողեց հրեշտակներին և դուրս եկավ’ հուսալով գտնել ինչ-որ մեկին, ով իրեն կասեր, թե ինչ են արել Հիսուսի մարմնի հետ: Մեկ ուրիշ ձայն է դիմում նրան. «Կի’ն, ինչո՞ւ ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում»: Արցունքոտ աչքերով’ Մարիամը տեսավ տղամարդու կերպարանք և, կարծելով թե պարտիզպանն է, ասաց. «Տեր, եթե դու վեր առար նրան, ասիր ինձ, թե ուր ես դրել նրան, որ ես նրան վերցնեմ»: Եթե այս հարուստ մարդու գերեզմանը չափազանց պատվավոր է Հիսուսին թաղելու համար, ապա նա ինքը տեղ կգտնի Նրա համար:ԴՓ 976.3

    Կար մի գերեզման, որ Հի- սուսի ձայնն էր ազատել, այն, որում թաղել էին Ղազարոսին: Մի՞թե նա չէր կարող այնտեղ թաղել իր Տիրոջը: Նա մտածեց, որ հոգ տանելով Նրա թանկագին խաչված մարմնի մասին, մեծապես կթեթևացնի իր վիշտը:ԴՓ 976.4

    Բայց ահա Հիսուսը դիմում է նրան Իր ծանոթ ձայնով. «Մարիամ”: Հիմա նա հասկանում է, որ իր հետ խոսողն անծանոթ չէ, և շրջվելով’ իր առջև տեսնում է կենդանի Քրիստոսին: Ուրախությունից նա մոռանում է, որ Նա խաչված է եղել, և նետվում է դեպի Նա’ ասես կամենալով գրկել Նրա ոտքերը, և ասում. «Ռաբբունի»: Բայց Քրիստոսը բարձրացնում է Իր ձեռքն’ ասելով. «Մի’ դիպչիր ինձ, որովհետև դեռ չեմ բարձրացել իմ Հոր մոտ: Բայց դու գնա իմ եղբայրների մոտ, և նրանց ասիր. Ես վեր եմ ելնում իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ»: Եվ Մարիամը շտապ ճամփա է ընկնում’ հաղորդելու աշակերտներին ուրախ նորությունը:ԴՓ 977.1

    Հիսուսը հրաժարվեց ընդունել Իր ժողովրդի երկրպագությունը, քանի դեռ չէր հավաստիացել, որ Հայրն ընդունել է Իր զոհը: Նա վեր ելավ երկինք և անձամբ Աստծուց լսեց, որ Իր քավությունը մարդկանց մեղքերի համար միանգամայն բավարար է, և որ Իր արյան շնորհիվ ամենքը կարող են հավիտենական կյանք ունենալ: Հայրը վավերացրեց Քրիստոսի հետ կնքած Իր ուխտը, որ կընդունի զղջացող ու հնազանդ մարդկանց, և կսիրի նրանց, ինչպես սիրում է Իր Որդուն: Քրիստոսը պիտի ավարտեր Իր գործը և կատարեր այս խոստումը. «Ես մարդուն մաքուր ոսկուց ավելի պատվական պիտի անեմ, և հողեղենին’ Օփիրի գանձից» (Եսայիա 13.12): Ամբողջ իշխանությունը երկնքում և երկրում տրվեց կյանքի Արքայազնին, և Նա մեղքի աշխարհ վերադարձավ Իր հետևորդների մոտ, որպեսզի կարողանա զորությամբ և փառքով օժտել նրանց: [791]ԴՓ 977.2

    Մինչ Քրիստոսը գտնվում էր Աստծո մոտ’ Նրանից պարգևներ ընդունելով Իր եկեղեցու համար, աշակերտները ողբում ու լալիս էին’ մտածելով Նրա դատարկ գերեզմանի մասին: Այն օրը, երբ ամբողջ երկինքը ցնծում էր, անորոշության, տագնապի և շփոթության օր էր աշակերտների համար: Այն, որ նրանք չհավատացին կանանց վկայությանը, ցույց է տալիս, թե որքան չնչին էր նրանց հավատը: Քրիստոսի հարության լուրն այնքան տարբեր էր նրանց կանխազգացումներից, որ նրանք չկարողացան հավատալ դրան: Դա չափից ավելի հրաշալի է ճիշտ լինելու համար, մտածում էին նրանք: Նրանք այնքան էին լսել սադուկեցիների ուսմունքն ու այսպես կոչված գիտական տեսությունները, որ նրանց ուղեղում խիստ դժվար էր տեղավորվում հարության ճշմարտությունը: Նրանք գրեթե չէին հասկանում, թե ինչ է նշանակում հարություն մեռել- ներից: Նրանք ի վիճակի չէին ընկալելու դա:ԴՓ 977.3

    «Գնացեք,- ասել էին կանանց հրեշտակները,- նրա աշակերտներին և Պետրոսին ասացեք, թե նա ձեզանից առաջ կգնա Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես նա ձեզ ասեց»: Այս հրեշտակները Քրիստոսի պահապաններն էին եղել Նրա ողջ երկրային կյանքի ընթացքում: Նրանք ականատես էին եղել Նրա դատին ու խաչելությանը: Նրանք լսել էին աշակերտներին ասված Նրա բոլոր խոսքերը: Այդ մասին վկայում էր աշակերտներին հաղորդած նրանց լուրը, և այն պիտի համոզեր նրանց դրա ճշմարտացիության մեջ: Այդպիսի խոսքեր կարող էին ասել միայն իրենց հարություն առած Տիրոջ լրաբերները:ԴՓ 978.1

    «Ասացեք նրա աշակերտներին և Պետրոսին”,- ասացին հրեշտակները: Քրիստոսի մահից հետո Պետրոսին հանգիստ չէին տալիս խղճի խայթոցները: Նրա խայտառակ ուրացումն ու Փրկչի սիրով և ցավով լի հայացքը միշտ նրա աչքերի առաջ էին: Բոլոր աշակերտներից նա ամենաշատն էր տառապել: Ուստի նրան հավաստիք տրվեց, որ նրա զղջումն ընդունված է և մեղքը’ ներված: Նրա անունը հատուկ նշվեց:ԴՓ 978.2

    «Ասացեք նրա աշակերտներին և Պետրոսին, թե նա ձեզանից առաջ կգնա Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան”: Բոլոր աշակերտները լքել էին Հիսուսին, և Նրան հանդի- պելու կոչը վերաբերում էր նրանց բոլորին: Երբ Մարիամ Մագդաղենացին նրանց պատմեց, որ տեսել է Տիրոջը, նա հաղորդեց նաև լուրը Գալիլեայում հանդիպելու մասին: Եվ երրորդ անգամ նույն լուրն ուղարկվեց նրանց: Իր Հոր մոտ համբարձվելուց հետո Հիսուսը հայտնվեց նաև մյուս կանանց’ ասելով. «Ողջույն ձեզ: Եվ նրանք մոտ եկան, նրա ոտները բռնեցին և նրան երկրպագություն արին: Այն ժամանակ Հիսուսը նրանց ասեց. Մի’ վախեցեք, գնա- ցե’ք իմ եղբայրներին ասեք, որ գնան Գալիլեա, և այնտեղ կտեսնեն ինձ»:ԴՓ 978.3

    Քրիստոսի առաջնահերթ խնդիրն Իր հարությունից հետո այն էր, որ աշակերտներին հավաստիացնի նրանց հանդեպ Իր անփոփոխ սիրո և ջերմ կարեկցանքի մեջ: Որպեսզի ապացուցի, որ Ինքը նրանց կենդանի Փրկիչն է, և որ փշրել է մահվան շղթաները, որովհետև չէր կարող այլևս գերված մնալ գերեզմանում, որ առաջված պես սիրում է նրանց, Նա հայտնվում էր նրանց նորից ու նորից: Նա ավելի ու ավելի մոտ էր ուզում քաշել նրանց Իր սիրո կապերով: Գնացեք Իմ եղբայրներին ասեցեք, ասաց Նա, որ հանդիպեն Ինձ Գալիլեայում: [794]ԴՓ 979.1

    Լսելով այս հանդիպման մասին՝ ասված այնքան որոշակիորեն’ աշակերտները սկսեցին խորհել Քրիստոսի խոսքերի վրա, որ ասվել էր նրանց Իր հարության մա- սին: Բայց նույնիսկ հիմա էլ նրանք չուրախացան: Նրանք չկարողացան ազատվել կասկածներից ու շփոթությունից: Նույնիսկ այն ժամանակ, երբ կանայք պատմեցին, որ տեսել են Տիրոջը, աշակերտները չուզեցին հավատալ: Նրանք մտածեցին, թե դա նրանց թվացել է:ԴՓ 979.2

    Դժբախտություններն, ասես, մեկը մյուսի հետևից թափվում էին նրանց գլխին: Շաբաթվա վեցերորդ օրը նրանք տեսել էին իրենց Ուսուցչին մեռնելիս, հաջորդ շաբաթվա առաջին օրը զրկվել էին Նրա մարմնից, և նրանց մեղադրում էին, որ գողացել են այն’ ժողովրդին մոլորեցնելու համար: Նրանք հուսահատված էին, որ չեն կարող փոխել իրենց մասին ժողովրդի սխալ պատկերացումները, և վախենում էին քահանաների ու ժողովրդի բարկությունից: Նրանք Քրիստոսի ներկայության կարիքն էին զգում, ով իրենց միշտ օգնել էր ամեն մի փորձության մեջ:ԴՓ 979.3

    Նրանք հաճախ կրկնում էին այս խոսքերը. «Իսկ մենք հույս ունեինք, թե նա է, որ Իսրայելին փրկելու է”: Միայնակ և վշտաբեկ’ նրանք հիշում էին Նրա խոսքերը. «Եթե կանաչ փայտին են անում այս բաները, ապա չորի՞ն ինչ կլինի” (Ղուկաս 24.21, 23.31): Նրանք հավաքվեցին վերնատանը, և գիտակցելով, որ իրենց սիրելի Ուսուցչի ճակատագիրն ամեն րոպե կարող է իրենցը լինել, ամուր փակեցին դռները:ԴՓ 980.1

    Եվ այդ ամբողջ ժամանակ նրանք կարող էին ցնծալ’ իմանալով Փրկչի հարության մասին: Պարտեզում Մարիա- մը կանգնած լալիս էր, երբ Քրիստոսը շատ մոտ էր նրան: Արցունքներն այնպես էին կուրացրել նրան, որ չնկատեց Փրկչին: Եվ աշակերտներն էլ այնքան էին վշտացած, որ չհավատացին հրեշտակներին, ոչ էլ, նույնիսկ, Քրիստոսի խոսքերին:ԴՓ 980.2

    Որքա՜ն շատերն են այսօր կրկնում նույն բանը: Որքա՜ն շատերն են, Մարիամի պես, հուսահատ բացականչում. «Տիրոջը վեր առան, ... և չգիտենք, թե որտեղ դրին նրան”: Եվ որքա՜ն շատերին կարող էին ասվել Փրկչի խոսքերը. «Ինչո՞ւ ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում”: Նա կանգնած է նրանց կողքին, բայց նրանք, արցունքով լի աչքերով, չեն նկատում Նրան: Նա խոսում է նրանց հետ, բայց նրանք չեն հասկանում:ԴՓ 980.3

    Օ՜, եթե միայն բարձրացնեին խոնարհված գլուխները, որպեսզի աչքերը բացվեին’ տեսնելու Նրան և ականջները սրվեին’ լսելու Նրա ձայնը: «Շուտով գնացեք նրա աշակերտներին ասեք, թե’ Հարություն առավ»: Թող չմտնեն Հովսեփի նոր գերեզմանը, որ մեծ քարով փակված է և կնքված հռոմեական կնիքով: Քրիստոսն այնտեղ չէ: Մի’ նայեք դատարկ գերեզմանին: Մի’ ողբացեք, ինչպես ոմանք, որ անհույս և անօգնական են: Հիսուսը կենդանի է, և քանի որ Նա ապրում է, մենք ևս պիտի ապրենք: Երախտապարտ սրտերից և սուրբ կրակով վառվող շուրթերից թող զիլ հնչի ուրախ երգը’ Քրիստոսը հարությո՜ւն է առել: Նա կենդանի է, որ բարեխոսի մեզ համար: Կառչեք այս հույսից, և այն ամուր, կոփված խարսխի պես կպահի ձեր հոգին: Հավատացեք, և կտեսնեք Աստծո փառքը: [795]ԴՓ 980.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents